HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեր բոլորի պարտքն է՝ մեր արցախցիներին տեղ տալ ու օգնել». Ռոմելա Դանիելյանն իր տանը հյուրընկալել է 4 ընտանիքի

Ռոմելա Դանիելյանը արդեն չի մտաբերում, թե արցախյան պատերազմների ժամանակ քանի անծանոթ ընտանիքների է ժամանակավոր կացարան տվել իր տանը։ Սկզբում Սյունիքի մարզի Տեղ գյուղում, ապա Գորիսում՝ վարձով բնակարանում, այնուհետև Մասիսում։ Բոլոր տեղերում անկախ տան մեծությունից՝ Ռոմելան տեղ է հատկացրել։ Հիմա էլ 20 հոգով ապրում են 4-սենյականոց տանը Մասիս քաղաքում․ Ռոմելա Դանիելյանն իր 7-հոգանոց ընտանիքում հյուրընկալել է Արցախից բռնի տեղահանված 13 բնակչի։

Սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, իսկ օրեր անց հայաթափվեց ամբողջ Արցախը, Անահիտ Նասիբյանն իր, որդու և դստեր ընտանիքներով արդեն 4-րդ անգամ տեղավորվեց Ռոմելա Դանիելյանի տանը։ Այդ օրերին պարբերաբար կապի մեջ էին, և իմանալով, որ Արցախից դուրս են եկել՝ Ռոմելան միանգամից առաջարկեց իրենց տուն գալ։ Երկու օր անց Արցախից Մասիս հասավ նաև մեկ այլ ընտանիք, որին Ռոմելայի ամուսինը հանդիպել էր Մասիսի քաղաքապետարանի մոտ, նրանք գնալու տեղ չունեին։

«3 հոգով էին, ամուսինս տաքսու վարորդ է, Մասիսի հրապարակում՝ քաղաքապետարանի մոտ էր հանդիպել Էլադային, ամուսնուն ու տղային, դե որ տեսավ գնալու տեղ չունեն, բերեց մեր տուն։ Արդեն հարմարված ապրում ենք, ոչ մի պրոբլեմ չունենք իրար հետ, մեկս ճաշն ա սարքում, մյուսը՝ մի ուրիշ գործ անում։ Գիշերը անկողինները բացում ենք, մի մասը՝ սենյակներում, մյուս մասը՝ հյուրասենյակում՝ գետնին։ Կարևորը սիրտներս բաց է։ Մարդու սրտում պետք է տեղ լինի, տանը տեղավորել կլինի»,-պատմում է Ռոմելան։

Մինչ մենք զրուցում էինք, տիկին Էլլադան մեծ կաթսայով կարտոֆիլի խյուս էր պատրաստում։ Ռոմելան մեզ ուղեկցում է խոհանոց, ցույց տալիս մյուս հյուրին ու ասում՝ ըհը, սա էլ ապացույց, տենց բան չկա, որ ինչ-որ մեկը խոհանոց չմտնի, միայն մեկը գործ անի, ով ոնց ուզում, երբ ուզում, մեկս մյուսիս օգնելով, մի ընտանիքի պես։

Էլլադան Ստեփանակերտից է, որդու՝ Արմենի ու ամուսնու՝ Կարոյի հետ է Հայաստան եկել։ Մասիս ուղևորվող ավտոբուսով եկել են քաղաք, բայց գնալու տեղ չեն ունեցել։ Այդ մասին խոսելիս հուզվում է։ Չէր սպասում, որ միանգամայն անծանոթ ընտանիքում կարող էր նման հյուրընկալության արժանանալ։

Անահիտ Նասիբյանն արդեն 4-րդ անգամ է հյուրընկալվում այս տանը։ Ռոմելան 90-ականներին ծանոթացել էր Անահիտի սկեսրոջ հետ, հետո մտերմացել են, միշտ կապ են պահել։

Ռոմելան շեշտում է, որ արցախցիներին հյուրընկալելը բոլորի պարտքն է, բոլորն էլ հնարավորության սահմաններում պետք է օգնեն, կացարան տան։

Անահիտը վերհիշում է՝ սեպտեմբերի 25-ին ամեն ինչ թողեցին, տան դուռը փակեցին, բանալին վերցրին ու ուղևորվեցին Հայաստան, ինչպես ինքն է ասում՝ դեպի անորոշություն։

Հիմա է գիտակցում, որ բանալին վերցնելու կարիք չկար, բայց սրտի խորքում մտածում է, թե հնարավոր է մի օր տուն վերադառնան։

Անահիտն ապրում էր Ստեփանակերտում՝ տարեց ծնողների հետ, զբաղվում էր նրանց խնամքով։ Շուշիի շրջանի Եղծահող գյուղում ապրում էր նրա կրտսեր որդին՝ կնոջ և դստեր հետ։ Նրանք արդեն մի անգամ էլ Շուշիից էին տեղահանվել։ Հարևանությամբ բնակվում էր Անահիտի ավագ որդին։ Մարտունի քաղաքում էլ ապրում էր Անահիտի դուստրը՝ ամուսնու, սկեսուրի, սկեսուրի մոր ու 8 ամսական դստեր հետ։ Հիմա բոլորն ապաստանել են Ռոմելայի տանը։ 

Անահիտի ավագ որդին՝ Մհերը, աշխատում էր փրկարար ծառայությունում, կրտսերը զինվորական էր։

Անահիտն ասում է՝ եկած օրվանից վարձով տուն են փնտրում, որ տեղափոխվեն, բայց հարմար տարբերակներ չեն գտնում։ Վարձավճարները թանկացել են, առնվազն 300 000 դրամ է պետք։ Դրա հետ մեկտեղ՝ նաև երկրորդ ամսվա գումարն են ուզում։ Հաճախ էլ, երբ իմանում են, որ մեծ ընտանիքով են, չեն համաձայնում։

Հիմա առաջնահերթ է կացարանի հարցը։

«Մենք մի կերպ եկել, փրկվել ենք, իրոք՝ մի կերպ։ Հիմա եթե կացարանի հարցը լուծվի, տուն լինի, ապրենք, ջահելներն աշխատեն, մեր տանը բոլորն աշխատել են, կկարողանանք նորից ոտքի կանգնել, նորից ստեղծել»,- ասում է Անահիտը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter