HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի համատեղ հայտարարությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն: Դրանում, մասնավորապես, ասված է.

«Այսօր մենք հանդիպեցինք Գրանադա քաղաքում՝ Իսպանիայի կողմից հյուրընկալած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։

Մենք կրկին դատապարտեցինք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունը և վերահաստատեցինք Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը՝ հիմք ընդունելով 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը և այն գիտակցումը, որ Հայաստանի տարածքը ներառում է 29,800 քառակուսի կմ, իսկ Ադրբեջանինը՝ 86,600 քառակուսի կմ: Մենք նաև ընդգծեցինք, որ տարածաշրջանային կապի օղակների բացումը պետք է հիմնված լինի երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգանքի, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։

Հայաստանն ու ԵՄ-ն կապված են ընդհանուր քաղաքական արժեքներով և հավատարիմ են կանոնների վրա հիմնված միջազգային կարգին: 

Այս դժվարին ժամանակներում ԵՄ-ն և Հայաստանը կանգնած են ուս-ուսի տված։

Մենք հանձնառու ենք առավել ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները։

Ինչպես քննարկել ենք այս շաբաթվա սկզբին, մեր անմիջական ուշադրության կենտրոնում է Ղարաբաղի՝ Հայաստան փախած ավելի քան 100,000 հայերի մարդասիրական կարիքները հոգալը: Մենք քննարկել ենք, թե ինչպես ապահովել ԵՄ-ի կողմից տրամադրվող մարդասիրական օգնության և այլ անհապաղ աջակցության առավելագույն արդյունավետությունը, որը կկազմի 10,45 միլիոն եվրո։

Նախագահ ֆոն դեր Լայենը նաև հայտարարեց, որ Հանձնաժողովը մոբիլիզացնում է ֆինանսավորում՝ իր տարեկան ծրագրից 15 միլիոն եվրո Հայաստանին հատկացնելու համար՝ որպես բյուջետային աջակցություն։ Սա Հայաստանի կառավարությանը թույլ կտա լուծել հրատապ սոցիալ-տնտեսական կարիքները և աջակցել սննդամթերքի և վառելիքի ձեռքբերմանը:

Երկարաժամկետ հեռանկարում Եվրամիությունը և Հայաստանը վճռական են ամրապնդելու իրենց տնտեսական կապերը՝ աշխատելով Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրի ողջ ներուժը բացահայտելու ուղղությամբ: Մասնավորապես, Հայաստանի համար ԵՄ Տնտեսական և Ներդրումային Պլանը (EIP) նախատեսում է մինչև 2,6 միլիարդ եվրո, որը կօգտագործվի կարևոր ենթակառուցվածքային և այլ նախագծերում ներդրումների համար։ Հանձնաժողովը և Հայաստանը կկրկնապատկեն ջանքերը կարևոր ծրագրեր իրականացնելու համար։ Հանձնաժողովը նաև կաջակցի Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերում, ինչպիսին է` Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխը։ Հանձնաժողովը նաև կավելացնի տեխնիկական աջակցությունը Հայաստանին, մասնավորապես՝ օդային անվտանգության և միջուկային անվտանգության ոլորտներում:

Նախագահ Ֆոն դեր Լայենը տեղեկացրել է Հայաստանին աջակցելու համար ԵՄ-ԱՄՆ համատեղ միջոցառման նախապատրաստման մասին։

Առաջիկա օրերին մենք կշարունակենք քննարկումները մեր հարաբերությունների հետագա ամրապնդման ուղիների շուրջ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter