HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Արման Թաթոյան․ «ՄԱԿ-ի մարդու իրավունքների միջազգային սկզբունքները միայն կայքում դրված գեղեցիկ արտահայտություններ են»

Արցախահայության բռնի տեղահանությունը սկսվեց սեպտեմբերի 24–ին, հայերի վերջին խումբը՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձինք, շտապօգնության մեքենաներով դուրս բերվեցին սեպտեմբերի 30–ին։ Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հոկտեմբերի 2–ին հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղ մեկնած ՄԱԿ–ի դիտորդական առաքելությունն ավարտել է մեկօրյա այցը և Ստեփանակերտում քաղաքական ենթակառուցվածքների ոչնչացման նշաններ չի նկատել։ Հայտարարության մեջ տեղ գտած մյուս տարօրինակ միտքն այն էր, որ Լեռնային Ղարաբաղում 50–1000 հայ է մնացել։ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, 2016–22թթ․–ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ զրուցել ենք Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ՄԱԿ–ի մոտեցումների և բնակչությունից դատարկված Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու՝ եվրոպական երկրների հայտարարությունների մասին։

Պրն Թաթոյան, Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակ ուներ ՄԱԿ-ը հայերի զանգվածային տեղահանությունից հետո Լեռնային Ղարաբաղում դիտորդական առաքելություն իրականացնելով։ Հնարավո՞ր է լուրջ վերաբերվել փաստահավաք մի խմբի, որին չի հաջողվել անգամ Լեռնային Ղարաբաղում մնացած հայության մոտավոր թիվը ճշտել։ Ըստ ՄԱԿ-ի հայտարարության՝ այն տատանվում է 50-1000 մարդու միջակայքում։ 

Միավորված ազգերի կազմակերպությունն այս այցով ցույց տվեց, որ բացահայտ քաղաքական նկատառումներով են գտնվել Արցախում կամ Լեռնային Ղարաբաղում, և մարդու իրավունքների պաշտպանության հարցերը չունեն այն նշանակությունը, որ ՄԱԿ-ը հայտարարում է։ ՄԱԿ-ի հանրահռչակ սկզբունքներից է՝ անկախ տարածքի քաղաքական կարգավիճակից՝ որևէ մեկը չպետք է անպաշտպան կամ առանց իրավունքների լինի։ Մարդիկ իրավունքներ ունեն՝ ինչպես ճանաչված պետության մեջ, այնպես էլ՝ չճանաչված։ Մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն անկախ նրանից՝ տարածքը ճանաչվա՞ծ է, թե՝ ոչ։ Մենք տարիներ շարունակ ՄԱԿ-ին ապացույցներ, զեկույցներ ենք ներկայացնում, որ Ադրբեջանը Արցախում էթնիկ զտումներ, ցեղասպանություն է իրականացնում, արձանագրում ենք մարդու իրավունքների կոպիտ խախտումներ: Ասում էինք՝ փաստահավաք խումբ ուղարկեք, որպեսզի արձանագրեն տեղի ունեցողը, այդպես էլ չուղարկեցին։ 2020թ․–ի 44-օրյա պատերազմի ժամանակ կատարվող դաժանությունները ներկայացրել ենք զեկույցներով, բայց ոչ մի խումբ չուղարկեցին։ ՄԱԿ-ին դիմել էինք նաև, որ գան տեղում արձանագրեն այսպես կոչված «բնապահպան ակտիվիստների» կողմից Բերձորի ճանապարհը փակելու հետևանքով առաջացած իրավախախտումները։ Դարձյալ դիտորդական խումբ չուղարկեցին, և դա արվեց ակնհայտ քաղաքական նկատառումներով՝ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ թույլ չէին տալիս, որ նրանք մուտք գործեն Լեռնային Ղարաբաղ։ 

Մարդու իրավունքների պաշտպանությունը չպետք է քաղաքականացվի, և քաղաքական գործիչները չպետք է չեզոքացնեն մարդու իրավունքները։ Հակառակը՝ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները պետք է չեզոքացնեն քաղաքական գործիչներին։ Արցախ կատարած այցը ցույց տվեց, որ  ՄԱԿ-ը գործում է այն դեպքերում, երբ քաղաքական շահերն ու քաղաքական գործիչներն իրեն թույլ են տալիս։ ՄԱԿ-ը պետք է ամեն ինչ աներ, որ թույլ չտար մարդկանց բռնի տեղահանումը, ամեն ինչ պետք է անեին, որ այդ հանցագործությունները, աղետը տեղի չունենային։ Այդքանից հետո մենք ինչպե՞ս ընկալենք ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության կարգախոսները։ Այսինքն, ստացվում է` ՄԱԿ-ի հայտարարած սկզբունքները կայքում դրված գեղեցիկ արտահայտություննե՞ր են՝ գեղեցիկ շենքերում կոնֆերանսների ժամանակ արտաբերելու համար։ 

Արցախի Հանրապետությունը միակ չճանաչված պետությունը չէ աշխարհում, ինչպիսի՞ն է եղել այդ կազմակերպության վերաբերմունքը նախորդող 30 տարիներին։ 

Անցած 30 և ավելի տարիների ընթացքում ՄԱԿ-ի որևէ կառույց գեթ մեկ անգամ չի այցելել Արցախ կամ Լեռնային Ղարաբաղ։ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը միակ միջազգային կազմակերպությունն է, որի անունը նշված է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, բայց այդպես էլ չայցելեց։ Այցելեց միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ ավարտվել էր։ Փաստահավաք աշխատանքը մարդկանց հետ է տարվում, նրանցից պետք է հարցազրույցներ վերցնել, քննարկել, դիտարկել։ Ի՞նչ փաստահավաք աշխատանք են գնացել անելու, երբ այնտեղ արդեն մարդ չկա։ ՄԱԿ–ը ի սկզբանե ամեն ինչ պետք է աներ, որ այս ամենը տեղի չունենար։ Լինելուց հետո նրանք պետք է Հայաստան գային՝ Կոռնիձոր, Գորիս, և այստեղ տեղահանվածներից փաստեր հավաքեին՝ որտեղի՞ց են, ի՞նչ են թողել այնտեղ, ի՞նչ ավերածություններ, սպանություններ են եղել և այլն, որից հետո գնային Արցախ։ Այդպես պետք է աշխատեին, որ կարողանային մի բան պարզել, բայց նրանք Հայաստան չեն եկել, մարդկանց չեն տեսել, չեն լսել ու միանգամից գնացել են Ղարաբաղ։ Պարզ է, որ սա միակողմանի, քաղաքական կողմնորոշումներով այց է եղել, ՄԱԿ-ի համար շատ ամոթալի։ Մանավանդ որ Ադրբեջանի ղեկավարության ներքո տարել են այն տեղերը, որտեղ վնասներ չեն հասցվել։ Մարդկանց ավերված տները թող ցույց տային, սպանությունները ցույց տային, դրանք տեսանյութերով կան։ 

Արցախահայերի բռնի տեղահանության վերջին օրերին՝ սեպտեմբերի 29-ին, ՄԱԿ-ի դիտորդական առաքելություն իրականացնելու անհրաժեշտության մասին X-ի իր էջում գրել էր նաև Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը։ Եվրախորհրդարանում շարունակվում են Լեռնային Ղարաբաղի թեմայով քննարկումները և բուլղարացի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևը հայտարարել է. «Ադրբեջանը պարտավոր է երաշխավորել ԼՂ հայերի ապահով վերադարձը և անվտանգ կյանքը Լեռնային Ղարաբաղում: Այս պայմաններին պետք է հետևեն միջազգային դիտորդները»։ Հայության զանգվածային տեղահանությունից հետո նման հայտարարությունները որքանո՞վ են իրատեսական։

Այս ամենը պետք է արվեր մինչև տեղահանությունը, անհրաժեշտ էին պատասխանատվության միջոցներ Ադրբեջանի իշխանության նկատմամբ: Բայց նույնիսկ սեպտեմբերի 19–ի պատերազմական գործողություններն սկսելուց հետո նորմալ հայտարարություն չարվեց։ Քաղաքացիական անձանց մահվան մասին ոչ մի խոսք չասվեց։ Մենք հայտարարեցինք, որ զոհված քաղաքացիական անձանց նույնականացրել ենք անուն առ անուն, և չկա մեկը, որ ասի՝ կտա՞ք մանրամասները՝ մեզ պետք են։ Հայաստանի կառավարությունն էլ չվերցրեց այդ տվյալները, չհետաքրքրվեց, թե ինչ պայմաններում են նրանք զոհվել։ ՄԱԿ-ը, եթե օբյեկտիվ աշխատանք էր ուզում իրականացնել, պետք է գար Հայաստան, տեղահանվածներից հարցնեին, թե որ գյուղում ինչ է տեղի ունեցել։ Նրանք պետք է գյուղեգյուղ անցնելով փաստահավաք աշխատանք իրականացնեին, վերջում գնային Արցախ ու զեկույց ներկայացնեին։ Ես ինքս միջազգային առաքելությունների ղեկավար եմ եղել տարբեր ժամանակներում՝ անպայման մյուս կողմին էլ էինք լսում, որպեսզի կառավարությունը չկարողանա մոլորեցնել։ 

Մարդիկ շատ հակարծակի և հախուռն դուրս բերվեցին ԼՂ-ից, Ձեր հիմնադրամին որքանո՞վ հաջողվեց փաստահավաք աշխատանքներ իրականացնել այդ պայմաններում։

Շատ դժվար էր աշխատել այդ քաոտիկ վիճակում։ Մենք դեռևս համակարգված տվյալներ պետք է ունենանք, թե, ի վերջո, քաղաքացիական անձանցից ինչքա՞ն մարդ զոհվեց կամ վիրավորվեց կամ խոշտանգման ենթարկվեց։ Պետական համակարգված մոտեցում է անհրաժեշտ տեղեկությունները հավաքելու մասով։ Պետությունը պետք է հիմա հանձնաժողով ստեղծեր կամ այլ կերպ հավաքագրեր տեղեկությունները, մասնագետներին պետք էր մոբիլիզացնել այդ նպատակով։ Մինչդեռ, մասնագետների ռեսուրսը պարպվում է տեղահանվածներին տեղավորելու, հագուստով ու սնունդով ապահովելու վրա, նրանց նպատակային չեն օգտագործում։ Արցախցիներն էլ արդեն տարբեր մարզերում հաստատեցվին, որով դժվարացավ նրանց հետ աշխատանքի կազմակերպումը։ 

Արցախի Հանրապետության քաղաքական առաջնորդներին Ադրբեջանը ձերբակալել է, վերջին ամիսներին նաև քաղաքացիական անձանց ու զինծառայողների առևանգեցին ու կալանավորեցին։ Հայաստանի կառավարությունը առևանգված քաղաքացիների վերաբերյալ դիմումներ է ներկայացրել Եվրոպակամ դատարան՝ խնդրելով պարտավորեցնել Ադրբեջանին տեղեկացնելու իր վերահսկողության տակ հայտնված ռազմագերիների և քաղաքացիական անձանց մասին: Սա բավարա՞ր է այդ անձանց պաշտպանությունը կազմակերպելու համար։ 

Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը կարևոր է, բայց բավարար չէ այդ անձանց պաշտպանությունը լիարժեք կազմակերպելու համար, դրա համար պահանջվում է քաղաքական ու իրավական քայլերի ամբողջություն: Միջազգային մեխանիզմները, գործիքակազմերը ՄԻԵԴ–ով չեն վերջանում։ Բազմաթիվ կառույցներ, կառավարական կազմակերպություններ կան, ես Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում շատ տեղեր էի դիմում։ Մեր ժողովրդին բացարձակապես կամայական առևանգում են, մենք չգիտենք էլ՝ քրեական գործ կա՞ հարուցված, թե՝ ոչ։ Բացարձակ կամայական է այս ամենը, և մեր պետության խնդիրը պետք է լինի առաջնահերթ այս բացարձակ կամայական համակարգի դեմ աշխատանք տանելը՝ դա ցույց տալու համար։ 

Մենք չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանն առաջ տանի խաղաղության շղարշով պատած օրակարգերը։ Մեր նախագահների և մյուսների առևանգման հարցում վատն այն է, որ ոչ միայն նրանց անձնական իրավունքներն են ոտնահարվում, խոշտանգում են և այլն։ Ադրբեջանը հատուկ է Արցախի առաջնորդներին նվաստացնում, ստորացնող վիճակում ցուցադրում, որպեսզի ասի՝ ձեր առաջնորդների հետ այս է լինելու։ Նրանց նպատակը հայ ժողովրդի ամբողջ արժեհամակարգը կոտրելն է։ Հայաստանի իշխանություններն առաջանահերթ պետք է վեր հանեն և աշխարհին ցույց տան Ադրբեջանի իրական քաղաքական դեմքը, թե ինչերի են պատրաստ։ Պետք է անպայման կապը ցույց տան, որ սրանք առանձին հանցանքներ չեն, Ադրբեջանում պետական քաղաքականությամբ հովանավորվող բաղկացուցիչ մասեր են։ Սրանք են Ադրբեջանի գործողությունների ապալեգիտիմացման երաշխիքները։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter