HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իմ մտքում հայրենիքն ա, հողն ա, որ կորցրել ենք, մնացած ամեն ինչը փողով կունենանք»

Արարատի մարզի Բարձրաշեն գյուղում Սվետլանայի վարձակալած տան տանիքից վառարանի ծուխն անշտապ բարձրանում է։ Հոկտեմբերյան անձրեւոտ օր է։ Սվետլանան դույլեր է դրել տանիքի տակ ու հետեւում է, որ լցվելուց դատարկի։ Տան ներսում պատերը խոնավացել են, բետոնե հատակը սառն է։ Տանը սպասում են 2-ամյա Նորայրին, որ շուտ արթնանա ու աղմուկով լցնի տունը։

Վանքեցի կինը ամուսնու եւ 5 երեխաների հետ 2013 թվականից մինչեւ 2020 թ. պատերազմը ապրում էր Քաշաթաղի Դրախտաձոր գյուղում: Այդտեղ քիմիա եւ կենսաբանություն էր դասավանդում դպրոցում: 44-օրյա պատերազմի ժամանակ Սվետլանան ամուսնու եւ 5 երեխաների հետ Հայաստան էր եկել ու մնացել այստեղ: Հիմա ամուսնու՝ Արցախի Վանք գյուղից բռնի տեղահանված հարազատներին է հյուրընկալել:

-Քանի՞ հոգով եք ապրում ձեր տանը,- հարցնում եմ նրան: Ժպտում է, ասում է՝ չգիտի, մի քանի ընտանիքով են։ Բազմոցին նստած դստերը՝ Վարդուհուն է նայում։

-Հիմա 17 հոգի ենք,- շշուկով հաշվելուց հետո ասում է աղջիկը։

-Ո՞նց եք տեղավորվում,- նորից հարցնում եմ։

-Դե, մենք մեր տեղերը տվել ենք մեր հյուրերին, մենք էլ գետնին ենք պառկում,- ասում է Վարդուհին։

-Բայց իրենք հյուրեր չեն, մինչեւ վերջ կապրենք իրար հետ,- արձագանքում է Սվետլանան։ Նա էլ իր անձնական ողբերգությունն է ապրում։ Եղբայրը զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ Թալիշում: Նրա գերեզմանը մնացել է Ստեփանակերտում: Սվետլանան ասում է՝ իրեն մեղադրում են, թե ինչու եղբորը չի հուղարկավորել Հայաստանում, բայց եղբայրն այն հողում է, որի համար պայքարել է, եւ նրա մասունքներն էլ այնտեղ պետք է մնան:

«Մտածում էինք՝ կա՛մ մեզ կթողնեն ու սաղիս կմորթեն, կա՛մ հետ կգնան»

Սեպտեմբերի 19-ի առավոտը մառախլապատ էր Արցախի Վանք գյուղում։ Սուսաննա Դանիելյանը՝ Սվետլանայի տեգոր կինը, սովորականի պես արթնացել էր, տան գործերն արել, հետո կեսօրին՝ 13։10-ի կողմերը, հարեւաններով հավաքվել էին սիսեռով սուրճ խմելու։ Դեռ չէին հասցրել սուրճն ավարտել, երբ չորս կողմից ուժեղ ձայներ էին լսել։ Վանքի սարերը, կարծես, դղրդում էին։ Արագ իջել էին հարեւան տան նկուղ ու սպասել, թե երբ են կրակոցները դադարելու, որ տուն գնան։ Կրակոցներն այլեւս չդադարեցին։ Ամբողջ գիշեր դիրքերից վիրավորներ էին իջեցնում գյուղի հիվանդանոց, այդտեղից էլ՝ Ստեփանակերտ։

Հաջորդ օրը գյուղապետը համագյուղացիներին ասել էր, որ տարհանում են գյուղը։ Սուսաննան միայն փաստաթղթերն է վերցրել ու ընտանիքի հետ դուրս եկել։ Տան դուռը բաց է թողել։ Ասում է՝ էլ ի՞նչ իմաստ ուներ փակելը։

Սկզբից գնացել են Ստեփանակերտի օդանավակայան, որտեղ երկար ժամեր են անցկացրել։ Այդտեղից էլ՝ հարսի հայրական տուն, որը Ստեփանակերտում էր։ Սեպտեմբերի 23-ին Ստեփանակերտի ծննդատանը ծնվել է Սուսաննայի երկրորդ թոռնիկը՝ Մարկը։ Դրանից երկու օր անց ճանապարհ են ընկել դեպի Երեւան։ Ճանապարհը խցանումներով էր ու դժվար։ Մարկը հիմնականում քնած էր լինում։ Արցախցի փոքրիկին միայն տարիներ անց կպատմեն, որ ընդամենը երկու օր ապրեց հայրենիքում։

«Չէինք մտածում, որ դուրս ենք գալու գյուղից։ Մտածում էինք՝ կա՛մ մեզ կթողնեն ու սաղիս կմորթեն, կա՛մ հետ կգնան»,- ասում է Սուսաննան։

«Զենքը վայր դնելիս լացս գալիս էր»

Սուսաննայի աղջկա ամուսինը՝ Արամ Գրիգորյանը, սեպտեմբերի 19-ին Վանքի դիրքերում էր։ 6 ամսական հղի կնոջը Կարմիր խաչի միջոցով տեղափոխել էին Երեւան․ երեխայի մոտ սրտի խնդիր էր առաջացել։

Դիրքերում առավոտը հանգիստ էր։ Ու դա 31-ամյա պայմանագրային զինծառայողի՝ հայրենի հողում անցկացրած վերջին խաղաղ լուսաբացն էր լինելու։

Մառախուղը գնալով թանձրանում էր։ Կեսօրին՝ ժամը 13։00-13։10-ի հատվածում ադրբեջանական կողմը ծանր զինտեխնիկայով կրակ էր բացել հայկական բոլոր դիրքերի ուղղությամբ։ Հայկական հրետանին պատասխանում էր զարկերին։ «Սաղ էլ լավ կռվել են։ Ոչ մեկ էլ իր դիրքից չի նահանջել։ Մենք հիմնականում 1-2 դիրք ենք տվել։ 10-ից ավել դիրք ունեինք»,- ասում է Արամը իրենց ստորաբաժանման մասին։

Նա ծնվել, մեծացել է Վանք գյուղում։ Այդտեղից դուրս չէր պատկերացնում իր կյանքը։ Մոտ 6 տարի աշխատել է Կաշենի ոսկու հանքում որպես օպերատոր։ Երբ ադրբեջանցի կեղծ բնապահպանների պահանջով փակվեց հանքավայրը, Արամը դարձավ պայմանագրային զինծառայող՝ Վանքի գումարտակի հրամանատարի վարորդն էր։ 2023 թ․ սեպտեմբերյան պատերազմը նրա երրորդ պատերազմն էր։ «Ու էս անգամ էլ հրաշքով փրկվեցինք»,- ասում է նա։

Սեպտեմբերի 19-ի ողջ գիշերը հրետանին աշխատում էր։ Դիրքում զոհեր ու վիրավորներ ունեին։ Արամն ասում է․ «Մինչեւ վերջ պայքարել ենք։ Մինչեւ վերջ մտածում էինք, որ լավ ա լինելու»։ Հաջորդ օրը, սակայն, ներքին կապով տեղեկություն են ստացել, որ պատերազմն ավարտվել է, եւ ով որտեղ կա, մնա այդտեղ։ Իրենք անտառներում էին՝ ավելի քան 100 հոգով, երբ ռուսներն ու ադրբեջանցիները մոտեցել են դիրքերին։ Ավելի ուշ գտել են նրանց՝ պահանջելով հանձնել զենքերը։ «Զենքը հանձնել ենք, դատարկ նստել ավտոները։ Լացս գալիս էր այդ պահին, ի՞նչ պիտի զգաս։ Զենքդ տալիս ես թուրքին, դատարկ նստում ավտոն»,- հոգոց է հանում Արամը։

Նրանց «Ուրալով» Ստեփանակերտ են տարել։ Տուն չի կարողացել մտնել։ Ճանապարհին մտածում էր, որ հաջորդ օրը կկարողանա տուն մտնել, վերցնել փաստաթղթերը, ոսկեղենն ու ավտոմեքենան, բայց արդեն ուշ էր։ Գյուղում ադրբեջանցիներ էին, եւ այնտեղ հայտնվելն անվտանգ չէր։ «Ո՞վ էր իմ անվտանգությունն ապահովելու, որ գնայի ու ողջ կմնայի»,- հարցնում է Արամը։

Արամի մորը տան բակից են տարհանել։ Այդ օրը արկ էր ընկել գյուղում, եւ վախեցել էր։ Գյուղում են թողել ամեն ինչ՝ փաստաթղթեր, ոսկյա զարդեր, ավտոմեքենան, իսկ ամենաթանկը՝ Արամի խոսքով, հոր գերեզմանն են թողել։ «Չեմ էլ ուզում հեռախոսս մտնեմ։ Մտնում եմ՝ սաղ մեր տան նկարներն են, գյուղն ա, քաղաքն ա․․․ Մեր գյուղը մեծ գյուղ էր։ Ընտրական հանձնաժողովում էի աշխատում, հազարից ավելի ձայն տվող կար»,- իմիջիայլոց ասում է Արամը։

Նա երբեմն տխուր ժպտում է զրույցի ժամանակ։ Խնդրում է չնկարել։ Դժվար է հասկանալ, թե ինչ է զգում։ Հարցեր կան, որոնք անպատասխան է թողնում։ Դա ավելի է ծանրացնում լռությունը։ «Աննկարագրելի բան ա․․․ Որ մեկ-մեկ մենակ ես մնում, ուզում ես լացել։ Սաղ զենքդ տաս, տունդ թողնես, տարիներով ստեղծածդ թողնես, երկուհարկանի տները թողնես․․․»,- հիշում է Արամը։

Մինչեւ դեկտեմբերի 7-ը ծնվելու է նրա երկրորդ որդին։ Անունը դեռ չեն որոշել։ Ավագ որդին՝ 2-ամյա Նորայրը, մեր զրույցի ժամանակ քնած էր։ Հիմա նա է ցրում բոլորի տխրությունը։

Վաղվա օրը մշուշապատ է, ինչպես սեպտեմբերի 19-ի առավոտն էր։ Արամը ժպտում է։ Ասում է՝ դժվարություններով անցան, բայց դրանք դեռ սկիզբն են, հետո ավելացնում է․ «Աչքս բացել եմ, ծնվել եմ էնտեղ, մեծացել եմ էնտեղ․․․ Իմ մտքում հայրենիքն ա, հողն ա, որ կորցրել ենք, մնացած ամեն ինչը փողով կունենանք»։

Եթե մի օր հնարավորություն ունենար նորից գյուղ գնալ, առաջինը Գանձասարի եկեղեցի կմտներ ու մոմ կվառեր։ Ասում է՝ երկար ժամանակ ուզում էր գնալ, բայց չէր ստացվում, ծառայության էլ լինում։

«Չեմ կարողանում պատկերել՝ ինչ կատարվեց»

77-ամյա Զոյա Սարգսյանը Սվետլանայի ու Սուսաննայի սկեսուրն է: Մինչեւ վերջերս նա էլ ապրում էր Վանքում, որը ստիպված եղավ լքել: Բռնագաղթի ճանապարհին հիշում էր դպրոց տանող ճանապարհը, որն անցել է 40 տարի։ Դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին էր ընկեր Սարգսյանը։ Սա միակ կետն է, որից նրա դեմքին թույլ ժպիտ է հայտնվում, իսկ մնացած ամեն ինչը պատերազմի օրվա երկնքի պես է՝ մութ ու դղրդոցով լի։

«Չգիտեմ, է, չեմ կարողանում պատկերել՝ ինչ կատարվեց։ Վայրկենապես մթություն, դղրդոց, երկինքն ու երկիրը, կարծես թե, իրար էին խառնվել»,- ասում է վանքեցի կինը։

Նշում է՝ թուրքին պատմական վեպերից է իմացել. նրա աչքը միշտ եղել է հայկական հողերի վրա։ Արցախին ոչ մի օտար բռնակալ չի դիպել, բայց այս անգամ թուրքերը խարդախությամբ մտան Արցախ։

«Շատ ծանր եմ տարել։ Մեր հայրենի հողը թուրք բռնակալները զավթեցին։ Թուրքի դարավոր նպատակն է եղել՝ տիրանալ մեր հողերին։ 13-րդ դարի եկեղեցին կանգուն է Գանձասարի վերեւում, նա մեզ պաշտպան էր կանգնել։ Ոչ մի գնդակ չէր դիպել մեր եկեղեցուն ու մեզ, բայց էս անգամ ձորի կողմից վնասել են, երեւի իմացել, որ կողքին զորամաս կա։ Շոկի մեջ եմ, չեմ իմանում՝ ինչ եմ խոսում»,- ասում է տիկին Զոյան։

Քիչ անց հիշում է․ «Երբ Շուշիի տեխնիկումն ավարտեցի, թուրքեր էլ են եղել, հայեր էլ, բայց էն ժամանակվա թուրքերն էս ձեւի չէին։ Բաքվում հեռակայեցի, վերջին կուրսում եկանք։ Բաքվում սովորում էի, Արմենիքենդում էի ապրում»։

Սարերից եկող դղրդոցը դեռ հնչում է նրա ականջներում, դեմքին գաղթի 3 օրվա ծանր ճանապարհի հետքերն են, մտքին՝ ամուսնու, դստեր գերեզմանները։ Սեպտեմբերի 19-ին Կիչանում զոհվել է փեսան՝ Գեղամ Կաֆյանը։ Նրա մարմինը դեռ չեն հանձնել հողին։ Հարազատներն ասում են՝ դիահերձարանում է, բայց դեռ չեն ասել, թե երբ ու որտեղ կարող են հուղարկավորել։

«4 երեխաներն անտեր մնացին»,- ասում է Զոյա Սարգսյանը։ Ու մենք լռում ենք։ Մեր այցելության ժամանակ երեխաները տանը չէին, բարեկամի տուն էին գնացել։ Նրանցից միայն մեկն է անչափահաս՝ 14 տարեկան։

Տիկին Զոյան, բազմոցից հազիվ բարձրանալով, ներս է մտնում հյուրասենյակ։ Նախասրահի սառնությունն այդտեղ միանգամից փոխվում է․ կենտրոնում դրված վառարանը վառվում է։

11 օրական Մարկին քիչ առաջ են լողացրել, տաշտակը հենել պատին, որ չորանա։ Մարկը՝ կարմրած դեմքով, բազմոցին պառկած նայում է, բայց դեռ չի հասկանում՝ ինչու են այդքան շատ մարդիկ մի տան մեջ ապրում, ինչու են մեծերը թաքուն սրբում արցունքները, ինչու են այդքան լուռ։

ՀԳ. Հոդվածի հրապարակումից առաջ Սվետլանա Սահակյանից տեղեկացանք, որ հոկտեմբերի 6-ին Գեղամ Կաֆյանին հուղարկավորել են Եռաբլուրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter