HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չեզարե Պրանդելին վստահ է իր թիմի ներուժին

«Եվրո-2012»-ի կիսաեզրափակչում Իտալիային 1-2 զիջելուց հետո գերմանացիների գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը նշել է, որ առաջին բաց թողած գոլից հետո իր թիմը դադարել է կազմակերպված գործել: Մասնագետը համաձայնել է, որ մեկնարկային կազմը կարող էր եւ այլ տեսք ունենալ, ինչի մասին խոսում էին շատերը: «Բաց թողնելով առաջին գոլը՝ ինչ-որ ժամանակով մենք խաղից դուրս վիճակում էինք: Ընդմիջմանը պարտավոր էի փոփոխութուններ կատարել: Պետք էր ռիսկի դիմել, փորձել փոխել ինչ-որ բան»,- ասել է Լյովը:

Գովելով իր սաներին՝ մարզիչը նշել է, որ թիմը հաղթել է 15 խաղ շարունակ եւ երկու տարվա ընթացքում մեծ առաջընթաց է գրանցել: Մրցակցի պարագայում նա առանձնացրել է միջին գիծն ու արագավազ երկու հարձակվողներին: «Այսպես թե այնպես մենք հիանալի մրցաշար անցկացրինք: Պետք է շարունակել ապրել: Մենք պայքարում էինք աշխարհամասի առաջատար թիմերի դեմ: Դեռ մեզ ցույց տալու հնարավորություններ կունենանք»,- եզրափակել է Լյովը:

Չեզարե Պրանդելին իր հերթին ասել է, որ թիմը լավ էր պատրաստվել խաղին ու ճիշտ ժամանակին իրագործեց ծրագրերը: Մարզիչն առանձնացրել է երկու հարձակվողներին՝ Կասանոյին եւ Բալոտելիին, հատկապես՝ վերջինիս, որը երկու գոլ խփեց:

Միաժամանակ իտալացին ասել է, որ ուրախությունը նշելու ժամանակ չունեն, պետք է կենտրոնանալ հաջորդ խաղի վրա, որը լինելու է ամենակարեւորը: «Իսպանիան անկրկնելի թիմ է, սակայն մենք կպատրաստվենք հիմնավորապես, ինչպես արել ենք այսօրվա խաղից առաջ: Կարծում եմ՝ բաց խաղ կլինի, եւ այդ առումով հավասար հարթության վրա կլինենք»,- կարծիք է հայտնել Պրանդելին: 

Լուս.՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter