HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թողնելով հարազատ տունն ու դպրոցը

Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:50-ին Մարտակերտի թիվ 1 դպրոցի 4-րդ դասարանցիների մոտ շախմատի դաս էր։ Հանկարծ պայթյունի ձայներ լսվեցին: Սկզբում մտածեցին, թե լուրջ բան չկա, բայց երբ մի քանի րոպե ձայները չդադարեցին, հասկացան, որ պատերազմ է սկսվել։ 

4-րդ դասարանի աշակերտուհի Մանե Միրզոյանն ասում է՝ ուսուցիչը բոլորին հրահանգեց արագ իջնել նկուղ, որտեղ մնացին մինչեւ երեկո։ 

Չորս օր հետո ստիպված եղան դուրս գալ քաղաքից, իսկ սեպտեմբերի 25-ին թողեցին Արցախն ու եկան Հայաստան։ 

Մանեն հիմա սովորում է Մասիս քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցում։ Այստեղ Արցախից 71 աշակերտ է ընդունվել։ Ասում է՝ ընկերներին շատ է կարոտել։ Դասերից հետո զանգահարում են միմյանց, խոսում հեռախոսով, պայմանավորվել են, որ մի օր բոլորով հավաքվեն։

Սեպտեմբերի 29-ից մինչ օրս Մասիսի թիվ 4 հիմնական դպրոց ամեն օր նոր աշակերտներ են ընդունվում։ Յուրաքանչյուր դասարանում Արցախի տարբեր  շրջաններից բռնի տեղահանված 7-8  աշակերտ է սովորում։

Տնօրեն Լուսինե Բարսեղյանն ասում է՝ չէին սպասում, որ այսքան նոր աշակերտ կունենան, բայց բոլորին պատրաստակամ ընդունում են, եթե կարիք լինի, դասարանները կկիսեն։ Այժմ դասարաններ կան, որտեղ աշակերտների թիվը հասնում է 40-ի։

2-րդ դասարան ընդունվել է 7 աշակերտ։ Ուսուցչուհին՝ Գայանե Բալասանյանը, Արցախից եկած աշակերտների հետ բարբառով է խոսում։ Ասում է՝ ծնողներից մեկն ասել է, որ երեխան գրական հայերենին լավ չի տիրապետում, ամաչում է խոսի, Բալասանյանն էլ սկսել է դասարանում բարբառով խոսել, որպեսզի մյուս երեխաները հասկանան, որ բարբառով խոսելն ամոթ չէ։

Գայանե Բալասանյանը Մարտակերտից Արցախյան առաջին պատերազմի ժամանակ է տեղահանվել, հիմա այդ ամենը նորից վերապրում է։ Խոսելիս հուզվում է, մեկ առ մեկ գրկում բոլորին։

«Հիմա ես պատկերացնում եմ էրեխեքի վիճակը, իրենց ապրումները, մտքերը, իրենք ամենախորն են էդ ամենը զգում, թվում է, թե փոքր են, չեն հասկանում, բայց չէ, ամենախոր հիշողությունները ողջ կյանքի համար իրենց մոտ է մնում։ Մեր դպրոցը, աշակերտները բոլոր երեխաներին լավ են ընդունել, հիմա բոլորս պիտի ցույց տանք, որ էդ մարդկանց կողքին ենք, նույն բանի միջով էլ ես եմ անցել տարիներ առաջ, գիտեմ՝ դա ինչ է»,-ասում է Գայանե Բալասանյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter