HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախցի գիտաշխատող․ «Հուսով ենք, որ Արցախի գիտական կենտրոնը կշարունակի գործել Հայաստանում»

Սեպտեմբերի 24-ը կիրակի էր։ Արցախի գիտական կենտրոնի աշխատակիցները չէին էլ մտածում, որ այդ օրը հրաժեշտ են տալու գիտական կենտրոնին։ Տարիների ընթացքում նյութատեխնիկական բազայով հագեցած լաբորատորիաներից գրեթե ոչինչ չեն վերցրել։ Միայն անձնական օգտագործման մի համակարգիչ եւ մանրէաբանության լաբորատորիայի մանրադիտակը, որը գնել էին 44-օրյա պատերազմից հետո։ Մանրադիտակը հենց այն հիմնաքարն է լինելու, որը գուցե իր շուրջը հավաքի արցախցի գիտաշխատողներին։

2007 թ․ դեկտեմբերի 27-ին Արցախի կառավարության որոշմամբ ստեղծվել է Արցախի գիտական կենտրոնը, որն իր գործունեությունն սկսել է 2008 թ. հունվարից։ Այն Արցախի միակ գիտական կառույցն է։ 2020-ից կենտրոնի ղեկավարը Անյուտա Սարգսյանն է, որն այստեղ աշխատում է 2009-ից։

Արցախի գիտական կենտրոնը միակն էր իր տեսակի մեջ

Անյուտայի Սարգսյանի հետ հանդիպում ենք երեւանյան այգիներից մեկում։ Առավոտվա անձրեւից հետո այգու նստարանները հասցրել են չորանալ։

Անյուտայի աչքի առաջ են անցել Արցախի գիտական կենտրոնի ձեւավորման ու զարգացման փուլերը։ Ասում է՝ կենտրոնը տարեցտարի զարգանում էր, լաբորատորիաները վերազինվում էին նյութատեխնիկական բազայով։ Կենտրոնի ստեղծման օրվանից, ըստ նրա, Գիտությունների ազգային ակադեմիան իր ինստիտուտներով ու կազմակերպություններով Արցախում միակ գիտական կառույցի կողքին էր։ Դրանց աջակցությամբ էլ ստեղծվել են լաբորատորիաներ, պատրաստվել կադրեր, իրականացվել գիտական ծրագրեր, տպագրվել գիտական հոդվածներ։

Կենտրոնը գործում էր բազային ֆինանսավորմամբ, բայց կային նաեւ թեմատիկ ծրագրեր։ Դեռ սկզբնավորման ժամանակվանից համագործակություն կար նաեւ ՀՀ գիտության կոմիտեի հետ։

2022 թ․ հունվարից ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի հետ համատեղ աշխատանքների արդյունքում արտադրամաս էին բացել, իսկ փետրվարից սկսել «Նարինե պլյուս» կաթնամթերքի արտադրությունը։ «Հետքի» զրուցակիցը նկատում է, որ իրենց արտադրանքը պահանջված էր ու հատկապես վերջին շրջանում արագ էր սպառվում։ Բայց «Արցախկաթ» ընկերության փակումն ու վառելիքի բացակայությունը կանգնեցրին նաեւ «Նարինե պլյուսի» արտադրությունը։

Ստեղծման օրվանից մինչ օրս 100-ից ավելի ծրագիր են իրականացրել, ընդ որում՝ տարբեր ուղղություններով՝ հումանիտար, բնագիտական, գյուղատնտեսական եւ այլն։ Դրանց մի մասը, արցախցի գիտաշխատողի փոխանցմամբ, կիրառության մեջ էր։ Բացի դրանից՝ աշխատում էին գերատեսչական մարմինների հետ, որոնցից պատվերներ էին ստանում եւ կատարում հետազոտություններ։ Օրինակ՝ 2018 թ․ Արցախի գյուղնախարարության հետ պայմանագիր էին ստորագրել, որի համաձայն՝ պետք է ուսումնասիրեին Արցախի 5 համայնքների արոտավայրերն ու խոտհարքները։ Կենտրոնի փոխանցած տվյալների արդյունքով էլ կառավարությունը բարեկարգման աշխատանքներ էր իրականացնում այդ համայնքներում։ Սակայն 44-օրյա պատերազմից հետո համայնքներից մի քանիսը մնացին թշնամու վերահսկողության տակ։

Անյուտա Սարգսյանն ասում է՝ վերջին տարիներին Արցախում գիտություն-հասարակություն կապն ամրապնդվում էր։ Իրենք հաճախ դասընթացներ, հանդիպումներ էին անցկացնում գյուղերում՝ բնակիչներին փոխանցելով տեղեկատվություն եւ գիտելիք։

Կենտրոնի կազմը գրեթե միշտ փոքր է եղել։ Վերջին տվյալներով՝ այն 35 աշխատակից ունի, որից 22-ը գիտությամբ են զբաղվում։ Ընդ որում՝ գիտաշխատողների թիվն ավելացել էր, երբ 2021 թ․ ԳԱԱ ինստիտուտների հետ համագործակցության 8 հուշագիր են ստորագրել։ Արդյունքում՝ ստեղծվել են նոր լաբորատորիաներ՝ ֆիզիոլոգիայի, աստղագիտության, ռադիոֆիզիկայի, արեւելագիտության։

Արցախցի գիտաշխատողի խոսքով՝ թեեւ դժվարություններ կային վերջին շրջանում, փաստ է, որ գիտության զարգացումն Արցախում կանգնած չէր։ Դա նաեւ դրսեւորվում էր երիտասարդ գիտական կադրերի աճով։

«Չէինք մտածում, որ սա պիտի լինի վերջաբանը»

Արցախի շրջափակման ամսիներին գիտական կենտրոնը չի դադարեցրել աշխատանքը։ Մեր զրուցակիցն ասում է՝ չի եղել օր, որ աշխատանքի մեջ չլինեին։ Գուցե ժամանակներ են եղել, երբ ստիպված էին հերթափոխով աշխատել, բայց կենտրոնը շարունակել է գործել։ «Մինչեւ սեպտեմբերի 19-ը՝ այդ չարաբաստիկ օրը, մենք աշխատանքի էինք»,- նկատում է կենտրոնի ղեկավարը։

Սեպտեմբերի 19-ին աշխատավայրում էին։ Ընդմիջման ժամ էր՝ 13։15, երբ պայթյուններն սկսվեցին, ապա միացավ օդային տագնապի ազդանշանը։ Արագ իջել էին կենտրոնի ապաստարան, դռները բացել, քանի որ հարակից դպրոցի աշակերտներն էլ պետք է օգտվեին դրանից։

«Մտածեցի, որ հեսա կանցնի։ Չէինք պատկերացնում, որ սա պիտի լինի վերջաբանը։ Սպասում էինք, որ ինչ-որ բան կարող է լինել, բայց այս ձեւով չէինք պատկերացնում»,- ասում է արցախցի գիտաշխատողը։

Սեպտեմբերի 20-ին Ստեփանակերտի ծայրամասային Կրկժան թաղամասը, որտեղ բնակվում էր Անյուտայի ընտանիքը, անցել էր թշնամու վերահսկողության տակ: Մինչեւ բռնի տեղահանումը նրանք բնակվում էին բարեկամի տանը։ Դուրս գալու ժամանակ հազիվ հասցրել էին վերցնել փաստաթղթերն ու հագուստ երեխայի համար։

«Ճանապարհն ամենածանարն էր ոչ թե ժամանակի, այլ ծանր ապրումների իմաստով»,- նկատում է Անյուտա Սարգսյանը։

«Արցախը պիտի պահենք Արցախի կառույցներով»

Արցախի գիտական կենտրոնից «փրկված» միակ մանրադիտակի մասին զրուցակիցս ասում է․ «Մանրադիտակը կտեղադրենք այնտեղ, որտեղ որ կսկսենք մեր թեմատիկ ծրագրերն իրականացնել, համագործակցել ինստիտուտների հետ՝ հույսով, որ մի օր Արցախի գիտական կենտրոնը կգործի նաեւ Հայաստանում։ Դա կարեւոր հանգամանք է։ Կենտրոնը, միակը լինելով Արցածում, իր շուրջն է հավաքել ինչպես Արցախի գիտական հանրությանը, հուսով ենք, որ կստեղծվի Արցախի գիտական կենտրոն, կազմակերպություն կամ հիմնադրամ, որը կգործի Ակադեմիայի կազմում եւ իր գործունեությունն ամբողջապես կծավալի Հայաստանում։ Դա նաեւ բարոյահոգեբանական նպաստ է բերելու արցախահայությանը»,- ասում է գիտական կենտրոնի ղեկավարը։

Կենտրոնի բազային ֆինանսավորումը տարեկան կազմել է շուրջ 50 միլիոն դրամ, ինչն այնքան էլ մեծ գումար չէ նման կենտրոնի շարունակական աշխատանքի համար։ Ըստ Անյուտա Սարգսյանի՝ արցախցի գիտաշխատողները եւս սպասում են կենտրոնի վերագործարկմանը։ Այսօր թեեւ ակադեմիական ինստիտուտների հետ համագործակցող աշխատակիցները աշխատանքի են անցել դրանցում, բոլորը սպասում են կենտրոնի «վերածննդին»։ «Արցախի գիտական կենտրոնի այցեքարտը սիրո ու նվիրվածության մթնոլորտն է»,- նկատում է Ա. Սարգսյանը։ Նա այժմ աշխատում է ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում (Էկոկենտրոն)։

Աշխատանքը մի պահ կտրում է այն ծանր մտածումներից, որ ունեն բռնի տեղահանվածները։ «Բայց երբ մենակության մեջ ինքդ քեզ հետ ես լինում, սկսում ես խոսել, եւ այդ ինչուների պատասխանը չկա»,- նկատում է Անյուտան: Ու լռության պահերին մտածում է, որ մի օր հետ են գնալու։

«Իմ հոգում մի դատարկ կարոտի տեղ կա։ Դա Արցախի համար է, ու ես իմ հույսը չեմ կտրում, որ վերադառնալու եմ։ Արցախը պետք է ապրի արցախցիներով։ Բայց պահելու համար, այդ կառույցները պետք է չքանդենք, դրանցով է ապրելու Արցախը։ Ասում են, չէ՞, մարդ ապրում է այնքան, ինչքան իրեն հիշում են։ Հիշելը չպետք է լինի այն, որ ասենք՝ Արցախ, երգենք, հիշենք. հիմնական կառույցներով պիտի լինի, որոնք պիտի պահվեն, թեկուզ բարբառի պահպանումը, հույսը, որ ինչ-որ ծրագրեր կարողանանք իրագործել Արցախի հետ կապված»,- նշում է Ա. Սարգսյանը։

Արցախի գիտական կենտրոնի՝ Հայաստանում աշխատանքները շարունակելու մասին քննարկումներ են ընթանում Գիտությունների ազգային ակադեմիայում։ Որեւէ հստակ որոշում դեռ չկա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter