HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտունեցիների ճանաչած «շուլուխչի Նոդի դադայը» զոհվել է արկի պայթյունից, երբ հացի էր գնում

Սեպտեմբերի 20-ին առավոտյան ժամը 7-ը դեռ չկար, երբ Առնոդ Չալյանը Մարտունի քաղաքի «Արցախբանկի» նկուղից դուրս էր եկել՝ մի քիչ թարմ օդ շնչելու եւ մոտակա փռից հաց գնելու: Նկուղից ընդամենը 300-400 մետր էր հեռացել, երբ արկ էր պայթել փողոցում: Առնոդ Չալյանը զոհվել է ադրբեջանական արկի պայթյունից: Կինը նկուղում էր, աղջիկը՝ Մերին, աշխատանքի վայրում, իսկ որդին՝ դիրքերում: Ընտանիքին մինչ օրս հանգիստ չի տալիս հոր ողբերգական մահը:

Մերի Չալյանն աշխատում էր Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում որպես դիսպետչեր: Սեպտեմբերին արձակուրդ էր վերցրել: Ամսի 19-ին սովորականի պես տունն էր մաքրում, հայրը բակում էր, մայրն աշխատանքի էր խանութում, եղբայրը՝ Միշան, դիրքերում էր: Մերին բակ էր դուրս եկել ու հորը հարցրել, թե ինչ ձայներ են: Հարեւաններն արդեն վազվզում էին, կռիվն սկսվել էր: Զանգել էր եղբորը, Միշան մի նախադասություն էր ասել՝ «սկսվել ա, մենակ մտեք նկուղ, սկսվել ա»: Դրանից հետո չէին կարողացել կապ հաստատել Միշայի հետ: Նա ավագ սերժանտ էր, դիրքի ավագը:

Պատերազմի լուրը լսելուց հետո Առնոդ Չալյանը հանել էր շրջափակման ժամանակ պահած 3-4 լիտր վառելիքը, որը պիտի կռվի դեպքում օգտագործեր: Մերին ասում է՝ միշտ բարկանում էին, թե ինչու է հայրը վատ բաներ մտածում, ինչու պիտի կռիվ սկսվեր, եթե ռուս խաղաղապահներն Արցախում էին լինելու առնվազն մինչեւ 2025 թ.:

Հայրը Մերիին ասել էր, թե բենզինը լցնելու է մեքենան, որ շարժվեն: Բայց դրա ժամանակը չէր: Աղջիկը պնդել էր, որ պետք է արագ մոտակա բանկի՝ «Արցախբանկի» նկուղ իջնեն: Հայրը դեռ տարիներ առաջ էր ուղեղի ու սրտի կաթված ստացել, արագ չէր կարող քայլել: Մերին խանութ էր մտել, մորն ասել, որ խանութը փակի եւ շտապի նկուղ: Երբ արդեն նկուղում էին, աշխատավայրից զանգ էր ստացել, որ պետք է վերադառնա գործի: Տուն էր գնացել՝ համազգեստը հագնելու: Մինչ այդ հորը խնդրել էր, որ նկուղից հանկարծ դուրս չգա:

«Հազար անգամ ասեցի՝ պապա, նայի նկուղից դուրս չգաս, ես կգամ, մի քիչ թեթեւանա, ուտելիք կբերեմ ձեզ»,- հիշում է 36-ամյա դուստրը: Մի քանի ժամ անց ուտելիք էր տարել նկուղ, հոր սիրած խաղողը: Այդ անգամ եւս խնդրել էր, որ հայրը մնա նկուղում: Առնոդ Չալյանը սրտի հիվանդություն ուներ եւ փակ տարածքներում երկար չէր կարողանում մնալ, անընդհատ դուրս էր ուզում գալ՝ օդ շնչելու: «Իր բնավորությունն իմանալով՝ ասի՝ պապա, նայի դուրս չգաս: Մամային էլ ասեցի՝ հանկարծ նայի, որ դուրս չգա»,- հիշում է Մերին:

Այդ գիշեր նա չէր քնել: Փրկարար ծառայության ռադիոկապը, հեռախոսները նկուղ էին իջեցրել, այդտեղից էին աշխատում: Ասում է՝ վատ նախազգացում ուներ, գիշերը ցերեկվա պես էր դարձել: Պատմում է, որ սովոր էր աշխատանքային այդ տեմպին: 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում գերլարումով էին աշխատել: Այդ ժամանակ մայրն էլ աշխատում էր Մարտունու հոսպիտալում: Պատերազմից հետո հաստիքներ կրճատվեցին, եւ նա էլ աշխատանքից ազատվեց: Իսկ զինվորական եղբայրը առաջնագծում էր:

Սեպտեմբերի 19-ին Մերին Մարտունու հիվանդանոցում աշխատող ընկերուհուն պարբերաբար հարցնում էր վիրավորների ու զոհերի մասին: «Էնքան վատ նորություններ էի լսում: Ի՞նչ թաքցնեմ՝ եղբորս համար անընդհատ զանգում էի հիվանդանոց, ասում էի՝ նայի, հանկարծ եղբորս բերեն՝ ոտքը կամ ձեռքը կտրված, ինչ-որ բան լինի, ինձ կասես, չթաքցնես, ասեց՝ արխային մնա, դու հանգիստ աշխատիր: Հարցրեց, թե մամադ, պապադ որտե՞ղ են, ասի՝ նկուղում են: Մի բան զգում էի, բայց չգիտեի՝ ինչ կլինի, անընդհատ մտածում էի՝ եղբայրս դիրքերում է: Եղբայրս էլ միշտ ասում էր՝ էս անգամ որ կռիվ լինի, ոչ մեկս սաղ չի մնալու»,- հիշում է արցախցի զրուցակիցս:

Վայրը, որտեղ զոհվել է Առնոդ Չալյանը

Սեպտեմբերի 20-ի առավոտյան Մերիին զանգում է հիվանդանոցում աշխատող ընկերուհին, հարցնում, թե որտեղ է հայրը, ապա ասում, որ զոհվածը շատ նման է Առնոդ Չալյանին:

Մերին վազելով դուրս է եկել փրկարար ծառայության շենքից: Ճանապարհին ուշաթափվել է, ընկել ու վնասել ձեռքերն ու ոտքերը: Ուշքի գալուց հետո կարողացել է հասնել հիվանդանոց: Այդտեղ, սակայն, Մերիին չէին թողնում տեսնել հորը, բայց նա պնդել էր: «Շատ վատ վիճակում էր: Որ հիշում եմ հորս այդ անարժան մահը, գոնե ինֆարկտ, ինսուլտ խփած լիներ, այսքան չէի տանջվի: Հորս գլխի կեսը չկար»,- ասում է Մերին: Մայրը նկուղում էր իմացել ամուսնու զոհվելու մասին: Երբ մի քանի անգամ զանգել էր նրա հեռախոսին, պատասխանող չէր եղել, հետո հիվանդանոցի աշխատողներն էին պատասխանել: Դիրքերում գտնվող Միշային չէին ասել հոր զոհվելու մասին: Երբ նա Մարտունի էր հասել, ընկերն էր պատմել այդ մասին:

Սեպտեմբերի 22-ին Առնոդ Չալյանին հուղարկավորել են Մարտունիում: Դուստրն ասում է՝ շրջափակման ամիսներին ծաղիկներ չկային: Հազիվ այստեղից-այնտեղից հին ծաղիկներ են գտել: Հողաթումբը դեռ թարմ էր, երբ Չալյանների ընտանիքը բռնի տեղահանվեց Մարտունուց:

Հոկտեմբերի 1-ին նրանք հասել են Գորիս, որտեղ էլ այժմ ապրում են վարձակալած տանը: Ասում է՝ Գորիսը նմանեցնում են Արցախին, իսկ տեղացիներն էլ պատրաստակամ են, օգնում են:

«Հույս ունեմ, որ մի օր կվերադառնամ հորս մոտ: Ես ոչ մի բան չեմ ափսոսում՝ ո՛չ մեր լավ տունը, ո՛չ մեր լավ աշխատանքը, հորս գերեզմանն ինձ համար հա՛մ քաղաք էր, հա՛մ տուն էր, հա՛մ ամեն ինչ էր: Գոնե սիրտս մի քիչ թեթեւ լիներ, գնայի մոտը… Ո՞վ կպատկերացներ, որ 3-4 օր հետո կտարհանեն»,- նշում է Մերին:

Առնոդ Չալյանի գերեզմանը

Հոր մասին խոսելիս նա անընդհատ կրկնում է՝ «իմ համեստ, բարի պապան»: Մինչեւ սրտի հիվանդությունը հայրը տաքսու վարորդ էր աշխատում: Դուստրը պատմում է, որ մարտունեցիները հորը շատ լավ գիտեն, եւ նրան «Նոդի» էին կոչում: Բարի հումոր ուներ, ու նրան նաեւ «շուլուխչի Նոդի դադայ» էին անվանում:

Մերին ասում է՝ ամբողջ 44-օրյա պատերազմի ժամանակ կարողացավ պահել հորը, բայց 2023 թ. սեպտեմբերյան երկօրյա պատերազմին կորցրեց:

Հոկտեմբերի 3-ին Առնոդ Չալյանը կդառնար 68 տարեկան: Այդ օրը Մերին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր դու կդառնայիր 68 տարեկան, պապ: Ծնունդդ շնորհավոր, իմ հեռավոր կարոտ»:

Երբ ավարտում ենք զրույցը, Մերին ավելացնում է. «Հորս մասին ամենալավը կգրեք: Նա իմ կյանքն ա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter