HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Ֆրանսիան երեք «GM 200» ռադար եւ «Mistral» ՀՕՊ համակարգեր կմատակարարի Հայաստանին

Հայաստանը ֆրանսիական «Thales Group» ընկերության արտադրության երեք GM (Grand Master) 200 ռադար կգնի՝ հակաօդային պաշտպանության նպատակով։ Այսօր Փարիզում ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եւ Ֆրանսիայի Զինված  ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն ստորագրել են համապատասխան պայմանագիրը (գործարքի գինը չի նշվել)։ «Safran» ընկերության հետ սարքավորումների գնման պայմանագիր է կնքվել՝ հեռադիտակներ եւ սենսորներ, իսկ եվրոպական MBDA արտադրողի հետ «Mistral» օդային պաշտպանության համակարգերի գնման մտադրության նամակ է ստորագրվել։ 

«Ոչ ոք չի կարող Ձեզ կշտամբել պաշտպանվելու համար, եւ բավական է ձեզ վրա հարձակվեն»,- ռազմական համագործակցության մանրամասները ներկայացնելիս դիմելով Սուրեն Պապիկյանին՝ ասաց Սեբաստիեն Լըկորնյուն։

Նրա խոսքով, պաշտպանական ֆրանսիական համակարգերը հնարավորություն կտան չեզոքացնել դրոնների, հրթիռների գրոհը, պաշտպանել ոչ միայն զորքը, այլեւ քաղաքացիական բնակչությունը։

«Նույնիսկ եթե մենք միևնույն ռազմական և քաղաքական դաշինքների մաս չենք, այս պաշտպանական հարաբերությունները հիմնված են այն պարզ սկզբունքի վրա, որ Դուք պետք է կարողանաք պաշտպանել ինքներդ ձեզ և ձեր քաղաքացիական բնակչությանը»,- ասաց Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնուն Հայաստանի իր գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ մամուլի ասուլիսում։

Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշեց, որ ֆրանսիական բանակը լայնորեն կիրառում է GM 200 ռադարները, քանի որ դրանք հայտնաբերման եւ վերլուծության մեծ կարողություն ունեն, եւ լավագույնն են շուկայում։ «Միջին հզորության այս ռադարները, որոնցից մատակարարել ենք նաեւ Ուկրաինային, հայտնաբերման նշանակալի կարողություններ ունեն։ Այն կարող է 250 կմ հեռավորությունից հայտնաբերել թշնամական ինքնաթիռը, եթե այն թուլացնի արագությունը եւ իջեցնի բարձրությունը, ինչպես դրոնները, կամ բարձրանա, ինչպես մարտական ինքնաթիռները»,- հստակեցրեց Սեբաստիեն Լըկորնյուն։

Առաջիկայում հայկական պատվիրակության այց է նախատեսվում Ֆրանսիա, որպեսզի հայ զինծառայողները սովորեն, թե ինչպես դրանք օգտագործել։ Լըկորնյուի խոսքով՝ սա ռազմական աջակցության առաջին փուլն է, շարունակաբար հայկական բանակի կարիքների աուդիտ կիրականացվի։

Հայ-ֆրանսիական համագործակցությունը ներառելու է նաեւ կրթության եւ բանակի բարեփոխման ոլորտները։ 2023-2024 թվականներին նախատեսվում է՝

  • Հայաստանի անվտանգության եւ պաշտպանության ապարատի բարեփոխումներին աջակցություն։
  • Կրթություն ցամաքային եւ օդային պաշտպանության ոլորտներում։

Առաջին ուղղության շրջանակում կկազմակերպվեն հայկական պատվիրակությունների այցեր Ֆրանսիայի ռազմական դպրոց, ֆրանսիական պրոֆեսիոնալ բանակի մոդելի ուսումնասիրություն, ֆրանսերենի ուսուցում Հայաստանի զինված ուժերի ծառայողների շրջանում՝ այդ բարեփոխումների եւ կրթության շարունակականության նպատակով, Հայաստանի եւ Ֆրանսիայի ռազմական ինստիտուտների միջեւ հուշագրի ստորագրում՝ կրթության ոլորտում համագործակցության համար։

Ֆրանսիացի մասնագետներ նույնպես կժամանեն Հայաստան՝ ճշգրիտ հրաձգության, լեռնային եւ դաշտային մարտերի վերաբերյալ հայկական բանակի սպաներին վերապատրաստելու համար։

Սեբաստիեն Լըկորնյուն Սուրեն Պապիկյանին առաջարկեց ֆրանսիացի խորհրդական վերցնել՝ բանակի բարեփոխումներն իրականացնելու համար։

«Պաշտպանական առաքելություն բացելուց հետո, պրն նախարար, Ֆրանսիայի Հանրապետությունը ձեզ առաջարկում է ռազմական խորհրդատուի հաստիք ստեղծել՝ ֆրանսիացի սպա, որը ձեր խորհրդականը կլինի բանակի բարեփոխման եւ վերափոխման ոլորտում։ Այդպիսի փորձ մենք ունեցել ենք այլ երկրներում եւ սիրով կօգնենք նաեւ Հայաստանին»,- դիմելով ՀՀ պաշտպանության նախարարին՝ ասաց նրա ֆրանսիացի գործընկերը։

Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter