HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանագետ. «3+3» ձեւաչափում Հայաստանն ու Իրանը դնելու են սահմանների անփոփոխ լինելու հարցը

Հոկտեմբերի 23-ին Թեհրանում տեղի ունեցավ «3+3» ձեւաչափի հերթական հանդիպումը, որին, սակայն, Վրաստանը կրկին չմասնակցեց: Մասնակից երկրներն էին Հայաստանը, Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան: Թե առհասարակ ինչ են տալիս Հայաստանին այս ձեւաչափին մասնակցելն ու նման հանդիպումները, զրուցել ենք իրանագետ Էմմա Բեգիջանյանի հետ:

Նա նկատում է, որ դեռեւս 2020 թ. Ալիեւը, այսպես կոչված, «հաղթանակի տոնի» առթիվ խոսել էր այս ձեւաչափի մասին, բայց դա «3+1» ձեւաչափի տարբերակն էր. Ադրբեջանն իրեն մեծերի շարքում էր պատկերացնում: 2021 թ. Իրանի այն ժամանակվա արտգործնախարարն այցելել էր այն երկրներ, որոնք նախատեսված էր ընդգրկել «3+3» ձեւաչափի մեջ: Նույն թվականին՝ 2021-ի դեկտեմբերին, տեղի էր ունեցել փոխարտգործնախարարների հանդիպումը, որին Վրաստանը չմասնակցեց: «3+3» ձեւաչափի նպատակն էներգետիկ, տնտեսական, մշակութային եւ այլ հարցերի համագործակցությունն է միմյանց հետ ու տարածաշրջանի, մասնավորապես, Հարավային Կովկասի խնդիրների լուծումը տարածաշրջանի երկրների մասնակցությամբ:

«Հարցն ավելի շատ վերաբերում է Արցախին: Եվ հիմա դարձյալ, ըստ երեւույթին, հայ-ադրբեջանական հարցն է, բայց ի՞նչ կա այստեղ հիմա։ Չեմ ասի, թե Վրաստանը հայանպաստ կամ չեզոք է, ավելի շատ մի երկիր է, որը տարեկան 1-2 անգամ կազմակերպում է զորավարժություն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Այն չի կարող հայամետ կամ չեզոք դիրք ունենալ անգամ այն հարթակում, երբ խոսում են Վրաստանի միջնորդությամբ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների մասին: Դա եւս ապարդյուն եմ համարում»,- ասում է «Հետքի» զրուցակիցը: Նրա խոսքով՝ Իրանը կողմ է Աբխազիան ու Հարավային Օսիան Վրաստանի կազմ վերադարձնելուն, բայց ի՞նչ տնտեսական եւ այլ փոխհարաբերություններ կզարգացնի Վրաստանը Ռուսաստանի հետ, որի հետ ընդհանրապես դիվանագիտական հարաբերություններ չունի, եւ նրանք առնվազն ոչ բարեկամական երկրներ են:

«Ռուսաստանը, բնականաբար, ձգտում է եւ ամեն ինչ կանի՝ Հարավային Կովկասից չհեռանալու համար,- նշում է Բեգիջանյանը,- դարձյալ հիմք ընդունում են նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը, փաստորեն, գոյություն չունի։ Այս երեք տարվա ընթացքում Հայաստանն է իրականացրել այնտեղ գրված կետերը, իսկ Ադրբեջանը որեւէ մեկը չի կատարել: Հիմա էլ ի՞նչ է մնում, որ կատարի: Ռուսաստանը հստակ չի ասում, որ դեմ է «միջանցքին»: Եվ բացառված չէ, որ շեշտը դնի դրա վրա, երբ առիթը լինի: Այստեղ Ռուսաստանի շահերն ավելի շատ համընկնում են Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, եւ գուցե համաձայնության գա նրանց հետ: Այսինքն՝ երկրներն առանձին-առանձին իրար հետ կարող են տնտեսական, անվտանգային եւ այլն շահեր ունենալ, սակայն դրանք բոլորի համար ընդհանուր շահեր չեն»:

Ըստ Էմմա Բեգիջանյանի՝ «3+3» հարթակում Իրանի եւ Հայաստանի շահերը համընկնում են անվտանգային եւ ազգային հարցերի տեսանկյունից, եւ նրանք դնելու են սահմանների անփոփոխ լինելու հարցը: «Իրանը հասկացել է 2020 թ. պատերազմում իր սխալ դիրքորոշումը: Այդ պատերազմը, փաստորեն, Իրանին խաղից դուրս թողեց, հատկապես որ 2021 թ. հունվարին Թուրքիան եւ Ադրբեջանը Պակիստանի հետ համաձայնեցին ռազմավարական պայմանագիր կնքել, քանի որ այդ երկիրն էլ էր ահաբեկիչներով աջակցել Ադրբեջանին»,- նկատում է իրանագետը:

Մեր զրուցակիցը նշում է, որ Իրանը՝ անկախ այդ երկրի իշխանությունից, համընկնող շահեր ունի Հայաստանի հետ: Ներկայում Իրանը քայլեր է անում Հայաստանի հետ փոխհարաբերությունները սերտացնելու, զարգացնելու ուղղությամբ, ինչի արտահայտություններից մեկն օրեր առաջ Հայաստանի ու Իրանի միջեւ Ագարակ-Քաջարան 32 կմ երկարությամբ ճանապարհն իրանցիների կողմից կառուցելու պայմանագիրն է:

Մյուս կողմից, ըստ իրանագետի, մինչ օրս թերացումներ են եղել ոչ միայն Իրանի, այլեւ Հայաստանի իշխանությունների կողմից: Մասնավորապես՝ պաշտոնական Երեւանը Իրանի հետ հարաբերություններում շատ դեպքերում մտածել է, թե ինչպես կարձագանքի Արեւմուտքը: Բեգիջանյանն ասում է, որ եթե հայ-իրանական հանդիպումների ժամանակ պարզապես շեշտվել է, որ, տարբեր կրոններ դավանելով, բարեկամական հարաբերություններ ունեն, ապա Ադրբեջան-Իսրայել սերտ հարաբերությունների արդյունքում նույնիսկ իսրայելցի մեկնաբանները, մամուլը Հայաստանի մասին գրում են այն, ինչ ադրբեջանցիներն են ասում մեր մասին:

Իրանագետը նշում է, որ հայ-իրանական համագործակցության սերտացումը պետք է նպաստի այս երկրների անվտանգության պաշտպանությանը։ «Բայց դա երբեք չի արվել։ Իրանն առաջնահերթությունը տվել է իսլամական գործոնին՝ հույս ունենալով, որ Ադրբեջանում կարող է այդ գործոնով ներթափանցել, ազդեցություն գործել, ինչը չեղավ, քանի որ Թուրքիան շատ զգայուն է։ Ադրբեջանն ընդամենը վիլայեթ է, ասել եմ այդ մասին: Գուցե Ալիեւը հպարտ է քայլում, բայց նա այնտեղ ընդամենը խամաճիկ է կամ էլ վիլայեթի ղեկավար, ոչ ավելին։ Դրա համար էլ Իրանին դա չհաջողվեց։ Եվ դա է պատճառը, որ ընդհանրապես նա դուրս մնաց խաղից եւ Հարավային Կովկասից: Դրա համար Իրանն այժմ ինչ-որ քայլեր է անում, որպեսզի իր տեղը գտնի այս տարածաշրջանում»,- մանրամասնում է «Հետքի» զրուցակիցը:

Եթե Իրանին ներքաշեն պատերազմի մեջ, Թուրքիան կօգտվի

Իսրայել-Պաղեստին պատերազմում Իրանի հնարավոր ներքաշվելու մասին մեր զրուցակիցն ասում է, որ եթե նրան չներքաշեն, ինքը չի գնա այդ քայլին: Բացի դրանից՝ ԱՄՆ-ն չունի նման ցանկություն: ԱՄՆ-ն, ըստ Բեգիջանյանի, բազմիցս հայտարարել է, որ թեեւ Իրանը պաշտպանում է «Համաս» խմբավորմանը, բայց որեւէ գործնական փաստ չունեն, որ Թեհրանը մասնակցել է Իսրայելի վրա հարձակման ծրագրին: Իրանագետի խոսքով՝ դա նշանակում է, որ ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ էլ առավել եւս Իրանին ձեռնտու չէ ներքաշվել այդ պատերազմի մեջ:

«Թուրքիան էլ աստիճանաբար խստացնում է իր դիրքորոշումը Իսրայելի հանդեպ: Սկզբից, հաշվի առնելով, որ դեռ նոր էր Իսրայելի հետ փոխհարաբերությունները դարձնում ռազմավարական, ավելի զգուշավոր էր մոտենում հարցին, բայց աստիճամնաբար ավելի է կոշտացնում իր դիրքորոշումը: Պետք է ենթադրել, որ Թուրքիան, բնականաբար, չի ներքաշվի պատերազմի մեջ՝ հաշվի առնելով, որ ՆԱՏՕ-ի երկիր է: Սակայն եթե Իրանը ներքաշվի, ինչի հավանականությունը չնչին է, մեզ համար վատն այն է, որ Թուրքիան շատ հմուտ է պղտոր ջրից ձուկ բռնելու գործում ու առիթը բաց չի թողնի իր երազած թուրանական ճանապարհը բացել»,- նշում է Էմմա Բեգիջանյանը:

Ըստ «Հետքի» զրուցակցի՝ հիմա գերտերություններից ոչ մեկը շահագրգիռ չէ, որ իսրայելա-պաղեստինյան բախումները շարունակվեն: Իսրայել-«Համաս» առճակատումից միակ շահող կողմը, ըստ նրա, Ռուսաստանն է, քանի որ այդ ֆոնին ռուս-ուկրաինական պատերազմը երկրորդ պլան է մղվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter