HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղցահողից՝ Ջրառատ. 5 անչափահաս երեխա ունեցող ընտանիքը տուն է փնտրում

Սեպտեմբերի 19-ի առավոտյան Արցախի Եղցահողի իրենց տանը Մարիամ Ասրյանը սովորականի պես չորս հաց էր թխել: Չորրորդը չէր հասցրել հանել վառարանից, երբ լույսերն անջատեցին: Այն այդպես էլ մնաց վառարանում: Թարմ թխված հացի հոտն արդեն տարածվել էր տանը, երբ Մարիամի դուստրերը՝ Սաթենիկն ու Սվետլանան, դպրոցից տուն էին եկել: Սաթենիկն ուրախացել էր, քանի որ ինքն էլ երբեմն օգնում էր մորը հաց թխելիս: Երեխաները գնացել էին սենյակ՝ դպրոցական հագուստը փոխելու: Նախորդ օրը Մարիամը նոր մանուշակագույն վարագույր էր կախել նրանց սենյակում, որը գնել էր Ստեփանակերտից երկու շաբաթ առաջ: Մինչեւ երեխաները հագուստը կփոխեին, իսկ Մարիամը ճաշի սեղան կդներ, կրակոցի ձայներ էին լսվել:

Ամուսինը՝ Արսեն Ամիրշատյանը, 6-ամսական որդուն՝ Աշոտին էր քնեցրել ու կողքին պառկել: Նա էլ էր լսել կրակոցի ձայներն ու կնոջը կանչել, որ երեխայի մոտ մնա, ինքը դուրս գա տնից, հասկանա, թե ինչ է կատարվում: «Ասեցի՝ Արս, էս կռիվ ա սկսվե՞լ։ Ասեց՝ կարող ա օգոստոսի նման ա, սաղ լավ կլինի, մի մտածի: Ու էլի խփում էին: Էրեխեքին ասեցի՝ գնացեք սենյակ, էդ պահին մենակ էդ էի կարողանում ասել։ Ամուսինս դուրս եկավ, տեսավ, որ իրոք կռիվ ա, կրակում են։ Ասեց՝ մտեք բաղնիք, որ հանկարծ ձեզ բան չլինի: Ասեցի՝ մի գնա, մնա, որ էրեխեքին հանելու լինեմ, միասին հանենք։ Ամուսինս ասեց՝ ո՞ւր հանենք, քո մտածելով որտե՞ղ պիտի հանենք, եթե տեղ չկա հանելու. Գորիսը՝ փակ, Ստեփանակերտը՝ փակ»,- հիշում է 26-ամյա Մարիամ Ասրյանը:

Բաղնիքում ծածկոցը փռել էր գետնին, որ երեխաները չմրսեն, ու նրանց տեղավորել այնտեղ՝ 8-ամյա Սաթենին, 6-ամյա Սվետլանային, 4-ամյա Սուսաննային, 3-ամյա Դանիելին ու 6 ամսական Աշոտին: Երեխաները վախեցել էին ձայներից: Մայրն անընդհատ հանգստացնում էր նրանց, որ դրսում «ընդամենը խաղում են»:

Այդ երեկո Արսենի՝ դիրքեր բարձրանալու հերթափոխն էր: Նա աշխարհազորային էր եւ մասնակցում էր գյուղի ինքնապաշտպանությանը: Բայց այդ օրը հերթափոխն ավելի շուտ եղավ: Արսենը բակից արագ տուն էր վերադարձել, երեխաներին գրկել ու տարել գյուղի ապաստարան: Գյուղացիներն արդեն հավաքվել էին այդտեղ: Երբ ներս էին մտել, բոլորը լացում էին: Մարիամն ասում է՝ անընդհատ խփում էին գյուղին: Արսենին խնդրել էր, որ ինքն արագ տուն գնա ու հագուստը փոխի, բայց իրականում գնացել էր՝ թխած հացն ու բակի խաղողից պատրաստած կոմպոտը բերելու:

Փոքր ապաստարանը լցված էր լացող մարդկանցով: Տոթ էր, շնչելու օդ գրեթե չկար: 6-ամսական Աշոտն անհանգիստ էր, անընդհատ լացում էր, բայց չէին կարող ապաստարանից դուրս բերել: 3 տարի առաջ այդ իրավիճակում եղբայրն էր՝ Դանիելը, որը ծնվել է 2020-ի սեպտեմբերի 1-ին:

Մինչեւ երեկոյան ժամը 8-ը կրակոցները չէին լռում: Հետո իրավիճակը հանդարտվել էր: Մարիամն ասում է՝ մտածում էին, թե գյուղի բարձունքը՝ Սարիբաբ լեռն են հայկական ուժերը կորցրել, բայց չէին պատկերացնում, որ «Արցախն են տվել»:

Ծածկոցները, լապտերները թողել էին ապաստարանում ու վերադարձել տներ: Մարիամը երեխաներին շորերով պառկեցրել էր քնելու: Գիշերը ժամը 1-ին գյուղապետը զանգել էր Արսենին ու ասել, որ դուրս գա, իջնելու են ներքեւ: Սկզբից մտածել էին, թե խոսքը միայն տղամարդկանց մասին է, բայց հետո ճշտել էին, որ կանանց ու երեխաներին տարհանում են: Այդ պահին Մարիամը միայն փաստաթղթերն էր վերցրել ու դուրս եկել: Գնացել էին գյուղապետի տան բակ, որտեղ կրակոցի հետքեր կային: «ՈւԱԶ» մեքենայով Արսենը, Մարիամն ու երեխաները գյուղի կանանց ու երեխաներին էին գնացել վերցրել: Ճանապարհին կրակում էին: Արսենը կանգ չէր առնում, արագ վարում էր մեքենան:

«Մեզ հասցրեց ռուսի բազա: Էդ տեղին Տասը Վերստ ենք ասում: Էրեխեքին քնացրեցի, դուրս եկա Արսենի հետեւից, ասեցին՝ գյուղ ա գնացել: Ուզում էի լացեի, բայց ասեցի՝ չեմ լացելու, գիտեմ, որ առավոտ գալու է, տուն գնանք»,- պատմում է 26-ամյա արցախցի կինը: Այդ գիշերն անցկացրել են Տասը Վերստ գյուղի տարածքում: Մարիամն ասում է՝ դրա ուղղությամբ էլ էին կրակում: Եղցահողցիները մնացել էին վրանների մեջ, որտեղ ցուրտ էր: Հաջորդ օրը նրանց տեղափոխել էին Հակարիի կամրջի մոտ գտնվող ՌԴ խաղաղապահների բազա: Այստեղ պայմանները մի քիչ լավ էին՝ տաք ջուր կար, ու տեղն էր տաք: «Մեր գյուղապետն ու ռուսի կոմանդիրը որոշեցին, որ տանեն էդտեղ: Սննդի խնդիր կար, որովհետեւ շատ-շատ էինք։ Ամուսինները գնացին գյուղ, մտել են տներով, ում ինչ սնունդ ուներ, ուղարկել են»,- նկատում է մեր զրուցակիցը:

Սեպտեմբերի 24-ի կեսօրին Մարիամն ամուսնու եւ երեխաների հետ անցել են Հայաստան: Այժմ ժամանակավորապես բնակվում են ամուսնու ծնողների տանը՝ Հրազդանի Ջրառատ գյուղում: Այստեղ մեկ հարկի տակ ապրում է 15 հոգի: Արսենի ծնողները Արցախի վերաբնակներից էին, սակայն 2020 թ. պատերազմից հետո մնացել են Հայաստանում: Տունը գերմանահայ բարերարներից մեկի նվերն է:

Այժմ Մարիամի ու Արսենի ընտանիքը տուն է փնտրում Հրազդան քաղաքի շրջակայքում:

Արցախից բռնի տեղահանվելու մինչեւ վերջին պահը Մարիամը մտածում էր, որ դարձյալ հետ են գնալու: Արցախից մնացած միակ հուշն այն խաչն է, որ գնել էր Ստեփանակերտից: Դա էլ պատահաբար էր մնացել գրպանում:

«Մինչեւ դուրս գալը ռուսի պոստի մոտ նստել էինք գետնին, ասում էի՝ Արս, էնքանով որ մի բուռ հող վերցնեմ էստեղից: Արսենն ասեց՝ ինչի՞, որ տանջվե՞նք։ Հողը վերցնես ավելի տանջանք է, վերցնես, նայենք, ձեռք տանք, հիշենք, որ մերն ա, կորցրել ենք»,- հիշում է Մարիամը:

Մեր զրույցի պահին երեխաներն անընդհատ ներսուդուրս են անում, երբեմն հետեւում տեսախցիկի աշխատանքին ու մոր հուզված ձայնին:

Մարիամն ասում է, որ երբ դուրս էին գալիս, ամուսինն ասել էր՝ «Մար, բա մեր գյուղը, մեր տունը»: Հիմա այդ հարցն ինքն է իրեն տալիս: «Ես դեռ իմ տան մեջ եմ։ Ամեն մի անկյունը, ամեն մի անցկացրած րոպեն»,- ասում է նա:

Մարիամը Եղցահողի դպրոցի տնտեսվարն էր: Այս սեպտեմբերին դպրոցում 12 աշակերտ կար, որից երկուսն իր դուստրերն էին:

Թախտին իրար կողքի նստում են Սաթենը, Սվետիկը, Սուսիկը, Դանին: Արցախից դուրս գալուց հետո ամենափոքրը՝ Աշոտը, կորցրել է հանգստությունը: Մայրն ասում է՝ իր իմացած երեխան չէ, կարծես, լրիվ փոխվել է, անընդհատ լացում է, երկար չի քնում:

Մարիամը նկատում է, որ երեխաներից ամեն մեկին տանը մի անուն են տվել՝ Սաթենն իրենց կարմիր ծաղիկն է, Սվետիկը՝ պանդան, Սուսիկը՝ արջը, Դանին՝ թագավորը:

-Մենք ապրում էինք մեր տանը։ Եղցահողի դպրոց էինք գնում: Սվետիկը մենակ էր դասարանում, իսկ իմ դասարանում ես ու մի աղջիկ էինք՝ Զոյկան,- ասում է Սաթենը:

-Բայց Զոյկան քաչալ էր,- շարունակում է Սվետիկը:

-Խաբում ա, քաչալ էր, բայց աղջիկ ա,- պատասխանում է Սաթենը:

Հետո պատմում են իրենց երեք կատուների մասին, որոնք չունեին անուններ: Նաեւ կով, խոզ, հավ, ճագար էին պահում:

-Ի՞նչն եք ամենաշատը կարոտում,- հարցնում եմ երեխաներին: Ու անսպասելի, երկար լռություն է: Նրանց զվարթությունը, կարծես, մի քանի վայրկյանում վերափոխվում է:

-Մեր տունը, մեր կովերը մնացել են էնտեղ, բայց մենք չենք գնալու էլ,- պատասխանում է Սաթենն ու աչքերը լցնում:

-Իսկ ի՞նչ գիտես, ո՞վ ա ասել, որ էլ չեք գնալու:

-Էնտեղ էլի ա կռիվ սկսելու, դրա համար էլ չենք գնալու։ Ոչ մի անգամ չենք գնալու,- ձայնը նվաղում է,- որովհետեւ մեր տունը սաղ թուրքերը վերցրել են։

Մարիամը պատմում է սեպտեմբերի 19-ի երազի մասին, ինչի պատճառով աշխատանքի չէր գնացել: Երազում տեսել էր, թե ապաստարանում են, որտեղ անծանոթ տղամարդիկ՝ զենքերը ձեռքին, դուռը բացել էին ու զենքերը պահել իրենց վրա: Նրանցից մեկն ադրբեջաներեն էր խոսում, ասում էր՝ «Ղարաբաղն Ադրբեջան ա», իսկ կողքինը ռուսերեն էր ասում: «Էդ պահին վեր թռա, ասեցի՝ Արս, երազ եմ տեսել, բայց չեմ պատմի: Երբ կրակոցները եղան, երազս պատմեցի»,- հիշում է Մարիամը:

Քիչ անց երեխաները դուրս են գալիս բակ: Սաթենն ասում է՝ ամենաշատը տերեւներով են սիրում խաղալ: Մարիամն Աշոտին գրկած է դուրս գալիս: Կեսօրից հետո սառը քամի է բարձրացել Ջրառատում: Այն շատ են նմանեցնում Ասկերանի քամուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter