HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մղարթի ոսկու հանքավայրի շահագործումը կասեցված է. քրեական գործը 3 տարի է՝ տեղից չի շարժվել

Լոռու մարզի Մղարթի ոսկու հանքավայրում հայտնաբերված խախտումների վերաբերյալ 2020թ. դեկտեմբերին հարուցված քրեական գործով որևէ առաջընթաց դեռևս չկա: Մինչդեռ հանքավայրը շահագործող, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ն այդ ընթացքում կարողացել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգման ակտն ու դրանից բխող որոշումները դատարանում անվավեր ճանաչել:

Հիշեցնենք, որ «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ում բաժնետեր են Գագիկ Ծառուկյանն ու որդին՝ Նվեր Ծառուկյանը՝ համապատասխանաբար 66 % և 34 % մասնաբաժնով։

Նշանակված փորձաքննությունը 3 տարի է` չի ավարտվել

Մղարթի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում վերհանված մի շարք խախտումների վերաբերյալ ՇՄՆ նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանը նյութեր էր ուղարկել դատախազություն` հիմնվելով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տրամադրված տեղեկությունների վրա: Մասնավորապես, «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ն 2011 թվականից ի վեր հանքը շահագործել է առանց ջրօգտագործման թույլտվության, հանքավայրի տարածքում առկա շինությունները (հարստացուցիչ ֆաբրիկան և պոչամբարը) կառուցվել են առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության, խախտվել է սահմանային թույլատրելի արտանետումների պահանջները:  

Գլխավոր դատախազությունից մեզ հայտնել են, որ այդ նյութերով 2020թ. հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Խոսքը 2003թ. ապրիլին ընդունված Քրեական օրենսգրքի մասին է, և նշված հոդվածը վերաբերում է ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելուն:

Մեր հարցմանն ի պատասխան Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ 2020թ. դեկտեմբերի 8-ին նշանակվել է էկոլոգիական, հողագիտական, շինարարատեխնիկական և հաշվապահական համալիր փորձաքննություն, որը հանձնարարվել է ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին, որը, սակայն, մինչ օրս չի կատարվել։

«Այդ կապակցությամբ համապատասխան գրություններ են հասցեագրվել փորձագետներին: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, և վերջնական ընթացքը հնարավոր կլինի լուծել նշանակված փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո»,- հայտնել է Գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն դատարանում հաղթել է տեսչական մարմնին

Քանի դեռ ընթացող քրեական գործով առաջընթաց չի գրանցվել, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2022թ. դեկտեմբերին Լոռու մարզի Մղարթի ոսկու հանքավայրի շահագործումը կասեցրել էր այնտեղ կատարված ստուգումներից հետո:

Տեսչական մարմինը ստուգում իրականացրել է «Մուլտի գրուպ կոնցեռն» ընկերության` Լոռու մարզ, Մղարթի ոսկու հանքավայրում` 2015 թվականի մարտի 1-ից առ ստուգման ավարտը, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Կվարցի հանքում` 2018 թվականի մայիսի 24-ից առ ստուգման ավարտը և Կոտայքի մարզ, գյուղ Առինջ՝ արտադրության հիմնադրման օրից առ ստուգման ավարտը: Ստուգման նպատակն է եղել պարզել ստուգվող տնտեսավարող սուբյեկտի ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունը բնապահպանության և ընդերքօգտագործման ոլորտները կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին:

Ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերությունը Մղարթի հանքավայրում արդյունահանման աշխատանքները կատարել է 2015 թվականին և 2022 թվականի մայիսից սկսած: 2018 թվականին ընկերությունը, հիմք ընդունելով Մղարթի ոսկու հանքավայրի 2014 թվականի ապրիլի 30-ին վերագնահատված պաշարների հաստատումը, լիազոր մարմին է ներկայացրել Լոռու մարզի Մղարթի ոսկու հանքավայրի արդյունահանման նախագիծը և, միաժամանակ, նախաձեռնել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթաց, որի շրջանակում ՇՄԱԳ նախնական փուլի ավարտին տրվել է տեխնիկական առաջադրանք, ինչի հիման վրա կազմվել է հաշվետվություն:

Անցկացվել է հանրային քննարկումների 3 փուլ: Ընկերությունը 2019 թվականի փետրվար ամսին լրամշակված փաթեթը ներկայացրել է լիազոր մարմին: Ընկերությունն աշխատանքներն իրականացրել է փաստացի նոր նախագծով:

Ի պատասխան Տեսչական մարմնի հարցմանը՝ ընկերությունն իրավունք ուներ աշխատելու նոր նախագծով, և արդյոք նոր ներկայացված նախագիծն անցել է համապատասխան փորձաքննություններ, Շրջակա միջավայրի նախարարությունը նշել է, «որ 2018 թվականի փետրվարի 12-ին փորձաքննության ներկայացված Մղարթի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի բաց լեռնային աշխատանքներով շահագործման (2018-2037 թվականների համար) շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ 2018 թվականի հուլիսի 3-ին կազմվել է տեխնիկական առաջադրանք, սակայն հետագայում ընկերության նշված գործունեության և շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական եզրակացություն չի տրվել:

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի՝  առանց փորձաքննական դրական եզրակացության արգելվում է նախատեսվող գործունեության իրականացումը:

Անդրադառնալով ջրօգտագործման թույլտվության բացակայությանը՝ ստուգման ակտում արձանագրվել է, որ համաձայն Մղարթի ոսկու հանքավայրի հանքարդյունահանման համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության՝ Ֆաբրիկայի ջրամատակարարումն ապահովվելու է Լոռու Ջրանցքից՝ վայրկյանում 4լ ջրի ծախսով, իսկ հանքաքարի մշակման արտադրողականությունը, ըստ երկու աղացների, կազմելու է ժամում 10,5 տ/ժամ: 2015 թվականին արդյունահանում և վերամշակում կատարվել է 5-րդ հանքային մարմնից՝ 1.691 հազար տոննա հանքաքար, 2016-2017 թվականներին կատարվել է համար մեկ և երկու պոչամբարների պոչերի երկրորդային հետախուզում և պոչանքի վերամշակում: Պոչամբարներից արդյունահանվել է ընդամենը 26.126 պոչանք, ինչի արդյունքում Լոռու Ջրանցքից իրականացվել է 38.145 մ3 ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության:

2023թ. փետրվարի 2-ին «Մուլտի գրուպ կոնցեռն» ընկերությունը դիմել է Վարչական դատարան: Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել 2022թ. դեկտեմբերի 1-ի «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ակտի 11-րդ և 27-րդ կետերը, դեկտեմբերի 12-ին « Գործունեությունը կասեցնելու վերաբերյալ» որոշումը մասնակի՝ 1-ին և 2-րդ կետերի հիմքերի մասով և նույն օրվա «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումները:

Ինչպես է հիմնավորվել ՇՄԱՓ եզրակացության բացակայությունը

«Մուլտի Գրուպ Կոնցեռն»-ը փորձել է դատարանում հիմնավորել, որ բնավ էլ իրավախախտումներ թույլ չի տվել: Ընկերությունը դեռևս 06.02.2018 թթ․ դիմել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, ներկայացրել Մղարթի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի բաց լեռնային աշխատանքներով ՇՄԱԳ հայտը (2018-2037 թվականների համար), խնդրել է տալ համաձայնություն՝ նախնական փորձաքննություն և տեխնիկական առաջադրանք կազմելու համար: 04.04.2018 թվականին ընկերությունը նույն նախարարություն ներկայացրել է շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի լրամշակված տարբերակը: 03.07.2018 թվականին կազմվել է տեխնիկական առաջադրանք. անհրաժեշտ փաստաթղթերի վերջնական փաթեթը նույն նախարարություն ներկայացվել է 24.12.2018 թվականին, սակայն հետագայում ընկերության նշված գործունեության վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական եզրակացություն չի տրվել՝ ընկերության հայտը ո՛չ մերժվել է, ո՛չ բավարարվել:

Օրենքի ուժով շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական եզրակացության ընդունված լինելու համար հայցվորները վկայակոչել են Ընդերքի մասին օրենսգիրքը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքը, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից մեկը: Հայտնել է, որ ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերի վերջնական փաթեթը, խնդրել է տալ շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական եզրակացություն։ Այսինքն՝ ընկերությունը հայցել է բարենպաստ վարչական ակտի ընդունում: Մինչդեռ վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինն օրենքով սահմանված ժամկետում ցուցաբերել է անգործություն՝ չի ընդունել հայցվող բարենպաստ վարչական ակտը կամ չի կայացրել անձի դիմումը մերժելու մասին որոշում կամ վարչական վարույթը եզրափակող օրենքով նախատեսված որևէ այլ անհատական իրավական ակտ: Տվյալ դեպքում փաստաթղթերի վերջնական փաթեթով դիմումը վարչական մարմին ներկայացվել է 24.12.2018 թվականին, օրենքով սահմանված 60-օրյա ժամկետը լրացել է 22.02.2019 թվականին: Այդ ժամկետում, ինչպես նաև մինչև օրս շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական դրական եզրակացություն չի տրվել, ոչ էլ մերժվել է եզրակացություն տալը:

Այլ խոսքով՝ ընկերությունն օրենքի ուժով համարել է, որ 22.02.2019 թվականից ունի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ համապատասխան փորձաքննական դրական եզրակացություն, որից տևական ժամանակ հետո՝ 2022 թվականից, ձեռնամուխ է եղել նոր նախագծով հանքի շահագործման իրավունքի իրականացմանը:

Այդ մասին ընկերությունը նախկինում տեղեկացրել է նաև Շրջակա միջավայրի նախարարությանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:

Նույն կերպ հիմնավորվել է ջրօգտագործման թույլտվություն ունենալու հանգամանքը

Մղարթի ոսկու հանքավայրի հանքարդյունահանման համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության համաձայն՝ ֆաբրիկայի ջրամատակարարումն ապահովվել է Լոռու ջրանցքից: Ընկերությանը ջրօգտագործման թույլտվություն տրվել է երկու անգամ՝ 2005 թվականին և 2008 թվականին: Ջրառն իրականացվել է նույն ջրանցքից: Ջրօգտագործման թույլտվության ժամկետն ավարտվելուց հետո՝ 03.06.2013 թվականի գրությամբ, ընկերությունը դիմել է Բնապահպանության նախարարություն՝ հայտնելով, որ ջրօգտագործման պայմանների փոփոխություն տեղի չի ունեցել, միաժամանակ ներկայացրել է ջրօգտագործման նոր թույլտվության համար պահանջվող փաստաթղթերը: Ընկերության ներկայացրած հայտը ո՛չ մերժվել է, ո՛չ էլ տրվել է ջրօգտագործման թույլտվություն:

Ընկերությունն օրենքի ուժով համարել է, որ 13.08.2014 թվականից ունի ջրօգտագործման թույլտվություն, որից հետո ձեռնամուխ է եղել ջրօգտագործման իրավունքի իրականացմանը:

Դատարանն այստեղ էլ նշել է, որ նոր ջրօգտագործման թույլտվության վերաբերյալ որևէ վարչական ակտ ընդունելուն վերաբերելի ապացույց ևս առկա չէ, ինչից հետևում է, որ վիճարկվող ակտերով ջրօգտագործման թույլտվության բացակայության հիմնավորմամբ ընկերության և նրա տնօրենի նկատմամբ լրացուցիչ պարտավորություններ դրվել չէին կարող, քանի որ այդ խնդրին վիճարկվող ակտերով որևէ անդրադարձ ևս չի կատարվել։ Չի ապացուցվել օրենքի ուժով ընդունված համարվող թույլտվության առ ոչինչ լինելու հանգամանքը, ուստի նախորդ պատճառաբանությունները վերաբերում են նաև ջրօգտագործման թույլտվությանը:

2021 թվականից ՝ Շրջակա միջավայրի նախարարությունը փորձաքննական եզրակացության չտրամադրումը պատճառաբանել է 29.12.2020 թվականին քրեական գործի հարուցման փաստով։ Մինչդեռ հայցվոր կողմը նշել է, որ փորձաքննական եզրակացություն տալու 60-օրյա ժամկետը լրացել է 2019 թվականի մարտի վերջին, դրանից հետո պետական պատկան մարմինները, դրսևորելով անգործություն, սպասել են 1 տարի 9 ամիս, որից հետո իրենց անգործությունը սկսել են պատճառաբանել քրեական գործի հարուցման փաստով:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դատարանին դիրքորոշում է հայտնել, որ ընկերության կողմից հանքավայրի շահագործման ՇՄԱԳ-ի հայտը ներկայացվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, որը չի հանդիսացել դիմումով բարձրացված հարցի կարգավորման լիազորություն ունեցող պետական մարմին: Նշված խնդրով համապատասխան փորձաքննական եզրակացություն տալու գործառույթն իրականացրել է Բնապահպանության նախարարությունը, որն էլ օրենքով սահմանված պահանջների համաձայն՝ համարվում է համապատասխան բնագավառի պետական լիազոր մարմին: Այսինքն՝ ընկերությունը հայտը ներկայացրել է ոչ լիազոր մարմին:

Սակայն դատարան ներկայացրած գրություններով ապացուցվել է, որ ողջ փաթեթը լիազոր մարմինը կից գրությամբ ուղարկել է նաև Բնապահպանության նախարարություն։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նշել է, որ. «Ընկերության կողմից 2018 թվականի դեկտեմբերի 24-ին, հիմք ընդունելով Մղարթի ոսկու հանքավայրի 2014 թվականի ապրիլի 30-ին վերագնահատված պաշարների հաստատումը, լիազոր մարմին է ներկայացվել Լոռու մարզի Մղարթի ոսկու հանքավայրի արդյունահանման փոփոխված նախագիծը՝ համապատասխան փաստաթղթերով: Լիազոր մարմինը 2019 թվականի փետրվարի 4-ի գրությամբ Մղարթի ոսկու հանքավայրի արդյունահանման փոփոխված նախագիծը կից փաստաթղթերով ներկայացրել է շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փորձաքննության: Բնապահպանության նախարարությունը 2019 թվականի փետրվարի 12-ի գրությամբ տեղեկացրել է ընկերությանը և Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը տրամադրված նյութերի՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքին և տեխնիկական առաջադրանքին չհամապատասխանելու վերաբերյալ։

Դատարանը հիմք է ընդունել հենց վիճարկվող ակտում արձանագրված փաստերը և հանգամանքները, որոնցից հետևել է, որ ընկերության կողմից Մղարթի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի բաց լեռնային աշխատանքներով շահագործման լրամշակված կամ վերջնական նախագծի լիազոր մարմին ներկայացվելուց հետո ընկերության գործունեության և շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական եզրակացություն տարբեր պատճառաբանություններով, այդ թվում նաև՝ քրեական գործի հարուցման հիմքով, այդպես էլ չի տրվել՝ դրանք ո՛չ մերժվել են և ո՛չ էլ բավարարվել են:

Տվյալ դեպքում դատարանը, հետազոտելով և գնահատելով գործում առկա ապացույցները, համարել է, որ դրանցով հաստատվում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքը, որ ընկերությունը բարենպաստ վարչական ակտ՝ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի վերաբերյալ որոշում ընդունելու նպատակով դիմում է ներկայացրել լիազոր մարմին, որի վերաբերյալ սակայն Ընդերքի մասին օրենսգրքով սահմանված ժամկետներում շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական եզրակացություն չի տրվել, և ընկերության գործունեության վերաբերյալ որևէ որոշում չի ընդունվել, որպիսի դեպքում ընկերության կողմից հայցված բարենպաստ վարչական ակտը՝ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքը (այդ թվում նաև՝ դրա համար անհրաժեշտ դրական փորձաքննությունները) նույն օրենսգրքի ու «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի ուժով կարող են համարվել արդեն ընդունված, իսկ այդ դեպքում վարչական մարմինը պարտավոր էր այն հայցվորին տրամադրել օրենքով սահմանված ժամկետում, ինչը, սակայն, չի կատարվել:

Այդպիսով, դատարանը բավարարել է «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի պահանջները և անվավեր ճանաչել վիճարկվող ակտի համապատասխան կետերն ու դրանց վերաբերյալ կայացրած տուգանքի որոշումները։ Իսկ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը բողոքարկել է կայացված վճիռը, և գործն այժմ Վերաքննիչում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter