HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի ու Արցախի հերոսի անունը՝ «Ֆեյսբուքի» «սեւ ցուցակում». ի՞նչ անել, եթե սոցցանցն արգելափակել է ձեր գրառումը  

Հայաստանի ազգային ու Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի անվան հիշատակումով օգտատերերի գրառումները կամ լրատվամիջոցների հրապարակումները շարունակում են արգելափակվել «Ֆեյսբուքի» կողմից: Մեդիափորձագետ Արթուր Պապյանը, որը ծանոթ է խնդրին ու տեւական ժամանակ զբաղվում է նման հարցերով, ասում է, որ Մոնթեին վերաբերող գրառումների արգելափակմանը ներկա պահին լուծում չկա:

Այս խնդրին նախկինում բախվել է նաեւ «Հետքը»: Այսպես՝ «Հետքի» ֆեյսբուքյան էջում դեռ 2012-ի նոյեմբերի 24-ին՝ Մոնթեի ծննդյան նախօրեին, կիսվել էինք վերջինիս մասին արխիվային մի տեսանյութով, որը մեր ֆեյսբուքյան էջում առաջին անգամ հրապարակել էինք շատ ավելի վաղ՝ 2010-ի նոյեմբերի 1-ին։ Այդ տեսանյութը սոցցանցում ունեցել է բազմաթիվ դիտումներ, հավանումներ, մեկնաբանություններ, կիսումներ։ Եվ այս ամենը՝ տարիներ շարունակ, սկսած 2010-ից։ Դրա հետ կապված որեւէ խնդիր երբեւէ չէր եղել տեւական ժամանակ։

Բայց ահա 2022 թ. սեպտեմբերի 25-ին «Ֆեյսբուքից» «Հետքի» էջին նամակ էինք ստացել, որում ասվում էր, թե 10 տարի առաջ՝ 2012 թ. նոյեմբերի 24-ին մեր տարածած բովանդակությունը հակասել է սոցցանցի ստանդարտներին, որոնք վերաբերում են «վտանգավոր անհատներին ու կազմակերպություններին», նաեւ նշվում էր, որ կրկնվելու դեպքում «Հետքի» էջին հասանելիությունը կարող է սահմանափակվել կամ ընդհանրապես անջատվել։ «Դուք կարող եք չհամաձայնել այս որոշման հետ, եթե կարծում եք, որ մենք այն սխալ ենք կայացրել»,- ասվում էր «Ֆեյսբուքի» նամակում։

Քանի որ Մոնթե Մելքոնյանի մասին հրապարակումները «Ֆեյսբուքի» կողմից շարունակաբար արգելափակվում էին 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո, դիմել էինք ՀՀ կառավարությանը՝ հարցնելով. «Հաշվի առնելով, որ այստեղ, ըստ ամենայնի, իր դերն է ունեցել Ադրբեջանը, եւ խնդրի առարկան անմիջական կապ ունի ՀՀ ազգային, պետական շահերի հետ, մինչ օրս ՀՀ կառավարությունն ու մնացած պատկան մարմինները ի՞նչ քայլեր (հակաքայլեր) են ձեռնարկել այս ուղղությամբ (օրինակ՝ բանակցություններ, մասնավորապես, «Ֆեյսբուքի» ղեկավարության հետ)՝ չեզոքացնելու, ըստ ամենայնի, Ադրբեջանի կողմից վարվող հակահայկական քարոզչությունը»։

Մեր հարցմանը պատասխանել էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը: Ըստ ԲՏԱՆ-ի՝ Մոնթե Մելքոնյանի անվամբ հրապարակումների սահմանափակումների թեմայով ՀՀ ԱԳՆ-ի եւ ամերիկյան «Մետա» ընկերության («Facebook», «Instagram» սոցցանցերի եւ «WhatsApp» ծառայության սեփականատերն է) ներկայացուցիչների միջեւ տեղի են ունեցել մի քանի տեսազանգեր։ Հայկական կողմը ներկայացրել է մանրամասն հիմնավորումներ, թե ինչու Մոնթե Մելքոնյանի անունը չպիտի լինի այնպիսի անձանց ցանկում, որոնց վերաբերյալ հրապարակումներ անելը կարող է բերել տվյալ էջի արգելափակման։ ԲՏԱՆ-ի փոխանցմամբ՝ այս քննարկումների ժամանակ «Մետա» ընկերությունը հայտնել է, որ ադրբեջանական կողմը որեւէ կապ չունի նշված արգելքի հետ, եւ այն պայմանավորված է Մոնթեի՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հետ կապով։ «Մետայի» ներկայացուցիչները նաեւ նշել են, թե Մոնթեի պարզապես հիշատակումը, նրա մասին զուտ տեղեկություն տալն իրենց ալգորիթմների կողմից չի բերում ինքնաբերաբար արգելափակման, փոխարենը որեւէ էջ կարող է արգելափակվել նրան փառաբանող հրապարակումների դեպքում։

«Չնայած որ այս պահին «Մետան» դեռ միտված չէ Մոնթե Մելքոնյանի անունը տվյալ ցանկից հեռացնելուն, աշխատանքները շարունակվում են»,- «Հետքին» փոխանցել էին ԲՏԱՆ-ից։

Կեղծ են պնդումները, թե «Ֆեյսբուքն» արգելափակում է միայն Մոնթեին փառաբանող հրապարակումները

«Ֆեյսբուքի» կողմից «Հետքի» 10 տարվա հնության գրառումը արգելափակելու մասին մենք հոդված գրեցինք: Ու հետաքրքիրն այն է, որ այդ նյութի հղումով գրառումը «Հետքի» ֆեյսբուքյան էջում չարգելափակվեց, սակայն նույն գրառումը տարածող բազմաթիվ օգտատերեր արգելափակվեցին: Ո՛չ գրառումը, ո՛չ նյութը Մոնթեին չէր փառաբանում, այլ զուտ ներկայացնում էր նրա անվան շուրջ «Ֆեյսբուքում» առկա իրավիճակը, բայց, փաստորեն, շատ օգտատերեր նորից տուժեցին:

Մեդիափորձագետ Արթուր Պապյանը կեղծ է համարում այն պնդումները, թե «Ֆեյսբուքն» արգելափակում է միայն Մոնթեին փառաբանող հրապարակումները: Նրա ձեռքի տակ կա «Մետայի» կողմից կազմված «սեւ ցուցակ», որում ներառված է շուրջ 4000 անուն, այդ թվում՝ Մոնթեն, դիմացն էլ նշված է՝ ԱՍԱԼԱ: Փորձագետն օրինակ է բերում shamshyan.com կայքի դեպքը, երբ վերջինս գրել էր, որ Երեւանի Մոնթե Մելքոնյան փողոցում ավտովթար է տեղի ունեցել, ինչից հետո այդ նյութի հղումով ֆեյսբուքյան գրառումը արգելափակվել էր սոցցանցի կողմից: Պապյանն ասում է, որ իրենց ձեռնարկած քայլերը, բողոքարկումը օգուտ չտվեցին:

Բերենք 2 օրինակ, թե որքան կամայական են «Ֆեյսբուքի» որոշումները:

2020 թ. նոյեմբերի 25-ին՝ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, «Հետքի» ֆեյսբուքյան էջում գրառում էինք արել այդ մասին՝ կցելով մեր նյութերից մեկը: Դրանից 2,5 տարի անց՝ 2022-ի հունիսին, սոցցանցն արգելափակել է մեր այդ գրառումը, ինչին, սակայն, մի քանի օր անց մեր անհամաձայնություն ենք հայտնել: Անցել է մի քանի ամիս, եւ 2022 թ. նոյեմբերին «Ֆեյսբուքը», վերանայելով նախորդ որոշումը, ներողություն է խնդրել ու արգելափակումից հանել մեր գրառումը: 

Ահա եւս մի օրինակ. այս տարվա հունիսին «Ֆեյսբուքն» արգելափակել էր 2 տարի առաջ՝ 2021 թ. հունիսի 12-ին՝ Մոնթեի զոհվելու օրն արված գրառումը «Հետքի» էջում: Մեր էջի ադմինիստրատորը անհամաձայնություն էր հայտնել արգելափակմանը, սակայն «Ֆեյսբուքն» ընդամենը 6 րոպե հետո հայտնել էր, թե մնում է իր դիրքորոշմանը:

«Կարգելափակենք, հետո կտեսնենք»

Արթուր Պապյանն ու նրա ընկերների «CyberHUB-AM» թիմը, որն աջակցում է հայաստանյան ՀԿ-ներին, իրավապաշտպաններին, ակտիվիստներին ու լրագրողներին, հաղորդակցության մեջ են «Մետա» ընկերության քաղաքականություն ձեւավորող խմբի ղեկավարության հետ:

«Իրենց քաղաքականությունն այսպիսին է՝ նախ կարգելափակենք, հետո կփորձենք պարզել, թե ինչ է եղել: Իսկ որ այդ ընթացքում դու հսկայական վնաս կրեցիր, գործարար համբավդ տուժեց եւ այլն, դա իրենց չի հետաքրքրում,- ներկայացնում է մեդիափորձագետը՝ հավելելով, որ այդ հարցով դիմել են նաեւ խմբի ղեկավարությանը,- մենք ասացինք՝ դա աշխատելու ձեւ չէ, դուք արգելափակում եք, լրատվամիջոցը ֆինանսական վնասներ է կրում, հետո նոր ասում եք՝ վայ, ներողություն: Իրենք խոստացել են, որ կփորձեն վերանայել, բայց գնացել ու կորել են»: «Հետքի» զրուցակիցը նաեւ նկատում է, որ իրենց թիմն էլ, փոքր լինելով, այս հարցով զբաղվում է ազատ ժամանակ ունենալու դեպքում, ինչը եւս հետաձգում է խնդրի լուծումը:

Եթե բողոքարկման մարմինը քննի ու արդարացի համարի բողոքը, Մոնթեի անունը կհանվի «սեւ ցուցակից»   

«CyberHUB-AM» թիմը զուգահեռաբար դիմել է նաեւ «Մետա» ընկերության «Oversight Board»-ին, որը քննում է բողոքարկման դեպքերը: Սա անկախ փորձագետներից կազմված մարմին է, որը բողոքների քննության արդյունքում որոշում է, թե «Ֆեյսբուքում» ինչն է թույլատրելի եւ ինչը՝ ոչ: Այդ որոշումները հետո դառնում են նախադեպեր: Ըստ Ա. Պապյանի՝ «Oversight Board»-ից իրենց հայտնել են, որ եթե լինի այնպիսի բողոք, որն իրենք քննության կառնեն ու կորոշեն, որ բողոքն արդարացի է, ապա Մոնթե Մելքոնյանի անունը կհանվի «սեւ ցուցակից»: Բայց մինչ օրս դեռ ոչ մի անգամ «Oversight Board»-ը չի քննել Մոնթեին առնչվող որեւէ բողոք:

Արթուր Պապյանն այս առումով նկատում է, որ եթե հայ օգտատերերի կամ մեր լրատվամիջոցների էջերն անարդարացի արգելափակվում են «Ֆեյսբուքի» կողմից, ապա հարկ է հաշվի առնել, որ յուրաքանչյուր դեպքի տրվում է համար (Reference number). անհրաժեշտ է այդ համարի հիշատակումով բողոք գրել «Oversight Board»-ին, լավ կլինի նաեւ նախապես տեղեկացնել «CyberHUB-AM» թիմին, որպեսզի համատեղ ուժերով փորձ արվի այնպես անել, որ բողոքարկման մարմինը քննության առնի բողոքը: «Հետքի» զրուցակիցը նշում է, որ եթե օրական, ասենք, 10.000 բողոք է ստացվում, ապա «Oversight Board»-ն ամբողջ տարվա ընթացքում քննում է մոտ 20-30 դեպք:

Ստորեւ կարելի է տեսնել, որ այն բանից հետո, երբ այս տարվա հունիսին «Ֆեյսբուքն» արգելափակել էր Մոնթեի մահվան մասին «Հետքի»՝ 2 տարվա հնության գրառումը, իսկ հետո չէր ընդունել մեր էջի ադմինիստրատորի անհամաձայնությունը, փոխարենն առաջարկել էր բողոքարկել արգելափակումը «Oversight Board»-ին մինչեւ 2023 թ. հուլիսի 6-ը:

«Բողոքարկման մարմնի կողմից բողոքը քննության առնելը շատ քաղաքականացված է, բացի դրանից՝ այն մարմին է, որն ի վիճակի չէ քննել շատ գործեր,- շեշտում է Արթուր Պապյանը,- հիմա, օրինակ, «Oversight Board»-ը մեծ հաճույքով կվերցնի Իսրայել-Պաղեստին հակամարտությանն առնչվող գործեր: 2020-ից հետո եղել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի գործ, իրենք սիրում են հնչեղություն ունեցող գործերով զբաղվել, վերցնում են հետաքրքիր դեպքեր: Հետո այդ որոշումները՝ որպես նախադեպեր, մյուսները կարող են օգտագործել իրենց բողոքարկումներում: Չե Գեւարայի դեպքը կա, որը բողոքարկման արդյունքում հաղթել են, մենք վերցրել ենք, փորձում ենք առաջ տանել, բայց դրանով ես ու մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը զբաղվում ենք, երբ ազատ ժամանակ ենք ունենում»:

«Ֆեյսբուքը» ցույց է տալիս «Oversight Board»-ի նախկին որոշումներից մի քանի օրինակներ ու նկատում, որ քննության համար ընտրվում են այն բողոքները, որոնք առնչվում են մարդկանց հիմնական մտահոգություններին  

Պապյանն ասում է, որ իրենք զրուցել են ՀՀ արտգործնախարարության հետ, նշել, որ անհրաժեշտ է պաշտոնական ներկայացուցիչ ունենալ Կալիֆոռնիայում, որը մշտական կապի մեջ կլինի, օրինակ, «Մետայի», «Գուգլի» ու նման ընկերությունների հետ:  Ըստ «Հետքի» զրուցակցի՝ «Ֆեյսբուքում» իրենց տեղն ունեն ոչ միայն սոցցանցի սահմանած կանոնները, այլեւ ազդեցություն ունի լոբբինգը, ինչն էլ կիրառում են ադրբեջանցիները: Պապյանը պատահական չի համարում, որ «Ֆեյսբուքը» Մոնթեի մասին հիշատակումները սկսել է թիրախավորել 44-օրյա պատերազմից հետո:

«Ադրբեջանցիները մեզ ասում էին Գրիբոյեդովի բերած ժողովուրդ, մենք էլ իրենց ասում էինք «չեբուրաշկա»՝ գիտությանը անհայտ կենդանի: «Ազիկ», «տազիկ» նման արտահայտությունները «Ֆեյսբուքն» արգելափակում էր, ահագին ժամանակ «չեբուրաշկա» բառն էր «բռնում»: Ակնհայտ է, որ ադրբեջանցիները շատ լավ աշխատում են: Եթե մենք ծանոթ ենք գտնում, ասում ենք՝ այսինչ հարցում օգնի, նմանապես իրենք են ծանոթ գտնում,- նկատում է Արթուր Պապյանը,- այսինքն՝ լիքը բան աշխատում է ներքին կարգով: «Ֆեյսբուքը» հետադարձ էլ է «բռնում» («Հետքի»՝ մի քանի տարվա հնության գրառումներն արգելափակելու վերոնշյալ օրինակները դրա վկայությունն են – հեղ.), կասկածներ ունենք, որ ադրբեջանցիները «report» են անում, որովհետեւ հին ամսաթվերով մեկի մոտ գրվածը չի «բռնում», մյուսինը «բռնում է»»:

Մեդիափորձագետը նկատում է նաեւ, որ մինչ օրս իրեն հայտնի է միայն Մոնթեի՝ «սեւ ցուցակում» լինելու մասին, այլ հայկական հայտնի անուններից տեղեկություններ չունի: Հավելում է, որ «Մետային» պատկանող «Ինստագրամ» սոցցանցը եւս արգելափակումներ անում է, բայց ծավալներն ավելի փոքր են:

Անդրադառնալով պետության կողմից ձեռնարկված քայլերին, ինչպիսիք հիշատակվել էին ԲՏԱՆ-ի կողմից «Հետքին» ուղարկված պատասխանում՝ Ա. Պապյանն ասում է, որ երբ պետությունը մի բան է ասում, չգիտենք՝ իսկապես անու՞մ է, թե՞ չէ: Ըստ մեր զրուցակցի, եղել է դեպք, երբ պարզվել է, որ հայկական պաշտոնական կողմը ծանոթի մակարդակի ինչ-որ մասնավոր անձի միջոցով է փորձել հարց լուծել, ինչն առնվազն լուրջ չէ:

«Մարդիկ սխալմամբ մտածում են, թե սա մեր էջն է, մեր օգտահաշիվը: Այդպես չէ: «Ֆեյսբուքը» Մարկ Ցուկերբերգի դաշտն է, նրա սեփականությունն է, ինչ ուզի, կանի: Ինքն է որոշում իր օրենքները,- նշում է մեր զրուցակիցն ու երկու խորհուրդ առանձնացնում, մասնավորապես, «Ֆեյսբուքից» օգտվողների համար,- առաջինը՝ երբ մի բան եղավ, պետք է բողոքարկել, կարեւոր է, որ բողոքը գրագետ գրված լինի, ցանկալի է՝ անգլերեն, որպեսզի միանգամից որոշում կայացնողների մոտ գնա, որովհետեւ եթե, օրինակ, հայերեն ես բողոքում, կարող է ուղղվել հայ մոդերատորներին, որոնց այստեղ չեն վստահում: Ռուսերենն էլ գնում է ռուս մոդերատորներին: Իսկ անգլերեն բողոքը, եթե լավ է կազմված, սովորաբար ավելի բարձր մակարդակի պայմանագրային աշխատողներ են նայում: Երկրորդ՝ ընթերցողը պետք է մտածի, որ «Մետան» ապագա չէ, ու իր սեփական ռեսուրսները զարգացնի՝ իր համար բլոգ բացի, իր սեփական կայքն ունենա եւ այլն»:

Առաջին լուսանկարում՝ Մոնթե Մելքոնյանը՝ Քարվաճառի ազատագրման գործողությունից առաջ, 1993 թ. գարուն, Մարտակերտի շրջան, գյուղ Դրմբոն, հեղինակ՝ Աշոտ Երամիշյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter