HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

«Քանի որ աշխարհն ավելի ու ավելի կոռումպացված է դառնում, հետաքննելու շատ բան կա». Բրենտ Հյուսթոն

2023 թվականի սեպտեմբերի 19-22-ը Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում տեղի ունեցավ Հետաքննական լրագրության համաշխարհային կոնֆերանսը, որը կազմակերպում է Հետաքննական լրագրության համաշխարհային ցանցը՝ երկու տարին մեկ։ Կոնֆերանսի թեմատիկ շրջանակը բավական ընդգրկուն էր՝ հետաքննական լրագրությունն անկայուն ժամանակներում, ինչպես հետաքննել կլիմայական փոփոխությունները, առողջապահական խնդիրները, պատերազմական հանցագործությունները, փողերի լվացումը, անշարժ գույքը: Քննարկվեցին նաեւ խիստ արդիական հարցեր՝ հետաքննական լրագրության ֆինանսավորման մոդելները, տվյալները հետաքննական լրագրության մեջ, սոցիալական մեդիայի ուժը եւ այլն։

Մեծ տեղ հատկացվեց նաեւ լրագրողական կրթությանը։ «Հետաքննող լրագրողներ պատրաստելու և հետաքննական լրագրություն ուսուցանելու ծրագրերը տարածվել են ամբողջ աշխարհում, բայց որքանո՞վ են արդյունավետ տարբեր մեթոդներն ու ոճերը». սա էր կրթությանը նվիրված «Հետաքննական լրագրության ուսուցման լավագույն պրակտիկաները» (Best Practices in Teaching and Training of Investigative Reporting) պանելային քննարկման գլխավոր հարցը։ «Հետքը» զրուցել է բանախոսներից մեկի՝ Բրենտ Հյուսթոնի (Brant Houston) հետ։

Բրենտ Հյուսթոնը մրցանակակիր հետաքննող լրագրող է, Իլինոյսի համալսարանի հետաքննական լրագրության ամբիոնի դասախոս, Հետաքննական լրագրության համաշխարհային ցանցի համահիմնադիրը։ Նա հեղինակել է «Լուսաբանում համակարգչի օգնությամբ. գործնական ուղեցույց» (Computer-Assisted Reporting: A Practical Guide) գիրքը և համահեղինակն է «Հետաքննող լրագրողի ձեռնարկի» (The Investigative Reporter's Handbook)։ 

Որքանո՞վ է արդյունավետ հետաքննական լրագրության ուսուցումը համալսարանում։ Մեր օրերում մարդիկ աշխատում են ավելի քիչ ժամանակ ծախսել ուսման, սովորելու վրա՝ նախընտրելով արագ աշխատանք գտնել։ Չորս տարի լրագրություն սովորել բակալավրում՝ երկար ժամանակ է շատերի համար։ 

Դա այն է, ինչ ներկայում տեղի է ունենում ԱՄՆ-ում եւ աշխարհի այլ մասերում։ Մենք արդեն խոսում ենք սերտիֆիկատների մասին՝ որպես post-graduate degree. Որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան, օրինակ, չորս դասընթաց անցնել եւ վկայական ստանալ։ Կարծում եմ՝ պետք է ընդունել, որ հիմա մարդիկ շատ ժամանակ չունեն՝ չորս տարի սովորելու։ Վերադառնալով 90-ականներին, Միսուրիի համալսարանի Լրագրության դպրոցում մենք ունեինք ուսումնական ճամբարներ (boot camps), որտեղ մարդիկ գալիս էին սովորելու մեկ շաբաթով՝ որոշ հմտություններ ձեռք բերելու, եւ վկայական էին ստանում։ ԱՄՆ-ում, որտեղ կրթությունը գնալով ավելի է թանկանում, իմ համոզմունքն է, որ եթե մարդիկ քիչ ժամանակ ունեն եւ կոնկրետ դասընթացների կարիք ունեն, պետք է դրանք անցնեն, այդ կրեդիտները ճանաչվեն եւ վկայականներ շնորհվեն։

Ի՞նչ կասեք հետաքննական լրագրության ուսուցման մասին։ Որո՞նք են այն պարտադիր առարկաները, հմտությունները, որ լրագրողներին պետք է ուսուցանվեն՝ հետաքննական լրագրությամբ զբաղվելու համար։ 

Այն ամենը, ինչ սովորական լրագրողներին պետք է սովորեցնել, ուղղակի ավելի ինտենսիվ։ Այդ բաղադրիչներից մեկը փաստերի ստուգումն է, փաստաթղթերի ուսումնասիրությունը, հարցազրույցի հմտությունները։ Օրինակ՝ իմ հետաքննական կուրսում ես սովորեցնում եմ լավ հարցազրույց վարել, դիտարկել, հետազոտել, հաճախ ուղարկում եմ դուրս՝ մարդկանց, շենքերն ուսումնասիրելու։ Մարդիկ տվյալների հավաքագրման եւ վերլուծության բազային հմտություններ» պետք է ունենան։ Ես ուսանողներիս ասում եմ՝ լավ է, որ գրելու հմտություններ ունեք, բայց պիտի կարողանաք աղյուսակ օգտագործել, աղյուսակը հավասարազոր է հարցազրույց անելուն։

Ինչպե՞ս մոտիվացնել երիտասարդ լրագրողներին հետաքննական լրագրությամբ զբաղվել։ Չնայած կարեւորությանը, այն պակաս գրավիչ է, քան քաղաքական կամ ժամանցային լրագրությունը։ Ինչպե՞ս մոտիվացնել՝ երկար ժամանակ աշխատել մի թեմայի վրա, որը կարող են ընդամենը հարյուրները կարդալ, մինչդեռ մի փոքրիկ քաղաքական լուր միլիոնավոր մարդիկ կարող են ընթերցել։ 

Կարծում եմ՝ համոզելու ճանապարհներից մեկը՝ հետաքննող լրագրող դառնալու, այն է, որ դուք կարող եք ցանկացած տիպի պատմություն ստեղծել, եւ ձեր բոլոր պատմությունները լավն են լինելու, որովհետեւ դուք բոլոր հմտություններն ունեք։ Մարդիկ մտածում են, թե իրենք մի պատմության վրա տարիներով աշխատելու են, բայց շատ դեպքերում սերիաների նման թողարկումներ են լինում՝ աշխատում եք մի քանի օր, գրում մի պատմություն, հետո մյուս սերիան եւ այսպես շարունակ։ Ես իմ ուսանողներին ասում եմ, որ հետաքննական լրագրության տարբեր ձեւեր կան, միշտ չէ, որ ամիսներ է պետք ծախսել ու երբեք չգիտեք, թե ինչով դա կավարտվի։ Դա կարող է շատ դինամիկ պրոցես լինել։ Ես փորձում եմ այնպես անել, որ իմ ուսանողներն աշխատեն այն թեմաների վրա, որոնք իրենց հուզում են։

Գրեթե բոլոր երկրներում հետաքննական լրագրությունը ֆինանսավորվում է հիմնադրամների կամ դոնոր կազմակերպությունների կողմից։ Դա նշանակում է, որ մեդիան ինքը չի կարողանում կամ չի ուզում ֆինանսավորել թիմերին, որոնք երկարաժամկետ պատմությունների վրա են աշխատում։ Ինչպե՞ս եք տեսնում հետաքննական լրագրության ապագան, եթե այն շահութաբեր չէ։ 

Ամեն անգամ, երբ ես իբրեւ բանախոս հանդես եմ գալիս այս կոնֆերանսում, ասում եմ, որ լավատես եմ հետաքննական լրագրության ապագայի հարցում, այն զարգանում է, քանի որ աշխարհն ավելի ու ավելի կոռումպացված է դառնում, եւ հետաքննելու շատ բան կա։ Կարծում եմ՝ մարդիկ իրապես գիտակցում են հետաքննական լրագրության կարեւորությունը։ Եվ այդ պատճառով է, որ ավելի շատ դոնորներ են ի հայտ գալիս, քրաուդֆանդինգ եք ստանում։ Մարդիկ հավատում են նրան, ինչ հետաքննող լրագրողներն անում են։ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում մեդիայի մոդելը բիզնես մոդել է, այն արդեն չաշխատող մոդել է, մենք պետք է ֆինանսավորման այլ ձեւեր գտնենք, հնարավոր է՝ կոմերցիոնի եւ ոչ շահութաբերի համադրություն։ Բայց այս մոդելը, որը 90%-ով կախված է գովազդից, արդեն կենսունակ չէ։

Արհեստական բանականությունը շատ արագ է զարգանում։ Ինչպե՞ս է այն ազդում լրագրության, մասնավորապես՝ հետաքննական լրագրության վրա դրական եւ բացասական առումներով։

Կարծում եմ՝ մենք 3-4 կիբերուտոպիաների ենք ականատես եղել։ Օրինակ՝ երբ տվյալներն ի հայտ եկան, ասում էին՝ օ՜, սրանք կլուծեն մեր բոլոր խնդիրները, հետո համացանցը, որը կլուծի բոլոր խնդիրները, հիմա էլ՝ արհեստական բանականությունը։ Ցանկացած նոր տեխնոլոգիայի պետք է զգուշորեն վերաբերվել։ Եթե արհեստական բանականությունն օգնում է դուրս բերել տվյալներն ու օրինաչափությունները, որն այլ կերպ հնարավոր չի տեսնել, շատ լավ է։ Բայց այն պետք է զուգորդվի մարդ էակի հետ, որովհետեւ միայն մարդն ունի այդքան մեծ երեւակայություն։ Մենք երբեք չենք կարող ամբողջությամբ հենվել տեխնոլոգիայի վրա, պետք է զգույշ լինենք։ Եթե արհեստական բանականության շնորհիվ հնարավոր լինի հարցազրույցներն ավտոմատ կերպով տեքստի վերածել, հրաշալի կլինի, դա կարելի է կիրառել։ Բայց արհեստական բանականությունը չի կարող վերջնական, սպառիչ պատմություն գրել:

Ի՞նչ ուղերձ կհղեք երիտասարդ լրագրողներին, որոնք հետաքրքրված են հետաքննական լրագրությամբ։ 

Լինել հետաքրքրասեր, եթե այդպիսին չեք, հավանաբար պետք է այլ գործով զբաղվեք։ Դուք կարող եք փոխել աշխարհը։ Մենք ունենք մի սերունդ, որը խորապես մտահոգված է իրերի ներկա դրությամբ եւ բախվում է խոշոր խնդիրների, եւ լրագրությունն արդյունավետ միջոց է ներկայացնելու այդ խնդիրները, նվազեցնելու դրանք եւ բարելավելու իրավիճակը։

Գլխավոր լուսանկարում՝ Հետաքննական լրագրության համաշխարհային ցանցի հիմնադիրները՝ Բրենտ Հյուսթոնը (ձախից) եւ Դեյվիդ Կապլանը Գյոթեբորգի կոնֆերանսի մրցանակաբաշխությանը/©Ռոքի Քիստներ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter