HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էնտեղ ինչ տեսել եմ, դեռ իմ աչքի դեմն ա»,- ասում է Արցախից բռնի տեղահանված 5 երեխաների մայրը

Արցախից բռնի տեղահանվելուց մինչ օրս Արեգնազ Գրիգորյանը ոստիկանական մեքենաներ տեսնելիս վախենում է: Նա վերապրում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեսածն ու զգացածը: Պատմում է, որ ադրբեջանցիները ոստիկանական մեքենաներով ազատ անցնում էին հրապարակով, հեռախոսներով նկարահանում: Երբ Արեգնազի երեխաները դրսում կանգնած են եղել, ադրբեջանցիները նրանց թուրքական ազգայնական «գորշ գայլերի» նշանն են ցույց տվել: «Հիմա որ ոստիկանական ավտո եմ  տեսնում, գիտեմ՝ աչքիս դեմը հըլը թուրքն ա»,- ասում է Արեգնազը:

Գորիսի «Մթնաձոր» հյուրանոցում սա պատմելիս նրա աչքերը լցվում են, ձայնը մի պահ դողում է:

Արեգնազ Գրիգորյանը 33 տարեկան է: Շուշիում է ապրել մինչեւ ամուսնանալը: Հետո հարս է գնացել Գորիսի Արավուս գյուղ (2016-ից ներառված է Տեղ խոշորացված համայնքի կազմում): 5 անչափահաս երեխա ունի: 2018 թ. Արեգնազի ընտանիքը տեղափոխվել է Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղ, որը 44-օրյա պատերազմի հետեւանքով անցել է թշնամու վերահսկողության տակ: Պատերազմից հետո Արեգնազի ընտանիքը հաստատվել է Ասկերանի շրջանի Պատարա գյուղում: Մինչեւ 44-օրյա պատերազմն Արեգնազն ամուսնալուծվել էր եւ արդեն 4 տարի միայնակ է մեծացնում 5 երեխաներին:

Պատարայում վարձով էին բնակվում: Շրջափակման օրերին, ըստ մեր զրուցակցի, պետությունը տուն էր նվիրելու իրենց՝ որպես բազմազավակ ընտանիքի: Սակայն շենքի կոյուղու հետ կապված խնդիր կար, Հայաստանից մասեր պիտի ներմուծեին: Սպասում էին ճանապարհի բացմանը:

44-օրյա պատերազմից հետո Արեգնազը որպես հավաքարար աշխատանքի էր անցել Արցախի զորամասերից մեկում: Քանի որ շրջափակման օրերին վառելիքի պակասի պատճառով արդեն դժվար էր Պատարա գնալ-գալը, նա երեխաների հետ ապրում էր Ստեփանակերտում՝ ծնողների տանը: Սեպտեմբերի 19-ին Ստեփանակերտում էին, երբ պատերազմն սկսվեց:

Արեգնազն աշխատանքի էր: Հեռախոսակապն անջատվել էր, չէր կարողանում տուն զանգել՝ երեխաներից լուր իմանալու համար: Կեսօրին տուն պիտի գնար, բայց վտանգավոր էր, քանի որ թշնամական ԱԹՍ-ներն անընդհատ պտտվում էին երկնքում, կրակոցներն անդադար էին: Այդ գիշեր նա մնացել էր զորամասի նկուղում: Հիշում է, որ գիշերն անօդաչուները մի քանի անգամ պտտվել են զորամասի երկնքում: Նկուղում ուտելիք չկար: Մի հաց էր, որը կիսել էին մոտ 10 հոգու միջեւ: «Բայց դե ո՞վ ուտելու տրամադրություն ուներ»,- ավելացնում է Արեգնազը: Սեպտեմբերի 20-ի կեսօրին նա կարողացել էր տուն հասնել: Բայց այնտեղ էլ երկար չէր մնացել: Ստեփանակերտի Վերածննի հրապարակ էին գնացել՝ Հայաստան գալու համար: Հրապարակում մնացել են մի քանի օր: Կառավարության շենքի մոտ սրճարան կար. սեփականատերը բանալիները տվել էր, որ մնան մինչեւ Արցախից դուրս գալը: Սրճարանում ուտելիք կար եւ երեք օր բավականացրել էր:

«28-ի գիշերը մի պահ աչքս կպել էր, երբ ռուսները սրճարան մտան: Արդեն վատ բաներ էի մտածում, որովհետեւ այդ ամբողջ ընթացքում չէինք տեսել ռուսներին: Մի ընտանիք կար մեր կողքին, հարցրեցի, թե ինչի են եկել, ասեցին՝ եկել են զգուշացնեն, որ թուրքը Ստեփանակերտում է, եւ մենք այդ տարածքից դուրս չգանք: Այսինքն՝ մենք արդեն շրջափակման մեջ էինք: Ամսի 28-29-ին հրապարակում թուրքը գնում-գալիս էր ոստիկանական ավտոներով ու ազատ նկարում էր հեռախոսով: Դրանից հետո երեխեքին չթողեցի դուրս գան սրճարանից»,- հիշում է բազմազավակ մայրը:

Արեգնազի ընտանիքը սեպտեմբերի 29-ի գիշերը ավտոբուսով Հայաստան է եկել: Արդեն ավտոբուսում էին, երբ լսել էին, որ հրապարակից ադրբեջանցիները երկու հոգու են առեւանգել՝ մի ծեր մարդու եւ 5-6 տարեկան աղջկա: «Էնտեղ ինչ տեսել եմ, դեռ իմ աչքի դեմն ա»,- ավելացնում է Արեգնազը:  

Նրա 4 երեխաները հիմա դպրոց են հաճախում Գորիսում, մեծ աղջիկն էլ արդեն ուսանող է Գորիսի պետական համալսարանում: Ասում է՝ Գորիսից ուրիշ տեղ չի ուզում գնալ. հյուրանոցում իրենց շատ լավ  են վերաբերվում, օգնում են, բայց գիտեն, որ այդտեղ երկար ժամանակ չեն կարող մնալ: Հիմա խնդիրը վարձով տուն գտնելն է: Արեգնազը պատրաստ է աշխատանքի անցնել, եթե հարմար գործ գտնի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter