HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

ԱՄՆ Պետդեպարտամենտը դադարեցնում է ռազմական աջակցությունը Ադրբեջանին մինչեւ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը

«ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները չեն կարգավորվի, մինչեւ առաջընթաց չգրանցվի Հայաստանի հետ խաղաղության բանակցություններում»,- հայտնել է Վաշինգտոնը։

ԱՄՆ-ն դադարեցրել է ռազմական եւ այլ բնույթի աջակցությունը Ադրբեջանին, չեղարկել բարձր մակարդակի մի քանի այց՝ այդպիսով ազդանշան տալով Բաքվին, որ երկկողմ հարաբերությունները չեն կարգավորվի, քանի դեռ առաջընթաց չի գրանցվել Հայաստանի հետ բանակցություններում։ Այս մասին հայտնել է ԱՄն պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը։   

«Մենք պարզորոշ կերպով հասկացրել ենք, որ Ադրբեջանի հետ ոչինչ նորմալ չի լինի սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո (Արցախի վրա ադրբեջանական հարձակումը-խմբ), մինչեւ առաջընթաց չտեսնենք խաղաղության ճանապարհին։ Այնպես որ, մենք չեղարկել ենք բարձր մակարդակի որոշ այցեր, դատապարտել ենք Բաքվի գործողությունները, եւ (աջակցության հետագա տրամադրման) պայմաններից չենք հրաժարվի, մինչեւ չտեսնենք իրավիճակի իսկական բարելավում»,- հայտարարել է դիվանագետը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հարցով լսումների ժամանակ։

«Մենք բազմիցս ազդանշան ենք տվել այն մասին, որ Հայաստանի տարածքում ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է»,- նշել է Օ’Բրայենը։ Նա խոստովանել է, որ Ադրբեջանը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ նման մտադրություն չկա։ «Բաքվի իշխանությունները մեզ հավաստիացրել են, որ նման մտադրություն չունեն։ Եվ մենք շատ ուշադիր հետեւում ենք զորքերի տեղաշարժին եւ ցանկացած նշանի, որ կարող է վկայել նրանց այլ ծրագրերի մասին։ Ինչպես նշեցի, մենք նրանց հայտարարել ենք, որ գործերը սովորական հուն վերադարձնելու հնարավորություն չի լինի, քանի դեռ խաղաղության համաձայնագիր չի կնքվել»,- ընդգծել է ԱՄՆ արտաքին գերատեսչության աշխատակիցը։

Լուսանկարում՝ Ջեյմս Օ'Բրայենը/euronews

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter