HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ուելսի ընտրանու հետ

Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլում Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց նախավերջին՝ 7-րդ հանդիպումը և 1։1 հաշվով ոչ-ոքի խաղաց Ուելսի ընտրանու հետ։ Հանդիպումը տեղի ունեցավ Երևանի Հանրապետական մարզադաշտում։

Խաղը շատ հաջող մեկնարկեց Հայաստանի հավաքականի համար։ 5-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Լուկաս Սելարայանն ինքն իրեն դուրս բերեց հարվածային դիրք և հաշվենկատ հարվածով գրավեց Ուելսի հավաքականի դարպասը։ Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածն անցավ հավասար պայքարում, և երբ թվում էր՝ թիմերը ընդմիջման կգնան մեր ընտրանու նվազագույն առավելությամբ, մրցավարի ավելացրած 2-րդ րոպեին Ուելսի հավաքականի եզրային նետումից հետո Նաիր Տիկնիզյանը պատահմամբ գլխի հարվածով գրավեց սեփական դարպասը։

Երկրորդ խաղակեսի առաջին հատվածը կարելի է ասել կրկին անցավ հավասար պայքարում, թիմերի գրոհները հաջորդում էին մեկը մյուսին։ Սակայն գոլ խփելու ամենալավ հնարավորությունն ունեցավ Հայաստանի ընտրանին։ 61-րդ րոպեին միջին տարածությունից Վահան Բիչախչյանի կատարած հարվածը դիպավ հորիզոնական դարպասաձողին։ Հանդիպման վերջին 15 րոպեներին Հայաստանի ազգային հավաքականը ահռելի ճնշում գործադրեց Ուելսի ընտրանու դարպասին. 90-րդ րոպեին լավ հնարավորություն ունեցավ Էդգար Սևիկյանը, սակայն նրա հարվածից հետո էլ հաջող գործեց Ուելսի դարպասապահը, ևս մեկ պահ էլ Սևիկյանը չօգտագործեց 94-րդ րոպեին։ Ի վերջո, հաղթական գոլը խփել այդպես էլ չհաջողվեց։ Խաղն ավարտվեց 1։1 հաշվով։

Անցկացրած 7 խաղից հետո Հայաստանի հավաքականը 8 միավորով զբաղեցնում է D խմբի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։ Մրցաշարային աղյուսակը 16 միավորով գլխավորում է Թուրքիան, որն ապահովել է իր տեղը Եվրո-2024-ում։ Ուելսը 7 խաղից հետո ունի 11 միավոր և 2-րդ տեղում է։ 6 խաղից հետո 10 միավոր ունեցող Խորվաթիան 3-րդն է, և եթե այսօր կարողանա հաղթել խմբի հետնապահ Լատվիային, ապա Հայաստանի հավաքականի համար որակավորման փուլի վերջին հանդիպումը, որը հենց Խորվաթիայի դեմ է, կկրի ձևական բնույթ։

Վերջին տուրի Խորվաթիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։45-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter