HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն ձեռք բերող ընկերության բաժնետերերի տվյալները առևտրային գաղտնիք կազմող տեղեկություններ են

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ` համաձայնություն է տրվել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը վաճառելու գործարքի կնքմանը։

Հիշեցնենք` ձեռք բերող ընկերության և դրա բաժնետերերի շղթայի մաս կազմող ընկերությունները 2022թ. Կիպրոսում գրանցված և ոլորտում անհայտ ընկերություններ են: Ուստի, Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովին հարցրել էինք՝ արդյոք վաճառքին համաձայնություն տալուց առաջ հետաքրքրվե՞լ են, թե ով կամ ովքեր են Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ»-ի իրական շահառուն/շահառուները և խնդրել էինք հայտնել նրանց անունները:

ՀԾԿՀ-ն հայտնել է, որ Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում կարգավորվող անձանց նկատմամբ հսկողության փոխանցման համաձայնության գործընթացը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացվում է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 14-րդ հոդվածի և հանձնաժողովի 2022 թվականի փետրվարի 9-ի N56-Ն որոշմամբ սահմանված՝ էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում կարգավորվող անձանց նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու կարգի համաձայն, ըստ որի, նշված համաձայնության հարցի քննարկումն իրականացվում է կարգավորվող անձի ներկայացրած հայտի հիման վրա։

«Հաշվի առնելով՝ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն նշել է, որ ընկերության նկատմամբ հսկողության փոխանցման համաձայնության հայտով ներկայացվող գործարքի գոյության վերաբերյալ տեղեկությունը, ներառյալ՝ գործարքի էական պայմանների վերաբերյալ տեղեկությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 141-րդ հոդվածի հիմքով հանդիսանում է առևտրային գաղտնիք կազմող տեղեկություն՝ հետևաբար Ձեր կողմից հայցվող՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության իրական շահառուի կամ շահառուների վերաբերյալ տեղեկատվությունը՝ «Տեղեկատվության ազատության մասին օրենքի» 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի համաձայն՝ հանձնաժողովի կողմից չի կարող տրամադրվել»,- մեր հարցմանն ի պատասխան` հայտնել է հանձնաժողովի անդամ Սեդա Շահինյանը։

Վերջինս նաև նշել է, որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն «Տեղեկատվության ազատության մասին օրենքի» համաձայն՝ հանրային նշանակության կազմակերպություն է, ուստի մեր կողմից հայցվող տեղեկատվության ստացման նպատակով կարող ենք դիմել ընկերությանը։

Կիպրոսի ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի համաձայն` «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ»-ը (FEDILCO GROUP LIMITED) գրանցվել է 2022թ. ապրիլի 20-ին: Այստեղ համապատասխանաբար 75 և 25 % մասնակցությամբ բաժնեմաս ունի Կիպրոսում գրանցված երկու ընկերություն` «Նոֆալ հոլդինգ լիմիթիդ»-ը (NOFAL HOLDINGS LIMITED) և «Օրտասանո ինվեսթմենթս լիմիթիդ»-ը (ORTASANO INVESTMENTS LIMITED):

«Նոֆալ հոլդինգ լիմիթիդ»-ը գրանցվել է 2022թ. ապրիլի 18-ին և 100% բաժնեմասով պատկանում է «Վայմթեդ լիմիթիդ»-ին  (WIMTHED LIMITED):

«Վայմթեդ լիմիթիդ»-ն էլ գրանցվել է նույն տարվա հուլիսի 6-ին: Այստեղ այս մի շղթան ավարտվում է, որովհետև վերջինիս բաժնետերը Կիպրոսի քաղաքացի Անդրեաս Օրիսն է (ANDREAS OURRIS)։ Նա Կիպրոսում գրանցված մի շարք այլ ընկերությունների տնօրեն է, մենեջեր կամ բաժնետեր, ինչը նշանակում է, որ պարզապես իրական շահառուներին թաքցնելու համար նախատեսված անձ է:

«Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ»-ի փոքր բաժնետիրոջ` «Օրտասանո ինվեսթմենթս լիմիթիդ»-ի շղթան մեկ ընկերություն է ամփոփում` նույն «Վայմթեդ լիմիթիդ»-ը:

Լուսանկարը` wikipedia-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter