HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետությունը շարունակում է միլիարդների գնում կատարել 256 մլն դրամ հափշտակելու գործով մեղադրվող մարդու ընկերությունից

Պետական և տեղականան ինքնակառավարման մարմինները միլիարդավոր դրամների պայմանագրեր են կնքել պետությունից խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու գործով մեղադրվող Հակոբ Ստեփանյանին պատկանող ընկերությունից:

Հակոբ Ստեփանյանի ղեկավարած կամ անմիջապես նրան պատկանող տարբեր ընկերություններ տարիներ շարունակ մասնակցել և մասնակցում են պետական գնումների գործընթացին և պարբերաբար խոշոր չափի պայմանագրեր կնքում պետական տարբեր կառույցների հետ։ 

Եթե Հակոբ Ստեփանյանի առավել վաղ հիմնած ընկերությունները զբաղվում էին ճանապարհային գծանշումներով, ապա 2022 թվականին հիմնադրված «Եվրոբուդ Պլյուս» ՍՊԸ-ն ճանապարհաշինական աշխատանքներ է կատարում։ 2023 թվականից «Եվրոբուդ Պլյուսը» ակտիվորեն ներգրավվել է պետական գնումներում և հասցրել 7 պայմանագիր կնքել, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 5 միլիարդ դրամ։

Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ այդ 7 պայմանագրերից 4-ը կնքվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) հետ, 2-ը՝ Արմավիրի համայնքապետարանի, 1-ը՝ Դիլիջանի համայնքապետարանի։ 

Ամենախոշոր պայմանագիրը կնքվել է այս տարվա հուլիսի 7-ին՝ ՏԿԵՆ-ի հետ։ Պայմանագրի արժեքը կազմել է 1 մլրդ 948 մլն դրամ։ Այդ գումարի դիմաց «Եվրոբուդ Պլյուս» ՍՊԸ-ն պարտավորվել է կատարել Երևան - Արմավիր - Թուրքիայի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման և ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքները։

Հաջորդ խոշոր պայմանագիրը կրկին ՏԿԵՆ-ի հետ կնքվել է 2023թ․ հուլիսի 15-ին, արժեքը՝ 1 մլրդ 395 մլն դրամ։ Այդ պայմանագրով՝ «Եվրոբուդ Պլյուս» ՍՊԸ-ն պարտավորվել է հիմնանորոգել Վերին Պտղնու հանգույց - Ջրաբեր - Հրազդան - Հրազդանի քրեակատարողական հիմնարկ և Երևան - Գառնի - Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհները։ Այդ գործարքում «Եվրոբուդ Պլյուս» ՍՊԸ-ն կոնսորցիումով հանդես է եկել «Տարտ Գրուպ» ՍՊԸ-ի հետ, որի սեփականատերը գործարար Անդրանիկ Տարտիկյանն է, նա եղել է չարաշահումների գործով անցնող «Ուկռինվեստ» ՍՊԸ-ի (տնօրեն՝ Հակոբ Ստեփանյան) սեփականատերը։

Երրորդ խոշոր պայմանագիրը, որի արժեքը կազմել է 600 միլիոն դրամ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ կնքվել է 2023թ․ օգոստոսի 21-ին: Այդ գումարի դիմաց «Եվրոբուդ Պլյուս» ՍՊԸ-ն պարտավորվել է կատարել Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի սահման միջպետական ավտոճանպարհի միջին նորոգման աշխատանքները։ 

Այսպիսով, ՏԿԵՆ-ի, Արմավիրի և Դիլիջանի համայնքապետարանների հետ կնքված 7 գնման պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 4 միլիարդ 963 միլիոն դրամ։

Հակոբ Ստեփանյանին պատկանող մյուս ընկերությունը՝ «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ն, որն ինչպես արդեն նշեցինք, զբաղվում է ճանապարհային գծանշման աշխատանքներով, 2023 թվականի ընթացքում պետական տարբեր գերատեսչությունների հետ կնքել է 6 պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 953 միլիոն դրամ։ Այդ մասին «Հետքը» նախկինում գրել է։

«Եվրոբուդ Պլյուս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2022 թվականի ապրիլի 25-ին։ Այդ տարվա սեպտեմբերի 28-ին Հակոբ Ստեփանյանը ստանձնել է տնօրենի պաշտոնը, իսկ 2023թ․ հունվարի 16-ից դարձել է 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը։

Խմբով՝ նախնական համաձայնությամբ, պետությունից հափշտակել են մոտ 256 միլիոն դրամ

Հակոբ Ստեփանյանը տնօրենի պաշտոն է զբաղեցրել նաև ճանապարհային գծանշումներով զբաղվող «Ուկռինվեստ» ՍՊԸ-ում։ Այս ընկերությունը ևս պետգնումների ակտիվ մասնակից է եղել։

2020 թվականի ամռանը Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ որ 2018-2019թթ․ «Ուկռինվեստ» ընկերության տնօրեն Հակոբ Ստեփանյանը, ինչպես նաև ընկերության հետ փոխկապակցված այլ անձինք, խմբով՝ նախնական համաձայնությամբ, կազմակերպել և կատարել են խարդախություն՝ խաբեության եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով` մոտ 256 միլիոն դրամ, ինչպես նաև կազմել և օգտագործել են կեղծ փաստաթղթեր:

Մասնավորապես, Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների օգնությամբ գնման գործընթացը կազմակերպելիս մյուս ընկերությունների համար ստեղծվել են հակամրցակցային պայմաններ, ինչն էլ հնարավորություն է տվել «Ուկռինվեստ» ՍՊԸ-ին հաղթել մրցույթներում։ 2021թ․ ապրիլի 8-ին քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, իսկ նույն թվականի ապրիլի 14-ին՝ մուտքագրվել դատարան։

Ամբաստանյալի կարգավիճակում են միայն Հակոբ Ստեփանյանն ու Ճանապարհային ոստիկանության բաժնի պետ Կոստանտին Կոստանյանը։ Նախաքննության ընթացքում գործով անցող մյուս մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ «Ուկռինվեստ» ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է։ Ինչ վերաբերում է դատական գործին, ապա այն դատարան մտնելուց երկուսուկես տարի անց դեռևս անավարտ է և գտնվում է դատաքննության փուլում։

Այսպիսով, պետական և համայնքային տարբեր մարմիններ այս ամենի ֆոնին, երբ մասնավոր ընկերության տնօրենը մեղադրվում է պետությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մեջ, շարունակում են այդ նույն մարդու հիմնած այլ ընկերություններին միլիարդների գումար վստահել և ծառայություն պատվիրել։ 

Գլխավոր նկարը ստեղծվել է DALL·E 3-ի միջոցով

Մեկնաբանություններ (1)

TRUTH ARMENIAN
THIS IS WHY THE DIASPORA GIVES $0.00 TO ARMENIA!!!!!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter