HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Խորվաթիա-Հայաստան. մերոնք կարող են խառնել խորվաթների խաղաքարտերը

Այսօր՝ Երեւանի ժամանակով 23:45-ին, Զագրեբում կմեկնարկի «Եվրո-2024»-ի ընտրական փուլի վերջին տուրի Խորվաթիա-Հայաստան հանդիպումը: Թիմերն ընդգրկված են ընտրական 4-րդ խմբում, որտեղ նրանց մրցակիցներն են նաեւ Ուելսը, Թուրքիան, Լատվիան:

Խմբում այս պահին առաջատարը Թուրքիան է, որը 7 խաղից հետո վաստակել է 16 միավոր: Թուրքերն արդեն ապահովել են Եվրոպայի 2024 թ. առաջնության եզրափակիչ փուլում իրենց մասնակցությունը: 7 խաղից հետո 13 միավոր է վաստակել Խորվաթիան, Ուելսն ունի 11 միավոր, Հայաստանը նույնքան խաղից հետո ունի 8 միավոր, իսկ խմբի հետնապահ Լատվիան ավարտել է ելույթները՝ 8 խաղից հետո վաստակելով 3 միավոր: 

Հայաստանը, նախորդ տուրում Երեւանում 1-1 խաղալով Ուելսի հետ, կորցրեց «Եվրո-2024»-ի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու նույնիսկ տեսական հնարավորությունը: Այսօր մեր խմբի երկրորդ ուղեգրի համար կպայքարեն Խորվաթիան եւ Ուելսը: Խորվաթիա-Հայաստան խաղին զուգահեռ մեկնարկելու է Ուելս-Թուրքիա մրցավեճը: Արդեն իսկ «Եվրո»-ի ուղեգիր նվաճած թուրքերը, ըստ էության, մարզական քիչ հետաքրքրություն կունենան վերջին խաղի նկատմամբ, սակայն դժվար է ասել, թե Ուելսին հեշտ խաղ է սպասվում: Ամեն դեպքում, Ուելսը պարտավոր է հաղթել Թուրքիային՝ հույս ունենալով, որ Խորվաթիան չի հաղթի Հայաստանին, այլապես Եվրոպայի 2024 թ. առաջնության երկրորդ ուղեգիրը մեր խմբում բաժին կհասնի խորվաթներին: 

Բայց հետաքրքիրն այն է, որ «Եվրո-2024»-ի ընտրական փուլում ձախողվելուց հետո թե՛ Խորվաթիան, թե՛ Ուելսը կունենան երկրորդ հնարավորությունը՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար: Բանն այն է, որ Ազգերի լիգայի անցած խաղարկության միջոցով այս երկու թիմերն էլ ապահովել են «Եվրո-2024»-ի փլեյ-օֆ փուլին մասնակցելու իրենց իրավունքը: Փլեյ-օֆում խաղարկվելու է 3 ուղեգիր, որի համար կպայքարի 12 թիմ. 4-ական թիմ յուրաքանչյուր ուղեգրի համար: 

Հատկանշական է, որ «Եվրո-2024»-ի՝ այսօր ավարտվող ընտրական փուլում մնացել է միայն մեկ ինտրիգ, եւ խոսքը հենց մեր խմբի մասին է՝ «Եվրո-2024»-ի եզրափակիչ փուլի ուղեգիր կնվաճի Խորվաթիա՞ն, թե՞ Ուելսը: Մնացած ընտրական խմբերում արդեն իսկ հայտնի են բոլոր հաջողակները:

Այսպիսով՝ Հայաստանը կարող է խառնել խորվաթների խաղաքարտերը վերջին տուրում, ինչը, սակայն, դժվար կլինի, քանի որ մրցակիցը աշխարհի 2022 թ. առաջնության բրոնզե մեդալակիրն է, 2018 թ. առաջնության փոխչեմպիոնը:

Այսօրվա խաղին մեր թիմից չեն մասնակցի ավագ Վարազդատ Հարոյանը, որը որակազրկվել է Ուելսի հետ խաղում ստացած հերթական դեղին քարտի պատճառով, իսկ Ուգոչուկվու Իվուն վնասվածք ունի: Նրանք չեն մեկնել Զագրեբ: Մեր ընտրանու հայտացուցակը այսօրվա խաղի համար այսպիսին է: Հարոյանի եւ Իվուի բացակայությամբ թիմին են միացել Ժիրայր Շաղոյանն ու Ալբերտ Խաչումյանը: 

Խորվաթիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի սլովակական մրցավարական անձնակազմը։ Հանդիպման մրցավարն է Իվան Կրուժլիակը, մրցավարի օգնականները՝ Բրանիսլավ Հանցկոն եւ Յան Պոզորը: Չորրորդ պաշտոնյան կլինի Մարտին Դոհալը: VAR-ի մրցավար է նշանակվել Պաոլո Վալերին (Իտալիա), VAR-ի մրցավարի օգնական՝ Դանիելե Չիֆին (Իտալիա):

Հիշեցնենք, որ խորվաթներին նախկինում հանդիպել ենք 2 անգամ: 2021 թ․ հունիսի 1-ին խորվաթական Վելիկա Գորիցայում կայացած ընկերական խաղն ավարտվել է 1-1 հաշվով։ Ֆուտբոլասերները հավանաբար կհիշեն, որ հեռահար հարվածով մեր թիմից գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ ու հաշիվը հավասարեցրեց Վբեյմար Անգուլոն։ Իսկ «Եվրո-2024»-ի ընտրական փուլի շրջանակներում՝ այս տարվա սեպտեմբերի 11-ին, Երեւանում խորվաթները մեր ընտրանուն հաղթեցին 1-0 հաշվով: 

Նկատենք, որ այս պահին ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում Հայաստանը 95-րդն է, իսկ Խորվաթիան՝ 10-րդը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter