HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Էլեկտրոմոբիլների ներմուծումն ու օտարումը ևս մեկ տարով կարող է ազատվել ԱԱՀ-ից և մաքսատուրքից

Ծրագրվում է էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ներմուծումն ու օտարումը Հայաստանում ավելացված արժեքի հարկից ազատելու արտոնությունը երկարաձգել ևս մեկ տարով։ Դրան զուգահեռ, էլեկտրոմոբիլները նաև կշարունակեն ազատվել ներմուծման մաքսատուրքից՝ համաձայն ԵԱՏՄ կարգավորումների։ Այս մասին նախագիծն այսօր Ազգային ժողովի նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։ 

Էլեկտրոմոբիլների ներմուծման արտոնյալ պայմանները մեկ տարով հետաձգելու համար հարկավոր է փոփոխություններ կատարել ՀՀ հարկային օրենսգրքում։ Նախագիծը օրենք կդառնա, երբ Ազգային ժողովում այն ընդունվի։ 

«Ներկայում՝ համաձայն Հարկային օրենսգրքի, նշված տրանսպորտային միջոցները ազատված են ավելացված արժեքի հարկի վճարումից մինչև 2024 թվականի հունվարի մեկը։ Նախագծով նախատեսվում է ավելացված արժեքի հարկի այս արտոնությունը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2025 թվականը հունվարի մեկը։ Միաժամանակ, ըստ ԵԱՏՄ որոշման, Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների գնային քվոտա` 2022 թվականի համար 7 հազար, 2023 թվականի համար 8 հազար հատ չափաքանակով, որի շրջանակում կիրառվում է մաքսատուրքի 0% դրույքաչափ»,- նշեց Նարեկ Տերյանը։ 

Ըստ նրա՝ ամենայն հավանականությամբ առաջիկայում ևս ԵԱՏՄ կարգավորումներ կընդունվեն, որոնք թույլ կտան ոչ ԵԱՏՄ երկրներից Հայաստան 2024-2025 թվականներին յուրքանչյուր տարի մինչև 8 հազար էլեկտրոմոբիլ ներմուծել 0% մաքսատուրքով։ 

Էկոնոմիկայի փոխնախարարը շեշտեց, որ ավելացված արժեքի հարկի և մաքսատուրքի վճարման ազատման արդյունքում էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան աճել է վերջին երկու տարիներին։ 

Մասնավորապես, 2022-ին ոչ ԵԱՏՄ երկրներից ներմուծվել է 2681 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, որը 2021-ի համեմատ աճել է 42.3%-ով: Իսկ 2023 թվականի հունվար-նոյեմբերին այն կազմել է 4496 հատ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով մոտ 2 անգամ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter