HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«FlyOne Armenia»-ի գնած ինքնաթիռը կապում են ռուսաստանցի միլիարդատիրոջ անվան հետ

Հայ-մոլդովական «FlyOne Armenia» ավիաընկերությունը հայտարարել է, որ ձեռք է բերել ամերիկյան արտադրության «Gulfstream G450» բիզնես դասի ինքնաթիռ:

«Սրանով ավիաընկերությունը դառնում է առաջինը, ով կարող է Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից դուրս մատուցել պրեմիում ծառայություններ՝ հարմարեցված գործարար եւ կորպորատիվ ճանապարհորդների կարիքներին»,- նշել է «FlyOne Armenia»-ն՝ հավելելով, որ նման օդանավերի թռիչքային հեռավորությունն ավելի քան 8000 կմ է: Ըստ ավիաընկերության հաղորդագրության՝ այս «G450»-ը տեղավորում է մինչեւ 16 ուղեւոր եւ նախատեսված է ճանապարհորդության լայն աշխարհագրության համար՝ Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի, անդրատլանտյան ուղղություններ։

Լուսանկարները՝ «MJet»-ի կայքից

Նկատենք, որ ընկերությունը հաղորդագրությունը տարածել է նոյեմբերի 14-ին, իսկ Քաղավիացիայի կոմիտեն վերջին անգամ նոյեմբերի 13-ին է հրապարակել ՀՀ ռեգիստրում ընդգրկված օդանավերի ցանկը, որում չկա այս «G450»-ը:

«FlyOne Armenia»-ի անունով ներկա պահին Հայաստանում գրանցված 2 օդանավ կա՝ «Airbus A319» (ՀՀ գրանցումը՝ EK-FOA) եւ «Airbus A320» (EK-FOB): Ավիաընկերությունը վարձակալական հիմունքներով շահագործում է նաեւ 3 հատ «Airbus A320», որոնցից երկուսը գրանցված են մոլդովական «Fly One»-ի շարժակազմում (մոլդովական գրանցումները՝ ER-00006 եւ ER-00007), իսկ մեկը՝ մոնղոլական «Mongolian Airways»-ի (մոնղոլական գրանցումը՝ JU-1410):

«Հայաստանի ավիացիոն պատմության մեջ առաջին անգամ մենք ձեռք ենք բերում միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան բիզնես դասի «Gulfstream G450» օդանավ։ Այս քայլով մենք ավիացիոն ոլորտում նոր ու հավակնոտ հայտ ենք ներկայացնում, փորձում ենք գերազանցել մեր բիզնես ու կորպորատիվ ուղեւորների սպասելիքները՝ առաջարկելով բարձրակարգ ճամփորդական հնարավորություններ»,- նշել է Էդուարդ Սուքիասյանը, որը գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբայրն է, «FlyOne Armenia»-ի 20 %-ի սեփականատերն ու հայկական «SIL Capital» ընկերության նախագահը («FlyOne Armenia»-ի 9 %-ն էլ պատկանում է «SIL Capital»-ին):

Էդուարդ Սուքիասյանը՝ կենտրոնում

Ընկերության տարածած հաղորդագրությանը կից նկարներում տեսնում ենք, որ խոսքը ներկայում ավստրիական OE-IZK գրանցում ունեցող ինքնաթիռի մասին է: Ըստ ավիացիոն տեղեկատուների՝ օդանավը թողարկվել է 2009 թ. ամերիկյան «Gulfstream Aerospace Corporation»-ի կողմից եւ նախապես գրանցված է եղել ԱՄՆ-ում որպես N820GA: 2010 թ. դեկտեմբերին ինքնաթիռը գրանցվել է ավստրիական «MJet» ավիաընկերության շարժակազմում որպես OE-IZK:

Սանկտ Պետերբուրգում, 01.05.2021, հեղ.՝ Մարիաննա Ռիչկովսկայա, jetphotos.com

Չնայած airport-data.com-ը նշում է, որ OE-IZK-ի սեփականատերը հենց «MJet»-ն է եղել, համացանցում տեղեկություններ կան այն մասին, որ օդանավը պատկանել է ռուսաստանցի գործարար, միլիարդատեր Զախար Սմուշկինին (ըստ այդմ՝ ավստրիական ընկերությունը միայն շահագործողն էր): Սմուշկինը հայտնի է փայտամշակման եւ շինարարական բիզնեսով: Նախկինում փայտամշակման ոլորտում Սմուշիկինի բիզնես գործընկերներից է եղել Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: «Forbes» ամսագիրը ներկա պահին Զ. Սմուշկինի կարողությունը գնահատում է 1,4 մլրդ դոլար:

Մեդվեդեւն ու Սմուշկինը. հեղ.՝ Եկատերինա Շտուկինա, ՏԱՍՍ 

Այդուհանդերձ, «FlyOne Armenia»-ի տարածած տեսանյութում երեւում է, որ հայկական ընկերությունը առքուվաճառքի պայմանագիր է կնքել դրա նախորդ սեփականատեր, կանադական «Calypso Trading Limited»-ի հետ: Պայմանագիրը կնքվել է 2 ամիս առաջ՝ սեպտեմբերի 23-ին:

Հետաքրքիր է, որ OE-IZK գրանցումով «G450»-ի թռիչքները հասանելի չեն օդանավերի թռիչքներին առցանց հետեւող flightradar24.com կայքում: Նմանատիպ մեկ այլ կայքում՝ flightaware.com-ում, ասվում է, որ OE-IZK-ն հասանելի չէ հանրային դիտման համար սեփականատիրոջ/օպերատորի խնդրանքով: Նույնն ասվում է planefinder.net, radarbox.com, adsbexchange.com կայքերում:

Ամեն դեպքում, ավստրիական «MJet»-ի կողմից շահագործվող այս օդանավը նախկինում պարբերաբար ֆիքսել են Սանկտ Պետերբուրգից թռիչքներ կատարելիս կամ դեպի այնտեղ մեկնելիս: Ավելորդ չէ ասել, որ Զախար Սմուշկինը պետերբուրգցի է (ինչպես եւ Դմիտրի Մեդվեդեւը): Այսինքն՝ չի կարելի բացառել, որ օդանավը վերոնշյալ կայքերում անտեսանելի է դարձել ռուսաստանցի գործարարի ցանկությամբ:

OE-IZK-ի՝ դեպի Պետերբուրգ եւ այնտեղից մեկնարկող թռիչքները համարակալվել են որպես MJF 007 (MJF-ը «MJet» ավիաընկերության կոդն է, 007-ը՝ թռիչքի համարը): Այս համարով վերջին թռիչքը, ըստ flightaware.com-ի, տեղի է ունեցել 2022 թ. փետրվարի 23-ի երեկոյան, երբ ինքնաթիռը Սանկտ Պետերբուրգից մեկնել է Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկի:

Պատահանակություն է, թե ոչ, բայց ժամեր անց՝ փետրվարի 24-ի լուսադեմին, Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, իսկ շուտով ռուսական ավիացիան, ի թիվս այլ ոլորտների, հայտնվեց արեւմտյան պատժամիջոցների տակ, եւ ռուսական օդանավերի մուտքը ԵՄ երկինք արգելվեց, Ռուսաստանն էլ նմանատիպ միջոցներ կիրառեց Արեւմուտքի հանդեպ: Ըստ ԵՄ պատժամիջոցների՝ արգելվում է ՌԴ ավիափոխադրողների օդանավերի, ինչպես նաեւ Ռուսաստանում չգրանցված, բայց ՌԴ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատկանող, նրանց կողմից վարձակալված կամ այլ կերպ տիրապետվող օդանավերի թռիչքը, վայրէջքը եւ տարանցիկ թռիչքները ԵՄ երկնքում: 

«FlyOne Armenia»-ի տարածած լուսանկարներն ու տեսանյութը համեմատելով Հելսինկիի օդանավակայանում գործող «Jetflite» ընկերության հանգարի հետ՝ կարող ենք ասել, որ OE-IZK-ն հենց այստեղ է կայանված: 

ՀԳ. Հոդվածի հրապարակումից հետո տեսանյութի հասանելիության կարգավորումները փոխվել են։

Առաջին լուսանկարում՝ OE-IZK-ն՝ իսպանական Պալմա դե Մալյորկայի օդանավակայանում, 08.01.2022, հեղ.՝ Խավիեր Ռոդրիգես, jetphotos.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter