HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տրոցենկոն այլևս ԶՊՄԿ-ի սեփականատեր չէ, սակայն նոր բաժնետերը փոխկապակցված է նրան

Նոր բաժնետեր է դարձել Ռուսաստանի քաղաքացի Սվետլանա Երշովան, որը Գլեբ Տրոցենկոյին փոխարինելու է եկել նաև  «Գեոպրոմայնինգ  գոլդ» ընկերությունում։

Գլեբ Տրոցենկոն այլևս չի հանդիսանում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) իրական շահառու՝ 2023 թվականի հոկտեմբերի 27-ին ընկերությունում իր անուղղակի ամբողջ բաժնեմասի օտարումից հետո։ Այս մասին այսօր ԶՊՄԿ-ն հաղորդագրություն է տարածել։

Գլեբ Տրոցենկոն ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի որդին է։ Սեփականատեր է բազմաթիվ ընկերություններում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ՝ արտերկրում։ 

Ե՛վ Ռոման Տրոցենկոյին պատկանող ընկերությունը, և՛ Գլեբ Տրոցենկոն վերջերս հայտնվել են ամերիկյան պատժամիջոցների տակ։ Պետդեպարտամենտի փաստաթղթում ենթադրություն է արվում, որ Տրոցենկոների ընտանիքը մտերիմ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Գլեբ Տրոցենկոյի՝ ԱՄՆ սև ցուցակում հայտնվելը նշանակում է, որ նրան փոխկապակցված ընկերությունների համար ևս ամերիկյան կողմը «փակում է դռները»։ Սա էլ իր հերթին ենթադրում է, որ այն ընկերությունները կամ երկրները, որոնք հանքանյութ կգնեին ԶՊՄԿ-ից, ևս կարող էին հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ։ 

Սակայն, ԶՊՄԿ֊ից վստահեցնում են, որ նման բան չկա։ «Ընկերության բաժնետերերը կամ իրական շահառուները սույն հայտարարության հրապարակման օրվա դրությամբ ընդգրկված չեն պատժամիջոցներ կիրառող որևէ իրավասու մարմնի կողմից հրապարակվող որևէ ցուցակում և Ընկերության նկատմամբ կիրառելի չէ որևէ միջազգային պատժամիջոց»,- նշված է ընկերության հայտարարության մեջ։ 

Ո՞վ է «փոխարինում» Գլեբ Տրոցենկոյին ԶՊՄԿ-ում 

Մինչև ԶՊՄԿ-ի իրական շահառուների ցանկից դուրս գալը՝ Գլեբ Տրոցենկոն, ըստ ընկերության իրական շահառուների ավելի վաղ ներկայացված հայտարարագրի (20/10/2023), ընկերությունում ունեցել է 41.9% բաժնեմաս՝ անուղղակի մասնակցությամբ։

Արդեն ըստ նոր հայտարարագրի, որը հրապարակվել է երկու օր առաջ (21/11/2023),  նա իրական շահառուների ցանկում չկա։

Փոխարենը 47.6% անուղղակի մասնակցությամբ ընկերության իրական շահառու է դարձել Ռուսաստանի քաղաքացի Սվետլանա Երշովան։ 

Ռուսաստանյան մամուլում Սվետլանա Երշովայի անունը հանդիպում ենք Տրոցենկոների բիզնեսների մասին նյութերում։ Ըստ ռուսական «Վեդոմոստի» պարբերականի՝ 2012 թվականի դրությամբ նա հանդիսացել է Ռոման Տրոցենկոյին պատկանող AEON Corporation-ի փոխնախագահ։ 

Այն մասին, որ Սվետլանա Երշովան Տրոնցենկոներին փոխկապակցված անձ է, վկայում է նաև փաստը, որ նա Գլեբ Տրոցենկոյին փոխարինելու է եկել նաև մյուս հանքարդյունաբերական ընկերությունում՝ Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ  գոլդ» ՍՊԸ-ում։ 

Այսպես, ըստ իրական շահառուների նախավերջին հայտարարագրի (07/08/2023)՝ Գլեբ Տրոցենկոն «Գեոպրոմայնինգ  գոլդ» ՍՊԸ-ում ունեցել է 72.6% անուղղակի մասնակցությամբ բաժնեմաս։ Արդեն նոր հայտարարագրում (21/11/2023) Գլեբ Տրոցենկոն իրական շահառուների շարքում չկա։ Փոխարենը ճիշտ 72.6% մասնակցությամբ հայտնվել է Սվետլանա Երշովան։ 

Այդուհանդերձ, ԶՊՄԿ-ից վստահեցնում են՝ «ներկայում պարոն Տրոցենկոյի և ընկերության միջև որևէ հարաբերություն առկա չէ»:

Վերադառնալով ԶՊՄԿ-ի մյուս իրական շահառուներին՝ նշենք, որ բացի Սվետլանա Երշովայից, ընկերությունում ներկայում 11.9% անուղղակի մասնակցությամբ բաժնեմաս ունի նաև Ռուսաստանի քաղաքացի Միրզաազիզ Մուսախանովը, որի անունը ևս հանդիպում ենք Տրոցենկոների բիզնեսների մասին հոդվածներում՝ որպես նրա գործընկեր։

ԶՊՄԿ-ում բաժնեմաս ունի նաև Հայաստանի Հանրապետությունը։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության 21.9 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։ 

Պետության, Սվետլանայի Երշովայի և Միրզաազիզ Մուսախանովի բաժնեմասերը միասին ԶՊՄԿ-ում կազմում են 81.4%: Իրական շահառուների հայտարարագրում ԶՊՄԿ-ի մյուս բաժնետերերը նշված չեն։ 

ԶՊՄԿ-ի իրական շահառուների ցանկում կան նաև միջանկյալ մի շարք ընկերություններ, որից ենթադրվում է, որ իրական շահառուները կամ նրանց մի մասը կոմբինատի կառավարմանը մասնակցում են այդ ընկերությունների միջոցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter