HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՀՀ-ն այսօր խնդիր եւ հնարավորություն ունի գործել այնպես, որ «նոր Սիրիայի» վերածվի ոչ թե տարածաշրջանը, այլ միայն Ադրբեջանը»

«Հետքի» գրավոր հարցերին պատասխանում է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) տարածաշրջանային հարցերով կրտսեր փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը

-Պարոն Հովհաննիսյան, հատկապես վերջին շաբաթներին Ադրբեջանն սկսել է ակտիվ շրջանառել «Արեւմտյան Ադրբեջան» կեղծ նարատիվը: Սա՝ այն դեպքում, երբ հայկական կողմը շարունակում է խոսել «խաղաղության պայմանագրի» մասին։ Ինչպե՞ս հասկանալ։ Արդյոք Ադրբեջանը դրանով փորձում է հող նախապատրաստել հերթական հարձակման համար։ Դուք նշել եք, որ Ալիեւն իր հաղթանակների եւ իշխանության համար հսկայական պարտավորություններ է կուտակել Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իսրայելի նկատմամբ եւ պետք է փոխհատուցի դրա համար:

-Դիվանագիտական դաշտում Հայաստանի որոշակի հաջողությունները, Արեւմուտքի կողմից մեր նկատմամբ աճող իրական եւ հեռանկարային աջակցությունը, բնականաբար, Ադրբեջանի եւ նրա այսօրվա դաշնակիցների համար անհանգստացնող պիտի լինեին, եւ Բաքվի նկատմամբ աճող ճնշումն ու սեփական երկրներում ունեցած խնդիրները նրանց դրդում են դիմել նոր մեթոդների, այդ թվում՝ սպառնալիքների: «Արեւմտյան Ադրբեջան»-ը զուտ տարածքային պահանջ չէ, դրանով փորձ է արվում խափանել արեւմտյան «վերահսկողությամբ» խաղաղության պայմանագրի ստորագրումը, որտեղ հնարավոր է չլինեն միջանցքներ ու անկլավներ, չլինի ռուսական ու թուրքական ներկայություն: Սրանք հարցեր են, հանուն որոնց այդ եռյակը միանշանակ պատրաստ է ծայրահեղ դեպքում, այլ մեթոդներով ցանկալին չստանալու պարագայում դիմել նաեւ ագրեսիայի՝ անկախ դրա հետեւանքներից:

Կուտակած պարտավորությունները Բաքվին դարձրել են գործիք. Ռուսաստանի համար նա միջոց է՝ ազդելու Հայաստանի վրա, իր ուղեծրում պահելու՝ «ԽՍՀՄ 2.0»-ի վերստեղծման հեռանկարով, հաղորդակցության թե՛ հյուսիս-հարավ, թե՛ արեւելք-արեւմուտք տրանսպորտային եւ էներգետիկ ուղիներն այս տարածաշրջանում վերահսկելու: Ընդ որում՝ Հայաստանից Ռուսաստանի հեռացումը ես համարում եմ ժամանակավոր մտադրություն՝ հօգուտ թուրք-ադրբեջանական քաղաքական եւ տնտեսական ռեսուրսի, եւ վերադարձը երաշխավորելու համար Բաքուն եւ հակամարտությունը լավագույն գործիքն են: Թուրքիայի եւ Իսրայելի համար Ադրբեջանը գործիք է մի կողմից՝ Իրանի դեմ, մյուս կողմից՝ որպես գազի ու նավթի աղբյուր, որին պետք է եւ՛ սիրաշահել, եւ՛ կախվածության մեջ գցել:

Բաքուն, իհարկե, փորձում է նախ օգտվել այս շահառուների աջակցությունից՝ թուրքական դիվանագիտության ոճով պահանջելով առավելագույնը, ստանալու հնարավորը, բայց եւ չունենալով սեփական այլ տարբերակները, ագրեսիան, դրա սպառնալիքն այսօր նրա համար միակ միջոցն են՝ որոշակիորեն արձանագրելու ինչպես առկա իրողությունները, այնպես էլ չկորցնելու ձեռքբերումները, այդ թվում՝ իշխանությունը: Եվ Բաքվի այս «պատեպատ»-ը լավագույնս ցուցադրում է այն իրավիճակը, որից Ալիեւը փորձում է ձերբազատվել:

Այս ամենին գումարվում են նաեւ Ադրբեջանի ղեկավարի անձնական վրեժխնդրությունը՝ դուրս գալու մի թերարժեքությունից, որը ձեւավորվել է այն տարիներին, երբ հայերն էին «մատ թափ տալով» խոսում Բաքու հասնելու մասին, եւ մի հանգամանքի եւս, որը մեզանում պատշաճ ուշադրության չի արժանացել՝ Ադրբեջանի ջրային խնդիրը:

Եվ որքան մոտենա պայմանագրի ստորագրման համար, իմ կարծիքով, Արեւմուտքի կողմից սահմանված ժամկետը եւ տարածաշրջանում աշխարհաքաղաքական, չասեմ հայանպաստ, բայց առնվազն ոչ ի վնաս Հայաստանի որոշումների կայացումը, այնքան սպառնալիքները թեժանալու են նույն «պատեպատ»-ի սկզբունքով: Ի վերջո, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Թուրքիայի եւ ո՛չ էլ հենց Ադրբեջանի այսօրվա ղեկավարները չեն կարողանալու իրենց ժողովուրդներին բացատրել սեփական անհաջողությունները, ուստի ամենայն հավանականությամբ գործի կդնեն բոլոր մեթոդները:

Իսկ Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրի, «խաղաղության խաչմերուկի» եւ այլ թեզերն ու նախաձեռնությունները, քանի որ Ադրբեջանի, Ռուսաստանի, Հայաստանի ռուսահաճո զանգվածների մոտ ջղաձգումներ առաջացնող գործողություններ են, ուրեմն արդարացված են: Դրանք, իմ կարծիքով, արեւմտյան համաձայնեցում ունեն, եւ դրանց ես կտայի «զինվել խաղաղությամբ» բազմանշանակ անվանումը՝ այդպիսին տեսնելու հույսով:

-Իրանը բազմիցս հայտարարել է իր «կարմիր գծերի» մասին: Ըստ Ձեզ՝ Իրանը կներգրավվի՞ ռազմական բախման մեջ, եթե Ադրբեջանն ու Թուրքիան ագրեսիա սկսեն Սյունիքի ուղղությամբ: Ո՞ր դեպքերում Իրանը կարող է հետ կանգնել իր հրապարակային կոշտ հայտարարություններից եւ համագործակցության գնալ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ:

-Նախ միամտություն է կարծել, թե Իրանը հանուն Հայաստանի պատերազմ կվարի Ադրբեջանի, առավել եւս՝ Թուրքիայի դեմ: Եվ միամտություն է կարծել, թե դա անելուց հետո մեզ կվերադարձնի մեր կորցնելիքը: Չի՛ պատերազմի (աչքներիս առաջ Գազայի «կարմիր գծերի» օրինակն է), իսկ եթե ներգրավվի, ապա նաեւ մեր տարածքների հաշվին… Այս հարցին խորիմաստ պատասխան պիտի տամ. շուրջ 200 տարի առաջ Պարսկաստանն այս տարածքները հանձնել է Ցարական Ռուսաստանին, եւ նրա համար վերջնարդյունքում ընդունելի կլինի կա՛մ իրեն վերադարձը (ռուս-պարսկական պայմանագրի չեղարկում), կա՛մ ռուսական ազդեցության պահպանումը, այդ թվում՝ Ադրբեջանի ձեռամբ Հայաստանի վրա հարձակմամբ: Սրանցից բացի այլ տարբերակների հնարավորությունը բացառելու անհրաժեշտությունը միայն կարող է Թեհրանին ստիպել իր զորքով պաշտպանել «կարմիր գծերը»: Այսինքն՝ եթե 200-ամյա պայմանագիրը ցարն անտեսի, ապա միայն այդ դեպքում Իրանը կանցնի Արաքսը, այդ թվում՝ Նախիջեւանի հատվածում:

Ի վերջո, պետք է դիտարկել երկու հավանական վարկած. Հայաստանի դեմ հարձակումը կա՛մ տեղի կունենա՝ նպատակ ունենալով պատերազմի մեջ ներքաշել Իրանին, կա՛մ մինչ այդ հարձակումն Իրանին «կլռեցնեն»: Այս պահին, կարծես, եւ՛ Թուրքիան, եւ՛ Ռուսաստանն իրանական կողմի հետ աշխատում են «լռեցնելու» ուղղությամբ՝ գրավիչ առաջարկներ անելով: Դրանք կարող են լինել այլ տարածաշրջաններում կարեւոր փոխհատուցումների տեսքով, կամ ինչպես Էրդողանն է Իրանին առաջարկել՝ նրա էներգակիրներն իր տարածքով Եվրոպա հասցնելը, Իրաքի ու Սիրիայի տարածքով Միջերկրական ծով ելքի իրանական ծրագրերին չխոչընդոտելը եւ այլն: Սրանք ես անվանում եմ «առաջարկ-սպառնալիքներ»՝ հաշվի առնելով Էրդողանի մեկ այլ հայտարարություն «Զանգեզուրի» թեմայով. «Հուսով ենք՝ այս հարցը կլուծվի առանց հակամարտության, եւ Իրանից դրական ազդակներ կան»: Այսինքն՝ պետք է հասկանալ՝ «հակառակ դեպքում կլինի հակամարտություն, որն Իրանին ձեռնտու չէ»:

-Հայաստանը, կարծես, խոշոր խաղացողների՝ միմյանց հակասող շահերի գոտու է վերածվում: Ի՞նչ սպասել սրանից:

-Ոչ միայն Հայաստանը, այլեւ Նախիջեւանը, Արցախը եւ Ադրբեջանն ամբողջությամբ հետաքրքիր են ինչպես հենց տարածաշրջանային միավորների, այնպես էլ առանձին կենտրոնների համար: Ադրբեջանի համար մեր տարածքները, առաջին հարցի պատասխանում նշածս ջրային խնդիրների լուծման տեսանկյունից, քիչ կարեւոր չեն, բայց նա նաեւ Նախիջեւանն իրենը պահելու խնդիր ունի (ինչպես մենք Սյունիքի համար ենք անհանգստանում, այնպես էլ Բաքուն՝ Նախիջեւանի):

Այո, «նոր Սիրիայի» սպառնալիք կա՝ հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի ընդհանուր աշխարհագրական դիրքը, էներգետիկ ռեսուրսների հարցը: Եվ եթե Հայաստանը խոշոր խաղացողներին հետաքրքիր է տարանցիկ ուղիների, դրանց վրա ազդեցության ու Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու իմաստով, իսկ տարածքային առումով միայն Սյունիքի հատվածն է շահերի բախման կետ, ապա ադրբեջանական նավթագազային ռեսուրսները, Ռուսաստանի հետ հարաբերությունների ներդաշնակեցումը եւ որպես հակաիրանական միջոց օգտագործվելու հարցը կարող են շահերի թատերաբեմի վերածել Նախիջեւանից մինչեւ Դերբենտ հատվածն ամբողջապես:

Շատ չմանրամասնելով այս մասը՝ ուղղակի նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր խնդիր եւ հնարավորություն ունի գործել այնպես, որ «նոր Սիրիայի» վերածվի ոչ թե տարածաշրջանը, այլ միայն Ադրբեջանը:

-Ի՞նչ փուլում է այժմ Հարավային Կովկասը՝ հաշվի առնելով այստեղ գտնվող պետությունների, ինչպես նաեւ տարածաշրջանի հանդեպ հետաքրքրություն ունեցող այլ երկրների փոխհարաբերությունները, ընդհանուր եւ հակասական շահերը: Արդյո՞ք ներկա վիճակը կարելի է բնութագրել որպես հարաբերական հանգիստ փոթորկից առաջ:

-Մենք արդեն 3 տարի հանգիստ վիճակում չենք. ընդհանուր վերցրած՝ այո, կարծես հանգիստ է, բայց այս տարիներին քանի՞ ընտանիքներ դժբախտացան, ու քանի՞սը լքեցին իրենց օջախները... Մեծ փոթորիկ սպասելի է՝ հաշվի առնելով շահերի մեծությունը, բայց թե որքանով այն մեզ կառնչվի, դա է հարցը: Ազգային ու մարդկային առումներով՝ այո, շրջանցել չենք կարող, բայց սա այն դեպքն է, որ պետք է այնքան խելամիտ լինել, ներպետական, հասարակական կյանքն այնպես կազմակերպել, արտաքին, այդ թվում՝ տնտեսական, հարաբերություններն այնաստիճան հաշվարկված վարել, որ, ինչպես ասում են, շատ չտուժենք:

Իսկ ընդհանուր առմամբ՝ Հարավային Կովկասն այս պահին «սպասման» փուլում է. հետագա ճակատագիրը կախված է մի կողմից՝ ռուսական մտադրություններից, ուկրաինական պատերազմի ընթացքից ու արդյունքներից, այլ տարածաշրջաններում Մոսկվայի առաջնահերթություններից, եւ մյուս կողմից՝ տարանցիկ ուղիների վերաբերյալ մասշտաբային որոշումների կայացումից ու Իրանի հնարավոր վարքագծից: Սա արդեն «եթե»-ների դաշտ է, բայց կարճաժամկետ հեռանկարում հնարավոր տարբերակները երկուսն են՝

  1. տարածաշրջանային մեծ պատերազմ՝ մեզ համար անկանխատեսելի ելքով,
  2. կամ, որ ավելի հավանական է, հայ-ադրբեջանական լոկալ բախում՝ դրան հաջորդող պայմանագրերի ստորագրում, միջանցքների փոխանակում («Զանգեզուր»-«Լաչին»), «Հյուսիս-հարավի» սահմանափակ եւ քիչ արդյունավետությամբ գործարկում, ապա՝ տեւական խաղաղություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter