HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ԲՏԱ նախարարությունն անդրադարձել է առանց մրցույթի 46 մլն դրամանոց «Տոյոտայի» ձեռքբերմանը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարությունը 46 միլիոն դրամանոց Toyota-ն ձեռք է բերել առանց մրցույթի, քանի որ միայն «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի տվյալ մեքենան է համապատասխանել սահմանված տեխնիկական պարամետրերին։ Այս մասին «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել է ԲՏԱ նախարարությունը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 18-ին գրել էինք, որ ԲՏԱ նախարարությունը «հրատապ մեկ անձ» ընթացակարգով՝ առանց մրցույթի, 2023թ․ նոյեմբերի 17-ին պայմանագիր է կնքել «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հետ, համաձայն որի՝ ընկերությունից 46 միլիոն դրամով ձեռք է բերել Toyota Land Cruiser 300 GR Sport 3.3 մակնիշի ամենագնաց մեքենա։

Գրավոր հարցում էինք ուղարկել ԲՏԱ նախարարություն՝ պարզելու, թե ինչ նպատակով է գնվել այդ մեքենան, ինչու է ընտրվել հենց այդ մոդելի մեքենան, և ինչու է գնումը կատարվել առանց մրցույթի։

ԲՏԱ նախարարությունը «Հետքին» հայտնել է, որ ամենագնացը ձեռք է բերվել ռադիոհսկման աշխատանքներ իրականացնելու համար և չի սպասարկելու նախարարության որևէ անձի։ Toyota-ն հատկացվելու է ԲՏԱ նախարարության համակարգում գործող «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Ըստ ԲՏԱ նախարարության՝ ձեռք բերված մեքենան համալրվելու է տեխնիկական միջոցներով, իսկ այդ աշխատանքների համար անհրաժեշտ էր լիաքարշակ ամենագնաց մեքենա։

Հավելենք՝ «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2006 թվականի սեպտեմբերի 5-ին։ Ընկերության 60 տոկոս բաժնեմասի սեփականատերը մի շարք քրեական գործերով անցնող, այժմ հետախուզման մեջ գտնվող գործարար Սամվել Մայրապետյանն է։ 30 տոկոս բաժնեմասը պատկանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին։ Մնացած 10 տոկոսի սեփականատերն էլ Վահե Գզրարյանն է, որը նաև ընկերության տնօրենն է։

Լուսանկարում՝ Toyota LC 300 GR Sport / © BeyondAutos

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter