HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը ներկա չի լինի իր գործով դատական նիստերին

Մարտունի-3 զորամասի հրամանատար, գնդապետ Գոռ Իշխանյանի գործով դատական նիստերը կանցնեն առանց իրեն։ Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանում նման միջնորդություն ներկայացրին Իշխանյանի պաշտպանները։ Դատարանը բավարարեց այն։

Գոռ Իշխանյանը մեղադրվում է, որ 2020թ․-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում, ենթակա անձնակազմի նկատմամբ հանդիսանալով պետ և պաշտոնատար անձ՝ իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով չի կատարել դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:

ՊԲ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Նվեր Մարտիրոսյանին նույն մեղադարանքն է առաջադրվել։ Երկու հրամանատարների գործը միասին քննում է դատավոր Արտուշ Գաբրիելյանը։

Հրամանատարների մեղադրանքը վերաբերում է 73 հոգանոց վաշտին, որին 2020թ. հոկտեմբերի 11-ին հրաման է տրվել գնալ Հադրութ, որն արդեն գրավված է եղել։ Վաշտի 73 անդամն էլ զոհվել է։

Նիստն անցկացվում էր ապակեպատ դահլիճում, որի մի կողմում մեղադրող ու պաշտպանվող կողմերն էին, իսկ մյուսում՝ զոհված զինծառայողների հարազատները, որոնք հաճախ էին դժգոհում, որ ապակուց այն կողմ քննարկվող հարցերը չեն լսվում։

Նիստի մեկնարկին դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց՝ նախորդ նիստին տուժողներից ոմանք ասել են, որ գույքային հայց ներկայացնելու պահանջ ունեն, դատարանը նրանց գրավոր ներկայացնելու հնարավորություն է տվել։

«Հիմա տուժողների մեծամասնությունը դատական նիստերի դահլիճում է, որևէ անձ գույքային հայց ներկայացնելու պահանջ ունի՞»,- հարցրեց դատավորը։

«Ինչ գույքի մասին ա խոսքը», «գո՞ւյք ենք կորցրել, որ գույքի պահանջ ունենանք»,- տեղից ասացին ծնողները։

Այնուհետև հանրային մեղադրող Գ. Մղդեսյանը դատարանին ներկայացրեց այն փաստաթղթերը, որոնք պետք է հետազոտվեն։ Նա նաև առաջարկեց, որ դրանց հետազոտումից հետո լսեն տուժողի իրավահաջորդներին, ապա՝ դատակոչված վկաներին, վերջում՝ մեղադրյալներին։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հետաքրքրվեց զոհվածների հարազատներից՝ համաձա՞յն են, որ դատական նիստերը հետևյալ հաջորդականությամբ ընթանան։

«Թող ծնողներին լսեն, հետո նոր իրանց»,- պատասխանեցին նրանք։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ ըստ գործող քրեական օրենսգրքի՝ նախկին տուժողի իրավահաջորդները հանդես են գալիս որպես տուժողներ, և որոշեց զոհվածների ծնողներին գործով որպես տուժող ճանաչել։

Դատական նիստի ընթացքում զոհվածների ծնողները պարբերաբար տեղից մեկնաբանություններ էին հնչեցնում, այդ թվում՝ պաշտպանների հասցեին։

«Ռեպլիկները խաթարում են դատական նիստի բնականոն ընթացքը, 55 տուժող կա, 30-40 վկա»,- ասաց դատավորը։

«73 տուժող»,- ուղղեցին ծնողները։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը խնդրեց և պահանջեց երբևէ պաշտպանների հետ կապված որևէ արտահայտություն չանել. «Երկրորդ անգամ սանկցիա եմ կիրառելու, հանեմ դուրս, պաշտպանները կատարում են իրենց աշխատանքը»,- նշեց նա։

«Ոնց հասկանանք, որ հեքիաթներ են խոսում»,- մոտենալով բարձրախոսին՝ ասաց ծնողներից մեկը։

«Եթե գտնում ես հեքիաթներ են, մի արի դատական նիստին»,- պատասխանեց դատավորը։

Գոռ Իշխանյանի պաշտպանը, դիմելով ծնողներին, ասաց. «Էս դժբախտությունը, որ տեղի է ունեցել, չենք եկել, որ ձեզ հակառակ ինչ-որ բան անենք։ Եկեք աչքերը փակ չընդունենք, որ քննչական մարմինը մեղադրում է, դուք ձեր մեջ համոզմունք ունենաք, որ մեղավոր է… Մենք ինչի ենք ուզում, որ մեր պաշտպանյալը չմասնակցի նիստերին։ Գտնում ենք, որ մեղադրյալների մասնակցությունը կրքերը բորբոքում է»,- ասաց նա։

Նվեր Մարտիրոսյանի պաշտպան Արման Բայադյանն էլ ասաց՝ մյուս նիստին դիրքորոշում կհայտնեն իրենց մեղադրյալի՝ դատական նիստերին ներկա լինելու վերաբերյալ։

Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հունվարի 22-ին՝ ժամը 15.30-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter