HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Իշխանությունը կարմիր բերետավորների աջակցությամբ պաշտոնանկ արեց Ալավերդի համայնքի ղեկավարին (լրացված)

Դեկտեմբերի 5-ի վաղ առավոտյան՝ 6։30-ից, ոստիկանությունը շրջապատել էր Ալավերդու համայնքապետարանի վարչական շենքը՝ Ալավերդի համայնքի գործող ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթացն ապահովելու համար։ Շենքի առջև հավաքված համայնքի ղեկավարին, ավագանու «Ապրելու երկիր» և ՀԱԿ կուսակցության անդամներին, նաև՝ համայնքապետարանի աշխատակազմին ու դրսում հավաքված բնակչությանը թույլ չտվեցին մտնել վարչական շենք։

Կարմիր բերետավորների ուղեկցությամբ ավագանու նիստերի դահլիճ մտան ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը և ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ալավերդի համայնքի ավագանու անդամները։ Նրանց միացել էր նաև «Ապրելու երկիր» կուսակցությունից ավագանու անդամ Սիմոն Զախարովը, որն ամիսներ առաջ դուրս էր եկել ավագանու համանուն խմբակցությունից։ Ներսում փակ, գաղտնի քվեարկություն էր ընթանում ավագանու ՔՊ-ական անդամներով և Սիմոն Զախարովի մասնակցությամբ։ Քվեարկելուց հետո նրանք տեղ էին զբաղեցնում դահլիճում, քվեարկությանը դահլիճում հետևում էր ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը։

10։53 րոպեին հայտարարվեց, որ ընտրությունն ավարտվեց, ավագանու 14 անդամ մասնակցեց քվեարկությանը։ Քվեատուփից դուրս բերվեցին քվեաթերթիկները և ընտրության «ժողովրդավարական» լինելը կասկածի տակ չդնելու համար մեկ առ մեկ ցուցադրվեցին գործընթացին հետևող լրագրողներին։ Ամփոփելով՝ հայտարարվեց, որ ավագանին անվստահություն հայտնեց Արկադի Թամազյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ալավերդի համայնքի ավագանու անդամ Դավիթ Ղումաշյանին ընտրեց համայնքի ղեկավար։

Ծափահարություններից ու շնորհավորանքներից հետո հայտարարվեց, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, համայնքապետարանի նիստերի դահլիճում ավագանու արտահերթ նիստ կհրավիրվի, և Դավիթ Ղումաշյանը երդվելուց հետո կստանձնի համայնքի ղեկավարի լիազորությունները։

Ոստիկանության, հավաքված բնակիչների և ավագանու «Ապրելու երկիր» խմբակցություն միջև լարվածությունը շարունակվում է արդեն համայնքապետարանի շենքի ներսում։ Ոստիկանությունը համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին ու նրա գլխավորած խմբակցությանը թույլ չտվեց մտնել նիստերի դահլիճ։ ԱԹամազյանը հայտարարեց դատարան դիմելու մասին։

Նոյեմբերի 30–ին Ալավերդի համայնքի ղեկավարը իր ֆեյսբուքյան էջում բնակչությանը տեղեկացրել էր, որ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքապետարան է ներկայացրել Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ իր որոշումը: Անվստահություն հայտնելու հիմքերի և պատճառների մասին չի հայտարարվել։

«Մեկ տարվա ընթացքում տարաբնույթ հերյուրանքներից, շահարկումներից, սուտ և մտացածին խոսակցություններից հետո այն սպասելի էր թե՛ իմ, թե՛ մեր բնակիչների համար։ Սակայն այստեղ իրապես ցավալի է մեկ հանգամանք. բնակչության վստահության շնորհիվ ավագանու անդամի կարգավիճակ ստացած, սակայն անձնական շահի և ցանկությունների կատարման համար օգտագործված առնետի ընտրած ճանապարհը»,- հայտնել է համայնքի ղեկավարը։

Արկադի Թամազյանը ներկայացնում է «Ապրելու երկիր» կուսակցությունը և Ալավերդի համայնքի ղեկավար էր ընտրվել 2022թ հոկտեմբերի 15-ին։ 2022թ սեպտեմբերի 25-ին Ալավերդի համայնքում տեղի ունեցած ավագանու համամասնական ընտրության ժամանակ նրա մրցակիցը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ընտրացուցակը գլխավորող ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանն էր։ Ընտրության արդյունքներով՝ մասնակից կուսակցություններից ոչ մեկը 50%-ի շեմը չհաղթահարեց, նրանցից յուրաքանչյուրը 13 մանդատ ստացավ, ևս մեկ մանդատ ստացավ 2.43% քվե ստացած Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ)։ «Ապրելու երկիր» և ՀԱԿ կուսակցությունների ստորագրած հուշագրով նրանք ավագանու կազմում մեծամասնություն ունեցան՝ 14 մանդատ, և համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրեցին Արկադի Թամազյանին։ 

ՔՊ-ն ամիսներ առաջ էր սկսել նախապատրաստվել Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին պաշտոնանկ անելու գործընթացին։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի 2022թ նոյեմբերի 30–ի հրամանով Ալավերդի համայնքում այս տարի իրավական և մասնագիտական հսկողություն պետք է իրականացվեր։ 2023թ․-ին նախարարի սույն հրամանով Լոռու մարզի երկու համայնքում էր նախատեսվում հսկողություն իրականացնել՝ Գյուլագարակում, որը պետք է իրականացվեր երկրորդ եռամսյակում և Ալավերդիում՝ 4-րդ եռամսյակում։

Լոռու մարզպետը Արամ Խաչատրյանի 2023թ մայիսի 25-ի թիվ 208 որոշումով երկու համայնքներում իրավական հսկողություն իրականացնելու ժամկետների տեղափոխություն կատարվեց։ Լոռու մարզպետարանն Ալավերդիում իրավական հսկողությունն ավելի վաղ սկսեց իրականացնել։ Մարզպետարանն այս տարի չի հրապարակել հսկողության արդյունքում կազմված արձանագրությունները, բայց մեզ հայտնի դարձավ, որ Ալավերդու համայնքի ղեկավարը արձանագրությունը չի ստորագրել։ Դրանից հետո խոսակցություններ տարածվեցին Ա Թամազյանին իրավական պատասխանատվության ենթարկելու մտադրության մասին, թեև դրա վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չկա։

Այդուհանդերձ, «Քաղաքացիական պայմանագիրը» Ալավերդի համայնքում իշխանությունը վերցնելու ամենակարճ ճանապարհն ընտրեց՝ ավագանու կազմում մեծամասնություն ունենալու համար նրան մեկ ձայն էր պակասում։ Կարճ ժամանակում գտնվեց այդ մեկ մարդը․ ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամներից Սիմոն Զախարովը հրաժարվեց խմբակցությանն անդամակցելուց։ Մասնագիտությամբ բժիշկ Ս Զախարովը հայտարարել էր, որ անկախ է գործելու ավագանու կազմում։

Ավագանու կազմում մեծամասնության բալանսն արդեն փոխվել էր, և նիստերը տեղի չունեցան քվորումի բացակայության պատճառով։ Սեպտեմբերի 26-ից, ավագանու աշնանային գումարման նստաշրջանի ժամանակ նշանակված ոչ մի նիստ տեղի չի ունեցել՝ քվորում չլինելու պատճառով։ Նշանակված հինգ նիստերին չի ներկայացել ՔՊ խմբակցությունը, մի քանի նիստի չի մասնակել նաև Սիմոն Զախարովը։ Այսօր Ս Զախարովի մեկ ձայնի շնորհիվ ՔՊ-ն իշխանություն ստացավ համայնքում։ Քվեարկության ավարտից հետո նա դահլիճից դուրս եկավ համայնքի բնակիչների՝ «հուդա», «դավաճան» վանկարկումների ներքո։

Տեղական ինքնակառավարման մասին (ՏԻՄ) օրենքի 68 հոդվածի համաձայն՝ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ կարող է ներկայացնել ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը՝ համայնքի ղեկավարի լիազորությունները ստանձնելուց և անվստահության հարցը քննարկելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո, որը Արկադի Թամազյանի դեպքում արդեն լրացել է։

ՔՊ-ի նախաձեռնությունը կանխելու նպատակով «Ապրելու երկիր» խմբակցության 9 անդամներ ավելի վաղ էին իրենց կուսակից Արկադի Թամազյանին պաշտոնանկ անելու նախաձեռնությամբ հանդես եկել։ Գործող ղեկավարին անվստահություն հայտնելու և նոր թեկնածու առաջադրելու օրակարգով ավագանու նիստը, բնականաբար, տեղի չէր ունեցել քվորումի բացակայության պատճառով։

Այնուհետև, Ա Թամազյանը դեկտեմբերի 1-ին դիմել էր Կառավարություն՝ խնդրելով վաղաժամ դադարեցնել համայնքի ավագանու լիազորությունները և ավագանու նոր ընտրություններ նշանակել համայնքում։ ՏԻՄ օրենքի 69 հոդվածի համաձայն՝ Կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե` հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում։ Ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման հետ միաժամանակ Կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:

Ա Թամազյանն այսօր հայտարարեց, որ Կառավարությունն իր դիմումին չի պատասխանել, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանն ինքն է անվստահության օրակարգով ավագանու նիստ հրավիրել՝ նախաձեռնող խմբի 14 անդամներով։

«Ապրելու երկիր» կուսակցությունը նույնպես դեկտեմբերի 1-ին ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածեց, որում ասվում էր․ «Այլևս արձանագրված փաստ է, որ օրվա իշխանություններն այլ զբաղմունք ու նպատակ չունեն, քան ուզուրպացնել իշխանությունը՝ անձնական և խմբակային շահերի համար։ Արցախը հանձնած և երկիրը նոր փորձությունների տանող քաղաքական համար մեկ պատասխանատուները՝ վարչապետը և յուր պաշտպանության նախարարը, որոշել են ակտիվ զբաղվել Ալավերդիում իշխանափոխություն իրականացնելու փորձերով։ Եվ սա առաջին դեպքը չէ։ Մենք պատրաստ ենք նաև քննարկել ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը»,- ասվում է հայտարարության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter