HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանի լեռնահարստացման կոմբինատի նոր սեփականատերը բարձրացնում է Գեղանուշի պոչամբարի պատվարը

Հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը ևս 6 տարի կերկարի

Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղների հանքավայրը շահագործող «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն նախատեսում է 2,5 մետրով բարձրացնել Գեղանուշի պոչամբարի հյուսիսային և հարավային պատվարները: Դրա համար Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտ:

Հիշեցնենք` Շահումյանի հանքավայրը նոր շահագործող ունի. «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն վաճառեց շահագործման իրավունքն ու Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատը, և այժմ հանքն ու կոմբինատը շահագործում է «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ն, որի սեփականատերը, համաձայն իրական շահառուների հայտարարագրի, Սասուն Ավետիսյանն է:

Ընդերքօգտագործման պայմանագրում 2023թ. նոյեմբերի 16-ին այս փոփոխությունն արդեն արտացոլվել է: Սասուն Ավետիսյանի հետ փորձեցինք սոցիալական ցանցով հարցազրույցի համար պայմանավորվել: Վերջինս արձագանքեց, սակայն երբ իմացավ՝ ինչի վերաբերյալ ենք ուզում զրուցել, այլևս չպատասխանեց մեզ:

Համաձայն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի` պատվարի բարձրացման ընթացքում նախատեսվում է կառուցել երկրորդային պատվարներ, որոնց համար օգտագործվելու են ստորգետնյա հանքի դատարկ ապարները: Դրա համար կատարվել է պատվարի կայունության լրացուցիչ հաշվարկ, որի հիման վրա ամրությունը ապահովելու համար, նախատեսվել են ամրաբեռնման աշխատանքներ։

Առաջին փուլում նախատեսվում է չորս շերտ` հասցնելով պատվարի ընդհանուր բարձրությունը 10 մ-ի: Երկրորդ փուլում նախատեսվում է պատվարի բարձրացումը ևս 10 մ-ով:

Պոչամբարի պատվարի բարձրացման վերջնական նիշը նախատեսվում է 851մ:

2023թ. մարտի 31-ի տվյալներով` Գեղանուշի պոչամբարում կուտակված է 7.35 մլն խմ պոչ: Հաշվի առնելով, որ նախագծով պոչամբարի վերջնական ծավալը կազմելու է 11,73 մլն խմ՝ պատվարի բարձրացումը կստեղծի 4.375 մլն խմ ծավալ, ինչը կապահովի հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը ևս 6 տարի։

Պոչամբարը զբաղեցնում է 32 հա, ենթակառուցվածքները՝ 1,5 հա, պոչատարը՝ 7,5 հա մակերես։ Տվյալ նախագծով պոչատարի փոփոխություն չի նախատեսվում։

Հարավային պատվարի երկարությունը կազմում է 201մ, հյուսիսայինը՝ 364մ։ Ամրաբեռնումից հետո հյուսիսային պատվարի հիմքի լայնությունը կազմելու է 80մ, իսկ հարավայինինը՝ 50մ։

Նախագծի համաձայն` Գեղանուշ գետի ջրերի հեռացման համակարգը պոչամբարի տարածքից մնում է անփոփոխ։

Գեղանուշ գետի ջրերի հեռացումը, շրջանցելով պոչամբարը, իրականացվում է 114,45մ երկարության և 139 խմ/վրկ թողունակության ջրհեռ թունելի միջոցով:

Ջրհեռացնող թունելի և արագահոսի նախագծերի փոփոխություն չի նախատեսվում, սակայն անհրաժեշտ է ուսումնասիրել դրանց ներկա վիճակը և տալ եզրակացություն անվտանգության վերաբերյալ։

2017թ. «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ կողմից իրականացվել են տեսողական, գործիքային եւ լաբորատոր հետազոտություններ, ի հայտ են բերվել թերությունները եւ առաջարկվել թերությունների վերացման միջոցառումները։

Ընդհանուր առմամբ թունելի վիճակը գնահատվել է աշխատունակ, բայց պահանջվում է վերականգնել բետոնի պաշտպանիչ շերտը որոշ հատվածներում։

«Ջրհեռացնող թունելը Գեղանուշ համալիրի հիմնական կառույցներից մեկն է և նրա հուսալիությունը եւ անվտանգությունը կարեւոր դեր են խաղում Գեղանուշի պոչամբարի հետագա շահագործման համար։ Անհրաժեշտ է, որ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն տվյալ նախագծի շրջանակներում պատվիրի մասնագիտացված կազմակերպությանը իրականացնել տվյալ աշխատանքները»,- նշվում է նախագծում:

Լուս.` Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter