HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը 5 անշարժ գույք և 109 հազար դոլար կանխիկ գումար է հայտարարագրել

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը 5 անշարժ գույք և 109 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումար է հայտարարագրել։ Այս մասին նշված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների 2022թ․ տարեկան հայտարարագրում։

Արման Պողոսյանը ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի մայիսից, սակայն 2008 թվականից Ֆիննախում տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ առաջատար մասնագետից մինչև վարչության պետ։

Արման Պողոսյանի հայտարարագրած 5 անշարժ գույքից 3-ը գտնվում է Արագածոտնի մարզի Օշական գյուղում, որը փոխնախարարի ծննդավայրն է։ Այդ 3 անշարժ գույքերը՝ 2 հողամաս և 1 բնակելի տուն, Արման Պողոսյանը 2012 թվականին ժառանգություն է ստացել։ Այդ գույքերը Պողոսյանին պատկանում են միանձնյա սեփականության իրավունքով։ 

Բացի Օշականի գույքերից Արման Պողոսյանը հայտարարագրել է նաև 2 անշարժ գույք Երևանում, մեկը՝ բազմաբնակարան շենքում ոչ բնակելի տարածք Ավան վարչական շրջանում, որը գնել է 2016 թվականին, մյուսն էլ՝ բնակարան Կենտրոն վարչական շրջանում՝ գնված 2019 թվականին։

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նաև զգալի դրամական միջոցներ է հայտարարագրել։ Մասնավորապես տարեսկզբի համեմատ՝ էական աճել են Պողոսյանի կանխիկ միջոցները։ Եթե 2022-ի սկզբին՝ Արման Պողոսյանն ունեցել է 31 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումար, ապա տարեվերջին այդ գումարը կազմել է 109 հազար դոլար։ Փոխնախարարը հայտարարագրել է նաև 2000 եվրո կանխիկ գումար։ Բացի կանխիկից, Արման Պողոսյանը հայտարարագրել է 108 հազար դրամ բանկային հաշիվներին։

Տարեսկզբին Արման Պողոսյանն ունեցել է նաև 48 հազար դոլար բանկային ավանդ, սակայն տարեվերջին այդ գումարն այլևս չի եղել։

Ինչ վերաբերում է տրանսպորտային միջոցներին, ապա 2022-ի տարեսկզբին Արման Պողոսյանն ունեցել է 2 ավտոմեքենա՝ 2017 թվականի արտադրության «Տոյոտա», որը գնել է 2019թ․, և 2016թ․ արտադրության «Տոյոտա»՝ գնված 2021 թվականին։ Հաշվետու տարվա ընթացքում Արման Պողոսյանը «Տոյոտա»-ներից մեկը 7,5 մլն դրամով վաճառել է։

Ֆինանսների նախարարի տեղակալի տարեկան եկամուտները կազմել են 27,5 մլն դրամ, որից 15 մլն-ը աշխատավարձ, 7,5 միլիոնը՝ ավտոմեքենայի վաճառքից ստացված գումարն է, մնացած եկամուտն էլ ստացվել է ՊԵԿ-ից (այլ եկամուտներ) և «Էվոկաբանկից» (տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս

«Հետքը» շարունակելու է ներկայացնել փոխնախարարների գույքի և եկամուտների հայտարարագրերը։
Լուսանկարը՝ Ազգային ժողովի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter