HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Աշխարհը կանխամտածված կերպով տեղյակ չէ հայկական գորգերից․ թանգարան ստեղծելու հարցն առաջնահերթություն է դարձել

Գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍ) վերջերս հայտարարեց գորգի թանգարան–ինստիտուտ ստեղծելու մասին։  Հայաստանի մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023–27թթ․ ռազմավարական ծրագրով, որը Կառավարությունը հաստատեց նոյեմբերի 9-ին, գորգի թանգարան-ինստիտուտը լինելու է առանձին թանգարանային միավոր։ Նշվում է, որ թանգարան ստեղծելու հարցը ռազմավարական առաջնահերթություն է դարձել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո։ Սակայն թանգարան ստեղծելու տարեթիվ չի նշվել, այն նախատեսվել է ծրագրի իրականացման  չորս տարիների ընթացքում։

«Թանգարան–ինստիտուտ ստեղծելով՝ մենք միանգամից երկու բան ենք ստեղծում՝ և՛ թանգարան և՛ հետազոտական կենտրոն»,- ասաց հայկական գորգարվեստի գիտակ, ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Աշխունջ Պողոսյանը։ Նրա խոսքով, խորհրդային տարիներին նման նախաձեռնություն եղել է, բայց իրականություն չի դարձել։ «Գորգի հետազոտական կենտրոն ստեղծելը առաջնային նշանակություն ունեցող հարց է։ Աշխարհը կանխամտածված տեղյակ չէ հայկական գորգերից։ Տասնամյակներ շարունակ այնպես է արվել, որ գիտական աշխարհը դրանք ընկալի որպես թուրքական գորգ»,– հայտնեց գիտնականը։ 

1981թ․–ին, երբ Խորհրդային Հայաստանի իշխանությունը որոշում է ընդունել Հայաստանի ազգագրության պետական թանգարանի (Սարդարապատի ազգային թանգարանի) գորգի մասնաճյուղ բացել Էջմիածին քաղաքում, մեծ քանակով գորգեր են ձեռք բերել։ Թանգարան հիմնելու համար ժամանակի կառավարությունը միլիոնավոր ռուբլիներ էր հատկացրել գորգերի հավաքածու կազմելու համար։ «Դա ահռելի մեծ գումար էր, և հավաքածուն հավաքվել էր՝ 2200–ից ավելի գորգ, 1500–ի չափ կարպետ և այլն։ Դրան զուգահեռ 1984–85թթ․–ին շենքեր ենք գտել գորգի թանգարանի մասնաճյուղ դարձնելու համար՝ Կապանում, Գորիսում, Եղեգնաձորում, Սիսիանում, Իջևանում»,– նշում է զրուցակիցս։ 

Պրն Պողոսյանը պատմեց, որ Էջմիածին քաղաքում, Մայր Աթոռին մոտ գտնվող մի շենք էին ընտրել թանգարանի համար, որը 1913թ․–ի կառույց էր և բավականին քայքայված։ Շինությունը վերականգնելու և թանգարանային պայմաններին հարմարեցնելու համար նախագիծ էր պատվիրվել «Հայպետնախագիծ» ինստիտուտին։ Ճարտարապետներ Հրաչյա Պողոսյանը, Արթուր Թարխանյանը, ևս երկու ճարտարապետներ նախագծել էին ապագա թանգարանը։ Աշխունջ Պողոսյանը տարիներ առաջ, թանգարան հիմնելու առիթով արված մի հրապարակման մեջ նշում է, որ 1982թ․–ին այդ նախագիծը ցուցադրվել է Ճարտարապետների տանը բացված ցուցահանդեսում և արժանացել ՀԼԿԵՄ դիպլոմի։ Թանգարանը, սակայն չի կառուցվել, իսկ շենքը 1993թ․–ին հանձնվել է Մայր Աթոռին, այնուհետև քանդվել է։ 

Աշխունջ Պողոսյանը 1980–ականներին Ազգագրության պետական թանգարանի, կիրառական–գեղազարդման արվեստի բաժնի վարիչն էր։ «Ես այն ժամանակ կազմել էի գորգերի ցուցադրության պլանը։ Տեղյակ չեմ, թե ինչու թանգարանը չկառուցվեց, բայց հաստատապես համոզված եմ, որ պատճառը շենքը չէր, կամք ունենալու դեպքում շենք կգտնվեր»,– հայտնեց գորգագետը։

Գորգի թանգարանի նախագծի հեղինակ, 1989-1993 թթ.–ին «Հայպետնախագիծ» ինստիտուտի տնօրեն, ՀՃԱ ակադեմիկոս Հրաչյա Պողոսյանը նույնպես չի հիշում, թե ինչու շենքը չկառուցվեց։ «Վերակառուցման նախագիծն ինձ հանձնարարեցին, որպեսզի վերակառուցեն որպես գորգերի թանգարան։ Մենք նախագծեցինք, բայց հետո չկառուցեցին։ Տեղյակ չեմ, թե ինչու չկառուցվեց։ Հիմա նույնիսկ չեմ հիշում, թե ով էր պատվիրատուն»,– ասաց նա։ 

Սարդարապատի ազգային թանգարանի գիտական գծով փոխտնօրեն, ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը հայտնում է, որ մինչև 1990–ականների սկիզբը Հայաստանի ազգագրության պետական թանգարանի նպատակային համալրման կարևոր գծերից մեկը եղել է գորգի հավաքածուն ամբողջականացնելը, որպեսզի հիմք դառնա գորգի մասնաճյուղ թանգարանի ստեղծման համար։ Հավաքածուում ներկայացված են պատմական Հայաստանի տարբեր շրջանների գորգերը։ Դրանցից թանգարանում հիմա մինչև 30 գորգ է  ցուցադրվում։

Հայկական գորգերի էթնիկ պատկանելությունը հիմնավորելն այսօր քաղաքական հարց է դարձել։ ԿԳՄՍ–ն ծրագրում է, որ գորգերի թանգարան–ինստիտուտը գիտական հիմնավոր փաստերի և վերուծությունների միջոցով կպայքարի հայկական գորգագործական մշակույթի յուրացումների դեմ։ «Միաժամանակ, համաշխարհային գորգարվեստում կապահովի հայկական գորգագործական մշակույթի պատշաճ ներկայացումն ու նրա բացառիկ դերի ամրագրումը, միջազգային հարթակներում հայկական գորգի մշակույթի պատշաճ հանրահռչակումը»,– նշված է Հայաստանի մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023–27թթ․ ռազմավարական ծրագրում։ 

Սվետլանա Պողոսյանը հիշեցնում է, որ Ադրբեջանը գորգի 10–ից ավելի թանգարան ունի։ 2013թ․–ին ՅՈՒՆԵՍԿՕ–ն արցախյան գորգը ճանաչեց որպես ադրբեջանական բրենդ։ Հայկական գորգերը միջազգայնորեն ադրբեջանական ճանաչելու համար նրանք խորհրդային շրջանից աշխատանք են տարել, իսկ Հայաստանը, Պողոսյանի խոսքով, մինչև հիմա ինքնահանգստացման մեջ է եղել։ Թանգարանի փոխտնօրենը նշում է, որ այդ բացը լրացնելու համար մեծ ռեսուրս, ներուժ է պետք։

«Նրանց ներկայացրած գորգերի լավագույն և հին նմուշները 17-18–րդ դարերի ծագում ունեն։ Այդ գորգերից և դրանցից ավելի լավերը պահվում են և՛ մեր թանգարանում, և՛ Հայաստանի պատմության թանգարանում»,- ասաց Ս․ Պողոսյանը։ Գիտնականի կարծիքով՝ հայկական գորգերի համար շատ բնութագրական է գունամտածողությունը։ Նրանց գունային նախշազարդումները հարազատ չեն մեզ, մեր գորգերի գույնի հագեցածությունը, գունային մտածողությունը դարերով մշակվել է։ Կարմիր, կապույտ, կանաչ, սպիտակի գունային զուգորդումներից հայկականությունը զգում ես, այլ ազգերի հետ չես խառնի։ Հայկական գորգերը տիպական են նաև եզրագոտիներով։ 

Ջրաբերդ Վիշապագորգ.jpg (366 KB) Գանձասար 1731թ․.jpg (173 KB)
Ջրաբերդ Վիշապագորգ Գանձասար, 1731թ.

Հայկական գորգերը գույներով տարբերակելու մոտեցումը կիրառել է նաև գերմանացի արվեստաբան Ֆոլքմար Գանցհորնը։ «Քրիստոնեա–արևելյան գորգը․ ակունքներից մինչև XVIII դարն ընկած պատկերագրական և պատկերագիտական զարգացման ուրվագիծ» աշխատության մեջ նա նշում է․ « ․․․բոլորիս հայտնի է, որ Քրիստոսի գույնը կարմիրն է, մինչդեռ Մուհամեդինը` կանաչը, և հնագույն գորգերի ճնշող մեծամասնության մեջ գերիշխում է կարմիր գույնը, ինչն, իհարկե, խոսում է գորգերի քրիստոնեական ծագման մասին: Հետազոտության ընթացքում ես համոզվեցի, որ անգամ այն աղոթագորգերը, որոնք մուսուլմանները գործածել են աղոթելիս, կարմիր գույնը կտրած-հանված է և փոխարենը կանաչն է դրված, այսինքն՝ մուսուլմանացված էին․․․»,-գրում է Ֆոլքմար Գանցհորնը։ 

Արևելյան գորգի ծագման և զարգացման պատմությանը նվիրված այս աշխատության մեջ պատմական, մատենագրական հարուստ նյութի, ինչպես նաև աշխարհի տարբեր թանգարանների, մասնավոր հավաքածուներում պահվող հնագույն նմուշների համադիր մասնագիտական քննությամբ ամրագրվում է այն տեսակետը, որ արևելյան գորգի բոլոր զարդաձևերն ու հորինվածքային մոտիվները սերում են հայկական մշակութատարածքից: 

Ի՞նչ կարող ենք հակադրել հայկական գորգերի էթնիկ պատկանելությունը յուրացնողներին

Թուրքիայի ու Ադրբեջանի՝ հայկական գորգարվեստի ժառանգության յուրացման լայնածավալ քաղաքականությանն ի՞նչ կարող են հակադրել հայ գիտնականները։ Աշխունջ Պողոսյանի համոզմունքն է, որ տարածված կեղծիքին հակադրվելու համար շատ հիմնավոր հետազոտություններ պետք է արվեն։ «Դրա համար ուզում ենք թանգարան և հետազոտական կենտրոն ունենալ, որը հավաստի աղբյուրների հիման վրա մի քանի լեզուներով ալբոմներ, կատալոգներ կհրատարակի։ Այդ ճանապարհով հնարավոր կլինի 20–30 տարի հետո իրավիճակը փոխել։ Թուրքերը դրան հասել են 100 տարում»,– ասում է գորգագետը։ 

Հնագիտությունը որոշակի նյութ տրամադրել է հետազոտողներին հայկական գորգի ծագումնաբանությունը թվագրելու համար։ Ա․ Պողոսյանը հայտնում է, որ գորգը երկար չի կարող դիմանալ հողի մեջ, բայց ինչ-որ բան մնացել է, և դրանք շատ լուրջ բաներ են։ Կարմիր բլուր հնավայրում 1950–ական թվականներին արված պեղումների ժամանակ գործվածքի, կարծես թե նաև գորգի պատառիկներ են հայտնաբերվել։ Կարպետի նմուշներ են հայտնաբերվել Արթիկի դամբարանադաշտից, որոնք թվագրվում են՝ մ․թ․ա․ 15–16–րդ դարեր։ Հնագետներն ասում են նաև, որ մ․թ․ա․ 4–րդ հազարամյակի գորգագործական քարե մակետ են հայտնաբերել։ 

Ազգագրագետի կարծիքով՝ հայոց գորգագործական մշակույթին պատկանող հնամենի նմուշը, որ պահպանվել և հասել է մինչև մեր օրերը, մ․թ․ա․ 5–րդ դարին վերագրվող Պազիրիկ գորգն է։ Այն հայտնաբերվել է 1949թ․–ին, Ալթայի երկրամասի դամբարաններից մեկում և պահվում է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում։ Թանգարանը չի ներկայացնում գորգի ծագումը, իսկ գորգագործությամբ զբաղվող ցեղերը և նրանց մեջ, բնականաբար, առաջինը թուրքերը այն իրենցն են համարում։ 1960–ական թվականներից վիճում են դրա ծագման շուրջ։ 

«Հաստատված է, որ Պազիրիկ գորգի հանգույցը հայոց գորգերի հանգույցն է՝ կրկնակի հանգույց։ Էրմիտաժի քիմիկոսները հիմնավորել են, որ այն Արարատյան դաշտի որդան կարմիրով է ներկված։ Այդ նույն տարածքից այլ գորգեր էլ են հայտնաբերվել, բայց  նրանց հանգույցները պարսկական են։ Այլ հիմքեր, ապացույցներ նույնպես կան, որին հակառակ ոչ ոք չի կարող նույնքան հիմնավորված հակափաստարկ ներկայացնել»,– համոզված է գորգագետը։

Հայկական գորգագործական մշակույթի մասին հիշատակումներ կան արաբական պատմական աղբյուրներում։ Վկայակոչելով դրանք՝ Պողոսյանը նշում է, որ արաբական խալիֆաթի ժամանակաշրջանում, հիմնականում, երեք տեսակի գորգեր են ճանաչված եղել՝ բուխարայի, պարսկական և հայկական։ Ամեն դեպքում, գունային գեղեցկությամբ և արժեքով հայկական գորգերին ոչ մեկը չի հավասարվել, բացառությամբ պարսկական մի քանի գորգերի, որոնք իրենց գույնով ու նախշերով մոտենում են հայկական ճոխ գորգերին։ «Սա արդեն իսկ փաստում է, որ հայկական գորգարվեստը չափանիշի նման մի բան է եղել։ Նաև նշվում է, որ հայկական գորգ չունեցող պալատականը երևելի մարդ չէր կարող համարվել»,– ասաց գորգագետը։ 

Այն ժամանակաշրջանում, երբ հայերը պետականություն են ունեցել, գորգեր գործել են վանական խոշոր համալիրներին կից արհեստանոցներում և աշխարհում հայտնի են եղել հայկական գորգ անունով։ Մեր թվարկությունից առաջ գորգը եղել է ծիսապաշտամունքային առարկա, սրբացված տարածք, որի վրա կարող էր կանգնել գերագույն քուրմը։ Գորգն օգտագործվել է եկեղեցական կյանքում, արարողությունների ժամանակ։ Հոգևոր սպասավորներից յուրաքանչյուրն իր կարգի համար գորգ է ունեցել։ 1731թ․–ի գորգ ունենք, որի վրա նշվում է, որ գործվել է Չարեքտարի վանքում (Հյուսիային Արցախ):

Որոշակի ժամանակաշրջան անցնելուց հետո թագավորն էլ կարող էր ոտք դնել գորգին՝ վերնախավի համար էր նախատեսված։ Երբ հայերը պետականությունը կորցրել են, հայկական բառն էլ է մեջտեղից դուրս եկել։ Հետագայում գորգը դադարել է արքայական, իշխանական տների մենաշնորհը լինել, և աստիճանաբար սկսել են գորգեր գործել պատվերով ու վաճառելու համար։ Բայց դրանք էլի որոշակի կենտրոններում էին գործվում։ Իհարկե, տնայնագործներ էլ են եղել, երբ վարպետների քանակը չի բավարարել, շրջակա գյուղերի վարպետներին են ներգրավել պատվերները կատարելու համար։ Այդ գյուղերը հետագայում դարձել են գորգագործական նշանավոր կենտրոններ։ Գորգը կենցաղային է դարձել 19–րդ դարի կեսերից սկսած, այն էլ՝ ոչ բոլորի համար։ Գորգ ունենալու համար նյութական կարողություն էր պետք։ 

Պրն Պողոսյանի կարծիքով՝ հայկական գորգի ծաղկման շրջանը միջնադարն է եղել։ Արաբական պատմագիտական աղբյուրներում նշվում  է, որ միջնադարում, Արաբական խալիֆաթի ժամանակներում, գորգագործական մշակույթը Հայաստանում հայտնի էր և շատ բարձր մակարդակի վրա էր։ Տեղավայրերից նշում են Վան–Վասպուրականը, Բարձր Հայքը՝ Մուշ, Վան, Կարին, Խարբերդ և այլն, Արցախը և Սյունիքը։ Իր հավաքած նյութերն էլ են նույնը վկայում։ 19–20–րդ դարերին վերաբերող մեր ազգագրական նյութերից դատելով՝ Արևելյան Հայաստանում գորգագործական կենտրոններ են եղել՝ Տավուշը, Տաշիրը, Սյունիքը, Լոռին։ 

Ժամանակին այս մշակույթը չի ուսումնասիրվել, հույսը մնացել են սփյուռքահայերի բերած գործվածքների նմուշներն ու նրանց պատմածները։ Դա էլ թույլ է տալիս ասելու, որ Վասպուրականի Արևելյան գավառների գորգագործական կենտրոնները բավականին զարգացած են եղել։ Բարձր Հայքում գորգագործական մշակույթի շատ հայտնի կենտրոն է եղել Խարբերդի վիլայեթի Դերսիմի գավառը։ «Ես խոսում եմ նրանց մասին, որոնց վերաբերյալ հնարավոր է որոշակի ապացույցներ ներկայացնել, բացի բանավոր խոսքերից։ Սուտն արդեն թուրքերն ասել են»,– ասաց գորգագետը։  

 

Եռախորան գորգ.jpg (1.11 MB) Վիշապագորգ.jpg (424 KB)
Եռախորան գորգ Վիշապագորգ

Հայկական գորգերի ինքնությունը հաստատելու և թուրքական ստին հակադրելու հակափաստարկ է նաև այն, որ գորգերի ու կարպետների նախշազարդումները, հորինվածքները կապակցված են արհեստների այլ տեսակների հետ։ Դրանք կրկնվում են ասեղնագործությունների, ոսկերչության, մետաղի գեղարվեստական մշակման մեջ, հատկապես՝ փայտե դռների վրա։ Ա․ Պողոսյանը հիշատակում է Թեոդոսիայի թանգարանում պահվող միջնադարյան Հայաստանի դռները, որոնց փեղկերին գորգի պատկեր  է փորագրված։ 

«Հայոց գորգերը արժեքավոր են նրանով, որ գեղազարդման համակարգն իմաստավորված է։ Գորգի նախշը, հորինվածքը ոճավորված է, խորհրդաբանությամբ միտք են արտահայտում։ Գունաերանգային բոլոր հատկանիշները, որ մեր գորգերն ունեն, չափազանց ներդաշնակ են, հրապուրիչ, և այդ ամենն, իհարկե, բարձրացնում է նրա գեղագիտական մակարդակն ու նյութական արժեքը»,– ասաց ազգագրագետը։  

Պրն Պողոսյանը արցախյան գորգերին նվիրված բազմաթիվ աշխատությունների հեղինակ է և շատ ցավոտ է համարում հայոց նշանավոր գորգերի հռչակավոր կենտրոններից մեկի՝ Արցախի ճակատագիրը և արցախյան գորգերի ինքնությունը յուրացնելու փաստը։ «Արցախ–Սյունիք, պատմական Հայաստանի լեռնային շրջաններում, որտեղ որ պահպանվել են իշխանական տները, դրանցում եղել են նաև գորգագործական արհեստանոցներ։ Սյունիքն ու Արցախը խորհրդային շրջանում էլ գորգագործական կարևոր կենտրոններ էին, և այդ ավանդույթները շարունակել են Խորհրդային շրջանում»,– հայտնեց նա։ 

Խորհրդային ժամանակաշրջանում հայոց գորգագործական մշակույթի շարունակողը եղել է «Հայգորգ» միավորումը։  «Հայգորգի» հենքի վրա անկախության շրջանից «Մեգերյան կարպետ» ընկերությունն է շարունակում գորգագործական ավանդույթները, «Թուֆենկյան գորգեր» ընկերությունը, իսկ Արցախում «Ղարաբաղ Կարպետն» էր արտադրություն հիմնել։ 

Լուսանկարները՝ 

Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի ֆեյսբուքյան էջից

Սվետլանա Պողոսյանի լուսանկարը՝ իր ֆեյսբուքյան էջից

Պազիրիկ գորգի լուսանկարը՝ Վիքիպահեստից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter