HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ համայնքը, Սուրենավանը, Մելիքգյուղը և Քարաբերդը աղտոտված են ծանր մետաղներով

Հայաստանի 4 մարզերի հանքարդյունաբերական գոտիների շրջակայքից, ազդակիր համայնքներից և բնակիչներից վերցված նմուշների փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ առկա է ծանր մետաղներով աղտոտվածություն շրջակա միջավայրում, և բարձր կոնցենտրացիաներ մարդկանց օրգանիզմներում:

Չեխական «Առնիկա» կազմակերպության ներկայացուցիչ Վալերիա Գրեչկոն այսօր կայացած համաժողովին ներկայացրեց իրենց իրականացրած երկամյա հետազոտության արդյունքները: Նմուշառումներ իրականացվել են Հայաստանի չորս մարզերից` Արագածոտնից, Արարատից Կոտայքից և Լոռիից: Հետազոտությունն իրականացվել է հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ների հետ համատեղ՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։

«Առնիկա»-ի ներկայացուցիչ, ծրագրի համակարգող Վալերիա Գրեչկոն պատմեց, որ իրենց կազմակերպությունը մեծ փորձ ունի քիմիական անվտանգության հարցերում, իսկ Հայաստանում աշխատում են 2018 թվականից` անընդհատ:

Ավելի քան 130 նմուշառում են վերցրել 2022 և 2023 թվականների ընթացքում:

Արարատի մարզում ընտրվել են Արարատ և Սուրենավան համայնքները: Լոռիում նմուշառումներ արվել են Քարաբերդում, Կոտայքում` Մեղրաձորում, իսկ Արագածոտնի մարզում` Մելիքգյուղում:

10 հիմնական ծանր մետաղներ են ուսումնասիրվել, այդ թվում` մկնդեղ, կադմիում, կապար, սնդիկ, նիկել, պղինձ, քրոմ, ցինկ, երկաթ և մոլիբդեն: Նմուշները փորձաքննվել են չեխական երկու տարբեր լաբորատորիաներում: 

Վալերիա Գրեչկոն հավաստիացրեց, որ բոլոր փորձաքննություններն անանուն են իրականացվել, հետևաբար որևէ մանիպուլյացիայի հարց լինել չի կարող:

Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում, որտեղ շահագործվում է Մեղրաձորի ոսկի-բազմամետաղների հանքավայրը, փորձանմուշներ են վերցվել Մեղրաձորի հանքավայրի լցակույտերից, հարակից հողերից, գետային նստվածքներից, մեղրաձորցիների այգիներից, ինչպես նաև կենսաբանական նմուշներ տեղի բնակիչներից։ Հողի բոլոր նմուշներում մկնդեղի կոնցենտրացիան գերազանցել է Հայաստանի հողերի համար սահմանված ստանդարտները: Իսկ ոսկու հանքից դուրս եկող ջրային հոսքից վերցված փորձանմուշներում մկնդեղի կոնցենտրացիան կազմել է 29,6 մգ մկնդեղ՝ 1 կգ չոր քաշի դիմաց։

Հողի փորձանմուշներում բարձր է եղել նաև կապարի կոնցենտրացիան, որը գերազանցել է համաշխարհային միջին և Հայաստանի հողի համար սահմանված ստանդարտները: Բարձր է նաև քրոմի կոնցենտրացիան, և այն նույնպես չի համապատասխանում Հայաստանի հողային չափանիշներին: Պղնձի բարձր կոնցենտրացիա է հայտնաբերվել կուտակված թափոններից, ինչպես նաև ոսկու հանքավայրից դուրս հոսող ջրային հոսքի հատակային նստվածքներից վերցված նմուշներում։ Այդ նմուշներում բարձր է եղել նաև սնդիկի, նիկելի և ցինկի պարունակությունը:

Տեղի բնակիչներից վերցված կենսաբանական նմուշներում հայտնաբերվել են մկնդեղի բարձր կոնցենտրացիաներ։ Մեզի մեջ մկնդեղի ամենաբարձր մակարդակը հասուն կնոջ մոտ հասել է 75 մկգ մկնդեղի 1 գ կրեատինինի դիմաց: 5 տարեկան տղայի մոտ մկնդեղի կոնցենտրացիան հասել է 37 մկգ-ի 1 գ կրեատինինի դիմաց։

Կապար, կադմիում և նիկել հայտնաբերվել է գրեթե բոլոր նմուշներում:

Անդրադառնալով տարածքների ընտրության հարցին` «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը պատմեց, որ ընտրվել են այն համայնքները, որտեղից բնակիչները ահազանգեր են հնչեցրել: Բացի դրանից, օրինակ` Մեղրաձոր գյուղում աղտոտվածությունը գծված էր հանքավայրիից դուրս եկող ջրի հոսքի հետ: Այդ հոսքը չէր վերահսկվում և աղտոտում էր ենթակա տարածքները: «Այս ճանապարհը գծված է, և դու հետք ես տեսնում»,- նշեց Ինգա Զառաֆյանը:

Արարատում և Սուրենավանում նմուշառումներ իրականացվել են 2023 թվականին: Այստեղ, հիշեցնենք, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան է, ինչպես նաև Արարատի ցեմենտի գործարանը: Փորձաքննությունը ցույց է տվել, որ տարածքն աղտոտված է մկնդեղով, քրոմն ու նիկելը չափավոր են:

Արարատ համայնքի բնակիչների օրգանիզմում ևս հայտնաբերվել են ծանր մետաղների բարձր կոնցենտրացիաներ` մկնդեղ, նիկել, կապար և կադմիում: Դրանք հայտնաբերվել են նաև համայնքի բնակիչների հողամասերում:

Ընդ որում` մկնդեղի ամենաբարձր կոնցենտրացիան հայտնաբերվել է Արարատի ոսկու կորզման գործարանի հարակից տարածքում: Հողի բոլոր փորձանմուշներում մկնդեղի կոնցենտրացիաները գերազանցել են Հայաստանի հողի համար սահմանված ստանդարտները: Մկնդեղի կոնցենտրացիան մեզի բոլոր նմուշներում միջինում կազմել է 14,28 մկգ` մկնդեղի 1 գ կրեատինինի համար, ինչն ավելի բարձր է, քան բնակչության եվրոպական խմբերում:

Նիկելի կոնցենտրացիաները հողի փորձանմուշներում միջինում կազմել են 57.8 մգ նիկել` 1 կգ չոր քաշի դիմաց, ինչը զգալիորեն գերազանցում է ինչպես համաշխարհային տիրույթի (13-37 մգ նիկել` 1 կգ չոր քաշի համար), այնպես էլ Հայաստանի հողի համար սահմանված ստանդարտները: Նիկելը հայտնաբերվել է մեզի նմուշների գրեթե 80%-ում` միջինը 0,61 մգ նիկել` 1 կգ քաշի դիմաց:

Կապարով աղտոտվածություն է հայտնաբերվել մեզի նմուշների 40%-ում: Կադմիում հայտնաբերվել է հետազոտված մազերի փորձանմուշների 60%-ում և մեզի 4 նմուշում:

Քարաբերդում և Մելիքգյուղում ևս մկնդեղի պարունակության բարձր ցուցանիշներ են հայտնաբերվել: Հիշեցնենք` Քարաբերդում շահագործվում է Քարաբերդի բազմամետաղների հանքավայրը: Մելիքգյուղում` «Մեգո գոլդ» ՍՊԸ-ի շահագործած հանքավայրն ու լքված պոչամբարն են:

«Արմաշ գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Տիգրան Մաթևոսյանն իր ելույթում նշեց, որ հույս ուներ, թե պետական պատկան կառույցներից ներկայացուցիչներ կլինեն, որոնց այս ցուցանիշները կհետաքրքրեն, բայց, փաստորեն, հասարակության առողջությունը, կյանքը, սպառնացող վտանգները նրանց չի հետաքրքում:

«Մենք չգիտենք` ինչ ենք շնչում, ինչ ենք խմում և ուտում, էդ ամենին ծանոթանալու համար պետք է դուրս գալ, շրջել և տեսնել,- ասաց նա,- սա պետական մակարդակով մարդու իրավունքների խախտում է։ Ես իմ ծնված օրվանից շնչել եմ ցեմենտ, խմել եմ ցիան»:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը նշեց, որ այսօր Հայաստանում խնդիր կա` ներդնել ազդակիր համայնքների բնակչության առողջության և ռիսկերի կանխարգելման մեխանիզմներ:

«Բնակչությունն իրավունք ունի առողջ լինելու: Մենք պետք է ունենանք առողջ, ուժեղ սերունդ, իսկ դրա համար պատասխանատվություն պետք է կրի պետությունը, հանքարդյունաբերական ընկերությունը: Բոլորը համաձայն են, որ այս ոլորտում շատ անելիքներ ունեն: Այստեղ քաղաքականության ներդրման խնդիրն է»,- նշեց նա:

Օլեգ Դուլգարյանը հայտարարեց, որ համաժողովի արդյունքում հիմնադրվելու է Հայաստանի քիմիական անվտանգության կոալիցիա, որը ստանձնելու է համայնքների բնակիչների շահերի իրավունքների պաշտպանությունը և երկխոսելու է պետական կառավարման մարմինների հետ:

Վերջինս շեշտեց, որ տեսչական մարմինը չի կարողանում վերահսկողութուն իրականացնել աղտոտման դեպքերի նկատմամբ, որովհետև համապատասխան քանակի աշխատակիցներ չունի, իսկ օրենսդրությամբ սահմանված տուգանքներն այնքան ցածր են, որ ընկերությունները վճարում են տուգանքները և շարունակում իրենց նույն` աղտոտող գործունեությունը։

Արարատի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ շեշտը պետք է դնել պետական քաղաքականության վրա, որը նպատակ կդնի պահպանել բնակչության առողջությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter