HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

150 հազար դոլար ավանդ, 3 անշարժ գույք, 2 «Մերսեդես»․ Քանաքեռ-Զեյթունի թաղապետի խոշոր ունեցվածքը

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը խոշոր ունեցվածքի տեր է։ Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (ԿԿՀ) ներկայացրած գույքի և եկամուտների 2022թ․ տարեկան հայտարարագրից։ Հովակիմյանի հայտարարագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում նաև, որ նա չի հայտարարագրել մասնավոր ընկերությունում ունեցած իր բաժնեմասը։ 

Արտակ Հովակիմյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել 2022 թվականի հուլիսի 25-ին՝ այն ժամանակվա քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ։ 2023թ․ ավագանու ընտրություններում Արտակ Հովակիմյանը եղել է «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակում, նաև կուսակցության անդամ է։ 2023թ․ նոյեմբերի 1-ին արդեն Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ վերանշանակվել է վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում։

Մինչև քաղաքային իշխանությունում պաշտոն ստանալը՝ Արտակ Հովակիմյանը մասնակցություն է ունեցել և ղեկավար պաշտոններ է զբաղեցրել մի քանի մասնավոր ընկերություններում։ Իսկ 2018 թվականի հունիսից մինչև նույն տարվա նոյեմբեր ամիսը եղել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» պետական ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։

Արտակ Հովակիմյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2022թ․ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր։ Պարզվում է՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը պատկառելի սեփականության ունի։ 

3 անշարժ գույք, 2 Mercedes

Սկսենք անշարժ գույքից․ Արտակ Հովակիմյանը հայտարարագրել է երեք միավոր անշարժ գույք։ Դրանցից երկուսը բնակելի տներ են Երևանում, որոնցից մեկը գնել է 2013, իսկ մյուսը՝ 2016 թվականին։ 2021 թվականին էլ Արտակ Հովակիմյանը հասարական նշանակության շինություն է ձեռք բերել։ Ի դեպ, այս վերջին գույքը բավական թանկարժեք է եղել, քանի որ 2022-ի տարեվերջի դրությամբ այդ շինությունը ձեռք բերելու համար վերցրած վարկի մայր գումարի մնացորդը կազմում է մոտ 135 մլն դրամ։ Երկու բնակելի տները ևս Արտակ Հովակիմյանը վարկով է գնել, դրանց մայր գումարի մնացորդները 2,6 մլն և 22,9 մլն դրամ են։ Երեք անշարժ գույքն էլ Քանաքեռ-Զեյթունում են։

Արտակ Հովակիմյանը հայտարարագրել է նաև երկու ավտոմեքենա, երկուսն էլ՝ Mercedes-Benz։ 2017թ․ արտադրության Mercedes-ը գնել է 2020 թվականին, իսկ 2019 թվականի արտադրության Mercedes-ը՝ 2021 թվականին։

150 հազար դոլար ավանդ և 50 հազար եվրո կանխիկ գումար

Հատկապես տպավորիչ են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի հայտարարագրած բանկային ավանդները, դրանք 6-ն են։ Հովակիմյանի դրամային ավանդները կազմում են 29 միլիոն դրամ, իսկ ԱՄՆ դոլարով ավանդների ընդհանուր գումարը 82 850 դոլար է։ Եթե Հովակիմյանի ունեցած բոլոր ավանդները փոխակերպենք դոլարի, ապա կստացվի ավելի քան 150 հազար դոլար։

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա դրանք նույնպես քիչ չեն, հատկապես կանխիկը։ Արտակ Հովակիմյանը 2022-ի տարեվերջին հայտարարագրել է 55 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումար։ Այդ գումարը նույնքան է եղել նաև տարեսկզբին։ Բանկային հաշիվներին ունեցած դրամական միջոցների ընդհանուր գումարը մոտ 1,9 մլն դրամ է։

2022 թվականին Արտակ Հովակիմյանի ընդհանուր եկամուտները կազմել են 6 մլն դրամ, որից 3,8 միլիոնը վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում ստացած աշխատավարձն է, իսկ մնացածը՝ մասնավոր ընկերություններից ստացած աշխատավարձը։

Ա․ Հովակիմյանը չի հայտարարագրել բաժնեմասը

Ինչպես արդեն նշել ենք, Արտակ Հովակիմյանը նախկինում մասնավոր ընկերություններում մասնակցություն է ունեցել և ղեկավար պաշտոններ զբաղեցրել։ Այդ ընկերություններից մեկը՝ «Բիգբիո» ՍՊԸ-ն, Հովակիմյանը հիմնադրել է 2016 թվականի դեկտեմբերի 20-ին։ Նրան է պատկանում ընկերության 100 տոկոս բաժնեմասը։ Թեպետ ՊԵԿ-ի տվյալներով այդ ընկերության գործունեությունը ժամանակավոր դադարեցված է, սակայն Արտակ Հովակիմյանը պարտավոր էր այդ ընկերությունում ունեցած մասնակցության չափը նշել իր շահերի հայտարարագրում։

Ինֆոգրաֆիկան՝ Նարե Պետրոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter