HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Երբ նայում ենք հայկական ֆուտբոլի վիճակին, չենք կարող մեր աչքերը փակել կամ լռել»․ Արաս Օզբիլիզ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի դեկտեմբերի 23-ի ընտրություններին ընդառաջ «Հետքը» զրուցել է ՀՖՖ նախագահի թեկնածու Արաս Օզբիլիզի հետ։

Դուք շատերի համար անսպասելի հայտարարեցիք ֆուտբոլիստի կարիերան ավարտելու և ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին: Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր այս որոշումը, և արդյոք սա միանձնյա՞ որոշում է եղել, թե՞ Ձեր շրջապատի մարդիկ են նաև խորհուրդ տվել։

Միանգամից ասեմ, որ սա իմ որոշումն է եղել, ինձ ոչ մեկը չի կարող ստիպել մի բան անել, որը ես չեմ ուզում։ Ես անկախ մարդ եմ, 33 տարեկան, և իմ որոշումները կարող եմ անձամբ կայացնել ինձ համար։ Հասկանում եմ, որ անսպասելի էր, քանի որ մրցաշրջանը շարունակվում էր (Պրեմիեր լիգայի 23/24 մրցաշրջանը, խմբ․)։ Դեռ անցած մրցաշրջանում մտքիս կար ավարտել կարիերան, քանի որ չեմպիոն էինք դարձել («Ուրարտուն»՝ Հայաստանի չեմպիոն, խմբ․)։ Նախընտրում եմ կարիերան ավարտել պիկի պահին, ոչ թե վատ մարզավիճակում, բայց քանի որ ընտանիքս այստեղ չէր, նաև սեզոնի վերջում հանդիպեցի Հայաստանի հավաքականի մարզչին, և նա ցանկանում էր ինձ հավաքական հրավիրել, մտածեցի՝ մի սեզոն էլ խաղամ ու որոշեցի շարունակեմ։ Բայց ընթացքում, ծնկի ցավերի պատճառով, սրսկվելով էի խաղում, ու արդյունքում որոշեցի՝ ճիշտ ժամանակն է, որ հիմա ավարտեմ, քանի որ ցանկանում եմ մեր ֆուտբոլը զարգացնել։

Այն հանգամանքը, որ Դուք որոշել եք առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում, խոսում է այն մասին, որ ֆեդերացիայի ներկայիս ղեկավարության աշխատանքը ինչ-որ չափով Ձեզ չի գոհացնում, խնդիրներ եք տեսնում և ցանկություն ունեք ինչ-որ բան փոխել։ Եթե անդրադառնանք ֆեդերացիայի վերջին 4 տարվա գործունեությանը, ապա ի՞նչ խնդիրների առաջ է կանգնած հայկական ֆուտբոլը, որ գործող ղեկավարությունը չի կարողացել լուծել։

Ինձ համար շատ կարևոր է՝ ֆեդերացիան այն մարմինն է, որ պետք է արդարությունը ապահովի։ Ես այս պահին դա չեմ տեսնում։ Դա ինձ համար ամենակարևորն է, որ հավասար պայմաններ ստեղծվեն բոլոր ակումբների համար։ Ֆեդերացիան պետք է թափանցիկ և արդար լինի, սակայն երբ դու դա կորցնում ես, մեծ խնդիրների առաջ ես կանգնում։

Ցանկանում եմ հիմա ավելի մանրամասն խոսենք ակումբներ-ֆեդերացիա հարաբերությունների մասին։ Գիտենք, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի մի շարք թիմեր, մեղմ ասած, վատ հարաբերություններ ունեն ֆեդերացիայի հետ։ Վառ օրինակը «Փյունիկն» է, մի քանի օր առաջ էլ ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը հայտարարեց, որ եթե Մելիքբեկյանը վերընտրվի, ապա նա իր թիմը դուրս կբերի Պրեմիեր լիգայից։ Բացի արդարության և անկողմնակալության սկզբունքը պահպանելուց, ի՞նչ պետք է անի ֆեդերացիայի ղեկավարությունը, որ թիմերի և ակումբների միջև այդպիսի հարաբերություններ չձևավորվեն։

Այս պահին ես չեմ կարող ասել, թե ներկայիս ղեկավարությունն ինչ է անում, ոնց է հարաբերվում թիմերի հետ, ոնց է գործում, միայն կարող եմ ասել, որ եթե ես լինեմ ՀՖՖ նախագահ, մաքսիմալ ջանք եմ գործադրելու, որ ակումբների և ֆեդերացիայի հարաբերությունները լավ լինեն։

Հաջորդ թեման, որի մասին ՀՖՖ գործող ղեկավարությունը շատ է խոսել, ենթակառուցվածքների զարգացումն է, մարզադաշտերի, ակադեմիաների կառուցումը, նաև շատ խոսվեց ազգային մարզադաշտի կառուցման, դրա անհրաժեշտության մասին։ Որպես ՀՖՖ նախագահի թեկնածու՝ ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող ի՞նչ ծրագրեր ունեք։

Ես իմ տեսլականում գրել եմ, որ ենթակառուցվածքները շատ կարևոր են, բայց քանի որ ես այդ ներքին խոհանոցի մասին ինֆորմացիա չունեմ, մասնավորապես, թե ֆինանսապես ինչ իրավիճակ է, դժվար կկարողանամ հստակ պատասխանել այդ հարցին։ Բայց այն, որ ֆուտբոլի զարգացման համար ենթակառուցվածքները շատ կարևոր են, դա միանշանակ է։ 

Ակնհայտ է, որ ինչպես մյուս ոլորտներում, ֆուտբոլում ևս մարզերը հետ են մնում Երևանից, և մարզերում ֆուտբոլը ավելի դանդաղ տեմպերով է զարգանում, չնայած որ անընդհատ խոսվում է համաչափ զարգացման կարևորության մասին։ Եվ կան օրինակներ նաև, որ մի քանի ֆուտբոլային ակումբներ ստեղծվել են մարզերում, հետո, հանգամանքների բերումով, դարձել են երևանյան թիմեր։ Ունե՞ք ծրագիր մարզերում ֆուտբոլը զարգացնելու վերաբերյալ։ 

Իհարկե, շատ կարևոր է, որ ֆուտբոլը զարգանա ոչ միայն Երևանում, այլև ամբողջ Հայաստանում։ Եվ դա կրկին կապված է ենթակառուցվածքների ստեղծման հետ։ Մարզային այցերի ժամանակ տեսել եմ մարզադաշտեր, որոնք չափերով համապատասխանել են ստանդարտներին, սակայն գործող դաշտեր չեն եղել, որովհետև անբարեկարգ վիճակում են եղել։ Մարզերում ֆուտբոլը զարգացնելը դժվար է լինելու, բայց ոչ անհնար։

Հիմա մեր ներքին առաջնության ամենացավոտ թեմաներից մեկին եմ ցանկանում անդրադառանալ՝ պայմանավորված խաղերին, ինչի մասին պարբերաբար ահազանգեր են հնչում, թե՛ Պրեմիեր լիգայոմ, թե՛ Առաջին խմբի առաջնությունում։ Ահազանգեր են լինում, որ որոշ թիմեր ստեղծվում են հենց պայմանավորված խաղեր կազմակերպելու և այդ կերպով գումար աշխատելու համար։ Նմանատիպ դեպքերից մեկի մասին «Հետքը» նաև հետաքննություն էր հրապարակել։ Ինչպե՞ս կարող է ֆեդերացիան կանխել այդ պայմանավորված խաղերը, դրանց նախապատրաստումն ու կազմակերպումը։

Շատ ցավալի հարց է, և լուրջ խնդիր է մեր առաջնության համար։ Եթե ամբողջ Հայաստանը դրա մասին խոսում է, պատկերացրեք՝ մեր երեխաներն էլ են դրա մասին լսում։ Մեր երեխաները չպետք է մեծանան այնպիսի ֆուտբոլային մթնոլորտում, որտեղ այդպիսի խոսակցություններ կան, որ խաղերը ծախում են։ Նույնիսկ դրա մասին կասկածներ չպետք է լինեն։ Իմ նպատակը հենց դա է․ մեր առաջնությունը հասցնել այնպիսի մակարդակի, որտեղ նույնիսկ կասկածներ չլինեն պայմանավորված խաղերի մասին։

Քանի որ երեխաներից խոսեցիք, անդրադառնանք նաև մանկապատանեկան ֆուտբոլին, դրա զարգացմանը՝ հատկապես կրկին մարզերում։ Որպես կառույց՝ ֆեդերացիան, և Դուք ընտրվելու դեպքում՝ որպես նախագահ, ի՞նչ աշխատանքներ պետք է կատարեք տաղանդներին բացահայտելու, նրանց ճանաչելի դարձնելու և նրանց տաղանդը համապատասխան ձևով օգտագործելու համար։

Շատ կարևոր է, որ ֆուտբոլով զբաղվող երեխաները մրցումների շատ հնարավորություններ ունենան թե՛ Երևանում, թե՛ Երևանից դուրս, որովհետև մրցումները պարապմունքների քննություններն են։ Ինչքան խաղերը շատանան, մեր երեխաներն այդքան կզարգանան։ Հասկանում եմ, որ մարզերում դժվար է լինելու այդ խաղերը կազմակերպել, բայց էլի եմ ասում, որ անհնար չէ։ Օրինակ՝ կարող ենք ֆիքսված օրեր պայմանավորվել, որտեղ մարզիչներ կարող են գնալ, երեխաներին պարապացնեն, ու մրցումներ կազմակերպենք, որտեղ մարզերի երեխաները գալիս են, ու 2-3 օր մրցումների են մասնակցում։ Պետք է ֆուտբոլային տոն ստեղծենք, որ երեխաները ավելի ոգևորվեն ու հաճույք ստանան ֆուտբոլից, ոչ թե մի հատ դաշտ դնենք ու ասենք՝ խաղացեք։ Պիտի զբաղվենք այդ երեխաների հետ, ֆուտբոլն այն սպորտն է, որը կարող է ու պետք է բոլորին միավորի։

Խոսենք նաև Ազգային հավաքականից։ Ամեն մեծ մրցաշարից առաջ, երբ մեկնարկում է ընտրական փուլը, ֆեդերացիան նշում է, որ Հայաստանի հավաքականի առաջ խնդիր է դրվում նվաճել Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության ուղեգիր։ Եթե Դուք ընտրվեք ֆեդերացիայի նախագահ, ի՞նչ խնդիրներ եք դնելու հավաքականի առաջ։ Արդյոք մեր խնդիրը կրկին Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճե՞լն է լինելու, թե՞ ամուր և կայուն հավաքական ենք ստեղծելու ավելի հեռահար նպատակների համար։

Դուք արդեն պատասխանեցիք այդ հարցին։ Եթե հետևել եք, ես շատ քիչ եմ խոսել Ազգային հավաքականի մասին, որովհետև այնտեղ շատ մեծ խնդիրներ չեմ տեսնում։ Այո խնդիրներ կան, բայց ամենալուրջ խնդիրը հետագայում է լինելու, թե ով է խաղալու մեր հավաքականում։ Եթե մեր երիտասարդական թիմերն անընդհատ պարտվում են, երբ որ հասնեն Ազգային հավաքական, ո՞նց է լինելու։ Մեզ համար միշտ էլ դժվար է լինելու մտնել Եվրոպայի կամ Աշխարհի առաջնություն, բայց ֆուտբոլը հիմա դետալներն են որոշում: Մենք տեսել ենք, որ փոքր երկրներ մասնակցեն այդ մրցաշարերին, այսինքն՝ անհնար չէ, բայց մեծ աշխատանք ունենք անելու դրա համար։

Վերջին տարիներին նկատելի էր, որ ֆեդերացիան շեշտը դրել է դրսից ֆուտբոլիստներ հրավիրելու կամ նատուրալիզացված ֆուտբոլիստների վրա, որոնք մի քանի տարի Հայաստանի առաջնությունում են հանդես եկել, ստացել քաղաքացիություն և դարձել հավաքականի անդամ։ Ձեր քաղաքականությունը այս հարցում ինչպիսի՞ն է լինելու, շարունակելու եք դրսում ֆուտբոլիստներ փնտրե՞լ, թե՞ հույսը դնելու ենք Հայաստանում խաղացող հայ ֆուտբոլիստների վրա։

Բոլորը պետք է հասկանան, որ մենք երկար ճանապարհ ունենք անցնելու, ոչ թե 2, 3 կամ 4 տարվա ճանապարհ։ Մենք կարող ենք հաջողության հասնել կարճ ճանապարհով․ օրինակ՝ եթե Թուրքիային հաղթած լինեինք, Լատվիային հաղթած լինեինք, արդեն Եվրոպա կխաղայինք։ Այսինքն՝ դա էդքան էլ անիրական չէր։ Բայց հետո, այո, ենթադրենք՝ մի անգամ մասնակցեցինք, բա հետո՞։ Ճիշտ եք ասում, որ շատ խաղացողներ դրսից են գալիս կամ այստեղ խաղացող լեգիոներներ։ Ես միշտ ասել եմ, որ մենք պետք է մեր խաղացողներին արտադրենք, պետք է մեր խաղացողներին հնարավորություն տանք, որ վախենալ պետք չէ, եթե կարճ ժամանակում արդյունք չունենք։ Միշտ պետք է ավելի հեռուն նայենք։ Օրինակ՝ ես չեմ համարում, որ մենք հավաքականում մարզչի խնդիր ունենք, որովհետև Անչելոտիին էլ բերենք, մտնելու՞ ենք Եվրո, ո՞վ կարող է հստակ ասել․․․ ոչ ոք։ Դրա համար եմ ասում, պետք է ավելի հեռուն նայենք, ոչ թե կարճաժամկետ պլաններ կազմենք։ 

ՀՖՖ նախագահին ընտրելու են ֆեդերացիայի անդամ կազմակերպությունները։ Վստահաբար նրանց հետ հանդիպումներ ունեցած կլինեք։ Կա՞ն ՀՖՖ անդամ կազմակերպություններ, որոնք Ձեզ հետ զրույցներում վստահեցրել են, որ ընտրություններում աջակցելու են հենց Ձեզ։

Ես փորձում եմ բոլոր անդամների հետ հանդիպել։ Բայց ես այն մարդը չեմ, որ ասեմ՝ խնդրում եմ՝ ինձ ընտրեք, ես խոսք եմ տալիս այս կամ այն բաները կանեմ։ Ինձ պետք է ընտրեն, եթե հավատում են, որ Արասը կարող է հայկական ֆուտբոլն առաջ տանել։ Եթե հիմա նայում ենք հայկական ֆուտբոլի վիճակին, չենք կարող մեր աչքերը փակել կամ լռել, որովհետև մեր ֆուտբոլի վիճակը լավ չէ։ Ես ինչ-որ տեսել եմ, լսել եմ՝ ամբողջ ֆուտբոլային աշխարհը՝ Հայաստանում և նույնիսկ Հայաստանից դուրս, աջակցում է ինձ։ 

Եվ վերջում խնդրում եմ արձագանքեք ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի խոսքերին։ Վստահաբար կարդացած կլինեք, որ նա, մեկնաբանելով ձեր մասնակցությունն այս ընտրություններին, նշել էր, որ Դուք ամեն ինչի էլ արժանի եք, սակայն ափսոսանք էր հայտնել, որ մասնակցում եք, իր ձևակերպմամբ, «կլոունադային»։ 

Ես շատ քիչ լուրեր եմ նայում, բայց լսել եմ այդ մասին։ Պարոն Հայրապետյանին շատ եմ հարգում, բայց ինքն էլ ինձ է լավ ճանաչում, ու գիտի, բոլորն էլ գիտեն, թե ես ինչ նպատակներ ունեմ։ Ես ոչ մեկի մարդը չեմ, ոչ ոք չի կարող ինձ ո՛չ աջ, ո՛չ ձախ տանել։ Ես շարունակում եմ իմ ճանապարհով, իմ նպատակով՝ հանուն հայկական ֆուտբոլի։

Լուսանկարը՝ Արծվիկ Դավթյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter