HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Սուբվենցիա տրամադրելու նոր կարգը կփորձարկվի չորս համայնքում

Կառավարությունը համայնքներում ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնելու համար պետական բյուջեից սուբվենցիա տրամադրելու նոր կարգ է սահմանել։ Այս կարգի ներդրումով համայնքներում իրականացվող սուբվեցիոն ծրագրերի ընտրությանը ակտիվ մասնակցություն պետք է ունենան բնակիչները։ Նախորդ կարգը նույնպես այդ պահանջն ուներ, սակայն բազմաթիվ հրապարակումներով ու հետազոտություններով ցույց ենք տվել, որ այն չի գործում։ Սուբվենցիոն ծրագրերի ընտրության հիմնական պահանջը՝ հանրային լսումների կազմակերպում համայնքներում, չի իրականացվում։

Այս անգամ համայնքներում բնակչության անմիջական մասնակցությունը սուբվեցիոն ծրագրերի առաջադրմանն ու ընտրությանը խթանելու համար Կառավարությունը պետական բյուջեից 500 մլն դրամ է հատկացրել։ 2024թ.-ին այս պահանջները փորձնական կարգով կտարածվեն 4 համայնքներում՝ Աշտարակ, Աբովյան, Ջերմուկ և Արմավիր: 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարությունը համայնքներում մասնակցային բյուջետավորման ընթացակարգի վերաբերյալ մեթոդական ուղեցույց է կազմել։ Համաձայն ուղեցույցի՝ համայնքի բնակիչներն այսուհետ հնարավորություն կունենան ներկայացնել իրենց համայնքին առնչվող գաղափարներ ու ծրագրեր, որոնք կընտրվեն իրենց իսկ կողմից քվեարկությամբ: Համայնքում սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով առաջարկ-նախագծեր կարող են ներկայացնել բնակիչները՝ անձամբ, հասարակական միավորումների և քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով: 

Ներկայացված առաջարկները քննարկելու է համայնքի ղեկավարի ձևավորած հանձնաժողովը։ Ավագանու սահմանած չափանիշներին համապատասխանող առաջարկ-նախագծերը հրապարակվելու են համայնքի պաշտոնական կայքում և ներկայացվելու են հանրային քննարկման: Սահմանված չափանիշներին չհամապատասխանող առաջարկ-նախագծերը մերժվելում դեպքում հեղինակներին տեղեկացնում են մերժելու պատճառների մասին: Առաջարկ-նախագծերի լրացուցիչ քննարկում կարող է կազմակերպվել սոցիալական մեդիայով և համայնքում հանրային լսումների ձևով: 

Հրապարակված և հանրային քննարկում անցած առաջարկ-նախագծերի ընտրությունը պարտադիր կատարվելու է համայնքի պաշտոնական կայքում քվեարկության համար նախատեսված հարթակի միջոցով՝ էլեկտրոնային եղանակով, ուղիղ քվեարկությամբ: Քվեարկության մասնակիցը կարող է քվեարկել առավելագույնը երեք առաջարկ-նախագծերի օգտին: Քվեարկության ընթացքը և քվեարկության արդյունքները (քվեարկության համար սահմանված ժամկետի ավարտից հետո նույն օրը) հրապարակվում են համայնքի պաշտոնական կայքում:

Սուբվենցիաներ ստանալու հայտերը կազմելու համար առանձնացվում են այն առաջարկները, որոնց օգտին քվեարկել են առավելագույն թվից նվազման կարգով քվեարկության մասնակիցները, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր առաջարկ-նախագծի օգտին քվեարկած՝ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցողների առնվազն մեկ տոկոսը: Համայնքի ղեկավարը հաաստատված առաջարկի հիման վրա կազմում է սուբվենցիայի հայտը և ներկայացնում ՏԿԵ նախարարություն։

Նախարարությունն այն ներկայացնում է ֆինանսների նախարարություն և ըստ անհրաժեշտության՝ նաև ոլորտային պետական կառավարման մարմինների քննարկմանը։ Վերջիններս հայտերի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ՏԿԵ նախարարությանն են ներկայացնում հինգ աշխատանքային օրվա ընթացքում։ ՏԿԵ նախարարությունը ստացված հայտի կապակցությամբ եզրակացություն է կազմում առավելագույնը 15 աշխատանքային օրվա ընթացքում և համայնքի ղեկավարին ծանուցում է` 

1) հայտին համաձայնություն տալու մասին,

2) հայտը լրակազմման վերադարձնելու մասին, 

3) հայտը մերժելու մասին:

Հայտը մերժելու պատճառ կարող է լինել նաև այն, որ ֆինանսավորման ներկայացված նախագիծն ընդգրկված չլինի համայնքի զարգացման ծրագրային և ռազմավարական նշանակության փաստաթղթերում, ծրագիրը չհամապատասխանի համայնքներում մասնակցային բյուջետավորման կազմակերպման և իրականացման վերաբերյալ մեթոդական ուղեցույցով նախատեսված ընթացակարգին և այլն։ ՏԿԵ նախարարության հավանությունն ստացած հայտի մասին ծանուցումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում համայնքի ղեկավարն այն հրապարակում է համայնքի պաշտոնական կայքում: 

Հաստատված սուբվենցիոն ծրագրի իրականացման համար համայնքի ղեկավարը նախագծանախահաշվային փաստաթղթերը ներկայացնում է ՏԿԵ նախարարություն։ Փաստաթղթերն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում նախարարությունը մշակում և վարչապետի աշխատակազմ է ներկայացնում ծրագրի իրականացման համար տվյալ համայնքին սուբվենցիա տրամադրելու մասին կառավարության որոշման նախագիծը:

Սուբվենցիա տրամադրելու պայմանագիրը կնքվում է ՏԿԵ նախարարության և համայնքի միջև։ Տրամադրված սուբվենցիաների նպատակային օգտագործման նկատմամբ հսկողությունն իրականացնում է ՏԿԵ նախարարությունը: Ծրագրերի վերաբերյալ մինչև 2025թ մարտի 1-ը համայնքի ղեկավարը տարեկան հաշվետվություն է ներկայացնում նախարարությանը:

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter