HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Օպերային ժանրում իմ երգը բնական է հնչում, սա այն է, ինչ ես փնտրում էի». Նավասարդ Հակոբյան

2023թ.-ի նոյեմբերի 5-ին Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքում անցկացվեց Պլասիդո Դոմինգոյի «Օպերելիա» հանրահայտ օպերային մրցույթը։ «Օպերալիա» մրցույթն ունի միջազգային ժյուրիի մեծ կազմ, և մրցույթում հաղթելը նշանակում է հաստատուն տեղ զբաղեցնել օպերային արվեստում։ Մեր հայրենակից, շնորհալի բարիտոն Նավասարդ Հակոբյանն այս մրցույթում միանգամից երկու մրցանակի արժանացավ՝ երրորդ մրցանակի և Դոն Պլասիդո Դոմինգո Ֆերերի անվան Զարզուելայի մրցանակին։ 25-ամյա երգչի հետ զրուցել ենք օպերային աշխարհ մուտք գործելու և սպասվող բեմական կարիերայի մասին։

Նավասարդ, ի՞նչ երազանքներ ունեիք պատանեկան տարիներին, օպերային երգիչ դառնալը կա՞ր դրանց մեջ։

Երգել սկսել եմ դպրոցական տարիներից, իմ ծննդավայր Գառնիի երաժշտական դպրոցի ժողովրդական երգի դասարանում եմ սովորել: Արդեն 14 տարեկան էի, երբ ընդունվեցի Երգի պետական թատրոն, որտեղ ինձ փորձեցի նաեւ էստրադային ժանրում: Այդ տարիներին շատ էի ուզում երգել, զգում էի, որ երաժշտությունն իմ տարերքն է, բայց ինչպե՞ս եւ ո՞ր ժանրում կարող էի կայանալ՝ չէի ըմբռնում։ Տարբեր ժանրերում եմ փորձել ինձ, ﬕգուցե ստացվում էր, բայց հասկանում էի, որ բնական չէր։ Ինչ-որ բան խանգարում էր, զգացողություններս լիովին արտահայտել չէր ստացվում ﬕնչեւ այն պահը, երբ բացահայտեցի դասական երաժշտությունը:

Ինչպե՞ս բացահայտեցիք, որևէ մեկն ուղեցույց եղե՞լ է այդ ճանապարհին։

Պատահաբար համացանցում լսեցի երեք հայտնի տենորների հաﬔրգը, նրանցից մեկը Պլասիդո Դոﬕնգոն էր: Միանգաﬕց ինչ-որ բան փոխվեց իմ ﬔջ, լսում էի ու միաժամանակ փորձում կրկնել նրանց: Այդ օրվանից օր ու գիշեր սկսեցի բացահայտել դասական երաժշտությունը եւ օպերային աշխարհը, որը ﬕնչ օրս շարունակվում է: Հասկացա, որ գտել եմ այն, ինչ փնտրում եմ, կարող եմ փոխանցել այն, ինչ զգում եմ, եւ որ աﬔնակարեւորն է՝ այս ժանրում իմ երգը բնական է հնչում:

Դրանից հետո ընտանիքում որոշում կայացրինք, որ ես օպերային երգիչ պետք է դառնամ։ Ուսանողական եւ դրան հաջորդող տարիները շատ բարդ եւ  փորձություններով լի տարիներ են եղել: Այդ ժամանակաշրջանում իմ կողքին թիմ է եղել եւ հիմա էլ կա։ Հպարտությամբ պետք է նշեմ, որ ծնողներս իմ գլխավոր թիմակիցներն են: Շնորհակալ եմ նրանց, որ այս դժվարին ճանապարհին հավատացին, վստահեցին և աջակցեցին ինձ:

Ուսանողական տարիներին երգել եք Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Երիտասարդական արտիստ» ստուդիայում։ Տարբերվո՞ւմ էիք Ձեր միջավայրում, և ո՞վ դա նկատեց։

Կոնսերվատորիայի երրորդ կուրսում էի, երբ դասախոսս ասաց՝ արդեն ժամանակն է, որպեսզի գնաս օպերային թատրոն։ Լսում կազմակերպեց ինձ համար, եւ ես շուտով դարձա օպերային երիտասարդական ծրագրի ﬔներգիչ: Այստեղից ևս ﬕ նոր փուլ սկսվեց ինձ համար, շատ հմտություններ և հաջողություններ ձեռք բերեցի։ Ընդաﬔնը 20 տարեկան էի, երբ առաջին անգամ որպես ﬔներգիչ կանգնեցի օպերային թատրոնի բեմում, նվագախմբի առաջ:

Ինչպե՞ս մուտք գործեցիք միջազգային բեմահարթակ։ Ի՞նչ մրցույթների եք մասնակցել և դրանցից ո՞րը բախտորոշ եղավ Ձեզ համար։

Այս տարիներին շատ հաջողությունների եմ հասել դերերգերով հանդես գալով թե՛ օպերային թատրոնում, թե՛ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Բազմաթիվ ﬕջազգային մրցույթների եմ մասնակցել, բայց ինձ համար որոշիչ եղավ 2022թ․–ին Premier Opera Foundation մրցույթին մասնակցելը։ Արժանացա առաջին մրցանակին եւ Հյուսթոնի Գրանդ Օպերային թատրոնից տեղում անցկացվող Էլեոնոր ՄակՔոլումի անվան մրցույթին մասնակցելու հրավեր ստացա: Միաժամանակ, Հյուսթոնի Գրանդ Օպերայից պաշտոնական հրավեր ստացա որպես ստուդիո արտիստ: Այս տարի իմ երկրորդ թատերաշրջանն է այնտեղ, եւ արդեն հանդես եմ գալու ﬔծ դերերգով, որը լինելու է նաեւ որպես դեբյուտ։

2019թ.-ին արժանացել եք ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին, ինչի՞ համար էր տրվել մրցանակը։

2019թ․-ը շատ կարեւոր տարի էր ինձ համար, արժանացա ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին՝ դասական երաժշտություն բնագավառում։ Այն անցկացվում էր աﬔն տարի՝ նախագահի կողﬕց աջակցելով երիտասարդ երաժիշտներին, ովքեր նոր են սկսում իրենց կարիերան։

Այս տարի «Օպերելիա» համաշխարհային օպերային մրցույթում միանգամից արժանացաք երրորդ մրցանակի և Դոն Պլասիդո Դոմինգո Ֆերերի անվան Զարզուելայի մրցանակին։ Սպասելի՞ էր։

Ինչպես արդեն նշել էի, օպերային աշխարհն ինձ համար բացահայտել եմ առաջին անգամ՝ լսելով Պլասիդո Դոﬕնգոյին, երբ 16 տարեկան էի։ Այդ պահից սկսած՝ սիրահարվեցի դասական երաժշտությանը։ Եւ գիտակցել այս աﬔնը, երբ տարիներ անց գտնվում ես այդ լեգենդի հետ նույն բեմում, կամ երգում նրա ղեկավարած նվագախմբում, հնարավորություն ունես շփվելու նրա հետ, խորհուրդներ ստանալու եւ վերջապես նրա ձեռքը սեղﬔլու, ինձ համար դա անբացատրելի էներգիա եւ զգացողություն էր։

Ինչպես փոխեցին մրցանակները Ձեր բեմական ճակատագիրը։

Շատ հետաքրքիր առաջարկներ ունեմ, բայց դեռևս բարձրաձայնել չեմ կարող: Միայն ասեմ, որ 2024-25թթ թատերաշրջանում կկայանա իմ եվրոպական դեբյուտը։ Այժմ ես աշխատում եմ Askonas Holt–ի հետ, որը աշխարհի առաջատար արվեստների կառավարման ընկերություններից է և դասական երաժշտության կատարողներին է ներկայացնում ամբողջ աշխարհում: Askonas Holt-ը ինձ՝ որպես օպերային արտիստի, պաշտոնական ներկայացնողն է աշխարհում։

Ներկայում որտե՞ղ եք երգում և ի՞նչ երգացանկով եք հանդես գալիս։

Այս պահին գտնվում եմ Հյուսթոն Գրանդ Օպերայում (ԱՄՆ), որտեղ սկսվել են Ջակոմո Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» ներկայացման փորձերը։ Այստեղ հանդես եմ գալու Շարփլեսի դերերգով: Այնուհետև Դալլասի Օպերային թատրոնում տեղի է ունենալու իմ դեբյուտը Գրեգորիոյի դերերգով «Ռոﬔո եւ Ջուլիետ» օպերայում: Իսկ 2024–25թթ թատերաշրջանում տեղի կունենա իմ եվրոպական դեբյուտը Սաքսոնական Դրեզդենի  օպերային թատրոնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter