HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Հանրային ձայն» կուսակցությունն առաջարկեց կարմիր գծերի հարցն այս տարի չքննարկել

Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը, որին մասնակցում է ավագանու 36 անդամ։ Մինչ նիստը սկսելը ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը բողոքի ակցիա էր իրականացնում քաղաքապատերանի առջև։ «Մայր Հայաստանի» նպատակն էր,  որ ընդդիմադիր խմբակցությունները չներկայանան, քվորում չապահովվի, և հնարավոր չլինի նիստ անցկացնել:

Խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը նշեց՝ գնում են նախասրահ, տեսնելու՝ ով է ապահովելու քվորումը։

Այնուամենայնիվ, քվորումն ապահովվեց։ Բացի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամներից, դահլիճում էին նաև «Հանրային ձայն» և «Հանրապետություն» խմբակցության անդամները։ Նիստի մեկնարկից րոպեներ անց դահլիճ մտան նաև «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամները։

Ավագանու նիստում քննարկվելու է տեղական տուրքերի և վճարների մասին փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ փոքր կենտրոնում կարմիր գծերում կայանման մեկ տարվա գինը կլինի 160 հազար դրամ։

«Հանրային ձայն» կուսակցությունից առաջարկ եղավ կարմիր գծերի հարցն այս տարի հանել. «Մենք առաջարկել ենք մի քանի տարբերակներ խցանումները փոփոխելու համար, ներկա պահին չգիտեմ՝ ինչ որոշում է կայացրել ձեր ֆրակցիան, բայց եթե ինչ-որ հարցեր կան, որոնք չեք ընդունել մեր կողմից, նախապես ասում եմ՝ հանենք օրակարգից այդ հարցը»,- ասաց «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հայտնեց՝ հարցը Երևան համայնքում տեղական տուրքերին է վերաբերում, այն ընդհանրական է, և այն առաջարկությունները, որոնք արել են, որոշակիորեն ընդունվել են։

«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանն էլ առաջարկեց բոլոր հարցերը դարձնել զեկուցվող։

«Էն հարցերը, որոնք քննարկվել են հանձնաժողովներում, մանրամասնորեն ստացել են դրական եզրակացություն, դրանք, այնուամենայնիվ, կպահվեն չզեկուցվող»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter