HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտադրողն ահազանգում է, որ Lee Deluxe շոկոլադե կոնֆետները Հայաստանում համատարած կեղծվում են

Հայկական Lee Deluxe շոկոլադե կոնֆետներ արտադրող «Լիի դելյուքս» ՍՊԸ-ն պնդում է, որ իրենց կոնֆետներից գրեթե ոչնչով չտարբերվող կոնֆետներ են կրկնօրինակվում շուկայում։

«Կեղծված կոնֆետները փաթեթավորմամբ, ապրանքանշանով և անունով շփոթության աստիճան նման են մեր արտադրած Lee կոնֆետներին։ Սպառողների համար դժվար է արտաքինից տարբերել, թե դրանցից որն է իրական Lee-ն, սակայն համով և որակով կեղծված կոնֆետները անհամեմատ ավելի ցածր են մեր արտադրած կոնֆետներից»,- ասում է գործարանի փոխտնօրեն Վաթչե Քուզելյանը, որը նաև գործարանի համահիմնադիրներից է։

Քուզելյանը գործարանի մյուս համահիմնադիրների հետ Lee անունով շոկոլադե կոնֆետներ է սկսել արտադրել 2013 թվականից։ Սկզբում գործարանը շահագործվել է «Լիի շոկոլադ» ՍՊԸ-ով, 2023 թվականից՝ «Լիի դելյուքս» ՍՊԸ-ով։

Վաթչե Քուզելյանը լիբանանահայ է։ Լիբանանում արտադրվող Lee շոկոլադե կոնֆետների օրինակով սկսել է Հայաստանում ևս արտադրել։ Սկզբում «Լիի  շոկոլադ» ՍՊԸ-ով, ապա՝ «Լիի դելյուքս»-ով Հայաստանում Մտավոր սեփականության գործակալությունում դեռևս 2014 թվականին գրանցվել է LEEDELUXE անվանումը, ինչպես նաև՝ ապրանքային նշանը։

Վերջին՝ հատկապես երկու տարիներին, գործարանը դժգոհություններ է ստանում կոնֆետի որակի վատացման վերաբերյալ։

Քուզելյանը պատմում է, որ դրանից երեք տարի առաջ էլ գործարան են այցելել Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները և ասել, որ գործարանը անօրինական շրջանառություն է իրականացնում և առանց պատշաճ փաստաթղթավորման Լee անունով կոնֆետներ է վաճառում։ Սակայն, հետո ուսումնասիրել են և տեսել, որ շուկայում հայտնված ստվերային խմբաքանակը «Լիի շոկոլադ»-ի արտադրանքը չէ՝ թեև փաթեթավորմամբ և լոգոյով բավականին նման է։

«Լիի դելյուքս» ՍՊԸ-ն սկսել է «բանակցությունները» պատկան մարմինների հետ, սակայն առայժմ որևէ արդյունքի չի հասել։

5-6 տարվա ընթացքում, երբ շուկայում հայտնվել են Lee-ի կրկնօրինակները, ըստ Վաթչե Քուզելյանի՝ իրենց գործարանը 150-200 մլն դրամի վնաս է կրել։

Ընկերությունը պատրաստվում է իրավական գործընթաց սկսել։

«Շուկայում հայտնվել են մեր արտադրած կոնֆետների գրեթե բոլոր տեսակները։ Երբ մի նոր տեսակ ենք արտադրում՝ նոր փաթեթավորմամբ, մի որոշ ժամամակ հետո տեսնում ենք, որ դա էլ է կեղծվում։ Կեղծված Lee անունով կոնֆետներ են վաճառվում Երևանի Փեթակ տոնավաճառում, Երևանի տարբեր խանութներում, նույնիսկ մարզերում՝ Գյումրիում, Վանաձորում և ուրիշ քաղաքներում»,- նշում է Վաթչե Քուզելյանը։ 

«Փեթակ» տոնավաճառում

Ըստ նրա՝ առևտրի կենտրոններում, նույնիսկ, առանձին բաժիններ են բացվել, որտեղ վաճառվում են Lee կոնֆետներ։ Փակցված են գովազդային ցուցանակներ։ Այդ կոնֆետները որպես կանոն ավելի էժան են, որոշ դեպքերում՝ «Լիի դելյուքս»-ի արտադրած շոկոլադների գնին հավասար։

Վաթչե Քուզելյանը, գործարանի տեխնոլոգներն ու մասնագետները համեմատել են կրկնօրինակված կոնֆետների որակը։ Ասում է, որ դրանք պատրաստված են ցածրորակ հումքից։ 

Այս տարվա հունիսին ընկերությունը դիմել է Էկոնոմիկայի նախարարությանը կից գործող Մտավոր սեփականության գրասենյակ և հայտնել, որ վաճառվում են շոկոլադե կոնֆետներ, որոնք հանդիսանում են «Լիի շոկոլադ» ՍՊԸ-ի (այդ ժամանակ դեռ   «Լիի դելյուքս»-ով չէր շահագործվում գործարանը) արտադրանքի նմանակումը՝ օգտագործելով նշված ընկերության սեփականություն հանդիսացող ապրանքային նշանը և անվանումը։ Դիմումի մեջ նշված է կոնկրետ հասցե և ֆեյսբուքյան էջ, որտեղ ներկայացված են կրկնօրինակված կոնֆետները։

«Այս ամենի հետևանքով սպառողների մոտ ստեղծվում է բացասական կարծիք մեր արտադրանքի որակական հատկանիշների վերաբերյալ, որն իր հերթին վնասում է մեր կազմակերպության գործունեության երկար տարիների ընթացում ձեռք բերած բարի համբավը»,- դիմումի մեջ նշել են ընկերությունից և խնդրել գործին համապատասխան ընթացք տալ։

Դիմումին ի պատասխան՝ Մտավոր սեփականության գրասենյակից հայտնել են, որ վերահսկելու լծակներ չունեն, իրենք միայն մտավոր սեփականությունը գրանցող մարմին են։

Այնուհետև ընկերությունը դիմել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողով։ «Մեր գրավոր դիմումից հետո մեզ պատասխանեցին, որ պետք է նոր հաղորդում ներկայացնենք՝ իրենց օրենքի համաձայն ավելի մանրամասն տեղեկություններ տալով։ Սակայն, հետո մեզ հետ բանավոր զրույցի ընթացքում հանձնաժողովի աշխատակիցներից մեկն ասաց, որ կեղծիքը փոքր ծավալներով է, հետևաբար՝ իմաստ չունի նորից հաղորդում տալ»,- պատմում է Վաթչե Քուզելյանը։

Ըստ նրա՝ այդ պատասխանից հետո անիմաստ են համարել կրկին դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով։

«Հետք»-ի բանավոր հարցմանն ի պատասխան Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը հայտնեց, որ այս հարցի մասին տեղեկացրել է աշխատակազմին։ Հանձնաժողովից առայժմ այլ մանրամասներ չեն հայտնել։ Հայաստանի մտավոր սեփականության գրասենյակի օնլայն բազայում կարելի է տեսնել, թե Lee անունը պարունակող ինչ ապրանքային նշաններ կան, ովքեր են դրանց սեփականատերերը։ Lee անունով փնտրելիս բացի LEEDELUXE-ից և լիբանանյան LEE CHOC-ից, չհանդիպեցինք որևէ այլ ընկերության, որը շոկոլադի արտադրության համար ամրագրել է այդ անվանումը։

Բացի LEEDELUXE-ից, որի սեփականատերը «Լիի Դելյուքս» ՍՊԸ-ն է, գրանցված է նաև LEE ապրանքանիշը՝ հագուստ և կոշկեղեն արտադրող, որը հայտնի համաշխարհային բրենդ է և որի արտադրանքը ներկայացված է նաև Հայաստանում։

Գրանցված է նաև LEE CHOC նշանը, որի սեփականատերը Հալեպում գրանցված ընկերություն է և որը Հայաստան է ներմուծում սուրճ, թեյ, շոկոլադ։ Ապրանքային նշանի կողքին կամ ներքևի հատվածում կա նաև անվան արաբերեն տարբերակը։

LEE անվան սեփականատեր է նաև ծխախոտ արտադրող «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊԸ-ն, որը ևս սննդի հետ կապ չունի։

Lee-ի անունով կոնֆետներ այսօր ակտիվ գովազդվում են նաև սոցիալական ցանցերով, որոնք կապ չունեն «Լիի Դելյուքս» ՍՊԸ-ի հետ։

Դրանցից մեկը Choco Lee Chocolate-ն է, որը ունի ինչպես շոկոլադների տեսականին ներկայացնող կայք, այնպես էլ՝ ինստագրամյան էջ։ 

Choco Lee Chocolate-ի կայքում գրանցված հեռախոսահամարին պատասխանողը ներկայացավ որպես ընկերության տնօրեն՝ Մկրտիչ Մկրտչյան։

Նա նախ նշեց, որ չի պատասխանում լրագրողների հարցերին, սակայն հետո որոշեց կարճ պատասխանել` ասելով, որ Lee շոկոլադն ու LEE deluxe-ը «տարբեր բաներ են»։

Հարցին, թե ո՞ր ընկերությունն է արտադրում Choco Lee Chocolate անվամբ շոկոլադները, մեր զրուցակիցը նախ պատասխանեց «Լիի շոկոլադ», հետո՝ «Չոկո լի շոկոլադ»։ Սակայն, ընկերությունների պետական ռեգիստրում տեսնում ենք, որ «Լիի շոկոլադ» անվամբ մեկ ՍՊԸ կա, որը ինչպես նշվեց վերևում, պատկանում է Վաթչե Քուզելյանին և իր գործընկերներին։ Իսկ «Չոկո լի շոկոլադ» անունով ընկերություն չհայտնաբերվեց։

Choco Lee Chocolate անվամբ կոնֆետների դարձերեսին ևս փորձեցինք գտնել արտադրող ընկերության անունը, սակայն նշված է, որ արտադրվել է Բելգիայում, փաթեթավորվել՝ Հայաստանում։ Իսկ արտադրող ընկերության անունը չկա։ Դարձերեսին նաև նշված է՝ «Choco LEE Chocolate» Օfficial: 

Հարցին՝ Choco Lee Chocolate-ն ունի՞ Մտավոր սեփականության գրասենյակում գրանցված անուն, Մկրտիչ Մկրտչյանը պատասխանեց. «Նախ ունեմ, երկրորդն էլ դա ձեր խնդիրը չէ։ Ներողություն, «Հետք»-ի լրագրողը ի՞նչ գործ ունի իրավունքներ հարցնի»։ Նա հավաստիացնում է, որ ամեն ինչ հրապարակային դրված է։

Մյուս հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ երկու իրարից անկախ արտադրողների կոնֆետները ձևով և տեսքով չափազանց նման են լինում, Մկրտչյանը պատասխանեց, որ եթե մեկ ընկերություն ունի 5 տարվա պատմություն (նկատի ունի «Լիի Դելյուքսը»,- հեղ.), իսկ մյուսը՝ 20 տարվա պատմություն, ո՞րը որի՞ց կկրկնօրինակի։ 

Ի՞նչ անել, երբ արտադրողի հեղինակային իրավունքը խախտվում է

Lee անունը պարունակող շոկոլադե կոնֆետների շուրջ առաջացած այս խառնաշփոթը եզակի դեպք չէ։ Մրցակցության հանձնաժողովն ու իրավապահները միայն կարող են որոշել՝ ո՞րն է կեղծիք համարվում, որը՝ բարի համբավի չարաշահում, որը՝ սպառողին մոլորեցում և այլն։

Փաստաբան, «Լոուսյութ» իրավաբանական ընկերության տնօրեն Անի Դավթյանի խոսքով՝ Հայաստանում շատ են կեղծվում աշխարհում հայտնի ապրանքանիշերը։ Սակայն, տեղական արտադրանքի կեղծիքների դեպքեր քիչ են հանդիպել։

Ընկերություններին, որոնք տեսնում են, որ իրենց ապրանքը կեղծվում է, փաստաբանը խորհուրդ է տալիս միանգամից մի քանի ուղղություններով փորձել պաշտպանել իրավունքները։ 

«Առաջին քայլը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին (ՄՊՀ) դիմելն է անբարեխիղճ մրցակցության համար։ Այդ դեպքում պետք է կարողանան ապացուցել, որ իրենք մեծ վնաս են ստանում։ Մաքսիմալ շատ հիմնավորումներ պետք է հավաքեն, որքան դեպք նկատել են` արձանագրեն ու կարողանան աջակցել ՄՊՀ-ին, որ հանձնաժողովը կարողանա վարույթ իրականացնել։ ՄՊՀ-ի առանձնահատկությունն այն է, որ նա ոչ միայն գրանցված ապրանքային նշանների համար է պաշտպանություն տալիս, այլև՝ ոչ գրանցված։ Հաշվի է առնվում, օրինակ որ սպառողը արտադրանքի տուփից ու ձևից կարող է եզրակացնել, որ դա նույն արտադրանքն է, որը ինքը ցանկանում էր գնել»,- բացատրում է Անի Դավթյանը։

Նա նկատում է, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ծանրաբեռնված է աշխատում և ընթացք է տալիս հատկապես այն գործերին, որոնց հայտերը լրացված են պատճաշ, ներկայացված են հիմնավորումներ։

Ապրանքների կեղծման դեպքում գործում է նաև վարչական պատասխանատվություն։ Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում։ Օրինակ՝ եթե Lee Deluxe-ը ունի գրանցված տուփ (որպես արդյունաբերական դիզայն) և կարծում է, որ այլ արտադրողներ օգտագործում են այն, Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում արդյունաբերական դիզայնի խախտման համար։ Այդ հարցով նաև Ոստիկանությունը կարող է ուղղորդել արտադրողին և աջակցել։

«Lee Deluxe-ն ունի գրանցված ապրանքային նշան և կարող է դիմել ընդհանուր իրավասության դատարան՝ այլոց կողմից իր ապրանքային նշանի օգտագործումը արգելելու համար։ Եթե կարողանում են վնասը հիմնավորել, պահանջում են կրած վնասի փոխհատուցում։ Դա կարող է մի փոքր ավելի երկար տևել։ Դատարանները ծանրաբեռնված են, և դատական պրոցեսը կարող է 1-2 տարի տևել»,- նշում է Անի Դավթյանը։

Սպառողները միշտ չէ, որ ուշադրություն են դարձնում, թե տվյալ արտադրանքը ով է արտադրել, չեն կարդում մակնշումները, արտադրողների անունները և այլն։ Այդ դեպքերում, ըստ Անի Դավթյանի, սպառողների կեղծիքների մասին կարելի է տեղեկացնել սոցիալական ցանցերում ծանուցումներով։ Կարող է տեսանյութ կամ լուսանկարներ հրապարակել, որ իր արտադրանքը միայն այս ապրանքային նշանով է, արտադրում է այս ընկերությունը, մնացածը իրենց հետ կապ չունեն կամ կեղծիք են։

«Հիմա, ցավոք սրտի, ապրանքային նշանների հետ կապված հանցագործությունը հեռացվել է Քրեական օրենսգրքից, որը բավականին լավ մեխանիզմ կլիներ։ Իսկ Էկոնոմիկայի նախարարությունն ու Մտավոր սեփականության գրասենյակը լիազորություններ չունեն իրավախախտումները հայտնաբերելու կամ պատժելու։ Բացի ՄՊՀ-ից և իրավական համակարգից, ուրիշ այլ մարմիններ այսօր դրանով չեն զբաղվում»,- բացատրում է փաստաբան Անի Դավթյանը։

Այն արտադրողներին կամ ծառայություններ մատուցողներին, որոնք կարծում են, որ իրենց մտավոր սեփականության իրավունքները խախտվում են, փաստաբանը խորհուրդ է տալիս հետամուտ լինել՝ անգամ եթե զեղծարարները շատ են։  

Մեկնաբանություններ (3)

Gagik Torosyan
I look at the problem from a different point of view, because, without reading the other inscriptions on the box, encouraged by the name of the best American jeans manufacturer for almost 150 years, whose trousers I love to wear, especially the velvet ones, I bought it. I knew that some similar companies also produce different products under such a brand, strictly guarding their good name. However, I was doubly deceived; on the one hand, it has nothing to do with the American trouser and other clothing company I know, and according to your account it is not genuine but a local surrogate. I am even more convinced that it is impossible to create order and rules in this country because, as far as I understand it, the current creators of order and rules /ՔՊԿ or party of <civil legal contract>/ are the authors of this mess. Specifically, unrelated to this chocolate-and-pants topic. All pavements in Yerevan are covered with paving stones /at least in the neighborhood where I live for the second time in a year/, "evil" tongues say that this is the business of the new mayor of Yerevan or his entourage. And the paving stone in front of the building near the Agrarian University from the "Plani Glukha" side, which has been recently put up for 2 months, is dissolving in the rainwater, perhaps it will be changed again in the near future. Can you imagine a water soluble paving stone? What a scientific achievement!!!
Varouj
Wake up, people wake up! if you continue this type of lax rule of law, we will continue to be mediocre we will not grow and we will be absorbed by our neighbors. The only way to grow to double or triple the population is through trust. Somebody needs to stamp out these counterfeit chocolate makers as an example of the rule of law being enforced in Armenia
ed
A bunch of people are doing great harm to the business... Not much has changed in the last years. This same would apply to Armenian brandy and wines, juices and so on ... if there are no relay hard strict regulations and quality control in the country, soon no one would like to buy Armenia made brandy or wines and all other things.. Armenian government doesn't want to understand that “Diaspora Armenian Customers” won't be there for ever - weak up!!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter