HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մարդիկ պետք է փոխեն իրենց գործելակերպը». Քրիստիան Հենշելը` EU4Sevan ծրագրի ընթացքի մասին

«Հետքի» հարցերին պատասխանել է EU4Sevan թիմի ղեկավար Քրիստիան Հենշելը:

«Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագիրը մեկնարկել է 2021 թվականին: Այն ուղղված է Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանությանը: Ծրագրի ընդհանուր բյուջեն 5,7 միլիոն եվրո է: Ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարություն կողմից։ Այն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից: Ծրագրի գործընկերներն են Շրջակա միջավայրի նախարարությունը, Էկոնոմիկայի նախարարությունը (պատասխանատու է գյուղատնտեսական հատվածի համար) և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (պատասխանատու է տեղական կառավարման և ենթակառուցվածքների համար)։

-Պրն Հենշել, ինչպե՞ս եք գնահատում EU4Sevan ծրագրի իրականացման ողջ գործընթացը:

-Ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի սկզբին, բավականին դժվար ժամանակաշրջանում, երբ պատերազմը նոր էր ավարտվել, և դեռ քովիդի շրջանն էր: Կարող եմ ասել, որ գրեթե 3 տարի անց ծրագիրը բավականին առաջընթաց ունի՝ հաշվի առնելով երկրի անվտանգության իրավիճակը, ինչպես նաև բոլոր արտաքին գործոնները։

Մենք աշխատում ենք շատ ծավալուն թեմաների հետ՝ կոյուղաջրերի կառավարում, գյուղատնտեսություն: Դրանք հեշտ ոլորտները չեն. կան քաղաքական ռիսկեր, ծախսեր, և հատկապես մարդիկ պետք է փոխեն իրենց գործելակերպը: Սա երկար գործընթաց է:

Մենք սերտորեն համագործակցում ենք պետական կառույցների հետ. աշխատում ենք Շրջակա միջավայրի, Էներգետիկ և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ:  Բոլորն ունեն իրենց դերակատարությունը, և մենք աշխատում ենք միասին, բայց նրանց ժամանակ է հարկավոր քայլեր անելու համար: Մենք նաև տեսնում ենք, որ առաջին քայլերն արվում են:

Ծրագիրը մշակել և փորձարկել է հաջող մոդելներ տարբեր ոլորտներում՝ գյուղատնտեսությունում, կոյուղաջրերի կառավարման, տվյալների կառավարման ոլորտներում, որոնք մասամբ արդեն իրականացված են։ Օրինակ` կառավարությունը բյուջե է հատկացրել Սևանա լճի մոնիտորինգի համար, ինչը նախկինում չի արվել։ Այժմ մենք պետք է ավելի շատ առաջնորդություն տեսնենք նաև կառավարության շահագրգիռ կողմերից: Օրինակ՝ ո՞վ կհոգա, հատկապես Սևանա լճում, կեղտաջրերի մաքրման և կառավարման համար, ինչպես  նաև Սևանա լճում քիչ հանքային պարարտանյութերի օգտագործման համար: Սրանք միշտ զուգորդվում են սոցիալ-տնտեսական գործոնների հետ։ Երբ նայում ենք Գեղարքունիքի մարզին, հասկանում ենք, որ համայնքներն այնքան էլ լավ վիճակում չեն, և տնտեսական հնարավորությունները շատ չեն, և մենք մեր գործունեությունը պետք է միշտ կապենք առկա իրավիճակի հետ: Այսինքն` եթե մենք ինչ-որ բան անում ենք բնապահպանական առումով, դա առաջին հերթին պետք է լավ լինի հանրության համար. եկամուտների բարելավում, աշխատատեղերի բարելավում, նաև քաղաքապետարաններում բարելավված ծառայություններ: Այսպիսով, կարծում եմ, որ ուղղությունը պարզ է: Հիմա այն ավելի շատ ջանք է պահանջում:

-Որո՞նք են այն հիմնական խոչընդոտները, որոնց ամեն անգամ բախվում եք որոշ փորձնական (պիլոտային) ծրագրեր իրականացնելիս:

-Կարծում եմ, որ հիմնական խոչընդոտները միջգերատեսչական համագործակցության պակասն է: Այն բոլոր թեմաների մասին, որ մենք խոսում ենք, միայն մեկ գերատեսչության պատասխանատվության ներքո չեն, այլ մի քանի: Եվ նախարարություններն էլ պետք է հստակեցնեն իրենց տեսակետը ու պատասխանատվություն ստանձնեն և ասեն` լավ, եկեք անենք, եթե նույնիսկ դա ինչ-ինչ ռիսկեր է պարունակում: Յուրաքանչյուր քայլ էլ ռիսկ է պարունակում: Օրինակ` կոյուղաջրերի կառավարումը ինքնին ռիսկային հարց է, քանի որ ռիսկ կա, որ սակագինը կբարձրանա և  մարդիկ կդժգոհեն և, օրինակ, կփակեն Սևանի մայրուղին: Պետք է պարզել ռիսկերը և օգուտները երկրի համար և համապատասխան ներդրում կատարել:

-Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Հայաստանում հաստատությունների միջև կապի պակաս կա։

- Դա սովորական մշակութային երևույթ է: Հայ հասարակությունը մի փոքր ավելի ինդիվիդուալիստական ​​է: Սա իմ անձնական դիտարկումն է որպես օտարերկրացի: Այն սովորական երևույթ է:

- Այսինքն` ոչ թե մտածել, որ նրանք չեն ցանկանում պատասխանատվությո՞ւն ստանձնել։

-Ոչ: Ես նկատի ունեմ, որ առաջնորդության թեման երբեմն պետք է ավելի ուժեղ լինի: Առաջնորդելը նաև ռիսկի դիմել է: Բայց նաև կարծում եմ, որ չհամագործակցելը նաև գործելակերպ է: Այսպիսով, մեր ծրագիրը փորձում է ստեղծել հարթակ, որտեղ բոլորը կարողանան համագործակցել, և մենք տեսնում ենք դրա բարելավումը, բայց դա դեռ բավարար չէ: 

- Ունե՞ք ծրագրային վերջնաժամկետների ձգձգումներ, թե՞ ամեն ինչ ժամանակին է արվում:  

-Ձգձգումներ կան հիմնականում միայն կոյուղաջրերի կառավարման ոլորտում: Մենք պետք է աջակցենք լրացուցիչ կոյուղաջրի մաքրման կայանի կառուցմանը Գավառում: Շատ երկար տևեց։ Մենք կատարեցինք ուսումնասիրություն, և բոլորը համաձայնեցին, որ սա շատ լավ տեխնիկական լուծում է: Ներդրումներ անելու համար պետք է հասկանանք, թե ով է այն գործարկելու և ով է վճարելու այն հետագայում շահագործելու համար։ Այսպիսով, սա «Վեոլիա ջուր»-ն է, «Վեոլիա»-ն պետք է գործարկի, բայց վճարումն ակնհայտորեն գալիս է կառավարության սակագնից, և պայմանագիր կնքելու համար առնվազն մեկ տարի պահանջվեց, որտեղ Ջրային կոմիտեն, Veolia-ն, ՇՄՆ և ԳՄՀԸ-ը կարողացան ստորագրել՝ հստակեցնելով բոլոր կողմերի պատասխանատվությունները: Ձգձգման հիմնական պատճառը սակագինն էր. պետք էր հասկանալ ծախսային հետևանքները: Այսպիսով, գրեթե մեկ տարի տևեց, և դա հետաձգեց գործընթացը, ուստի մենք դեռ չենք սկսել շինարարությունը:

Լուսանկարը` ՇՄՆ կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter