HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

100 հազար դրամ տուգանք՝ լեռնադահուկային համալիրն առանց փորձաքննության կառուցելու համար

Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքում գործող «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի լեռնադահուկային համալիրը, 2022 թվականի ընթացքում մինչև շինարարական աշխատանքների նախաձեռնելը, չի իրականացրել ճոպանուղիների, հյուրանոցային և ռեստորանային հանգույցի կառուցման համար կազմված նախագծա-նախահաշվային փաստաթղթերի շրջակա միջավարի վրա ազդեցության և գնահատման փորձաքննություն։ Այս մասին մեզ հայտնել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը։

Հիշեցնենք, որ 2023 թ. հունվարից գործում է «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ի լեռնադահուկային համալիրը, որը ներառում է ճոպանուղին, «Տաք տեղ» ռեստորանային համալիրը և դրանց սպասարկող ենթակառուցվածքները։ Սակայն «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ն համալիրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտը ներկայացրել էր փորձաքննության 2023թ․․ տարվա աշնանը` հայտը Շրջակա միջավայրի նախարարության կայքում հրապարակվել է հոկտեմբերի 4-ին։ Հետևաբար կառուցապատում, շինարարություն և գործունեություն իրականացրել էր՝ չունենալով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն։

Տեսչական մարմնին հարցրել էինք՝ արդյոք տեսուչները երբևէ այցելել են նշված տարածքներ, չե՞ն նկատել, թե ինչպես է կառուցվում հսկա համալիրը, ստուգայցեր չե՞ն կազմակերպվել տարածքում, տեսուչներին չի՞ հետաքրքրել, թե ինչու են հատվում ծառերը, կա՞ն համապատասխան թույլտվություններ և ՇՄԱԳ նախագիծ։ Մեր հարցման հիման վրա Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժինը ստուգում է իրականացրել։ Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունն արդեն ՇՄԱԳ դրական եզրակացություն ունի՝ տրվել է 2023թ․ նոյեմբերի 16-ին, բայց մինչ կառուցապատումը չի ունեցել։

Տեսչական մարմնի ստուգմամբ պարզվել է, որ խախտվել են (իրավախախտման պահին գործող խմբագրությամբ) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի 8-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի պահանջները։ Այն է՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ենթակա են ռեկրեացիայի և զբոսաշրջության բնագավառներում` հիմնադրութային փաստաթղթով չնախատեսված զբոսայգիները կամ պուրակները կամ անտառապուրակները, հանգստի գոտիներ, ինչպես նաև ճոպանուղիները։

Այս խախտումների համար Տեսչական մարմինը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 941 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կայացրել է վարչական տույժ նշանակելու մասին որոշում։ Վարչական տույժի չափը մեր պատասխանում Տեսչական մարմինը չէր նշել։ Արագածոտնի տարածքային բաժնի պետ Սողոմոն Գալստյանը մեզ հայտնեց, որ ընկերության նկատմամբ 100 հազար դրամի տուգանք է կիրառվել՝ համաձայն այդ պահին գործող հոդվածի։

Նշենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 941 հոդվածն այժմ սահմանում է նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկի չափով տուգանք, որը կազմում է 5 մլն դրամ։ Իսկ իրավախախտման պահին գործել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության գործունեություն իրականացնելու համար սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկ տուգանքի չափը, որը կազմում է 100 հազար դրամ։

Ինչ վերաբերում է հատված անտառներին, ապա Տեսչական մարմինը հայտնել է, որ ընկերության և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջև կնքվել է անտառային հողերի ժամանակավոր օգտագործման հանձնման պայմանագիր՝ ճոպանուղու և սահուղիների կառուցման և հետագա շահագործման նպատակով։ Համաձայն կողմերի միջև կնքված վնասի հատուցման պայմանագրերի՝ անտառային տարածքին հասցվող վնասի հատուցման նպատակով ՊՈԱԿ-ի կողմից պետք է իրականացվի տարածքի կրկնապատիկից մինչև հնգապատիկի չափով անտառապատում։ Անտառապատման աշխատանքները պետք է իրականացվեն «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ի տրամադրած ֆինանսական միջոցներով։ 

Լուսանկարը՝ «Մայլեռ»-ի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter