HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման և կիրառության մարտահրավերները. քննարկում են ուսուցիչները

Հանրային քաղաքականության ինստիտուտը «Ուսուցչանոց» ծրագրի շրջանակում կազմակերպել էր «Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման և կիրառության մարտահրավերները» թեմայով քննարկում, որին մասնակցում էին դպրոցի տնօրեններ և ուսուցիչներ։ Մասնագետները շուրջ մեկ կիսամյակ նոր չափորոշչով աշխատելու ժամանակ բախվել էին մի շարք հարցերի՝ կապված ուսումնական պլանի, ուսումնական նախագծի, երկարօրյա ուսուցման, խաչվող հասկացությունների և այլնի հետ։

Ի՞նչ խոչընդոտների բախվեցին ուսուցիչները հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ

2021թ. փետրվարի 4-ին Կառավարության նիստում հաստատվեց Հանրակրթության պետական չափորոշիչը։ Այդ ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ հանրակրթության պետական նոր չափորոշիչը սահմանում է պետության ակնկալիքը և պահանջը դպրոցից` հանրակրթական բոլոր աստիճանների սովորողներից և շրջանավարտներից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Կրթության չափորոշչի ընդունումը Կառավարության կարևորագույն ռեֆորմներից մեկն էր համարել։

2023թ. սեպտեմբերի 1-ից հանրակրթության պետական նոր չափորոշիչը փուլային տարբերակով ներդրվեց հանրապետության բոլոր դպրոցներում։

Չնայած նրան, որ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում էր, որ Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծն անցել է հանրային և մասնագիտական քննարկումների տևական փուլ, բացի այդ չափորոշիչն անցնել է փորձարկում՝ ուսուցիչները նշում են, որ մի շարք խորընդոտների են հանդիպել։

«Մենք ունենք ազատություն, բայց չունենք հմտություն այդ ազատությունից օգտվելու»

Արամուսի միջնակարգ դպրոցի տնօրեն Նոնա Պողոսյանը հետ զրուցում է՝ հանրակրթական չափորոշչի ներդրման առաջին մարտահրավերը տնօրենների համար ուսումնական պլանն էր։

«Ուսումնական պլանը նախկինում մեզ գալիս էր պատրաստի, օրինակելի ուսումնական պլան էր, որը ներդնում էինք։ Շատ լուրջ խնդիր առաջացրեց այն հանգամանքը, որ այսուհետ՝ սկսած 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններից, մենք պետք է ուսպլանը ներդնեինք, պետք է ձևավորեինք առարկայացանկ, պետք է որոշեինք, թե որ առարկային քանի ժամ ենք տալիս, ոնց ենք բաշխում, ու այստեղ գրեթե բոլոր տնօրենները բախվեցին մեծ դժվարության, որովհետև չէինք պատկերացնում՝ էս ժամերը ոնց պետք է բաշխվեն։ Ու պարզվեց, որ նախարարությունն էլ, ԿԶՆԱԿ-ն էլ չէին կարող մեզ տալ այդ հմտությունը, այսինքն՝ մենք ստացանք ազատություն, դա շատ լավ էր։ Ես և մնացած շատ այլ տնօրեններ շատ ուրախ էինք, որ ունենք այդ ազատությունը, որ արդեն մենք ենք որոշելու՝ այսինչ առարկային պետք են այդքան ժամեր, բայց փաստը փաստ է, որ հասանք մի կետի, որտեղ մենք ունենք ազատություն, բայց չունենք հմտություն այդ ազատությունից օգտվելու»,- ասում է նա։

2021թ. Կառավարության նույն նիստի ժամանակ Ժաննա Անդրեասյանը հայտնել էր, որ օրինակելի ուսումնական պլանի հիման վրա սահմանելով հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը՝ միաժամանակ դպրոցները հնարավորություն կունենան դպրոցական և անհատական բաղադրիչի շրջանակում լինել ավելի ստեղծարար և սահմանել սեփական ուսումնական պլանը` հաշվի առնելով նաև սովորողի անհատական նախասիրությունները:

«Մի նմուշ վերցրին, նախարարի շրջաբերականով ուղարկեցին դպրոց, բազմաթիվ դպրոցների տնօրեններ, ովքեր չունեին հմտություններ՝ օգտվելու այդ ազատությունից, վերցրին ու նույնությամբ նմուշ-օրինակը ներդրեցին իրենց դպրոցներում։ Ստացվեց, որ ի՞նչ տարբերություն, թող ուղարկեին իրենց օրինակելի ուսումնական պլանը, մենք էլ աշխատեինք մեր ուսումնական պլանով կամ զինեին հմտություններով, որով մենք կկարողանայինք օգտվել մեր ազատությունից»,- ասում է Արամուսի միջնակարգ դպրոցի տնօրենը։

Նոնա Պողոսյանը «Հետք»-ի հետ զրույցում նշում է, որ նախարարության ուղարկած նմուշից ինքը բավական շեղվել է. «Օրինակ՝ «Ես և շրջակա միջավայրը» առարկային երկրորդ դասարանում տրված էր մեկ ժամ, ես երկու ժամ եմ հատկացրել, «Հասարակագիտություն» առարկային 7-րդ դասարանում տրված էր մեկ ժամ, ես տվել եմ, օրինակ, 2 ժամ՝ իհարկե պահպանելով տոկոսային նվազագույն և առավելագույն ծավալները»։

Հաջորդ հարցն ուսումնական նախագիծն էր։ Տնօրենի խոսքով՝ պետք է նախագծեր իրականացնեին, բայց գրեթե ոչ մի ուսուցիչ չէր պատկերացնում՝ ինչպես։

«Սկզբում մեզ ասացին, որ պետք է նախագծային աշխատանքն ընտրի աշակերտը, պետք է ընտրի առարկան, հետո ասացին՝ չպետք է ընտրի առարկան, պետք է ընտրի թեման, հետո քանակների սահմանափակում տվեցին, շատ խառը, ոչ մի հստակեցված բան չկար, և տնօրեններն էլ, ուսուցիչներն էլ, բոլորն էլ հապճեպի չկարողացան հասկանալ՝ քանի հոգուց պետք է բաղկացած լինի էդ նախագծերի խումբը, անհատական, մե՞ծ, թե՞ փոքր պետք է լինի, սահմանափակում կա՞, թե՞ չկա։

Հետաքրքրվում եմ, ուսումնասիրում եմ, դպրոցներ կան՝ ամբողջ դասարանը մի նախագիծ է արել, արգելք չկա, որևէ մեկը չի ասել, որ ամբողջ դասարանով չես կարող անել»,- նշում է Նոնա Պողոսյանը։

Նրա կարծիքով՝ նախագծերը թույլ աշակերտների համար արդյունավետ չեն, բայց դրանք որոշակի հետաքրքրություն են մտցնում. «Իրեն ինչ-որ հանձնարարություն են տալիս, դերեր են տալիս, ուշադրություն են դարձնում, ինչ-որ բան անել են տալիս, ինքը գնում է, փնտրում է, կարդում է, գոնե ինչ-որ բան սովորում է»։

«Առանց գիտելիքի՝ կիրառումը չի լինում». փորձագետը՝ կարողունակությունների վրա հիմնված կրթության մասին

Հայաստանը որոշեց անցնել կարողունակությունների վրա հիմնված կրթության։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշում է՝ Հայաստանը միակը չէ, որ այս մոտեցմանն է անցել, բայց պետք է արձանագրել, որ այս պահի դրությամբ գրեթե չկա կարողունակությունների վրա հիմնված չափորոշչով հաջողության հասած երկիր։

«Խնդիրն այն է, որ կա դժգոհություն, հատակապես՝ գործատուների կողմից, որ երեխաները չեն կարողանում իրենց գիտելիքները կիրառել, այսինքն՝ այն, ինչ որ իրենք գիտեն, որևէ ձևով կիրառական դրսևորում չի ստանում։ Հետևաբար, երկրները մտածում են՝ եթե անցնում են կարողունակությունների վրա հիմնված կրթության, այս դեպքում կարևորվում է ոչ միայն գիտելիքը, այլև դրա կիրառումը։

Կարողունակությունների վրա հիմնված կրթությունը տրամաբանական է, բայց եթե այդպես է, ինչու կարողունակահեն կրթությունը դեռևս հաջողություն չի արձանագրում։ Այն երկրները, որոնք ուզում են ոչ միայն գիտելիք, այլ նաև կիրառականություն, ձախողում են, որովհետև առանց այս գիտելիքի՝ կիրառումը չի լինում։ Պարզվում է, որ կարողունակահեն կրթությունից ամենաշատը տուժում են վատ սովորող երեխաները, քանի որ գիտելիք չունեն, ինչպե՞ս ենք իրենցից գիտելիքի կիրառում պահանջում»,- ասում է նա։

Փորձագետի կարծիքով՝ կարողունակությունների վրա հիմնած ուսուցումը շատ լավ է լավ սովորող աշակերտների համար, բայց մյուս երեխաները, որոնք գիտելիքների այդ պաշարը չունեն, ավելի հետ մնալու խնդրի են բախվելու։

Դեռևս 2021-ին Ժաննա Անդրեասյանը հայտնել էր՝ կատարված ամենակարևոր փոփոխությունը հայեցակարգային է, քանի որ նոր չափորոշիչը հիմնվում է սովորողի հմտությունների կարողունակությունների վրա: Հավասարապես շեշտադրվում են սովորողի գիտելիքը, հմտությունը, դիրքորոշումը և արժեքային համակարգը:

Արամուսի միջնակարգ դպրոցի տնօրենը կողմ է հանրակրթության պետական չափորոշչին և կարողունակությունների ձևավորմանը, սակայն կարծում է՝ գործընթացը պետք է տանել ճիշտ ուղղությամբ։

«Մենք դեռ գնահատում ենք գիտելիքը, մենք անցել ենք կարողունակահեն կրթության, ձևավորում ենք կարողունակություններ, բայց գնահատում ենք գիտելիքը։

Միևնույն է՝ ուսուցիչը պետք է ինչ-որ ստանդարտ թեստ պատրաստի, մենք ասում ենք՝ պատմության ժամին երեխայի մոտ պետք է ձևավորել քննադատական, վերլուծական մտածողություն, բայց թեստ ենք կազմում չոր թվերով և նշումներով։ Հետևաբար, վտանգը, որ սա կմնա թղթի վրա, գալիս է նաև էստեղից»։

Երկարօրյա ուսուցում

Հաջորդ հարցը, որ մտահոգել է ուսուցիչներին, երկարօրյա ուսուցումն է։ Նոր չափորոշիչների համաձայն՝ եթե երեխան անընդմեջ երկու անգամ ստանում է 1-3 գնահատականը, այսինքն՝ ցածր առաջադիմություն ունի, ապա ուսուցիչը պետք է դիմում գրի տնօրենին, առաջարկի տվյալ երեխայի հետ իրականացնել երկարօրյա ուսուցում, և դա պետք է այնքան ժամանակ իրականացնի, մինչև դրական արդյունք ցուցաբերի։

Ուսուցիչները մտահոգություն ունեն. այս դեպքում ռիսկ կա, որ այն երեխաները, որոնք կառանձնացվեն երկարօրյա ուսուցման համար, «ծույլիկի» կոչում կստանան և հնարավոր է՝ բուլինգի ենթարկվեն։

Երկարօրյա ուսուցման պարագայում ուսուցիչները ևս մեկ խնդիր են առանձնացնում․ հատկապես այն դպրոցներում, որտեղ բոլոր ուսուցիչներն ունեն ժամային զբաղվածություն, այդ ուսուցիչներն ամեն 1-3 գնահատականից հետո, օրինակ՝ ամեն 2-ից հետո 4 կամ 5 են նշանակում, որ անընդմեջ 1-3 գնահատական չլինի, որ այդ երեխայի հետ ստիպված չլինեն երկարօրյա ուսուցում իրականացնել։

«Նախարարությունից նորից շրջաբերական են ուղարկում, որ 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում պարտադիր է իրականացնել երկարօրյա ուսուցումը։ Ասում են՝ անհնար է չլինի նման երեխա, հետևողական եղեք, անպայման իրականացրեք երկարօրյա ուսուցում։ Իսկ երբ ուսուցիչը, որը դիմում է երկարօրյա ուսուցում իրականացնելու համար, պարտավոր է ներկայացնել ծրագիր, ժամեր, թղթաբանություն ներկայացնել, ինչի՞ն է պետք ուսուցչին ավելորդ գլխացավանքը, առանց այն էլ այնքան բան են լցրել իր գլխին, չի անում»,- նշում են քննարկման մասնակիցները։

Արամուսի միջնակարգ դպրոցի տնօրենն ասում է՝ իրենց դպրոցում նոր են սկսել երկարօրյա ուսուցում իրականացնել։

«Մենք հիմա անում ենք 2-րդ դասարանում «Մայրենի» և «Մաթեմատիկա» առարականների երկարօրյա ուսուցում, 7-րդ դասարանում՝ «Քիմիա» առարկայի։ Որոշ ուսուցիչներ, խուսափելով երկարօրյա ուսուցումից, այնպես էին անում, որ անընդմեջ 1-3 գնահատական չլինի, արանքում մի հատ բավարար էին նշանակում։ Արդյունքում, կիսամյակի վերջում կիսամյակային գնահատականն էլի անբավարար եկավ։ Այդ ուսուցիչներին առաջարկել եմ, որ իրենք իրականացնեն երկարօրյա ուսուցում»,- նշում է Նոնա Պողոսյանը։

Ուսուցիչների ավանդական աշխատաոճը

Քննարկմանը ներկա դպրոցների տնօրենները նշում են՝ երբ ուսուցիչներին նախապես զգուշացնում են, որ հաջորդ օրը գալու են դասալսման, ամեն ինչ շատ լավ է լինում, ուսուցիչները տիրապետում են մեթոդներին, կարողունահեն կրթություն են իրականացնում, փորձում են փոխել իրենց ավանդական աշխատելաձևը, բայց երբ առանց զգուշացնելու են մտնում դասասենյակ, տեսնում են, որ ուսուցիչները շարունակում են իրականացնել ավանդական, ոչ աշակերտակենտրոն դասեր։

«Գիտելիքը եղել և մնում է ցանկացած կրթության հիմքը»

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն անդրադարձավ նաև չափորոշչի մյուս նորամուծությանը՝ խաչվող հասկացություններին։

Փորձագետը կողմ է դրա ներդրմանը, բայց, կարծում է՝ պետք է ճանապարհային քարտեզ լինի, քանի որ ուսուցիչները դեռ լավ չեն պատկերացնում՝ սա ինչ է։

«Այստեղ ադապտացիայի խնդիր ունենք։ Խաչվող հասկացությունները մեզ պետք են, որ յուրաքանչյուր առարկա սովորեցնելիս փորձենք իրեն տանել մի քիչ ավելի բարձր մակարդակի։ Երբ երեխային սովորեցնում ենք քիմիա, ես իրեն ասեմ, որ քիմիան առանձին առարկա է, բայց կան բաներ, որոնք շատ կապված են այլ առարկաների հետ, նաև՝ կյանքի։ Չի կարող լինել որևէ առարկա, որտեղ պատճառ և հետևանք չսովորեցնենք երեխաներին։

Այսօր ամենամեծ խնդիրները, որոնց ուսուցիչները բախվում են, աշակերտների անտարբերությունն է այն առարկաների նկատմամբ, որոնք իրենց պետք չեն մասնագիտական կողմնորոշման առումով կամ քննական չեն։ Ունենք երկրորդական առարկաներ դպրոցում, որոնք քննական չեն, ունենք առարկաներ, որոնց հանդեպ երեխան ընդհանրապես անտարբեր է, բայց եթե մենք խաչվող հասկացությունների միջոցով երեխաներին կարողանանք հասկացնել, որ դու կարող ես քիմիայի մեջ էսպիսի մի բան սովորել, որը կապված է քո սիրած առարկայի էս թեմայի հետ, հնարավոր է՝ քիմիայի հանդեպ հետաքրքրություն առաջանա… Գիտելիքը եղել և մնում է ցանկացած կրթության հիմքը»,- ասում է նա։

Հանրային քաղաքականության ինստիտուտը քննարկմանը վերհանած խնդիրների վերաբերյալ առաջիկայում գրավոր առաջարկություններ կներկայացնի ԿԳՄՍ նախարարությանը։

Գլխավոր նկարը՝ Նարե Պետրոսյանի, ստեղծվել է արհեստական բանականության միջոցով

 

Սույն հրապարակումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) թիվ 72011123CA00001 համագործակցության պայմանագրի համաձայն՝ Քաունթերփարթ Ինթերնեշնլի «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի իրականացման շրջանակներում։ Սույն հրապարակման բովանդակության և նրանում արտահայտված կարծիքների, տեսակետների համար պատասխանատու են միմիայն հեղինակը և Հանրային քաղաքականության ինստիտուտը, և պարտադիր չէ, որ արտահայտեն Քաունթերփարթ Ինթերնեշնլի, ԱՄՆ ՄԶԳ-ի, ԱՄՆ կառավարության տեսակետները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter