HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Մարզպետների աշխատանքը գնահատելու իրավական կարգավորումը փոխարինվել է վարչապետի ճաշակը չբավարարող կախիչով ու ցնցուղով

Վարչապետը մարզպետների 2022թ․ հաշվետվությունները լսեց անցած տարվա ինը ամիսների ընթացքում։ Մարզպետների տարեկան գործունեության հաշվետվությունները ներկայացնելու  համար ժամկետներ սահմանված չեն։ Տարվա ընթացքում ինչ-որ մի օր նա այցելում է մարզերից մեկը և ունկնդրում մարզպետարանի աշխատակազմի հրամցրած գովասանքի տեքստը։ Ինչպես պաշտոնական հաղորդագրություններում է ասվում՝ «վարչապետը լսել է» մարզպետարանի տարեկան հաշվետվությունը։

Հաշվետվությունն ընդունելու կամ չընդունելու համար նրանց աշխատանքը պետք է գնահատվեր, բայց այդպիսի կարգ գոյություն չունի։ Կառավարությունը 2021թ․ հունիսի 10-ի որոշումով ուժը կորցրած է ճանաչել 2009թ․ ընդունված մարզպետների կատարած աշխատանքների գնահատման կարգն ու չափորոշիչները (կառավարության 934-Ն որոշում),  փոխարենը նոր կարգ չի ընդունել։ Այդ կարգը մեկ անգամ էլ լրամշակվել էր նախորդ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ժամանակ, երբ մարզպետարանները մարզի զարգացման 2017–2025թթ․ ռազմավարությունը մշակեցին։  

2018թ․-ին իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարզերի զարգացման այդ ռազմավարական ծրագրերը պահպանել է, բայց հրաժարվել է դրանց իրագործումը գնահատելու կարգից։ Ոչ մի փաստաթղթով մարզպետների համար պարտավորություններ չեն սահմանվել՝ գործողություններ, ակնկալվող արդյունք, կատարման ժամանակացույց և այլ ցուցանիշներ։ Փորձեք հաշվետվությունների՝ գլխապտույտ առաջացնող թվերի կույտից առանձնացնել մարզպետարանի տարեկան գործողություններին վերաբերող մասը։ Չի հաջողվի։ 

Հաշվետվության տեքստերում ոչ այնքան տարեկան աշխատանքն է ներկայացված, որքան վարչապետի ապագայի երազանքները, թե ինչ կուզենար տեսնել այդ մարզում։ Քանի որ նա այդ բոլորը կապում է սուբվենցիոն ծրագրերի հետ, մարզպետներն իրենց հաշվետվությունների տեքստերը նույնպես անհարկի ծանրաբեռնել են «սուբվենցիա» և «ծրագիր» բառերով, բարձր կատարողականների վերաբերյալ շլացնող ցուցանիշներով։ 

Նրանց աշխատանքը գնահատելու իրավական կարգավորումը փոխարինվել է սուբվենցիոն ծրագրով գնված, վարչապետի ճաշակը չբավարարող կախիչի ու ցնցուղի որակով։ Համենայնդեպս, վերջին մեկ ամսում վարչապետը երեք մարզպետ է ազատել պաշտոնից՝ Վայոց Ձորի, Լոռու և Արմավիրի մարզպետներին։ Նրանցից երկուսի դեպքում հրապարակավ ցույց է տվել, որ ազատման հիմքն իրականացված ծրագրերի որակի հարցում թերացումներն են։ 

«2018 թվականից սկսած՝ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման ծրագրի շրջանակներում համայնքներում իրականացվել է շուրջ 156 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր, և պետական բյուջեից հատկացվել է շուրջ 83 մլրդ դրամ»,– 2023թ. գործունեության հաշվետվության մեջ հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ)։

Սա չափազանց տպավորիչ թիվ է համայնքներում ենթակառուցվածքներ ստեղծելու համար, բայց կառավարությանը չի հաջողվում որակ ապահովել։ Քաղաքաշինության ոլորտում ներդրված հարյուրավոր միլիարդները կոռուպցիան ծաղկեցնելու  նոր հնարավորություններ են ստեղծել։ Համայնքապետարանների աշխատակազմերը շինարարությունը վերահսկելու, հարյուրավոր միլիարդների ծախսը կառավարելու կարողությունից զուրկ են։ Հանրապետությունով մեկ մեծաքանակ շինությունների որակյալ կառուցապատումն ապահովելը կառավարման մեծ հմտություններ է պահանջում, որին կարևորություն չեն տալիս։ 

Դիտարկումները ցույց են տալիս, որ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով շինարարական աշխատանքների պայմանագրերի գործողության ժամկետները շարունակաբար երկարաձգվում են։ Կարմիր ժապավեններ հազվադեպ են կտրում։ Շինարարության նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայություններ մատուցող կազմակերպությունները պատշաճ չեն իրականացնում իրենց պարտավորությունները։ Պայմանագրերն ամբողջությամբ և հստակ չեն կարգավորում իրավահարաբերությունները, որով անբարեխիղճ կապալառուներն ազատվում են աշխատանքային թերացումները շտկելու պարտավորությունից։ 

Այդ մասին բոլորից լավ գիտի վարչապետը։ Անորակ կախիչն ու ցնցուղը թափահարելը, դետալների որակին կարևորություն տալու թվացյալ տպավորությամբ հիմնական ձախողումների պատասխանատվությունն իրենից հեռացնելու փորձ էր։ 

Մի կողմ թողնենք այս ոլորտում կոռուպցիոն դեպքերի լրագրողական բացահայտումները և ներկայացնենք պետական կառույցների ստուգումների արդյունքները։ 

Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) 2022թ․–ի հաշվետվությամբ տեղեկացնում է, որ մարզպետարաններից մեկում իրականացված ուսումնասիրության արդյունքում քաղաքաշինական ոլորտի աշխատանքների հետ կապված մի շարք խախտումներ է հայտնաբերել, որի արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 315-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Անվանական չի տեղեկացվում, թե որ մարզի մասին է խոսքը։

Հաշվեքննիչ պալատը 2022–23թթ․–ին ստուգումներ է իրականացրել Շիրակի և Գեղարքունքի մարզպետարաններում, Ծաղկաձոր և Արտաշատ համայնքներում։

Ծաղկաձորում 2022թ․–ին կատարված ստուգումները չափազանց ուշագրավ բացահայտումներ են ներկայացնում գնումների մասով։

«Օրբելի եղբայրների հրապարակի և հրապարակի շատրվանի կապիտալ վերանորոգման» աշխատանքների  ավարտից հետո ի հայտ են եկել նյութերի որակի հետ կապված խնդիրներ, որի վերաբերյալ  2022թ․ հունիսի 22-ին Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքապետարանը Ն-583 գրությամբ տեղեկացրել է «Գիպար» ՍՊԸ–ի տնօրենին և առաջարկել է միջոցներ ձեռնարկել թերությունները վերացնելու ուղղությամբ։ Մասնավորապես, գրեթե չեն աշխատում հրապարակի շատրվանը, լուսավորության ու ոռոգման համակարգերը։ 

«Քանի որ պայմանագրով երաշխիքային ժամկետ սահմանված չի եղել, կապալառու կազմակերպությունը հրաժարվել է վերացնել հայտնաբերված թերությունները»,– եզրակացրել է ստուգողը:

  • «Փողոցային լուսավորության համակարգի վերատեղափոխման և ավտոմատ պահուստային գծի տեղադրման աշխատանքների» ավարտից հետո ՏԿԵ նախարարության կողմից իրականացվել է ավարտված սուբվենցիոն  ծրագրերի մշտադիտարկում, որի արդյունքում հայտնաբերվել են որոշակի խախտումներ։ Մասնավորապես, լուսավորության որոշ հենասյուներ հիմքից շարժվում են, բետոնը տեղ-տեղ քայքայված է, լուսատուները բավական թույլ են ամրացված։ 
  • 2022թ․ դեկտեմբերի 7-ին, համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի աշխատակցի կողմից պատահական ընտրությամբ իրականացվել են Ծաղկաձոր համայնքի Օրբելի եղբայրների հրապարակում տեղադրված սալիկների հաստությունների չափումներ, որը կատարվել է հրապարակի մի քանի հատվածներում։ Արդյունքում պարզվել է, որ սալիկների հաստությունը կազմել է 3,5սմ՝ 5.0 սմ-ի փոխարեն։ 
  • Հրավերով ներկայացած տեխնիկական բնութագրում որոշ ապրանքների մասով որպես հատկանիշներ չեն սահմանվել ապրանքի որակի, չափերի, տեղադրման վայրերի և նախագծերի վերաբերյալ պահանջներ: Բացի այդ, հրավերի տեխնիկական բնութագրի ոչ մի չափաբաժնով սահմանված չէ պահանջ՝ ձեռքբերվող ապրանքների տեղադրման վերաբերյալ: 

Պատկերացրեք ամեն համայնքում յուրաքանչյուր ծրագրի ավարտից հետո այս ծավալի ձախողումներ, վատնված գումարներ և «թերությունները» շտկելու ոչ մի հնարավորություն՝ թեկուզև այն պատճառով, որ պայմանագրով թերությունները վերացնելու երաշխիքային ժամկետ չի սահմանվել։  

Մարզպետարաններն իրենց հաշվետվություններում վարչապետին տեղեկատվություն են տրամադրել նաև համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման վերաբերյալ: Բոլորը սեփական եկամուտների հավաքագրման բարձր կատարողականներ են ներկայացրել։ Եվ հանկարծ՝ Հաշվեքննիչ պալատը ստուգումներ է իրականացնում Արտաշատ համայնքում ու արձանագրում․ «Համայնքի 2022թ․ բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը խեղաթյուրված է»։

«Եկամտատեսակի գծով բարձր կատարողականը պայմանավորված է եղել համայնքապետարանի կողմից տարեկան բյուջեի եկամուտների (ապառքների մասով) պակաս պլանավորմամբ: Ծախսերի հաշվետվության տվյալների անհամապատասխանությունը փաստացի ցուցանիշների նկատմամբ կազմել է 493,762.95 հազար դրամ և այլն»,– արձանագրել է ստուգողը: 

«Համայնքի Մխչյան բնակավայրի գյուղատնտեսական նշանակության 34000 քմ  մակերես ունեցող հողամասը 20.05.2022թ․ օտարվել է աճուրդով: Հողամասի կադաստրային արժեքը կազմել է 6 մլն 860 հազար դրամ, որը համայնքի ավագանու կողմից սահմանվել է որպես մեկնարկային գին: Օտարվել է 7 մլն 204 հազար դրամով: Օտարումից երկու ամիս անց՝ 11.07.2022թ․–ին, սեփականատերը հողամասը  վաճառել է 60 մլն դրամով։ Համայնքից գնված և հետագայում սեփականատիրոջ կողմից վաճառված գների տարբերությունը կազմել է 52 մլն 795 հազար դրամ: 

Սուբվենցիոն ծրագրերի մասով նշվում է, որ շինարարական ծրագրերով ժամկետները շարունակաբար երկարաձգվում են։ «Այսպիսով, վերոնշյալ պայմանագրի մասով ժամկետը կարող էր երկարաձգվել  մեկ անգամ՝ 30 օրացույցային օրով: Սակայն, բացի 30 օրացույցային օրից երկարաձգվել է ևս 45 օրացույցային օր»,– նշվում է Հաշվեքննիչ պալատի եզրակացության մեջ: Կնքված պայմանագրով նախատեսված աշխատանքի կատարման ժամկետը խախտելու դեպքում կապալառուից յուրաքանչյուր ուշացած աշխատանքային օրվա համար գանձվում է տույժ: Պայմանագրի նշված պահանջը չի կիրառվել և կապալառուից չի գանձվել տույժ՝ 2,146.99 հազ դրամի չափով»,– ասվում է եզրակացության մեջ: 

Այսպիսի օրինակներ պարբերաբար ներկայացրել ենք մեր հրապարակումներում և նշել, որ այդ փաստերը վեր հանելը օրենքով ՏԿԵ նախարարության պարտավորությունն է՝ իրավական հսկողություն իրականացնելու շրջանակում։ ՏԿԵՆ-ը, սակայն, ոչ միայն համայնքի գնումները վերահսկելու կարողություն չունի, այլև Հաշվեքննիչ պալատին է փոխանցել համայնքի աղբանահության սխեմա ունենալ–չունենալու, սեփական եկամուտների հավաքագրման, բյուջեի ծախսումները հիմնավորող փաստաթղթերի առկայությունը վերահսկելու պարտավորությունը։

Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզում ծանոթանում է կառավարության ծրագրերի ընթացքին/06.01.2024, primeminister.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter