HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ավտովթարից մահացած 24-ամյա Ռոմանի գործով 4 ամիս է՝ չեն կարողանում մեքենայի դուռը բացել, որ փորձաքննություն իրականացվի

Գյումրեցի մոտոցիկլիստ 24-ամյա Ռոման Մանուկյանի վթարի դեպքից անցել է 4 ամիս, սակայն նախաքննական մարմինը ոչ մի առաջընթաց չի արձանագրել: Մահացած տղայի հարազատները միտում են տեսնում, և հայտնում, որ քննիչն օգնում է վթարի մյուս կողմի մասնակցին: Մինչ օրս փորձագետները չեն կարողանում զննել վթարի պատճառ դարձած Անդրանիկ Մկոյանի վարած էլեկտրական «Աուդի» մակնիշի ավտոմեքենան, քանի որ վկայի կարգավիճակ ունեցող Մկոյանը լքել է երկիրը, իսկ առանց մասնագետի հնարավոր չէ բացել ավտոմեքենայի դռները: Տուժողի փաստաբանը կարծում է, որ միտումնավոր ժամանակ են ձգում, որ անցնի վաղեմության ժամկետը, և Ռոման Մանուկյանի մահվան մեղավորները չպատժվեն:

Անդրանիկ Մկոյանի բարեկամները տուժողի ծնողներին առաջարկել են 5 մլն դրամ՝ չբողոքելու դիմաց: Մկոյանի փաստաբանը ֆինանսական օգնության առաջարկը մարդկային քայլ է որակում՝ «զուտ օգնություն» մահացած երիտասարդի ընտանիքին:

Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ 2023թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում միմյանց են բախվել «Աուդի» մակնիշի ավտոմեքենան և Ռոման Մանուկյանի մոտոցիկլետը: Ռոման Մանուկյանը տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է: Սակայն քույրը՝ Անի Վարդանյանը, ասում է, որ եղբայրը տեղում է մահացել, հիվանդանոցում մահն է արձանագրվել: Վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել:

Շիրակի մարզային քննչական վարչությունում նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Ինչպես արձանագրել է քննիչը՝ վթարի հետևանքով մոտոցիկլետը մասնատվել է: Իսկ Անդրանիկ Մկոյանի վարած «Աուդի» մակնիշի ավտոմեքենան վնասվել է աջ կողմից:

Դեպքի օրը նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Առգրավվել է տարածքը տեսանկարահանած տեսախցիկի տեսանյութը, որում երևում է վթարը: 

Քրեական վարույթով ձեռք են բերվել տվյալներ, որ Անդրանիկ Մկոյանը դեպքի ժամանակ ավտոմեքենայով կտրուկ հատել է ճանապարհի հանդիպակաց ուղղությունների  ճանապահահոսքերը բաժանող հոծ գիծը և մուտք գործել հանդիպակաց երթևեկելի գոտի: Ռոման Մանուկյանն էլ մոտոցիկլետով բախվել է հոծ գիծը հատած Անդրանիկ Մկոյանի վարած «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի աջ հատվածին: «Աուդին» եղել է սարքին վիճակում, ամբողջովին նոր էր, գնվել էր դեպքից մեկ ամիս առաջ:

Քննիչ Սեդա Մխիթարյանի կողմից 2023թ. սեպտեմբերի 29-ին նշանակվել են դատաավտոտեխնիկական և դատատեսաձայնագրային համալիր փորձաքննություններ: Սակայն, վթարից մահացած Ռոմանի հարազատները պարզել են, որ քննիչը փորձագետներին նյութերն ուղարկել է շատ ավելի ուշ: Իսկ փորձագետներին մինչ օրս հասանելի չէ վթարի մասնակից Անդրանիկ Մկոյանի վարած ավտոմեքենան, քանի որ էլեկտրական է և մասնագետ չկա, որպեսզի դռները բացեն:

Սկզբում վարույթով մահացած տուժողի փոխարեն տուժող է ճանաչվել Ռոման Մանուկյանի հայրը, սակայն նրա առողջական խնդիրները թույլ չեն տվել զբաղվել որդու գործով և նրան փոխարինել է քույրը՝ Անի Վարդանյանը: Վերջինս «Հետք»-ին պատմեց, որ եղբայրը Երևանում էր բնակվում, Գյումրի եկել էր վատառողջ հորը տեսակցելու նպատակով:

Անին ասաց, որ դեպքի ժամանակ եղբայրը կրել է պաշտպանիչ սաղավարտ, իսկ վթարը պատկերող տեսանյութի զննությամբ պարզ երևում է՝ եղբայրը ճանապարհատրանսպորտային կանոնները չի խախտել:

Անիի պատմելով՝ վթարից հետո Անդրանիկ Մկոյանը եղբորը օգնություն ցույց չի տվել: Դեպքի վայրից փախուստի չի դիմել, սակայն, ըստ Անիի, որը նրան պատմել են ականատեսները, Անդրանիկը ծխել ու նայել է իր վնասված ավտոմեքենային: Շտապօգնություն կանչել են այլ անձինք:

Անին պատմեց, որ դեպքից մոտ 2 ժամ հետո է Անդրանիկը ներկայացել Ոստիկանություն՝ իր փաստաբանի հետ: Այդ ժամանակ միայն ստուգել են ալկոհոլ օգտագործած լինելու հանգամանքը: Այդ տեստի վրա առկա է եղել ժամը, դրանից ելնելով է ասում, թե երբ է Մկոյանը ներկայացել Ոստիկանություն: Պատասխանը ցույց է տվել, որ Անդրանիկ Մկոյանը ոգելից խմիչք օգտագործած չի եղել: Սակայն արյան անալիզ չեն վերցրել, չեն ստուգել թմրանյութ օգտագործած լինել-չլինելու հանգամանքը, ինչը Անիի համար ևս կասկածելի է:

Անի Վարդանյանը նշեց, որ դեպքից մի քանի ժամ անց Ա. Մկոյանը, քննիչը եղել են դեպքի վայրում՝ տեղազննության: Այդ ժամանակ Անդրանիկ Մկոյանն արդեն խմած է եղել: Անիի փոխանցմամբ՝ քննիչն է ասել, որ Անդրանիկ Մկոյանն իր մեքենայի մեջ խմել է և ի վիճակի չի եղել ցուցմունք տալ:

Անին պատմում է նաև, որ քննիչ Մխիթարյանը սկզբում իրենց ասել է, թե փաստաբան ունենալու անհրաժեշտություն չկա, երբ գա ժամանակը դիմումի հիման վրա հանրային պաշտպան կտրամադրեն: Իրենք էլ սկզբնական շրջանում փաստաբան չեն ունեցել:

Գյումրիում տարածված խոսակցություններից պատահմամբ իմացել են, որ վթարի մասնակից Անդրանիկ Մկոյանը լքել է երկիրը: Քննիչից փորձել են իմանալ, թե երբ է նա հատել սահմանը, սակայն տեղեկատվություն չի տրամադրվել՝ պատճառաբանելով, որ ապացույցների հավաքման փուլն է, և տվյալներին կծանոթանան նախաքննության ավարտից հետո: Բանավոր փոխանցել է, թե Մկոյանը պարտավոր է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, եթե նրան կանչեն:

Սեպտեմբերի 28-ին Անդրանիկ Մկոյանի փաստաբանի ստորագրությամբ դիմում է մուտքագրվել քննչական մարմին այն մասին, որ Մկոյանը հրաժարվում է մասնակցել որևէ քննչական գործողության մինչև քրեական վարույթով նշանակված  համալիր փորձաքննության եզրակացության պատրաստ լինելը:  

Մինչդեռ մահացած Ռոմանի հարազատները մտավախություն ունեն՝ եթե փորձաքննության արդյունքներով պարզվի Ա. Մկոյանի մեղավորությունը, ապա նա պատասխանատվությունից խուսափելու համար չի գա Հայաստան:

Անի Վարդանյանն ասում է, որ ինքն ու ծնողները բազմիցս հորդորել են քննիչ Սեդա Մխիթարյանին պարզել օրինակ՝ Անդրանիկ Մկոյանը այլ երկրի քաղաքացի հանդիսանու՞մ է, թե՞ ոչ, քանի որ վերջինս 10 տարուց ավելի Հայաստանում չի ապրել: Սակայն քննիչ Մխիթարյանը, կոնկրետ գործողություններ չիրականացնելով, քայլեր չձեռնարկելով, զուտ հավաստիացրել է, թե որևէ մեկը պատասխանատվությունից չի խուսափի: Իսկ շատ հարցեր տվող Անիին նախազգուշացրել է, որ չմիջամտի և չխանգարի իր գործունեությանը, հակառակ դեպքում կհեռացնի վարույթից:

Անիի փոխանցմամբ՝ քննիչն ասել է, որ Անդրանիկ Մկոյանը հարցաքննության համար Հայաստան պիտի գա 2023թ. դեկտեմբերի սկզբին: Այդ ժամանակ չի եկել, քանի որ «հարմար չի եղել»: Դրանից հետո քննիչը հայտնել է, թե Մկոյանը կհարցաքննվի դեկտեմբերի վերջին, այնուհետև՝ տոներից հետո, նրան ծանուցագիր է ուղարկվել: Սակայն այդ ժամանակ նույնպես չի եկել:

Անի Վարդանյանը քննիչին միջնորդել է, որ իրեն տրամադրի դեկտեմբերի 8-ին և դեկտեմբերի 27-ին Մկոյանին հարցաքննության հրավիրելու ծանուցման պատճենները՝ խնդրելով հայտնել, թե ինչու է Մկոյանը հարցաքննության կանչվել դեկտեմբերի 27-ին, այլ ոչ ավելի շուտ: Ա. Վարդանյանը հետաքրքրվել է նաև, թե եղբոր դեպքից հետո Անդրանիկ Մկոյանը քանի անգամ է գնացել ԱՄՆ և վերադարձել Հայաստան: Քննիչը նշել է, թե ծանոթացման նպատակով ամբողջ նյութերը տուժողին կներկայացվեն նախաքննության ավարտից հետո:

Անի Վարդանյանը դժգոհ է գործի նախաքննությունից և 24-ամյա քննիչ Սեդա Մխիթարյանի ոչ անաչառ լինելուց: Նրա բոլոր միջնորդությունները քննիչի կողմից կամ հետաձգվում են կամ՝ մերժվում: Անին 2023թ. դեկտեմբերի 19-ին Դատախազություն է ուղարկել քննիչ Մխիթարյանին բացարկ հայտնելու միջնորդություն: Միջնորդության մեջ նշել է՝ որևէ վստահություն չունի քննիչի նկատմամբ, որևէ քննություն չի կատարում հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

Նաև նշել է՝ քննիչը նպաստել է, որ Անդրանիկ Մկոյանը երկրից բացակայի, միջոցներ չի ձեռնարկել նաև իր և Անդրանիկ Մկոյանի միջև առերես հարցաքննություն կազմակերպելու հարցում: Անին խնդրել է, որ քրեական վարույթի նախաքննությունը հանձնարարվի այլ քննիչի: Սակայն, մեկ օր անց դատախազ Սերգեյ Պետրոսյանը մերժել է միջնորդությունը՝ դրանք որակելով Անի Վարդանյանի սուբյեկտիվ ընկալումներ, որոնք փաստարկված չեն:

Դատախազը նշել է, որ նշանակված է դատաավտոտեխնիկական փորձաքննություն, որի պատասխանը ստանալուց հետո նոր միայն հնարավոր կլինի դիտարկել Անդրանիկ Մկոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և համապատասխան խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության հարցը:

«Մկոյանը մի քանի անգամ մարդ է ուղարկել ծնողներիս տուն, առաջարկել են 5 մլն դրամ, որպեսզի չբողոքարկենք: Նույնիսկ ասել են, որ այդ փողը միլիցեքի կողմից ուտելու փոխարեն, դուք վերցրեք: Հիմա չգիտեմ՝ ով է փող վերցրել»,- ասում է Անի Վարդանյանը:

Մահացած տղայի քրոջ փոխանցմամբ՝ նոյեմբեր ամսին Ամերիկայից իրեն զանգահարել է Անդրանիկ Մկոյանը:

«Զանգել ասում էր՝ իմ նստելուց ձեզ ի՞նչ օգուտ: Ես ֆինանսապես և ֆիզիկապես ձեր կողքին կլինեմ»,- ասում է Ա. Վարդանյանը: Անիի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ Անդրանիկ Մկոյանն ասել է, որ դեպքից առաջ լսել է մոտոցիկլետի ձայնը, սակայն չի կարողացել կանխել, քանի որ չի գիտակցել: Դրանից ելնելով՝ Անին կասկած ունի, որ Մկոյանը որևէ նյութի ազդեցության տակ է եղել, ու քննիչը դա չի պարզել: Այդ մասին ասել է նաև Ա. Մկոյանին, սակայն վերջինս հերքել է:

Մահացած երիտասարդի հայրը՝ Լևոն Մանուկյանը, ասում է, որ եթե մեքենան անսարք լիներ, ընթացքի ժամանակ անիվը վնասվեր, որ հնարավոր չլիներ վթարը կանխել՝ կհասկանային, սակայն տեսանյութից ակնհայտ երևում է, որ ճանապարհային երթևեկության կանոնները խախտել է Մկոյանը, հոծ գիծ է հատել, ինչն էլ որդու կյանքն է արժեցել:

Ասում է՝ արդեն 4 ամիս է անցել դեպքից, որևէ արդյունք չունեն, փորձաքննության պատասխան չի ստացվել: Վիրավորված են նաև, որ Մկոյաններն իրենց գումար են առաջարկում որդու արյան դիմաց, սակայն չեն ցանկանում կատարվածի համար ներողություն խնդրել, ցավակցել:

Անի Վարդանյանի ներկայացուցիչ, փաստաբան Թամարա Յայլոյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Անդրանիկ Մկոյանը վկայի կարգավիճակ ունի, քանի որ փորձաքննության պատասխանը չի ստացվել, թե ով է եղել մեղավորը: «Բայց հարցն այն է, որ ինքը երկիրը լքել է, և մեր իմանալով՝ ԱՄՆ քաղաքացի է: Երկիրը լքելով խոչընդոտ է ստեղծել, նախաքննությունն առաջ չի գնում: Դատաավտոտեխնիկական փորձաքննություն են նշանակել: Փորձագետները եկան, բայց քանի որ իր մեքենան էլեկտրամոբիլ է, չկարողացան բացել: Պետք է մասնագետը գա բացի, որ փորձագետները զննեն, դրա հիման վրա եզրակացություն կազմեն: Փորձագետները ռիսկ չեն անում բացել, որ չվնասեն»,- ասում է Թ. Յայլոյանը:

Փաստաբանի խոսքով՝ քննիչ Սեդա Մխիթարյանը դիմել է Անդրանիկ Մկոյանի փաստաբանին, նա էլ ասել է, որ մասնագետ կբերեն: Սակայն, Թամարա Յայլոյանի համար անհայտ է, որ այդ մասնագետի գալու համար քննիչը ոչինչ չի ձեռնարկում:

«Քննիչը պետք է միջոցներ ձեռնարկեր, համապատասխան մասնագետ ներգրավելու, փորձագետներին կանչելու հարցում, որպեսզի փորձաքննությունն առաջ գնա»,- ասում է Թ. Յայլոյանը:

Բացի դրանից, տիկին Յայլոյանի փոխանցմամբ՝ Ռոման Մանուկյանի ընտանիքի անդամները լուրեր են լսել, որ այդ հանցագործությունը ոչ թե անզգուշությամբ է տեղի ունեցել, այլ դիտավորյալ է եղել: Այդ մասին մահացածի ընտանիքի անդամները հայտարարություն են տվել՝ հայտնելով, որ ըստ տարածված խոսակցությունների՝ Մկոյանը չի սիրում մոտոցիկլետ վարողներին, և հնարավոր է դեպքն ամենևին էլ պատահականություն չէ: Քանի որ հայտարարություն է տրվել, պետք է պարտադիր հարցաքննվի Անդրանիկ Մկոյանը: Սակայն, վերջինս փոխանցում է, որ չի ցանկանում հարցաքննվել:

«Եթե քննիչն իրեն ծանուցում է ուղարկում, պարտավոր է գալ, ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին: Այդպես որ լիներ, մենք բոլորս մեր տներում նստած գրություններ կուղարկեինք իրավապահ մարմիններին և չէինք ներկայանա: Բայց հարցեր պիտի տան, եթե իր անձի դեմ լինի, կարող է օգտվել լռելու իրավունքից, բայց չի ներկայանում»,- ասում է Յայլոյանը՝ հավելելով, որ բերման ենթարկելու որոշում օրեր առաջ է կայացվել, սակայն պատասխանը հայտնի չէ:

Թ. Յայլոյանի փոխանցմամբ՝ Մկոյանը խոչընդոտել է նախաքննության իրականացմանը: Ազգականներին ուղարկել է Ռոմանի հորն ու մորը տեսնելու, գումարներ են առաջարկել, որպեսզի իրենց օգտին ցուցմունքներ տան և այլն: Այդ մասին ևս հաղորդում է ներկայացվել: Այստեղ էլ պետք է հարցաքննվի Մկոյանը, մինչդեռ նա չկա:

«Մենք, այսինքն՝ տուժողը գտնում է, որ քննիչն իր աշխատանքը թերի է կատարում: Քանի որ թերի է կատարում, տուժողը գտնում է, որ գուցե փոխադարձ համաձայնություն կա, որ ավելի շուտ ծանուցում չի ուղարկվել Մկոյանին: Այդ մասով տուժողը դիմումը վաղուց էր գրել, ինչու բերման որոշում ավելի շուտ չի կայացրել, կամ երբ փորձագետներն ասացին, որ չեն կարող ավտոմեքենան բացել, ինչու քննիչը հույսը դրեց կասկածվողի փաստաբանի վրա, որ իրենք մասնագետ բերեն: Մինչդեռ նրանք շահագրգռված են՝ ինչքան հնարավոր է ուշ բերեն մասնագետին»,- նշում է Թ. Յայլոյանը:

Փաստաբանի խոսքերով՝ ինչքան ուշ ավտոմեքենայի դուռը բացվի, փորձաքննություն իրականացվի ու եզրակացություն տրամադրվի, այնքան լավ վկայի կարգավիճակ ունեցող Մկոյանի համար: Այդ հոդվածով վաղեմության ժամկետը 5 տարի է: Ըստ Թամարա Յայլոյանի՝ եթե հաշվի առնենք այսօրվա դատական համակարգը, պրոցեսները ինչքան երկար են տևում, հնարավոր է վաղեմության ժամկետներն անցնեն: Օրինակ՝ հնարավոր է 1-1,5 տարի տևի նախաքննությունը, դրանից հետո մի քանի տարի էլ տևի դատաքննությունը, ու անձը չենթարկվի պատասխանատվության:

Թամարա Յայլոյանն ասում է, որ քննիչը դանդաղ է գործել, եթե անհրաժեշտ քայլերը ժամանակին ձեռնարկեր, հնարավոր է փորձաքննության պատասխանը շուտ ստացվեր, ու անձն ունենար դատավարական կարգավիճակ, և խափանման միջոց ընտրվեր:

«Հիմա էլ, որ նայում ենք, քննիչը դանդաղ է գործում: Մտածում ենք՝ ժամանակ են ձգում, հօգուտ այդ անձի»,- նշում է փաստաբանը:

Պարզաբանում ստանալու նպատակով զրուցել ենք նաև Անդրանիկ Մկոյանի ներկայացուցչի հետ: Փաստաբան Հովհաննես Ղարաքեշիշյանը հաստատեց, որ Անդրանիկ Մկոյանը Հայաստանում չէ: Անդրադառնալով ավտոմեքենայի դռները բացելուն՝ փորձաքննության համար, փաստաբանը նշեց, որ Ա. Մկոյանը ևս չի տիրապետում տեխնիկական մանրամասներին:

«Այդ ավտոմեքենայից Հայաստանում քիչ է, մասնագետ էլ չկա: Ամեն դեպքում փորձում ենք տարբեր առիթներով հասկանանք՝ ինչն է խնդիրը, դռներն ինչի արդյունքում չեն բացվում: Այնպես չէ, որ մենք խոչընդոտում ենք, մենք էլ ենք շահագրգռված, որ օր առաջ փորձաքննության եզրակացությունը ստանանք»,- ասում է Հովհաննես Ղարաքեշիշյանը:

Փաստաբանը, անդրադառնալով Անդրանիկ Մկոյանի Հայաստանից մեկնելու հանգամանքին, ասաց, որ վարույթն իրականացնող մարմնին տեղեկացրել են այդ մասին: Հայտնել են, որ անհրաժեշտության դեպքում Մկոյանը կներկայանա:

Անդրադառնալով առերես հարցաքննությանը՝ Հ. Ղարաքեշիշյանը նշեց, որ վարույթն իրականացնող մարմին գրություն են ուղարկել, որ Ա. Մկոյանն իր դիրքորոշումը հայտնել է և օգտվել է դատավարական իր իրավունքներից:

«Ամբողջական ցուցմունք չի տվել, հայտնել է իր դիրքորոշումը: Նախաքննությունը գաղտնի է, մանրամասներ չեմ կարող հայտնել: Քննիչն ինձ ասել է, որ դեկտեմբերի 27-ին անձը ներկայանա հարցաքննության, ասել ենք, որ այս ժամանակահատվածում տոմսերը բարձր արժեք ունեն: Եթե վարույթն իրականացնող մարմինը, փոխհատուցի այդ ծախսերը, քանի որ Մկոյանը վկայի կարգավիճակ ունի, նա պարտավորվում է ներկայանալ: Եթե տոմսերի գումարը տրամադրվեր, անձը կներկայանար, որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասում է Մկոյանի փաստաբանը:

Ինչ վերաբերում է Ռոմանի հարազատներին 5 մլն դրամ գումար առաջարկելուն, Հ. Ղարաքեշիշյանն ասաց, որ տեղեկություն չունի, թե ով է գումար առաջարկել: Սակայն նշեց, որ այդ քայլը պետք է դիտարկել բարոյական տեսանկյունից, քանի որ երիտասարդ տղա է մահացել, անկախ մեղավորության աստիճանից, իր վստահորդը պատրաստ է ընտանիքին աջակցություն ցուցաբերել:

Հովհաննես Ղարաքեշիշյանը նշեց, որ Ոստիկանություն ինքնակամ ներկայանալու ժամանակ իրականացվել է ալկոհոլի օգտագործման վերաբերյալ ստուգում, ու պատասխանը եղել է բացասական, Ա. Մկոյանը սթափ է եղել: Հաստատեց, որ «օդ փչելու» միջոցով է իրականացվել ստուգումը, քանի որ միայն այդ տարբերակն է առաջարկվել:

«Վարույթն իրականացնող մարմնի կողմից այլ առաջարկ չի եղել՝ թմրանյութի կամ այլ: Սթափության վիճակի զննություն է իրականացվել, պատասխանը եղել է բացասական: Ինչ տարբերակ առաջարկել են, այդ տարբերակով էլ արել ենք»,- հավելեց փաստաբանը:

Նա հերքեց, որ դեպքի վայրի զննության ժամանակ Ա. Մկոյանը եղել է ոչ սթափ վիճակում: Ղարաքեշիշյանն ասաց, որ այդ ժամանակ Ա. Մկոյանի հետ է եղել: Դեպքի վայրի զննության գործողություններին մասնակցել են և հայտարարություն են արել, որը տեսագրվել է քննիչի կողմից:

Նշենք, որ Անդրանիկ Մկոյանը Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի դասախոս, նախկինում մանկավարժության ամբիոնի վարիչ Արտաշես Մկոյանի որդին է:

2012թ.-ին էլ քրեական պատմության մեջ հայտնվել է Արտաշես Մկոյանը: Այդ ժամանակ Արտաշես Մկոյանը, աշխատելով «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի մանկավարժության ֆակուլտետի դեկանի պաշտոնում, նույն ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողից ստացել էր 150 հազար դրամ կաշառք:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտել էր 3 տարի ժամկետով ազատազրկման՝ զրկելով նրան կազմակերպական-տնօրինչական պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 2 տարի ժամկետով: Պատիժը պայմանականորեն չէր կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով: Այնուհետև համաներմամբ ազատվել էր պատժից:

Գլխավոր լուսանկարում՝ Ռոման Մանուկյանը, ընտանեկան արխիվ

Մեկնաբանություններ (2)

Ռռռռռռռ
Սեդա Մխիթարյանի նմաների շնորհիվ հանցագործները ազատության մեջ են, նա ավելի շուտ հանցագործի պաշտպան է քան քննիչ, չարաշահելով իր կոչումը հանցանքը հանցագործի հետ պահում է
Արմինե
Քննիչ Սեդա Մխիթարյանի անբարեխիղճ կատարած աշխատանքի շնորհիվ հանցագործը ազատության մեջ է, չէք մարսելու

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter