HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ Հայաստանից արտահանվել է մեծ մասամբ ալմաստ. վերաարտահանման վարկածը հաստատվում է

2023 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանից արտահանվել է 3.7 մլն կարատ չվերամշակված ադամանդ՝ ալմաստ, որի մաքսային արժեքը կազմել է 487 մլն դոլար։ Այս մասին «Հետք»-ի հարցման պատասխանում նշել է Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը։

Կարեն Սարգսյանը նաև նշում է, որ այս թվում` ներառված են ինչպես վերամշակված ալմաստները՝ ադամանդները, այնպես էլ՝ չվերամշակված ալմաստները, որոնք օգտագործվում են արդյունաբերական տարբեր ոլորտներում և ոսկերչության մեջ։

Ավելի վաղ, հղում անելով Պետական եկամուտների կոմիտեից ստացված պատասխաններին (որտեղ նշվել էր 3.7 մլն կարատ ադամանդ, այդպես է նշված նաև արտաքին առևտրի ցանկերում)` գրել ենք, որ Հայաստանից խոշոր ծավալի ռուսական ադամանդ է վերաարտահանվում ԱՄԷ և ներկայացրել, թե ովքեր են գլխավոր «դերակատարները»։

Չնայած Էկոնոմիկայի նախարարությունը պնդում է, որ քանակի առումով խոսքը մեծապես չվերամշակված ադամանդի՝ ալմաստի մասին է` կրկին առաջ է քաշվում այն վարկածը, որ այս խոշոր ծավալի արտահանումը իրականում վերաարտահանում է։

Ավելին՝ արտահանված մշակված ադամանդի ծավալները ևս չեն համընկնում Հայաստանում պաշտոնական վիճակագրությամբ ցույց տրվող մշակված ադամանդի ծավալներին։

Այսպես, ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ նախորդ տարվա առաջին տասը ամիսներին Հայաստանից արտահանվել է 381 հազար կարատ բնական, մշակված ալմաստ (ադամանդ)` մոտ 333 մլն դոլարի։ Նույն ընթացքում, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում «ալմաստներ բնական, մշակված (ադամանդներ), չագուցված և չամրացված» տողով թողարկումը կազմել է ընդամենը 141 հազար։ Թե ինչով է պայմանավորված այս տարբերությունը, չի բացատրվում։

Միևնույն ժամանակ ըստ Էկոնոմիկայի նախարարության` Հայաստանից արտահանվել է մոտ 3.3 մլն կարատ բնական, չմշակված ալմաստ, որի արժեքը կազմել է 153 մլն դոլար։ Հիշեցնենք, որ Հայաստանը նույն ընթացքում մեծ ծավալի ալմաստ և ադամանդ է ներմուծել Ռուսաստանից։

Հայաստան ադամանդ (ալմաստ) են ներմուծում և արտահանում 5-6 տասնյակ ընկերություններ։ Մեր տեղեկություններով՝ ոլորտում ամենախոշոր ծավալներով գործունեություն է իրականացնում «Էյ.դի.էմ.դայմոնդս» ՍՊԸ-ն (ADM DIAMONDS LLC): Ընկերության սեփականատերեր Բաղիկյանները մտերիմ են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ։ Մամուլը և գործարար շրջանակները ADM DIAMONDS-ի անունը կապում են Սուքիասյանի հետ։

Լուսանկարում՝ Վահան Քերոբյանը, էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter