HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Պապիկյանը մանրամասներ ներկայացրեց զինծառայող Բենիամին Մանուչարյանի մահվան հանգամանքների մասին

Ժամկետային զինծառայող Բենիամին Մանուչարյանի մահվան դեպքի վերաբերյալ եղել են պարտականությունները ոչ պատշաճ կատարած անձինք, և նրանք ծառայողական քննությունից հետո պատասխանատվության կենթարկվեն։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Հիշեցնենք՝ հունվարի 13-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ:

Հունվարի 14-ին, ժամը 14։20-ի սահմաններում Ցղունի գյուղի վարչական տարածքում ձնահյուսի տակից հայտնաբերվել էր զինծառաող Բենիամին Մանուչարյանի դին (ծնված 2003 թ․):

Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ վերադաս հրամանատարության կողմից գրավոր հանձնարարական է եղել՝ այդ օրերին տեղանքում ոչ մի տեղաշարժ թույլ չտալ։ 

«Հատուկ բանակային կորպուսի տարածքում ունեցել ենք 5 զինծառայող, որոնց ծառայության ժամկետն ավարտվել է, սակայն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տվյալ զինծառայողներից 4-ը շարունակել են մնալ իրենց դիրքերում, և միայն 2 օր անց է հնարավոր եղել նրանց իջեցնել դիրքերից և զորացրել տուն»,- ասաց Պապիկյանը։

Պաշտպանության նախարարի խոսքով՝ Բենիամին Մանուչարյանի մահվան դեպքի վերաբերյալ կա հիմնավոր վարկած, որ եղել է արտաքին ճնշում սպաների վրա։

«Եղել է այնպես, որ մի խումբ հատուկ տեխնիկայի միջոցով գնացել է զինծառայողին ընդառաջ, բայց եղանակային պայմանները թույլ չեն տվել, որ մոտենան դիրքին։ Զինծառայողը եկել է նրանց ընդառաջ, և ձնահյուսի պատճառով տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել։ Հորդորում եմ մեր քաղաքացիներին, բոլոր զինծառայողների հարազատներին՝ բոլոր դեպքերում զերծ մնալ զինված ուժերի սպաների նկատմամբ անհարկի պահանջներից և ստիպել կատարել արարքներ, որոնք նրանք իրավունք չունեն անել»,- նշեց Պապիկյանը՝ հավելելով, որ դեպքի ամբողջ հանգամանքները կպարզվեն միայն ծառայողական պատշաճ քննությունից հետո։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter