HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Վեճ՝ հրդեհային անվտանգության եւ արեւի լույսի համար. «Օրրանն» ու կառուցապատող հարեւանը լեզու չեն գտնում

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունն արդեն մի քանի ամիս թղթաբանական ու դատական քաշքշուկների մեջ է՝ կապված իր շենքի հարեւանությամբ ընթացող շինարարության հետ: «Օրրանի» ղեկավարությանն անհանգստացնում է իրենց կողքին կառուցվող շինության բավական մոտ լինելը. սա, նրանց համոզմամբ, հակասում է գործող օրենսդրության պահանջներին, քանի որ չեն պահպանվում, մասնավորապես, հրդեհային անվտանգության նորմերը:

2002 թ. պետական գրանցում ստացած կազմակերպությունը 2005-ից գործում է Երեւանի կենտրոնում՝ Եկմալյան 1-ին փողոցի 6 հասցեում: Սրա հարեւան հողը ձեռք է բերել քաղաքացի Արգամ Հովհաննիսյանը, որը հիմա կառուցապատում է իրականացնում այդ հողի վրա: «Օրրանի» նախագահ Արմինե (Արմենուհի) Հովհաննիսյանը «Հետքի» հետ զրույցում պատմում է, որ Արգամ Հովհաննիսյանը եղել է իրենց հարեւանությամբ կառուցված բնակելի բարձրահարկի շինարարը, ժամանակին նորմալ հարաբերությունների մեջ են եղել, «Օրրանը» տարբեր առիթներով օգնել է Հովհաննիսյանին այդ շենքը կառուցելիս, սակայն 2021-ից հետո խնդիրներ են ծագել:

Այսպես՝ 2021 թ. փետրվարին Արմինե Հովհաննիսյանը գրավոր համաձայնություն է տվել Արգամ Հովհաննիսյանին առ այն, որ չի առարկում նրան պատկանող Եկմալյան 6/1 հասցեում հասարակական նշանակության երկհարկանի շինության կառուցմանը: Ըստ էսքիզի՝ շինության մի հատվածը պետք է լիներ մեկհարկանի, իսկ «Օրրանի» շենքին հարող հատվածը՝ երկհարկանի (տես ստորեւ): Սրա մեջ տիկին Արմինեն որեւէ խնդիր չի տեսել:

Պատմում է, որ դրանից մի քանի օր անց Արգամ Հովհաննիսյանը կրկին թուղթ է բերել: «Օրրանի» ղեկավարը ենթադրում է, որ պատճառը գուցե եղել է նախորդ համաձայնության մեջ նշված սխալ հասցեն (Եկմալյան 6/1) կամ էլ այլ հանգամանք: «Արգամը թղթով եկավ, ասեց՝ ստորագրես-չստորագրես, ես կառուցելու եմ, ասեցի՝ դե, ուրեմն ոչ մի այլ թուղթ չեմ ստորագրելու»,- նշում է Արմինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ երկրորդ թղթում գրվածն ինքն այդպես էլ չի տեսել ու չի ստորագրել: 2021-ի փետրվարին իր տված համաձայնությունը, ըստ տիկին Արմինեի, եղել է իր կողմից ստորագրված միակ փաստաթուղթը: Ցույց տալով այն՝ «Օրրանի» նախագահը շեշտում է, որ դրանում որեւէ բան գրված չէ իրենց կազմակերպության եւ նախատեսվող շենքի միջեւ հեռավորության մասին, եւ ինքը չէր էլ կարող ենթադրել, որ կառուցապատումն ընթանալու է օրենսդրական խախտումներով:

2021-ի նոյեմբերին Երեւանի քաղաքապետն Արգամ Հովհաննիսյանին հասարակական նշանակության շինության նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) է տվել Եկմալյան 6 հասցեում (ուշադրություն դարձրեք հասցեի փոփոխությանը): Առաջ անցնելով նկատենք, որ երբ հետագայում Արմինե Հովհաննիսյանը տարբեր պետական ու համայնքային մարմինների բողոքել է արդեն ընթացող շինարարության դեմ, Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը, ի պատասխան, նրան հայտնել է, որ դեռ 2022-ի մարտի 18-ին թե՛ Արմինե Հովհաննիսյանը, թե՛ հարեւանությամբ առկա Արամի փողոցի 82-84 շենքերի համատիրության նախագահ-կառավարիչը գրավոր համաձայնությամբ չեն առարկել Եկմալյան 6 հասցեում Արգամ Հովհաննիսյանի կողմից հասարակական նշանակության երկհարկանի շինություն կառուցելուն, եւ կցել է այդ փաստաթղթերի պատճենները: Համաձայնությունների մեջ տեսնում ենք, որ նախատեսվող շինության էսքիզը 2021-ի փետրվարին Արմինե Հովհաննիսյանի կողմից ստորագրված փաստաթղթում առկա էսքիզի համեմատ փոփոխված է. նոր էսքիզում շենքն ամբողջությամբ երկհարկ է, նաեւ նկուղային հարկ ունի: Բայց հարցն այստեղ ոչ այնքան շենքի տեսքն է, որքան այն, որ մեր հարցադրումից հետո Արմինե Հովհաննիսյանը զարմացավ, թե չի նկատել, որ իր ստորագրությամբ նման թուղթ կա (տես ստորեւ):

«Հետքի» հետ զրույցում տիկին Արմինեն պնդեց, որ 2021-ի փետրվարի համաձայնությունից բացի՝ ոչ մի այլ թղթի տակ ինքը չի ստորագրել: Այստեղից հարց է ծագում, թե ինչպես է 2022-ի մարտին կազմված համաձայնության մեջ հայտնվել նրա ստորագրությունը: Ըստ «Օրրանի» նախագահի՝ իրենք զբաղվելու են նաեւ այս հարցով:

Կառուցվող շինության նախագիծը մշակել է «Էյջ Այ Սի Դիզայն» ՍՊԸ-ն: Ընդ որում՝ այս անգամ էլ նախատեսվող շենքի հասցեն նշվել է Եկմալյան 6/3: Ի վերջո, նախագիծը համաձայնեցվել է Երեւանի քաղաքապետի հետ, եւ վերջինս 2022-ի դեկտեմբերի 15-ին Արգամ Հովհաննիսյանին տվել է այս հասցեում շինություն կառուցելու թույլտվություն 1 տարի ժամկետով (մինչեւ 2023 թ. դեկտեմբեր): Քանի որ 2023-ի դեկտեմբերին, շինարարությունը դեռ ընթացքի մեջ էր, Հովհաննիսյանը ձեռք է բերել նոր շինթույլտվություն, այս անգամ՝ 10 ամիս ժամկետով: Այսինքն՝ նա պետք է շինարարությունն ավարտի մինչեւ այս տարվա հոկտեմբեր:

Արգամ Հովհաննիսյանի շենքն ունենալու է այս տեսքը

Ըստ Արմինե Հովհաննիսյանի՝ չնայած 2022-ի դեկտեմբերից շինթույլտվություն ունենալուն, Արգամ Հովհաննիսյանը շինաշխատանքներն սկսել է 2023-ի օգոստոս-սեպտեմբերին: «Երբ բետոնե սյուներն են դնում, ես զգում եմ, որ շատ մոտ է մեզ: Անմիջապես սկսում եմ տարբեր մարմինների նամակներ գրել, ասում եմ՝ խնդրում եմ, եկեք շուտ ստուգեք, մենք չենք ուզում իրենց վատություն անել, որ հետո չասենք՝ քանդեք»,- պատմում է «Օրրանի» նախագահն ու ցույց տալիս պետական ատյանների պատասխանները: Օրինակ՝ Երեւանի քաղաքապետարանի պատասխանը եղել է այսպիսին՝ շինաշխատանքներն իրականացվում են համաձայն շինթույլտվության: Տեսչական մարմնից էլ ասել են՝ «նախագիծը մշակվել է ՀՀ-ում գործող օրենսդրության եւ շինարարության նորմերի պահանջների համապատասխան, որը կեղծ կամ ոչ իրավաչափ ճանաչված չէ՝ հաշվի առնելով, որ տրվել է համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից»: Փաստորեն, ըստ տեսչական մարմնի տրամաբանության, եթե նախագիծը կազմել է որակավորում ունեցող մասնագետը, այն չի կարող ոչ իրավաչափ լինել: Հիշեցնենք, որ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի նպատակը քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության, ինչպես նաեւ այլ ոլորտներում անվտանգության եւ օրենդրության պահանջների պահպանման ապահովումն է, ինչի համար այս մարմինն իրականացնում է վերահսկողություն: Ինչպես վերեւում ասվեց, տեսչական մարմնից Արմինե Հովհաննիսյանին նաեւ ասել են, թե նա չի առարկել շինարարությանը (ստորագրության իրական լինելու եւ հասցեի տարբերության մասին չենք կրկնում):

«Որ տեսա պատասխան չկա, դիմեցի իրավաբաններին,- պատմում է Արմինե Հովհաննիսյանը,- իրավաբանն առաջարկեց փորձաքննություն անել: Օրենքով պետք է 6 մ հեռավորություն լինի հասարակական նշանակության շենքերի միջեւ: Քաղաքապետարանն Արգամին շինթույլտվություն է տվել 2,1-2,2 մ հեռավորությամբ, բայց ինքը դա էլ չի պահել ու 1,6 մ-ի վրա է կառուցում: «Օրրանի» շենք օրական 150-200 մարդ է մտնում՝ երեխաներ, կամավորներ, հյուրեր, այդ թվում՝ օտարերկրացի: Եթե հանկարծ հրդեհ լինի, էդ լուսամուտները չեն օգտագործվի, բացի դրանից՝ հոգեբանական ծառայությունների սենյակը լրիվ մութ է: Ես բաց նամակ գրեցի Ավինյանին, որին նա արձագանքեց իր ասուլիսում՝ ի պատասխան լրագրողի հարցի՝ ասելով, թե իրենք քանդելու բան չունեն, եւ ես թուղթ եմ ստորագրել: Բայց ինքը կարդացե՞լ է էս թուղթը: Ես ասել եմ՝ հա, երկհարկանի շենք կառուցեք, բայց չեմ ասել՝ անօրինական բան արեք: Եթե նույնիսկ ես ստորագրեմ, ինչը չեմ արել, պետությունն օրենքով չպիտի թույլատրի: Երեխաների կյանքի մասին է խոսքը, ես ո՞վ եմ, որ որոշեմ, որ էդ երեխաների կյանքը պիտի վտանգի տակ դնեմ»:

Այսպիսի տեսարաններ են բացվում հոգեբանական ծառայությունների սենյակի պատուհանից

«Օրրանի» պատվիրած փորձաքննությունն իրականացրել է «Պրոէքսպերտ» ՍՊԸ-ն: Փորձագետ Տիգրան Ալեքսանյանի եզրակացությունն այն է, որ «Օրրանի» շենքի եւ Եկմալյան 6/3 հասցեում կառուցվողի հեռավորությունը միմյանցից 1,6 մ է, ինչը չափել է նաեւ «Հետքը»:

Ըստ փորձագետի՝ սա հակասում է գործող նորմերին, քանի որ քաղաքաշինության նախարարի 2014 թ. հրամանով հաստատված շենքերի եւ շինությունների հրդեհային անվտանգության նորմերի համաձայն՝ հասարակական նշանակության շենքերի միջեւ, ինչպիսիք են «Օրրանի» եւ Արգամ Հովհաննիսյանի շինությունները, հակահրդեհային միջտարածությունները պետք է լինեն 6, 8 կամ 10 մ՝ կախված շենքերի հրակայունության աստիճանից: Եթե շենքերը առաջին կամ երկրորդ աստիճանի հրակայուն են, ապա միմյանցից հեռավորությունը թույլատրվում է 6 մ: 6-10 մ հեռավորության դրույթը սահմանված է նաեւ քաղաքային եւ գյուղական բնակավայրերի հատակագծման եւ կառուցապատման նորմերով, ինչի մասին եւս փորձագետը նշել է:

Արգամ Հովհաննիսյանին հանդիպեցինք շինարարության ընթացքը լուսանկարելիս: Նա հրաժարվեց ձայնագրվել, սակայն բանավոր զրույցի ժամանակ չհերքեց, որ օրենսդրորեն պետք է պահպանվի 6 մ հեռավորությունը: Այդուհանդերձ, նրա հակափաստարկն այն է, որ ժամանակին «Օրրանի» շենքը կառուցվել է 60 սմ խախտումով դեպի իր կողմ, բայց ինքը չի բողոքում: Այդ խախտումը, ըստ Հովհաննիսյանի, տեղի է ունեցել մասամբ համայնքին պատկանող հողում, մասամբ՝ իր: «Օրրանում» հերքում են, թե նման բան կա, Արմինե Հովհաննիսյանն ասում է, որ իրենց շենքը կառուցվել է 2000-ականների սկզբին՝ համապատասխան շինթույլտվության եւ վերահսկողության ներքո, ու այսքան ժամանակ որեւէ բողոք չեն ստացել: Այդուհանդերձ, կազմակերպության ղեկավարը նկատում է, որ որոշել են լրացուցիչ ուսումնասիրել իրենց շենքին վերաբերող փաստաթղթերը, ու եթե նույնիսկ որեւէ խախտում լինի, իրենք պատրաստ են քանդել պատը, հետ տանել: 

1,6 մ միջտարածությունը

Բայց փաստ է, որ այդ 60 սմ-ն էլ չի փոխի իրավիճակը ու ներկա 1,6 մետր հեռավորությունը 6 մետր չի դարձնի: Ամեն դեպքում, երբ Արգամ Հովհաննիսյանին հարցրինք, որ եթե «Օրրանն» անօրինական ձեւով մտել է իր ու համայնքի հողի մեջ, ինչու ինքը չի պահանջում քանդել պատը, նա տարակուսեց, թե հո չեն պահանջելու արդեն կառուցված շենքի պատը քանդել:

Սակայն կառուցապատում իրականացնողը նեղսրտում է, որ եթե հիմա «Օրրանը» բողոքում է, թե իր շենքն իբր փակելու է իրենց մի քանի լուսամուտների լույսը եւ այլն, ապա ժամանակին հենց այս կազմակերպությունն է, չունենալով իր գնած հողի եւ դրա վրա գոյություն ունեցած տան նախկին սեփականատիրոջ համաձայնությունը, լուսամուտներ բացել այդ ուղղությամբ:

Արգամ Հովհաննիսյանը հեռախոսով ցույց է տալիս իր ձեռք բերած հողում եղած տունն ու «Օրրանի» շենքի պատը

Արմինե Հովհաննիսյանը «Հետքի» հետ զրույցում հակադարձում է, որ երբ իրենց շենքը կառուցվում էր, հարեւանների համաձայնությունն ստանալու պահանջ, ինչպես այսօր է, չի եղել, երկրորդ՝ իրենք գործել են այն ժամանակ գործող օրենսդրության շրջանակներում, իսկ նախկին հարեւանը՝ միհարկանի տան սեփականատերը, այդ առումով չի բողոքել: Բացի դրանից, ըստ «Օրրանի» նախագահի, այդ տան եւ իրենց շենքի միջեւ հեռավորությունն ավելի մեծ է եղել, քան այսօրվա 1,6 մետրը, արանքում էլ ծառեր են եղել: «Ինքն ասում է՝ դուք իրավունք չունեիք էդտեղ լուսամուտ բացելու: Եթե իրավունք չունեինք, ո՞նց են ժամանակին թույլտվություն տվել,- նշում է «Օրրանի» ղեկավարը:- Մենք լեզվակռիվ չենք անում, ինքը զանգում է, ուզում է հանդիպել, ես ասում եմ՝ իրավաբանների հետ խոսեք»:

Չնայած մեր զրույցի ժամանակ Արգամ Հովհաննիսյանը պնդում էր, որ 1,6 մետրը բավարար հեռավորություն է հրշեջների համար սանդուղք դնելու եւ աշխատելու համար, իսկ, օրինակ, հոգեբանի եւ մյուս սենյակների լույսը կվերականգնվի այն բանից հետո, երբ իրենք շինաշխատանքների ավարտին հեռացնեն մետաղյա ցանկապատը, թվում է, թե նրա դժգոհությունը «Օրրանի» լուսամուտների առկայությունից, այլ պատճառ ունի:

«Օրրանի» երրորդ հարկից բացվող տեսարան

Բանն այն է, որ շենքերի եւ շինությունների հրդեհային անվտանգության նորմերի համաձայն՝ հակահրդեհային միջտարածությունները (այս դեպքում՝ 6 մ) թույլատրվում է փոքրացնել 20 %-ով, եթե չկան բացվածքներ՝ դռներ, պատուհաններ, եւ ծածկը պատված է չայրվող նյութի պաշտպանիչ շերտով: Այսինքն՝ եթե Արգամ Հովհաննիսյանի սեփականության ուղղությամբ «Օրրանի» պատը խուլ լիներ, երկու շինությունների միջեւ հեռավորությունը կարող էր լինել ոչ թե 6, այլ 4,8 մ: Բայց դա 3 անգամ ավելին է այսօրվա 1,6 մետրից:

Նույն նորմերի համաձայն՝ առաջին եւ երկրորդ աստիճանի հրակայունությամբ շենքերի (բացառությամբ դպրոցների, քոլեջների, մանկապարտեզների, հիվանդանոցների, ինտերնատների եւ նման մի քանի այլ հաստատությունների) միջեւ նախատեսված հեռավորությունները թույլատրվում է չնորմավորել, եթե մեկը մյուսի դիմաց գտնվող շենքերից ավելի բարձր կամ ավելի լայն պատն ունեցողը առաջին աստիճանի հրակայուն է, եւ, բացի դրանից, այդ պատի վրա չկան բացվածքներ ավելի ցածր շենքի պրոյեկցիայից ուղղահայաց 8 մ եւ հորիզոնական 4 մ հեռավորության վրա: Սա նշանակում է, որ եթե «Օրրանի» շենքի պատի վրա չլինեին լուսամուտներ Արգամ Հովհաննիսյանի շինության տանիքից 8 մ բարձրության եւ հորիզոնական ուղղությամբ 4 մ հեռավորության վրա, վերջինս երեւի ամենագոհը կլիներ, քանի որ երկու շենքերի միջեւ հակահրդեհային միջտարածություն պահելու կարիք չէր լինի:

Այդուհանդերձ, խնդիրը կա, եւ այն լուծում է պահանջում: Արգամ Հովհաննիսյանն առաջարկում է իր տարբերակը. «Օրրանի» պատը իր շինության պրոյեկցիայի չափով քանդել, եւ այդ մասում շենքերը միացնել իրար, այսինքն՝ ունենալ ընդհանուր պատ, ինչի պարագայում «Օրրանը» առաջ կգա 1,6 մ: Փակվող լուսամուտների հարցը Ա. Հովհաննիսյանն առաջարկում է լուծել 1,6 մետրի չափով «լցվող» այդ հատվածի վրա պատուհաններ բացելով, որոնք կնայեն դեպի փողոց:

Արգամ Հովհաննիսյանն «Օրրանին» առաջարկում է կարմիրով նշված հատվածում առաջ գալ իր կողմ եւ պատուհաններ բացել այս՝ փողոցի կողմից

Երբ հունվարի 11-ին հանդիպեցինք Արգամ Հովհաննիսյանին, նա ասաց, որ պատրաստվում է փաստաբանի միջոցով այս առաջարկը փոխանցել Արմինե Հովհաննիսյանին: Վերջինս մեզ հետ զրույցում պնդեց, որ դա նոր առաջարկ չէ, սակայն ինքը դեմ է: «Ինքը տարբեր առաջարկներ է անում: Ասում է՝ քո սենյակի պատը քանդի, միացրու, ես դրա փողը կտամ: Մենք ոչ մի բան չենք ուզում, մեր լույսն ու ապահովությունն ենք ուզում»,- կրկնում է «Օրրանի» նախագահը:

Տեսնելով, որ պետական ու համայնքային պատկան մարմիններից պատշաճ արձագանք չկա՝ «Օրրանի» ղեկավարությունը որոշել է դիմել դատարան:

Նոյեմբերի 29-ին կազմակերպությունը վարչական դատարանում հայց է ներկայացրել ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի՝ դատարանից պահանջելով անվավեր ճանաչել Արգամ Հովհաննիսյանին տրված շինթույլտվությունը: Հունվարի 3-ին դատավոր Արմեն Ներսիսյանը հայցը վարույթ է ընդունել, կառուցապատողին ներգրավել է որպես երրորդ անձ, քանի որ նա է շինթույլտվության հասցեատերը, բացի դրանից՝ բավարարել է «Օրրանի» միջնորդությունը շինթույլտվության կատարումը կասեցնելու վերաբերյալ: Վարչական դատարանը որոշել է շինթույլտվության գործողությունը կասեցնել, մինչեւ դատական ակտն օրինական ուժի մեջ կմտնի: Իսկ այդ ակտը հրապարակվելու է հուլիսի 25-ին (գործը քննվելու է գրավոր ընթացակարգով):

Շինթույլտվությունը կասեցնելու միջնորդության մասով դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալուց 5 օր հետո եւ այդ ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննիչ ատյան: Ինչպես ասվեց, որոշումը կայացվել է հունվարի 3-ին, իսկ մենք Արգամ Հովհաննիսյանի հետ զրուցել ենք հունվարի 11-ին, եւ շինաշխատանքները շարունակվում էին: Չնայած Հովհաննիսյանը դատարանի որոշումից տեղյակ էր, ինչը պարզ էր դարձել նրա եւ «Օրրանի» աշխատակիցների զրույցից, «Հետքին» ասաց, թե դատարանի որոշումը դեռ չի ստացել:

Հունվարի 11-ին շինաշխատանքները դեռ շարունակվում էին   

Սակայն վարչական դատարանի որոշումը մեկ-երկու օր ուշ ստանալը (եթե հավատանք, որ չի ստացել) կամ դրա բողոքարկումը եւ այդ ընթացքում արագ-արագ շինարարություն անելը հարցի լուծում չէ, քանի որ կա մեկ այլ որոշում, որն ուժի մեջ է մտել կայացման պահից՝ հունվարի 5-ից:

Բանն այն է, որ դեկտեմբերի 20-ին «Օրրանը» Երեւանի քաղաքացիական դատարանում հայց է ներկայացրել հենց Արգամ Հովհաննիսյանի դեմ՝ պահանջելով վերացնել իր իրավունքի խախտումը: Հունվարի 5-ին դատավոր Նաիրա Ավետիսյանը հայցը վարույթ է ընդունել: Երեւանի քաղաքապետարանը ներգրավվել է որպես երրորդ անձ: Դատարանը նաեւ բավարարել է հայցվորի միջնորդությունը եւ արգելել Արգամ Հովհաննիսյանին Եկմալյան 6/3 հասցեում շինարարություն կատարել:

Հոդվածի հրապարակումից առաջ տեղեկացանք, որ մինչեւ հունվարի 16-ը ներառյալ շինաշխատանքներ են կատարվել Եկմալյան 6/3-ում, սակայն ամսի 17-ից շինարարությունը կանգնած է: 

Շինարարության լուսանկարները՝ հունվարի 11-ի դրությամբ

Մեկնաբանություններ (3)

Անահիտ
Իմ մեկնաբանության մեջ սխալ եմ գրել իմ կողմից քննադատվող անձի անունը,ներողություն եմ խնդրում,ոչ թե Արման ,այլլ Արգամ Հովհաննիսյանի մասին է խոսքը։
Անահիտ Գևորգյան
<<Օրրան>>-ը իր ստեղծման օրվանից ի վեր,հազարավոր երեխաների տունն է եղել, նրանց սեփական երեխաների նման պահել, խնամել հագցրել,կապցրել,կերակրել և կրթել է, տալով բոլորին ընտանեկան ջերմություն և ուրախություն։ Այն ինչ տվել է <<Օրրանի>> տնորեն Արմինե Հավհաննիսյան իր սաներին, շատ երեխաներ անգամ իրենց ընտանիքներում դա չեն ստացել,չեն տեսել։ Միթե կարելի է համեմատել Արմինե Հովհաննիսյանի արած աշխատանքը,նրա այդքան մեծ ներդրումը այդ երեխաներին օգնելու, նրանց մի կտոր հացի տեր դարձնելու և բացի կրթելուց,արհեստ սովորացնելու նրանց ապագայի մասին հոգալու նրա մեծ աշխատանքը և ոմն Արման Հովհաննիսյանին,որը անհասկանալի է նույնիսկ,թե ինչ է կառուցում։ Արմինե Հովհաննիսյանը նույնիսկ փողոցներից է հավաքել մուրացկանությամբ զբաղվով երեխաներին,բերել է <<Օրրան>>,ապահովել ամեն ինչով,ինչ կարող է տալ նրանց մայրը իր հոգատարությամբ, նույնիսկ ապագա մասնագիտություն են ձեռք բերել <<Օրրանում>> այդ երեխաները։ Ինչպիսի շքեղ նվերներով և տորթերով են այդտեղ նշում երեխաները բոլոր տոները, որքան մեծ սիրով են կազմակերպվում նրանց համար այդ բոլոր տոները, նրանց բացի դԱսերից սովորեցնում երգել,պարել, անգամ երաժշտության դասեր են անցնում,ցանկացոները սովորում են նվագել տարբեր գործիքների վրա , նրանց սովորեցնում են կիրթ լինել, նիստ ու կաց են սովորեցնում, ընդ որում հայեցի նիստ ու կաց, սովորեցնում են մեծին հարգել, միմյանց սիրել,հարգել, սովորեցնում են սիրել հայրենիքը,ՄԵՐ հավատքը , մի խոսքով այդ երեխաների համար արվում է ամեն բան,որ նրանք դասերից հետո գան <<Օրրան>> ինչպես իրենց տուն։ Արմինե Հովհաննիսյանի ներդրումն այնքան մեծ է այդ գործումու և այն ամենը,ինչ նա արել է և անում է հայ մանուկների համար, շատ քչերն են արել։ Դրա համար ոչ ոք չի կարող նրան դեմ դուրս գալ, քանի որ ոչ մի Արման Հավհաննիսյան չի կարող հասնել ,կամ անել այն ամենը,ինչ իր հայրենիքի համար և հայ բալիկների համար արել է Արմինե Հովհաննիսյանը։ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻևՆՈԻՅՆՆ Է ՀԱՂԹԵԼՈՒ Է։ ԱՐՄԻՆԵ ՀԱՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱՐԴԱՐ ՄԱՐԴ Է և ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՍԵԼ,ՈՐ ՆՐԱ ՊԱՀԱՆՋԸ ԱՐԴԱՐ ՉԵ։ ՀԱՂԹԵԼՈՒ Է ԲՆԱԿԱՆԱԲԱՐ <<ՕՐՐԱՆԸ>> և ՆՐԱ ՀԻԱՍՔԱՆՉ ՏՆՈՐԵՆԸ։
Սուսաննա
Արդարությունը հաստատ հաղթելու է մի վայրկյան անգամ չեմ կասկածում,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter