HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Օսկանյանը կհամակարգի Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի աշխատանքը

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբ է ստեղծվել, որի նպատակը Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանությունն է։ 

Հանձնախմբի աշխատանքների համակարգումն իրականացնելու է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է Հանձնախմբի անելիքները։

«Արցախի հիմնական քաղաքական ուժերի հետ համագործակցությամբ Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության նպատակին կոչված հանձնախումբը արդեն ձևավորված է: Ես համաձայնել եմ Հանձնախմբի անդամների առաջարկությանը՝ համակարգելու դրա աշխատանքները։ Առաջիկայում, երբ ամբողջանա Հանձնախմբի կազմը, կհրապարակվեն մյուս անդամների անունները, ինչպես նաև մանրամասներ անելիքների մասին։

Այս պահին կարող եմ ասել, որ Հանձնախմբի գլխավոր խնդիրը լինելու է միջազգային երաշխիքներով Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և իր հայրենիքում ապահով, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի պաշտպանությունը և հետապնդումը։ Ես համոզված եմ, որ այս հարցի հետապնդումը և իրականացումը կնպաստի իրական խաղաղության հաստատմանը մեր ժողովուրդների միջև։

Տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումն անհնար է, երբ հայ ժողովրդի մի հատվածը բռնի տեղահանված է իր բնօրրանից, իսկ Հայաստանին պարտադրվում է ստորադաս «խաղաղություն»՝ նոր կորուստների սպառնալիքով։ Նման «կայունությունը» չի կարող մշտական լինել։ Խնդրի միայն հավասարակշռված լուծումը, որը ներառում է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնումը, կարող է բերել տևական ու կայուն խաղաղություն»,- ասված է Վարդան Օսկանյանի գրառման մեջ։

Լուսանկարը՝  «Ֆոտոլուրի» արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter