HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գյումրեցի մոտոցիկլիստի մահվան դեպքով վկայի կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել 24-ամյա մոտոցիկլիստ Ռոման Մանուկյանի մահվան ելքով ավտովթարի մասնակիցներից Անդրանիկ Մկոյանի նկատմամբ: Նա վկայի կարգավիճակ ուներ: 

Քրեական հետապնդումը հարուցվել է «Հետքի» հրապարակումից մեկ օր անց՝ հունվարի 17-ին,Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Դեպքի առթիվ նույն հոդվածով քրեական վարույթ նախաձեռնվել էր դեպքի օրը՝ 2023թ. սեպտեմբերի 5-ին, սակայն մեղադրյալ չկար:

2023թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում միմյանց են բախվել «Աուդի» մակնիշի ավտոմեքենան և Ռոման Մանուկյանի մոտոցիկլետը: Ռոման Մանուկյանը տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է: Սակայն քույրը՝ Անի Վարդանյանը, ասում է, որ եղբայրը տեղում է մահացել, հիվանդանոցում մահն է արձանագրվել: Վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել:

Ռոման Մանուկյանի վթարի դեպքից անցել է 4 ամիս, սակայն նախաքննական մարմինը ոչ մի առաջընթաց չի արձանագրել: Մահացած տղայի հարազատները միտում են տեսնում, որ քննիչն օգնում է վթարի մյուս մասնակցին: Մինչ օրս փորձագետները չեն կարողանում զննել վթարի պատճառ դարձած, Անդրանիկ Մկոյանի վարած էլեկտրական «Աուդի» մակնիշի ավտոմեքենան, քանի որ վկայի կարգավիճակ ունեցող Մկոյանը լքել է երկիրը, իսկ առանց մասնագետի հնարավոր չէ բացել ավտոմեքենայի դռները: Տուժողի փաստաբանը կարծում է, որ միտումնավոր ժամանակ են ձգում, որ անցնի վաղեմության ժամկետը, և Ռոման Մանուկյանի մահվան մեղավորները չպատժվեն:

Քրեական վարույթով ձեռք են բերվել տվյալներ, որ Անդրանիկ Մկոյանը դեպքի ժամանակ ավտոմեքենայով կտրուկ հատել է ճանապարհի հանդիպակաց ուղղությունների  ճանապարհահոսքերը բաժանող հոծ գիծը և մտել հանդիպակաց երթևեկելի գոտի: Ռոման Մանուկյանն էլ մոտոցիկլետով բախվել է հոծ գիծը հատած Անդրանիկ Մկոյանի «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի աջ հատվածին: Այս ամենն արձանագրվել է նաև տարածքում տեղադրված տեսախցիկով, որի տեսանյութն առգրավվել է:

Այս ամենով հանդերձ, գործը քննող քննիչ Սեդա Մխիթարյանը, ով 24 տարեկան է, քրեական հետապնդում չէր հարուցել՝ պատճառաբանելով, թե սպասում են դատաավտոտեխնիկական և դատատեսաձայնագրային համալիր փորձաքննություններին, որպեսզի հասկանան, թե ով է մեղավոր:

Մահացած Ռոմանի ազգականները Գյումրիում շրջանառվող խոսակցություններից պատահմամբ իմացել են, որ վթարի մասնակից Անդրանիկ Մկոյանը լքել է երկիրը: Քննիչից փորձել են իմանալ, թե երբ է նա հատել սահմանը, սակայն տեղեկատվություն չի տրամադրվել՝ պատճառաբանությամբ, թե ապացույցների հավաքման փուլն է, և տվյալներին կծանոթանան նախաքննության ավարտից հետո: Բանավոր փոխանցել է, թե Մկոյանը պարտավոր է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, եթե նրան կանչեն: Նրան կանչել են դեկտեմբերին, սակայն չի ներկայացել:

Անդրանիկ Մկոյանի փաստաբան Հովհաննես Ղարաքեշիշյանը մեզ փոխանցեց, որ վարույթն իրականացնող մարմնին տեղեկացրել են երկրից դուրս գալու մասին: Հայտնել են, որ անհրաժեշտության դեպքում Մկոյանը կներկայանա:

«Քննիչն ինձ ասել է, որ դեկտեմբերի 27-ին անձը ներկայանա հարցաքննության, ասել ենք, որ այս ժամանակահատվածում տոմսերը բարձր արժեք ունեն: Եթե վարույթն իրականացնող մարմինը փոխհատուցի այդ ծախսերը, քանի որ Մկոյանը վկայի կարգավիճակ ունի, նա պարտավորվում է ներկայանալ: Եթե տոմսերի գումարը տրամադրվեր, անձը կներկայանար, որևէ խնդիր չեմ տեսնում»,- պարզաբանել է Մկոյանի փաստաբանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter