HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Վարդան Ղուկասյանը նոր կուսակցություն է ստեղծում՝ «ԴՕԿ» անվանմամբ

Վարդան Ղուկասյանը նոր կուսակցություն կհիմնի՝ «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» անվանմամբ, որը կարճ կկոչվի «ԴՕԿ»։ Այս մասին Ղուկասյանը հայտարարեց «Հանրային ձայն» կուսակցության համաժողովի ընթացքում տեսազանգի միջոցով։

«Որոշեցի ստեղծել նոր կուսակցություն՝ երիտադարդ կադրերով համալրված, արդեն ստուգված։ Նոր կուսակցություն, որպեսզի ոչ մեկը չկարողանա ներկայացնել, որ ինքն է դա արել»,- ասաց Ղուկասյանը։

Վարդան Ղուկասյանը հայտարարեց՝ կուսակցության առաջին ժողովը տեղի կունենա մարտի 5-ին։

Համաժողովի ժամանակ հայտարարվեց, որ ներկա է շուրջ 420 հոգի։ Բոլորը դեմ քվեարկեցին, որ Արտակ Գալստյանը լինի կուսակցության նախագահը։

«Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդն էլ համաժողովից հետո հայտարարություն տարածեց, ըստ որի՝ ներկաների 80%-ը որևիցե առնչություն չունեին «Հանրային Ձայն» կուսակցության հետ, այդ թվում՝ նաև նիստը վարողը և նախագահողը։

Կառավարման խորհրդի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր ավարտվեց կուսակցությունից հեռացված բլոգեր Վարդան Ղուկասյանի հրավիրած ժողովը, որը ավելի շատ նպատակ ուներ վերջինիս «ինքնակենսագրական» գիրքը վաճառելու, քան հետապնդում էր քաղաքական նպատակներ։

Դահլիճում ներկա անձանց 80%-ը որևիցե առնչություն չունեին «Հանրային Ձայն» կուսակցության հետ, այդ թվում՝ նաև նիստը վարողը և նախագահողը։

Ինչևէ, արձանագրենք, որ իրեն 23000 ձայնի սեփականատեր հռչակած բլոգերը, տեսնելով դահլիճի սակավաթվությունը, (իրենց ճոխացրած հաշվարկով իբր 420 հոգի, իրականում 232 հոգի, կամ ավագանու ընտրություններում կուսակցությանը կողմ քվեարկած ձայների 1%) հասկացավ և ընդունեց, որ արդյունքում ընտրողը ձայն է տվել կուսակցությանը և ծրագրին, այլ ոչ թե ամբողջ քաղաքակիրթ աշխարհից ինքնամեկուսացված բլոգերին։

Հասկանալով սեփական վիճակի ամբողջ անմխիթարությունը` Վարդան Ղուկասյան անունը կրող անձը անձամբ արձանագրեց իր քաղաքական մահը, վերահաստատեց «Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհրդի 09.01.2024թ որոշումը, այն է, որ ինքը վտարված է կուսակցությունից և այդ պահից սկսած սովորական ու շարքային բլոգեր է։

Ինչ վերաբերում է, իր` «ԴՈԳ» մականվամբ նոր կուսակցության ստեղծման մասին հայտարարությանը և կոչին, «Հանրային Ձայն» կուսակցության անդամներին, որ դուրս գան կուսակցությունից, ապա հայտարարենք, որ ըստ օրենքի` կուսակցության անդամությունը և դրա դադարեցումը կամավոր հիմունքներով է, և անդամները ազատ են այդ որոշումը կայացնելուց, մնալ «Հանրային Ձայնում», թե կրել արտասահմանից հայհոյող անձի հայհոյանքների ողջ պատասխանատվությունը։

Ինչ վերաբերում է կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի հասցեին բլոգերի կողմից հնչեցված արտահայտություններին, ապա քաղաքական կուսակցության կառավարման խորհուրդը չի իջնի բլոգերի մակարդակի քննարկումներին։

Հասարակությունը այսօրվա բլոգերյան ժողովին իր մասնակցությամբ արդեն իսկ հայտնել է իր դիրքորոշումը, այն է, բլոգերի ժողովին 23 000 ընտրողներից մասնակցել են ըստ իրենց ուռճացված թվերի ընդամենը 420 անձ, կամ ընտրողների 1%, մեծ մասամբ անկուսակցական։

Ինչևէ, արձանագրենք, որ «Հանրային Ձայն» կուսակցությունը մաքրվեց  ինքնասիրահարված, ինքնահռչակ, հայհոյախառն բլոգերից, որի համար շնորհավորում եմ բոլորին և կուսակցականներին և ողջ Հայ ժողովրդին։

Այլևս հայկական քաղաքական դաշտում, որպես քաղաքական սուբյեկտ, հայհոյող բլոգեր գոյություն չունի»,- նշված է հայտարարությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter