HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Բալետ` տրեխներով պարի փոխարեն(վիդեո)

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոր պրեմիերա է լինելու: Ռուդոլֆ Խառատյանը բեմադրել է 3 գործողությամբ «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետը: Ռոմեոյի դերում հանդես են գալու Ռուբեն Մուրադյանը եւ Սեւակ Ավետիսյանը, Ջուլիետի դերում` Ժակլին Սարխոշյանը եւ Սյուզի Փիրումյանը: Գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի խոսքերով` երկու զույգն էլ յուրովի հետաքրքիր են, միեւնույն ժամանակ` լրիվ տարբեր: Այս ներկայացումով Ռուդոլֆ Խառատյանը փորձել է լուծել թե ծավալուն գործի, թե այսօրվա մոտեցումների խնդիրները` բեմադրության ժամանակակից լինելը, թեմայի, խորեոգրաֆիայի, տեխնիկական եւ էմոցիոնալ արտացոլումը:

- Եթե նայես, պետք է տեսնես այսօրվա Երեւանը. փողոցում խմբով աղջիկներ են գնում, ու տղերք են գնում, ու հանկարծ կարող է կոնֆլիկտ լինել, այդ կոնֆլիկտը ո՞նց կարող է լուծվի, մեջը ինչքա՞ն կատակ կա, եւ ինչքա՞ն լրջություն կա, ի՞նչ սրություն կարող է ստանալ: Ամբողջ ներկայացումը կառուցված է այնպես, որ կամաց-կամաց ամեն ինչ տաքանում է ու հասնում սպանությունների:

Այս բեմադրությունը դեռ մի տարի առաջ էր պատրաստվում, ո՞րն էր դադարի պատճառը:

Այո, բեմադրությունն արդեն գրեթե պատրաստ էր մոտ մեկ տարի առաջ, սակայն ֆինանսական պատճառներով այն դադարեցվել էր որոշ ժամանակով: Թատրոնը «Սայաթ-Նովա», «Աիդա» դրեց, որոնք մեծ ծավալի գործեր էին թե ֆինանսական, թե ժամանակի առումով: Վերջապես հերթը հասավ նաեւ բալետին, եւ նորից սկսեցինք վերհիշել ամբողջ բեմադրությունը:

Ինչու՞ եք ընտրել «Ռոմեո եւ Ջուլիետ»-ը:

Այսօր «Ռոմեո եւ Ջուլիետ»-ը անհրաժեշտ էր մեր թատրոնին: Ամբողջ աշխարհի բոլոր մեծ բալետային տրուպաները վերադառնում են մեծածավալ գործերի, այսինքն` երեք գործողությամբ բալետների: Եվրոպան, Ամերիկան` բալետային երկրները, անցյալ դարի սկզբից սկսել էին 1 գործողությամբ աբստրակտ բալետներ բեմադրել, ու մոտ մի դար անցավ, ամբողջը ամփոփվեց, այդ բալետները, փիլիսոփայական կատեգորիաները էմոցիոնալ, ֆիզիկական մի նոր մակարդակի անցան: Ու այժմ շատ մեծ բարձունքների վրա են գտնվում: Այսօր նրանք նորից վերադառնում են մեծ, ծավալուն գործերի, բայց լրիվ նոր ընթերցման մեջ, այսինքն` բեմադրության, խորեոգրաֆիայի խտությունը նորովի է ու այսօրվան համահունչ, արտացոլում է այսօրվա ռիթմը, տեմպը: Մենք այդ ամբողջ 100 տարին ոնց որ կորցրած լինենք: Մեր թատրոնը չի անցել այդ խտացման, տեխնիկական դժվարությունների փուլը: Իմ ցանկությունն այն է, որ շատ արագ գանք մի մակարդակի` դրսի բալետային մտածելակերպին համապատասխանելու համար: Այսօրվա երիտասարդների մասին է այս ներկայացումը, ինձ պետք էր, որ ամեն մեկն իրեն տեսնի որպես գլխավոր հերոս: Ի տարբերություն մյուս ավանդական ներկայացումների, որտեղ կա 3 հիմնական կերպար, որոնց շուրջ է ամեն ինչ զարգանում, ես ունեմ 12-ը, որոնք ամբողջ ներկայացումը զարգացնում են, դա ավելի շատ հնարավորություններ է տալիս անընդհատ զարգանալու համար:

«Ռոմեո եւ Ջուլիետ»-ը կարելի՞ է ժամանակակից բալետ համարել:

Բալետը ժամանակակից բալետ է` հիմնված դասականի վրա, որտեղ օգտագործվում են մոդեռնի տարրեր: Եթե դասականը 4 հաշվի մեջ մի շարժում էր անում, հիմա 4 հաշվի մեջ 16 շարժում կարող է լինել, բայց շարժումները դասական են: Օգտագործվում են մոդեռնի տարրեր, կարող է ջազի էլեմենտներ էլ մտնեն, դա կոչվում է ժամանակակից, որն իր մեջ ընդգրկում է տարբեր էլեմենտներ, բայց հիմքը դասական է:

Ժամանակակից բալետը նաեւ ժամանակակից հագուստ է պահանջում:

Կարելի է նկատել, որ նույն այսօրվա տղաների, աղջիկների շապիկներն են գցված, հատուկ ստիլիզացված` այսօրվա ու երեկվա եզրերը իրար կպցնելու համար: Կարողացել ենք ներկայացնել այդ դարաշրջանի հագուստները` բայց փոխանցելով այսօրվա շունչը:

Փաստորեն, հայկական բեմի համար միանգամայն նոր ներկայացում է:

Ես ինքս պարել եմ «Ռոմեո եւ Ջուլիետ«, որը բեմադրվել է 1970 թվականին` հրավիրված Կիրովի անվան Մարինսկի թատրոնից, ու շատ հետաքրքիր բեմադրություն էր այն ժամանակվա համար, բայց որ այսօր նայում եմ, ուղղակի ժպտում եմ, որովհետեւ չկան այսօրվա տեխնիկական բարդությունները, չնայած իր ժամանակի համար շատ նորովի ու հետաքրքիր ներկայացում էր: Թե կոստյումների լուծումները, թե դեկորների` աշխատել ենք, որ արտահայտեն 16-րդ դարի եւ այսօրվա շունչը: Կոստյումների, շարժուձեւի, խորեոգրաֆիայի մեջ պետք է արտացոլվի այդ ամենը: Այսօրվա պատմությունը, այսօրվա ռիթմը, տեմպը, այսօրվա իմպուլսները, դինամիկան, սիտուացիաները ստեղծել ենք... Կռվի տեսարաններն այնպես ենք բեմադրել, ինչպես այսօր փողոցում կարող ես տեսնել այդ կոնֆլիկտը երիտասարդների միջեւ, այդ իմպուլսիվ շարժուձեւը: Առավելագույնս փորձել եմ, որ իրավիճակներն այնպես կառուցված լինեն, որ հանդիսատեսը ապրի իրենց հետ, չնայած գիտեն Շեքսպիրի ամբողջ պատմությունը: Ամենակարեւորն այն է, որ բեմադրությունը պետք է հնարավորություն տա անընդհատ զարգանալու, որովհետեւ ինքն իր մեջ արդեն ունի այդ հնարավորությունը: Թե խորեոգրաֆիան, թե տեխնիկական հնարքները կարող են ավելի բարդանալ, որովհետեւ ես մի քիչ զիջումներ եմ արել` հույս ունենալով, որ այսօրվա դերասանները ամեն ներկայացման հետ պիտի աճեն:

Մեր դերասաններն ինչպե՞ս են ընդունել այդ նոր մոտեցումները:

Իրենց համար շատ անսովոր էր, եւ ամեն ինչի համար դիմադրություն կար, միլիմետրերով, սանտիմետրերով առաջ ենք գնացել: Մերոնք սովոր են խաղալ, բայց ես բացատրում եմ, որ սա դրամատիկական թատրոն չէ, այստեղ շարժումն է, որ ձեր էմոցիան է ստեղծում: Այդ շարժումների խտությունը, ինտենսիվությունը, իմպուլսիվ լինելն է, որ պետք է ձեր կերպարները սարքի: Մի տարի առաջ, երբ նոր էի եկել, հուսով էի, որ շատ արագ այս հարցերը կլուծվեն, բայց շատ ժամանակ է կորցրել հայկական բալետը... Մենք պետք է նոր հանդիսատես դաստիարակենք, ու հանդիսատեսը ինձ համար 13-ից սկսած երիտասարդներն են, որոնց պետք է այսօր տանք` այ սա է, այ սա նորն է, այ սա հետաքրքիր է, սրա վրա իրենք պետք է աճեն: Այսօր պարողների պոտենցիալը շատ մեծ է, ու ինձ թվաց` շատ ավելի դյուրին կլինի արագ աշխատեցնել, բայց չէ, հասկացա, որ ժամանակ է պետք: Մեր երիտասարդներն արտաքին, ներքին էմոցիայով, ներքին էներգիայով լավն են, բայց մտածելակերպը դեռ շատ հեռու է: Իսկ մտածելակերպն ավելի կարեւոր է, մտածելակերպն է շարժիչ ուժը: Դժվար է, որովհետեւ չգիտեն` դրսում ինչ է կատարվում, ինչ բարձունքների են հասել, ինչ հնարքներ են այսօր անում, ինչ է տեմպը, ռիթմը, անգամ տարբերությունները չգիտեն. մոդեռնը տարբեր ուղղություն է, ժամանակակիցը` տարբեր, կլասիկան` տարբեր: Ամեն ինչ խառնվել է իրար:

Ինչու՞ եք ընտրել հատկապես Սերգեյ Պրոկոֆեւի երաժշտությունը:

Երաժշտությունը հրաշք երաժշտություն է, շատ բարդ գրված, 1938 թվականին է ավարտել Պրոկոֆեւը: Առաջինը Եվրոպայում է բեմադրվել, շատ անշուք է անցել, հետո 40 թ. Լավրովսկին է բեմադրել «Բոլշոյ» թատրոնում: Այն ավելի շատ դրամբալետի օրենքներով է զարգացած: Այն ժամանակ այդպես էր, երբ պարն ինքը չէր զարգացնում գործողությունը, պարում էին առանձին, գործողությունը զարգանում էր առանձին: Մենք այդ աբստրակտ փուլը չենք անցել, սովետականությունը չի անցել: 70 տարվա մեջ, երբ այդ դրամբալետը մեզ վրա դրված է եղել, այդ ժամանակ Եվրոպան ու Ամերիկան շատ արագ քայլերով մշակում էին այդ նոր աբստրակտ մտածելակերպը, աբստրակտ բալետային ձեւերը, որտեղ շարժումն էր էմոցիա առաջացնողը, շարժումը պատմությունը զարգացնում էր: Հիմա Ռուսաստանում շատ արագ այդ խաղացանկը, որ իրենք բաց էին թողել, փորձում են վերականգնել, հրավիրում են մասնագետների, որ այդ խաղացանկը իրենց մոտ բեմադրվի: Մենք ֆինանսական այդ հնարավորությունները չունենք: Չնայած որ եկել էի, հույսեր ունեի, որ այդ բացը կլրացնենք: Այս ներկայացումով ինչ-որ մի աստիճան պետք է բարձրացնենք: Երբ եկա, ես մի ցուցակ ներկայացրի` մինչեւ 2013 թվականը ինչ է պետք մեզ հայկական բալետը զարգացնելու համար. ամեն տարի մոտավորապես մի 4 բեմադրություն, որի կեսը այստեղի ուժերով պետք է արվեր, մնացածը պետք է դրսից հրավիրված լինեին, Բալանչինի, Ջոֆրեյի բեմադրությունները, եվրոպական այսօրվա ամենակարեւոր խորեոգրաֆների գործերը, որ մենք իմանայինք, թե աշխարհում ինչ է կատարվում: Այս խորեոգրաֆների բեմադրությունները աշխարհի բոլոր բեմերում ներկայացվում են, բոլոր թատրոնները պարում են, այսինքն` դա այն խաղացանկն է, որի վրա աճում են դերասանները: Ֆինանսապես չենք կարող բարձրացնել այդ հարցերը: Մեր մտածելակերպն էլ դեռ այդ մակարդակին չէ:

Ո՞րն է պատճառը, որ բալետին շատ ավելի քիչ գումար է հատկացվում, քան օպերային:

Օպերայի համար, նույն «Աիդայի» համար մեծ գումարներ են տվել, 10-20 անգամ ավելի շատ, քան բալետին են տվել: Բալետը մի 20 տարի առաջ այստեղ քանդվեց, թատրոնն արդեն կամաց-կամաց վերածվում էր միայն օպերային թատրոնի: Հիմա նորից սկսեցինք հետ բերել, որ սա օպերայի եւ բալետի թատրոն է, այլ ոչ միայն օպերայի: Այստեղ օպերայի նկատմամբ միշտ վերաբերմունք կա, որ շատ ավելի լուրջ արվեստ է, քան բալետը, այդպես ավանդաբար եղել է, չգիտեմ` ինչու: Պատճառն այն է, թերեւս, որ բալետի դերասանները միշտ ավելի երիտասարդ են, քան օպերայինը: Բալետի դերասանը հենց մեծանում է, այլեւս չի կարող շարունակել, որովհետեւ ֆիզիկականի հետ է կապված: Իսկ օպերայում մեծ կին կարող է դուրս գալ ու Ջուլիետա երգել: Իր արտաքին կերպարը չէ այնքան կարեւոր, որքան ձայնային հնարավորությունները, մեզ մոտ հակառակն է` արտաքինն արդեն թելադրում է, թե դու ոնց կարող ես շարժվել: Հիմա ես անընդհատ այդ պայքարի մեջ եմ, որ բալետը վերադառնա իր մակարդակին: Մարդիկ 20 տարի այստեղ սովորել են, որ բալետ չի եղել, որ մենք բալետ չունենք, բալետային երկիր չենք:

Բայց մենք աշխարհում ճանաչված անհատ պարողներ ունենք:

Մենք լավ պարողներ, անհատներ ունեցել ենք, եւ հիմա էլ շատ ունենք Եվրոպայում էլ, Ամերիկայում էլ, բայց որպես հայ պարող, այլ ոչ թե հայկական բալետ, հայկական բալետային միտք, այդպիսի հասկացություն չկա: Իմ առաջին խնդիրը դա է, որ այս նոր ներկայացումներով պիտի կարողանանք դուրս գալ, ներկայանալ որպես հայկական բալետ, մտնել այդ բալետային ընտանիքի մեջ, որովհետեւ մենք պարզապես չկանք: Վրացիները ավելի հին ավանդույթներ ունեն, բայց իրենք էլ չկան, իրենք էլ են փորձում: Միեւնույն ժամանակ ուզում եմ մեզ ճանաչեն այստեղ: Բալետի նշանակությունը կարեւոր է նրանով, որ խոսք չկա, մենք ցանկացած երկիր կարող ենք գնալ ու ամենաառաջին պրոպագանդիստը լինել մեր խնդիրների, ոչ թե ցույց տանք տրեխներով պար կամ գյուղացու պար, այլ մեր ազնվական հատկությունները կամ մեր հարուստ ներքինը ցույց տանք: Մեր խաղացանկը այդպես էր կառուցված, որ միայն երգի կամ երգի-պարի անսամբլ, դրանցով կարող ենք դուրս գալ, բալետն էլ որ դուրս էր գալիս, էլի այդ նույն բաների մեջ էինք, այսինքն` էլի տրեխներով կամ հին հայկական այլ ատրիբուտներով:

Մեկնաբանություններ (2)

rafayel
es tesel em romeo juleta u shat havanel em
lisa
Roudolf, hishum em Dzer Spartaky... Bis eiq parum. Xndrum em chvhatveq, sharunakeq araj gnal, menq karotel enq haykakan balety.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter