HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետի որոշմամբ դպրոցին հատկացված հողատարածքն առանձնացվել ու աճուրդով վաճառվել է

Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի 2007թ. որոշմամբ արդեն նախկին թիվ 2 հանրակրթական գիշերօթիկ դպրոցին հատկացված մոտ 0,65 հա հողամասը բաժանվել է երկու առանձին գույքային միավորների: 617 քմ հողամասի նկատմամբ դադարեցվել է դպրոցի անհատույց (մշտական) օգտագործման իրավունքը և 555 քմ տարածքն աճուրդով օտարվել է: Աճուրդում հաղթող է ճանաչվել Խաչիկ Ավդալյանը: Նրա հետ 2007թ. կնքվել է առուվաճառքի պայմանագիր՝ հողի համար վճարելով 12 մլն 820 հազ. 500 դրամ:

Բաժանված հողատարածքներից 5960քմ-ն մնացել է դպրոցին:

Գիշերօթիկ դպրոցը հետո դարձել է թիվ 30 ավագ դպրոց, իսկ Կառավարության 2012թ․ որոշմամբ դպրոցը վերակազմակերպվել է որպես Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) «Հերացի» ավագ դպրոց: Համալսարանը դարձել է թիվ 30 դպրոցի իրավահաջորդը: Այստեղ այժմ սովորում է 549 աշակերտ, որոնք դպրոցի տարածքում նույնիսկ զբոսնելու համար բավարար ազատ տարածք չունեն:

Մինչև դպրոցից հողատարածք առանձնացնելն ու վաճառելը, Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի 2002թ. դեկտեմբերի 2-ի որոշմամբ մոտ 0.65 հա հողամասն անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել էր դպրոցին: Այնուհետև դպրոցի տարածքը ճանաչվել է պետական սեփականություն և գրանցվել Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2017թ. հոկտեմբերին Կառավարությանն անընթեր պետական գույքի կառավարման վարչության և բժշկական համալսարանի միջև կնքվել է տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ հողամասի, դպրոցի շենքի, պարսպի նկատմամբ:

Երևանի բժշկական համալսարանի ավագ դպրոցի շենքի բարձր սեյսմակայունությունն ապահովելու նպատակով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի որոշմամբ և համապատասխան շինթույլտվությամբ 2019թ․ նոյեմբերի 8-ին սկսվել է շինարարությունը, որը պետք է ավարտվեր 2021թ․ հուլիսի 30-ին։ Սակայն, մինչ օրս շենքի շինարարությունը չի ավարտվել:

Դպրոցը դասերն անցկացնում է Սիլվա Կապուտիկյանի անվան թ․145 հիմնական դպրոցի շենքում՝ 2 հերթով։ Բժշկական համալսարանն ամսական 1,2 մլն դրամ վարձակալության գումար է վճարում այդ դպրոցին: Թեև այս օրերին դպրոցում շինաշխատանքներ են ընթանում, սակայն պարզ չէ, թե դրանք երբ կավարտվեն:

Սկզբնականի համեմատ այսօր դպրոցի տարածքից քիչ բան է մնացել: Դպրոցի նախկին  սպորտային հրապարակի զգալի մասը տարիներ առաջ ևս օտարվել է:

«Հերացի» ավագ դպրոցի տարածքից 632,2քմ․ ընդհանուր մակերեսով և 0,2433 հա հողատարածք 2016թ. մարտի 12-ին կնքված պայմանագրով տրվել էր «Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ-ին։

Կառավարության 2017թ․ հունիսի 1-ի 604-Ն որոշմամբ՝ այդ տարածքները հետ են վերցվել ՊՈԱԿ-ից և անհատույց օգտագործման իրավունքով դարձյալ տրամադրվել են «Հերացի» ավագ դպրոցին: Իսկ սպորտային հրապարակի ու աճուրդով օտարված հողատարածքի հարցը մնացել է։

Ինչ վերաբերում է հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար վաճառված 555քմ հողատարածքին, ապա 2007թ․-ից մինչ օրս սեփականատիրոջ կողմից ոչինչ չի արվել: Դպրոցի տնօրենի փոխանցմամբ՝ ժամանակին իրենք են հողատարածքը կանաչապատել, ծառատունկ կազմակերպել, քանի որ տարածքն անխնամ վիճակում էր գտնվում: Այժմ էլ պլանավորում են մի հատվածը կանաչապատել և եթե սեփականատիրոջ հետ համաձայնության գան կամ Կառավարությունը, Երևանի քաղաքապետարանը լուծում առաջարկեն՝ փոքր ջերմատուն կառուցեն:

«Հերացու» ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանն ասում է, որ կրթությունն իրականացվում է բնագիտամա­թեմա­տիկական հոսքում՝ կենսաքիմիական և տնտեսագիտական ենթահոսքերով: Հետևաբար հատկապես կենսաքիմիական ենթահոսքում, որտեղ ուսումնասիրվում են «Քիմիա» և «Կենսաբանություն» առարկաները, ջերմոցը պրակտիկ գիտելիքներ կարող է տալ աշակերտներին: Մինչդեռ այսօր դրա համար ազատ տարածք չունեն:

«Դպրոցը կանաչապատ տարածք չունի, այս տարածքն է և դպրոցի նախամուտքի մոտ գտնվող մի փոքր տարածք: Իսկ երեխաների համար շատ կարևոր է, որ կանաչապատ տարածքում նստեն, հանգստանան, ստեղծագործեն, քննարկումներ կազմակերպեն: Այդ նկատառումներով մտածեցինք՝ շինարարությունը կավարտվի, այս տարածքի հետ կապված կբարձրաձայնենք, բայց այնպես պատահեց, որ սեփականատերն ինքն էր մոտեցել շինարարներին և խնդրել էր տարածքն ազատել, քանի որ իրեն է պատկանում: Շինարարներն ահազանգեցին, որ իրենք այստեղ ունեն տնակ, որտեղ արհեստավորները հանգստանում են և խնդրեցին, որ այդ հարցով մենք զբաղվենք»,- ասում է Նարինե Սարգսյանը:

Տնօրենի փոխանցմամբ՝ Խաչիկ Ավդալյանն ասել է, որ տարածքն իրենն է և շենք է կառուցելու: Թե ինչ շենք՝ Նարինե Սարգսյանը չգիտի:

«Շատ ենք ուզում այս տարածքը լինի դպրոցինը, լինի կանաչապատ տարածք, պուրակ դարձնենք, հանգստի վայր լինի և այդ փոքր ջերմոցն ունենալ»,- հավելում է Նարինե Սարգսյանը:

«Հերացի» ավագ դպրոցի հանրակրթական հարցերով հրավիրված մասնագետ Անահիտ Բախշյանն ասում է՝ արդեն 2 տարի է դպրոցի տնօրենի հետ զբաղվում են վաճառված հողատարածքի հարցերով: Պատմում է, որ դպրոցի վերանորոգման ժամանակ է հայտնվել հողը գնած Խաչիկ Ավդալյանը, հետաքրքրվել իր հողատարածքով: Մինչ այդ նրան դպրոցի տարածքում չեն տեսել: Այդ ժամանակ են սկսել փաստաթղթերն ուսումնասիրել, հասկանալ, թե ինչպես է դպրոցին հատկացված հողատարածքն առանձնացվել ու վաճառվել:

Ըստ Ա. Բախշյանի՝ գրավոր դիմել, որոշ դեպքերում հանդիպել են պատկան մարմինների ներկայացուցիչների հետ, սակայն խուսափողական պատասխաններ են ստացել:

«Տարբեր տեղեր դիմել ենք, իմ փորձը ցույց տվեց, որ մինչև այս մասին հրապարակայնորեն չխոսվի, այդ փաստերը չհրապարակվեն, որևէ պետական կառույց ըստ արժանավույն չի որակելու 2007թ. քաղաքապետի այդ որոշումը»,- ասում է Անահիտ Բախշյանը:

Հաշվի առնելով, որ հողատարածքը 2007թ. վաճառվել է Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ Ա. Բախշյանը դիմել է Երևանի ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Բախշյանը տեղեկացրել է, որ հողատարածքի սեփականատերը պատրաստ է այն փոխանակել թեկուզ ավելի փոքր սակայն համարժեք տարածքի հետ: Նա Տիգրան Ավինյանին խնդրել է լուծել տարածքի հարցը՝ հօգուտ «Հերացի» ավագ դպրոցի:

Անահիտ Բախշյանը խնդրել է նաև փոխանցել գործարքին վերաբերող որոշ փաստաթղթերի պատճեններ: Սակայն քաղաքապետարանից ստացել է պատասխան, որով ընդամենը հաստատվել է հողատարածքը վաճառված լինելու հանգամանքը, ինչպես նաև այն, որ Երևանի քաղաքապետի որոշումները՝ ներառյալ 2013թ., հանձնվել են Ազգային արխիվ:

Խաչիկ Ավդալյանն Արմավիրի մարզից է: Նա մի քանի ընկերություններում բաժնետեր է եւ տնօրեն: Նրան է պատկանում «Գրին Փալաս» ՍՊԸ-ի 50%-ը, «Մաունթայն Պլազա» ՍՊԸ-ի մոտ 74%-ը:

Խաչիկ Ավդալյանը մեզ հետ հեռախոսազրույցում ևս ասաց, որ պատրաստ է հողատարածքը փոխանակել համարժեք հողատարածքի հետ, թեև նշեց, որ այդ հողատարածքում շինություն կառուցելու և գործունեություն ծավալելու ծրագրեր ունի: Հարցին, թե ինչու է հենց դպրոցի ընդհանուր տարածքում գտնվող հողատարածքը գնել. Խաչիկ Ավդալյանն ասաց, որ գնելու ժամանակ չի իմացել, որ հողատարածքը դպրոցն է օգտագործել:

Երևանի քաղաքապետարանից հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ են, որ սեփականատերը պատրաստ է համարժեք տարածքի դիմաց դպրոցին թողնել գնված հողատարածքը:

«Ինչ վերաբերում է դպրոցի տարածքը այլ տարածքի դիմաց վերադարձնելու՝ քաղաքացու պատրաստակամությանը, ապա Երևանի քաղաքապետարանը պաշտոնական դիմում կամ առաջարկ այդ թեմայով դեռ չի ստացել»,- հայտնել են քաղաքապետարանից:

Մեկնաբանություններ (3)

Խ. Մելիքյան
Շնորհակալ ենք Հետքի կատարած աշխատանքների համար։ Իրականում դուք հսկայական գործ եք անում, ջրի երես հանելով արարքներ, որոնք ջլատել են Հայաստանին ու հայությանը։ Այդ արարքների նյութական վնասներին մեծապես գերազանցում է մեկ այլ, շատ ավելի վտանգավոր երևույթ։ Նման «գործարքները» ըստ էության խաղի կանոններ են ստեղծել տասնամյակներ շարունակ և երիտասարդ սերնդի մտածելակերպն են թերի ուղիով շրջել, որտեղ ամենաթողությունը ընդունելի էր, դպրոցին «քցելը» հանցանք չէր համարվում։ Իսկ ո՞վ պետք է պատասխան տա հարցը շատ պարզ է։ Ո՞վ է հանցանք գործել, ի՞նչ իրավունքով։ Նա (նրանք) էլ թող պատասխան տա(ն), վճարեն։
Գրիշա Բալասանյան
Շնորհակալություն, վրիպակն ուղղվել է
Լ․ Թովմասյան
Հարգելիներս։ 6,5հա-ը 65 000 քառ․ մ է; Իսկ ձեր նշած 5960 + 617 քառ․ մ-ը 0,65 հա է; Հարգանքնեով՝ Լ․ Թովմասյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter